Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Շառլ Ազնավուր
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 11 / 12 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Բարերարներ
Շառլ Ազնավուր
Իսկական անունը՝ Վաղինակ Ազնավուրյան: 

Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, հայ ընտանիքում, որը 1922 թվականին գաղթել էր Ֆրանսիա: 
Ազնավուրի մայրը` Քնարը, ծագումով հայ վաճառականի ընտանիքից էր, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում, հայրը ` Միշա (Միքայել) Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, Ջավախքում (ասում են, որ Ազնավուրի պապը եղել է Նիկոլայ II-ի խոհարարը): 

9 տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմի վրա, 1936 թ.-ից դեբյուտ է ունենում կինոում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիակյի կենտրոնական դպրոց: Բայց, արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը: Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե: 

Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը եղավ ամենագլխավոր ազդակը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում: Նա սովորեց Պիաֆից ամեն ինչ, ինչ կարելի է իմանալ շանսոնյեի արվեստի մասին: Պիաֆի պնդմամբ Ազնավուրը լքում է Ռոշեին և սկսում է իր ցնծալի առաջընթացը որպես երգիչ-մենակատար: 
Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, որոնք կատարել են ինքը, Րեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում, այն թվում նաև "Թեհրան-43" սովետական ֆիլմում: 

Հայկական թեման շոշափվում է նրա մի քանի երգերում՝ "Ջան", "Ինքնակենսագրություն", և "Քեզ համար, Հայաստան": 
Հրատարակել է իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը "Ազնավուրը Ազնավուրի մասին": 
Վաճառելով ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ, Ազնավուրը դառնում է թագավոր ֆրանսերեն սիրո մասին երգող երգիչների միջև, ինչպես Էլվիս Պրեսլին անգլերեն և Խուլիո Իգլեսիասը իսպաներեն երգողների մեջ: 

1956 թ.-ից Ազնավուրը նաև կանոնավոր նկարահանվում է կինոում. ավելի քան 50 ֆիլմերում, համագործակցելով այնպիսի ռեժիսորներ հետ ինչպիսիք են՝ Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լելուշը: Ամենա հանրաճանաչ ֆիլմերից է Ժան Կոկտոի " Օրֆեի պատգամը" (1960), Ֆրանսուա Տրյուֆոի "Կրակեք դաշնակահարին" (1960), Ֆոլկեր Շլենդորֆի "Երկաթյան թմբուկը" (1979): Ազնավուրի ստեղծագործական կյանքում հատուկ տեղ է գրավում Ատոմ Էգոյանի "Արարատ" (2002) ֆիլմը, որը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: 

Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, ամբող կյանքը ապրելով Ֆրանսիայում Ազնավուրը երբեք չի մոռանում, որ նա Հայ է: 1998 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրում է "Ազնավուրը Հայաստանի համար" բարեգործական ընկերությունը և կազմակերպում է մի քանի միջոցառում տուժածների համար օգնություն հավաքելու նպատակով, մասնավորապես, շուրջ 90 ֆրանսիացի երգիչներ և դերասաններ մասնակցեցին "Քեզ համար, Հայաստան" տեսահոլովակի նկարահամնմանը, որը վաճառվեց ռեկորդային քանակությամբ՝ 2 մլն.: 

Հետագայում, իբրև շնորհակալական հայտ Հայաստանին օգնություն կայացնելու համար, նրան հանձննվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և նշանակեցին ՅՈՒՆԵՑԿՈ-ի մշտական դեսպան: 

Ազնավուրի անունով Երևանում կոչվել է հրապարակ, իսկ Գյումրիում դրվել է նրա արձանը: 

Ներկայացնում ենք Ազնավուրի <ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ> բանաստեղծության թարգմանությունը

Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին.
Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով:

Հայրս երգում էր օպերետներում,
Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ,
Մայրիկս այնտեղ մի սուբրետուհու դեր էր կատարում,
Բայց նրանց խումբը կարիքավոր էր ու դրամ չուներ,
Ես ու քույրս էլ` ուրախ ու խնդուն,
Ծիկրակում էինք բեմանկարի ետևից թաքուն:

Այդ արտիստները - հոգսը ուսերին, ընտանիքի տեր -
Որ խոսում էին բնավ ոչ սահուն ֆրանսերենով,
Համաձայն էին ցանկացած գործի, միայն տեղ լիներ,
Համաձայն էին տաքսի վարելով կամ կար անելով
Դրամ վաստակել ու մի կերպ ապրել,
Եվ աշխատանքում բարեխիղճ լինել:

Եվ գործից հետո, աշխատանքային բոլոր օրերին,
Այդ արտիստները` կյանքից վտարված, փորձ էին անում,
Որպեսզի գոնե դրամի մասին չմտածելու հաճույքն զգային
Գեթ երկու անգամ ամսվա ընթացքում,
Ու բեմ դուրս գալով երկչոտ, ամոթխած,
Կանգնեն տարագիր մարդկանցով լցված դահլիճի դիմաց:

Երբ, պատահում էր, փող հայթհայթելը դառնում էր անհույս,
Երբ ցուրտն էր նեղում, ուտելու ոչինչ չէինք ունենում,
Կոտրված սրտով ու խռովահույզ
Մենք գնում էինք Մոն-դե-Պիետե ու գրավ դնում
Մի հին ինքնաեռ, այլ անպետք իրեր`
Մեզ շատ հարազատ անցյալի հուշեր:

Մենք հիշում էին անցավորներին Բոսֆորի ափին ընկած, հոշոտված,
Մեր ընկերների, մեր կյանքի համար բաժակ բարձրացնում,
Կանայք սուսուփուս լաց էին լինում, իսկ տղամարդիկ, մինչև լուսաբաց,
Բյուր անգամ երգված երգն էին երգում,-
Դա մեր ֆոլկլորն է, որը գալիս է դարերից հին-հին,
Մեր այդ երգերում հավերժ ապրում են անցավորները, սերը և գինին:

Մեր տան սեղանից անպակաս էին ընկեր, բարեկամ,
Նրանց հետ սիրով միշտ կիսում էինք մի կտոր հացը,
Իսկ ծնողներս ինձ ասում էին."Վերևն Աստված կա,
Լավություն արա` մի որ անպայման կգա քո դիմաց":
Այդ ամենի մեջ նշույլ իսկ չկար խղճահարության.
Հյուրը տեղ ուներ մեր գլխի վրա, Աստված էլ մեզ էր հասնում օգնության:

Մինչ խոհանոցում, մի ձեռքին` կաթսա, մի ձեռքին` տապակ,
Իր անելիքն էր հայրս որոշում,
Գիշեր ու ցերեկ մայրս նստում էր նավթի լույսի տակ
Ու մեծահարուստ տների համար նա կար էր անում:
Իսկ ես ու քույրս գնումներ անում, տունն էինք մաքրում
Եվ հետո միայն դպրոց հաճախում:

Ազատ, ինքնիշխան` այսպես մեծացա,
Գիշերները ես թունդ հարբում էի, բայց ցերեկները պետք էր աշխատել,
Կյանքիս ընթացքում էլ ինչեր ասես, որ ես չտեսա-
Էլ իսկական սեր, էլ մահից պրծնել,
Ես երեխաներ ունեցա, որոնք վկա են եղել,
Թե ամեն անգամ, ա՜խ, լցված սրտով ինչպե՜ս եմ հիշել.

Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ միայն անցյալ ունեին, բայց ոչ ապագա,
Այդ մարդիկ չքնաղ, աննմա՜ն էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայրեն լեզվով:

|

 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38