ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 28 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայրենադարձներ
01.07.2011

Սոնա Սահակյան
Ուզում եմ տարիների կուտակած փորձս ծառայեցնել իմ ժողովրդին
Տիկին Սոնա Սահակյանին «Հայերն այսօրի» թղթակիցը հադիպեց Շահումյանի անվան հրապարակում, որը «Արի տուն» ծրագրի ամենօրյա ավանդական մեկնարկի վայրն է: Հերթական ուղեւորությանն էր ճանապարհում որդիներին՝ Նարեկին և Տիգրանին, ովքեր մասնակցում են «Արի տուն» ծրագրին: Զրույցի ընթացքում պարզվեց, որ տիկին Սոնան արդեն մի քանի ամիս է` հեռավոր Ավստրալիայից ընտանիքով վերադարձել է Հայաստան, ու ցանկանում են հիմնվել հայրենիքում:
- Ես արդեն երկրորդ անգամ եմ հայրենադարձվում Հայաստան: Հայրս հայրենեդարձ է. 1965 թվականին Հալեպից վերադարձել է Հայաստան և հաստատվել Գյումրիում: Ամուսնացել է մայրիկիս հետ, ով ծագումով սասունցի է: 1977 թվականին հայրս որոշում է գնալ Ավստրալիա ու միանալ իր ընտանիքին: Մեզ համար շատ դժվար էր Սփյուռքում ապրելը. մայրս շատ հայրենասեր էր• նա է ինձ միշտ ոգեշնչել, իմ մեջ հայրենասիրություն սերմանել: Մոտ տասը տարի ապրելով հայրենիքից հեռու՝ ընտանիքս որոշում է վերադառնալ: 1988 թվականն էր. տեսա երկրաշարժ, դժվարություններ, բնակարանում զրո աստիճան էր, օրերն անց էինք կացնում առանց լույս, գազ: Ընդունվեցի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան: Ավարտելուց հետո դասավանդել եմ Վ• Բրյուսովի անվան լեզվաբանական և Ամերիկյան համալսարաններում: 1995 թվականին ամուսնացա, և որոշեցինք մեկնել Ավստրալիա•  մինչև այս տարվա մարտ ամիսը ապրել եմ Ավստրալիայում: 

- Ձեր ամուսնու հետ ինչպե՞ս եք ծանոթացել:

- Ամուսնուս հետ պատահական եմ ծանոթացել. գործերով թաղապետարան էի գնացել: Ամուսինս՝ Հովհաննես Ավագյանը, մասնագիտությամբ ինժեներ է.  նրա ընտանիքը Երևանի հնաբնակներից է: Էրեբունու թաղապետարանում է աշխատել, եղել է պատգամավոր: Ավստրալիայում մեր սեփական գործն էինք հիմնել: Բայց անկախ այս ամենից ամուսինս սպասում էր, թե ես երբ եմ տեղից շարժվելու: Նա միշտ էլ ցանկացել է Հայաստան վերադառնալ: 

- Ինչո՞վ եք զբաղվել Ավստրալիայում:

- Դասավանդել եմ, թարգմանչուհի եմ աշխատել:  Ավստրալիայի Համազգայինի վարչությունում որպես կամավոր եմ աշխատել, եղել եմ փոխատենապետուհի: Վերջին հինգ տարում հիմնել եմ սեփական գործս. փոքրիկներին անգլերեն էի սովորեցնում: Երբ երեխաներս մի փոքր մեծացան, սկսեցին դպրոց գնալ, ցանկացա նրանց անպայման հայկական միջավայր մտցնել, հայ համայնքի հետ ծանոթացնել: Մոտ երեք տարի աշխատել եմ Համազգայինի շաբաթօրյա դպրոցում, փոքրիկներին հայերեն, հայոց պատմութուն էինք դասավանդում: Հաճույքով եմ արել այդ գործը և մի փոքր տխրությամբ եմ թողել այդ ամենը: Բայց էլ չէի կարողանում մնալ։ Եվ հետո՝ ծնողներս արդեն Հայաստանում էին:

1995 թվականից հետո Հայաստանը շատ է փոխվել. ուրախ եմ, որ մեր փոքիկ Հայաստանն այսքան զարգացել է, գեղեցկացել: Այո´, դեռ անելիքներ շատ ունենք. անցումային փուլերից, պատերազմից հետո միշտ էլ դժվար է ոտքի կանգնել:  Ե´վ Հայաստանում, և´ Սփյուռքում ապրողները պետք է օգնեն հայրենիքին։ Մենք, որպես Հայաստանում ապրող հայեր, պարտավոր ենք սփյուռքահայերի հետ կապը պահել. եթե կորցնենք այդ կապը, տասը, քսան տարի հետո Սփյուռքում ապրող երեխաներն այլևս հայերեն չեն խոսի: Թեպետ, ցավոք, շատերն արդեն իսկ հայերեն չեն խոսում:

- Ո՞րն է պառճառը. ծնողների անտարբերությո՞ւնը, թե՞ այլ պառճառներ էլ կան:

-Ե´վ ծնողների մեղավորությունն է, և´ պայմաններն են ստիպում: Հիմա Սիդնեյում շատ ընտանիքներ կան, որոնք ջանք են թափում, որ իրենց երեխաները հայերեն սովորեն: Կան երիտասարդներ, ովքեր հայերեն չգիտեն, բայց ուրախ են, որ հայ են: Կան երեխաներ, ընտանիքներ, որոնք ամաչում են իրեց ազգությունից. նրանց հետ ես միշտ վիճում եմ: Մենք շատ լավ գծեր ունենք, և ինչպես բոլոր ազգերը, թերություններ էլ ունենք, բայց պետք չէ միայն թերությունները տեսնել: Մենք այնպիսի ազգ ենք, այնպիսի պատմություն, մշակույթ ունենք, որ որտեղ էլ որ ապրենք, գլուխներս միշտ բարձր պիտի քայլենք: Պարզապես երբեմն իրար հանդեպ անհանդուրժող ենք դառնում: Սփյուռքում ի՞նչն է վատ. սկսում ենք միմյանց տարբերակել. սա Հայաստանցի է, սա՝ Սիրիացի, մյուսը պարսկահայ է, այն մեկն էլ Լիբանանից է եկել, սա դաշնակցական է, նա՝ ռամկավար... Հետո՞… Բայց չէ՞ որ բոլորս էլ հայ ենք: Այս վերաբերմունքը պետք է փոխել: Հայաստանում էլ եմ նույնը նկատում:  Պետք է միմյանց հանդեպ հանդուրժող լինենք, իրար ձեռք մեկնենք: Օրինակ՝ հրեաները. եթե որևէ մեկը մտնում  է  սինագոգ, արդեն իսկ պաշտպանված է լինում: Յուրաքանչյուր հրեա պարտավոր է օգնել ոչ բարեկեցիկ ապրող հրեային:

- Տիկի´ն Սոնա, իսկ որոշե՞լ եք, թե Հայաստանում ինչով եք զբաղվելու:

- Ուզում եմ տարիների կուտակած փորձս ծառայեցնել իմ ժողովրդին: Տեսնենք, թե ինչ կստացվի: Գիտեք, երբ  մեկնում էինք, շատերը մեզ երանի էին տալիս: Ես էլ ասում էի՝ ինչու՞ եք երանի տալիս, դուք էլ վերադարձե´ք. եթե քաջ եք, զորավոր եք, հայրենասեր, եկե´ք Հայաստան: Ես ուրախությամբ ու հպարտությամբ եմ վերադարձել և հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի:

- Իսկ երեխաների համար դժվար չի՞ լինի:

- Իհարկե, դժվարություններ կլինեն, բայց նրանք հայ են ու պետք է մեծանան Հայաստանում:  Մեր բարեկամները նրանց շատ ջերմորեն են ընդունել, սիրում են, գուրգուրում: Ավստրալիայում նրանք ունեին հայր, մայր, տատիկ, պապիկ ու քեռի: Այստեղ նրանք շրջապատված են բազում հարազատներով, հայրենակիցներով: Դպրոցում էլ են նրանց լավ ընդունել: Ընդունվել են Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոց. տիկին Կոստանյանը, հայոց լեզվի ուսուցչուհի տիկին Թաիրյանը շատ ջերմ են ընդունել իմ երեխաներին, շատ ուշադիր են, օգնում են երեխաներիս հարմարվել նոր միջավայրին ու հայերեն սովորել:  Ուրախությամբ են մասնակցում «Արի տուն» ծրագրին: Իհարկե, կարոտում են իրենց ընկերներին, իրենց դպրոցներն են կարոտում (Ավստրալիայում սովորել են Համազգայինի «Գօլստըն» վարժարանում և շաբաթօրյա դպրոցում): Բայց Հայրենիքն ուրիշ է…

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38