ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Անվանի մարդիկ Հայրենադարձներ
24.11.2011

Հովհաննես Չեքիջյան
Հովհաննես Չեքիջյան. «Երջանկությունը ինձ համար մարդկանց ուրախություն պարգևելն է երգի միջոցով»
Հայաստանի Պետական ակադեմիական երգչախումբը  ԽՍՀՄ  և  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր  Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ 50- ամյա փառահեղ ճանապարհ է անցել` իր անկրկնելի և մնայուն հետքը թռղնելով նոր ժամանակների հայ ազգային-դասական երգարվեստի, ի մասնավորի`երգչախմբային արվեստի պատմության մեջ` միաժամանակ իր արժանի տեղը զբաղեցնելով համաշխարհային երգչախմբային արվեստի ամենահայտնի կոլեկտիվների շարքում:
Ուղիղ 50 տարի առաջ` 1961 թ. Նոյեմբերի 27-ին, Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում(Ա. Խաչատրյան համերգասրահ) Հայաստանի պետական երգչախումբը ունկնդրին ներկայացավ  նռր գեղարվեստական ղեկավարի գլխավորությամբ: Համերգը, որն ունեցավ աննախադեպ հաջողություն, պիտի դառնար մաեստրո Չեքիջյանի և իր ղեկավարած Պետական երգչախմբի 50-ամյա հաղթարշավի մեկնարկը, իսկ նոյեմբերի 27-ը, մաեստրոյի խոստովանությամբ, իր կյանքի օրերի օրը:
Եվ ահա 50 տարի անց` նույն օրը, նույն ժամին և նույն` Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղի կունենա Հայրենիքում  Մաեստրոյի դեբյուտի 50-ամյա հոբելյանին նվիրված համերգ-երեկոն:

Ստորև ներկայացնում ենք «Հայերն այսօրի» բացառիկ հարցազրույցը ամենայն հայոց մաեստրո  Հովհաննես Չեքիջյանի  հետ հոբելյանական համերգից առաջ.

-Մաե´ստրո, ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ...

-Սկսվեց նրանից, որ ես լուսահոգի կնոջս` Մայդայի հետ եկա Մոսկվա. իմ գալը Մոսկվայի հրավերով էր: Դա 1961 թ. Սեպտեմբերի 5-ն էր: Երբ ցանկություն հայտնեցինք տեղափոխվել Երևան, առաջին ռեակցիան ավելի քան անբարեհաճ էր` ո´չ մի դեպքում: Անգամ վիճաբանեցինք: Ինձ առաջարկում էին մնալ Մոսկվայում` խոստանալով լավ աշխատանք, մեծ հնարավորություններ: Երևան մեկնելու, այնտեղ ապրելու և աշխատելու ցանկությունս պատճառաբանում էի նրանով, որ Հայաստանն ինձ համար հայրենիք է, և այդպես ավելի արդյունավետ կլինի իմ աշխատանքը: Առաջին օրը այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկանք. ո´չ  և  ո´չ,  ԽՍՀՄ-ի ցանկացած քաղաք, բայց ո´չ Երևան...

Իմ համառությունը, սակայն, իր պտուղները տվեց. հաջորդ օրն իսկ համաձայնվեցին: Այն ժամանակներում Թուրքիայից, ինչպես ասում են, օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող Հայաստան գալ: Բայց ես եկա...

- Եվ... Ինչպե՞ս Ձեզ ընդունեց Հայրենիքը:

- Ինչպե՞ս պիտի ընդուներ, համենայն դեպս` ոչ շեփորներով ու վարդերով: Երևանում ինձ որևէ մեկը չէր ճանաչում: Պետանվտանգության կոմիտե կար, սկսեցին կասկածել` ո՞վ է, ինչու՞ է եկել, ո՞վ է ուղարկել, գուցե լրտե՞ս է... Կասկածների համար կարծես թե «հիմնավոր» պատճառ էլ ունեին. Թուրքիայում էի ծնվել: Հիշում եմ` «Արմենիա» հյուրանոցում էի, երբ զանգահարեց Ալեքսանդր Հարությունյանը, հետո եկավ ու ինձ տարավ արվեստի վարչության պետ Հակոբ Խանջյանի մոտ: Հարցաքննությունը տևեց 4-5 ժամ: Թղթերս էին ստուգում, վկայականներս, ծրագրերս, կենսագրությունս... Խանջյանն ասաց. «Թղթերը լավն են, բայց մրցույթ պիտի հայտարարենք, լսենք Ձեզ, որ կողմնորոշվենք, մենք Ձեզ երգչախումբ կտրամադրենք, աշխատե´ք. երբ որ պատրաստ լինեք, կլսենք»:

Հետո Ալեքսանդր Հարությունյանն ինձ տարավ երգչախումբ: Պետք է ասեմ, որ մինչև այդ պահը կապելլան 11 խմբավար էր փոխել, իսկ վերջին խմբավարը` Սնգրյանը, հրաժարականի դիմում էր գրել ու մեկնել էր Մոսկվա, այնպես որ Պետական երգչախումբը(այդ ժամանակ` 43 հոգի) փաստացի ղեկավար չուներ և, կարելի է ասել, լուծարվելու եզրին էր: Կարծեմ` անգամ լուծարման հրամանը կար: Թող անհամեստ չհնչի, բայց փաստորեն ստացվեց այնպես, որ իմ` Հայաստան գալը վճռորոշ և ինչ-որ տեղ նաև ճակատագրական եղավ նաև երգչախմբի համար: Ես 32 տարեկան էի և... լավ հիշում եմ երգչախմբի անդամների թերահավատ ժպիտներն ու բազմանշանակ-կասկածոտ հայացքները մեր հանդիպման առաջին օրը` էս ջահե՞լը որտեղից եկավ, տեսնես` սա՞ ինչքան կդիմանա...  Անմիջապես սկսեցինք աշխատել:

Ընդամենը հինգ օրվա ընթացքում ծրագիրը պատրաստ էր: 6-րդ օրը եկան ինձ լսելու: 32 հոգիանոց հանձնաժողով էր, նրանց մեջ` նաև Թաթուլ Ալթունյանը` Պետական երգչախմբի հիմնադիր-խմբավարը: Եվ ահա, հիմք ընդունելով հանձնաժողովի դրական կարծիքը, Մշակույթի նախարարության հրամանով նշանակվեցի Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար: Այսպե´ս  սկսվեց:

- Եվ շատ չանցած` տեղի ունեցավ առաջին հրապարակային ելույթը...

- Այո´, ընդամենը երկու ամիս անց` նոյեմբերի 27-ին, Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կայացավ իմ առաջին համերգը, և այդ օրը, ասել եմ ու նորից կրկնում եմ, դարձավ իմ կյանքի օրերի օրը` ծննդյան օրվա պես կարևոր ու եզակի: Բացի այն , որ համերգը փայլուն հաջողություն ունեցավ` արժանանալով մամուլի և ժամանակի երևելի մտավորականների ջերմ գնահատանքին, չափազանց կարևոր էր այն, որ ամեն ինչ, ինչպես ասում են, իր տեղն ընկավ: Դրանից հետո արդեն սկսվեցին երգչախմբի համերգային շրջագայությունները ԽՍՀՄ և աշխարհի փառահեղ դահլիճներով` օտարազգի ունկնդրին ներկայացնելով մեր ժողովրդի հազարամյա մշակույթը և, որ ամենակարևորն է, աշխարհին հրամցնելով հայկական ֆենոմենը:  Այսպես` 50 տարի...

- Մաե´ստրո, տարբեր առիթներով Դուք ասել եք, որ Ձեր հայրը ծանոթ է եղել Կոմիտաս վարդապետին, շփվել է նրա հետ...

- Քիչ է ասել` ծանոթ է եղել: Հայրս երգել է  Կոմիտասի երգչախմբում(լուսանկար էլ կա պահպանված): Ավելին` մեր(հորս) ընտանիքը 15 օր հյուրընկալել է  Վարդապետին: Այդ օրերի հուշերը շատ թանկ էին հորս համար...

- Մաե´ստրո, ինչպե՞ս, ե՞րբ  հասկացաք, որ Ձեր կյանքի գլխավոր գործը երգն է, երաժշտությունն է:

- Գիտեք` այդպես դժվար է ասել` երբ: Երևի վաղ մանկությունից: Ծնողներս տանը հաճախ էին նվագում: Հայրս ջութակ էր նվագում, մայրս` դաշնամուր: Շատ փոքր տարիքից ականջներս լցված է եղել նրանց դուետով: Բացի այդ, Շիշլիի մեր տանը հաճախ էին հավաքվում պոլսահայ երաժիշտներ` Կոմիտասի երգչախմբի մյուս անդամները, հորս ընկերները: Նրանք հիմնականում խոսում էին Կոմիտաս վարդապետի ու հայ երաժշտության մասին: Հետո երգում էին: Երգում էին բազմաձայն, ինչպես նրանց սովորեցրել էր Կոմիտասը: Իսկ ես մտնում էի սեղանի տակ ու ժամերով լսում էի հայկական երգերի այդ  «ընտանեկան կատարումները»: Այդ միջավայրում եմ մեծացել, այդ երգերն են արթնացրել իմ լսողությունը: Ավելին՝ ես նախ երգել եմ, ապա միայն՝ խոսել: Այդ տարիքում զգացածը, ընկալածը, լսածը տպավորվում է ամբողջ կյանքի համար: Կարծում եմ ՝ պատահական չէ, որ հայ երգը, մանավանդ Կոմիտասը ինձ համար եղավ այն մնայուն հիմքը, որի վրա հետագայում կառուցվեց երաժիշտի իմ աշխարհը:

- 50 տարին շա՞տ է, թե՞ քիչ…

- Չհասկացա՝ ինչպես անցավ. հեքիաթի նման, երազի պես: Բայց… չեմ հոգնել իմ գործից, չեմ հոգնում երաժշտությունից, բեմից, երգչախմբից. չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ, չգիտեմ՝ 50 տարին շա՞տ է, թե՞ քիչ: Գիտեմ, որ թռավ. երևի, ուրեմն, այդքան էլ շատ չէ: Այնքան հագեցած են եղել տարիները, որ երբեմն ինձ թվում է, թե 50 տարվա ընթացքում ոչ մի րոպե չեմ հանգստացել՝ այս բառի ավանդական իմաստով: Բայց նաև ո՞նց հանգստանաս, ինչի՞ց հանգստանաս, երաժշտությունի՞ց…

- Մաե´ստրո , եթե խոսենք թվերով, 50 տարվա ընթացքում քանի՞ երկիր, քանի՞ նվագախումբ, քանի՞ երաժշտական ստեղծագործություն, վերջապես՝ քանի՞ համերգ...

-  Շա՜տ: Միայն Հայաստանից դուրս՝ 813 համերգ, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում: Ամենաշատը՝ Լենինգրադում՝ 97 համերգ, այնուհետև՝ Մոսկվայում՝ 80-ից ավելի: Միայն Ֆրանսիայում՝ 43 համերգ: Անհնար է թվարկել: Երկրների ցանկը նույնպես հարուստ է՝ Լեհաստան, Չեխոսլովակիա, Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Լիբանան, Հունաստան, Սիրիա, Իսպանիա, Շվեյցարիա, Թուրքիա... Աշխարհահռչակ, «մորուքավոր» դահլիճներ, շուրջ 60 առաջնակարգ սիմֆոնիկ նվագախումբ, համաշխարհային և հայ դասական կոմպոզիտորների ավելի քան 700 ստեղծագործություն, այդ թվում՝ 40-ից ավելի խոշոր կտավի գործեր: Այս ամենը՝ բնագրով՝ աշխարհի 27 լեզուներով:
Այս «թվաբանության» ետևում, սակայն, ամենօրյա տքնաջան աշխատանք է եղել, սեր է եղել, նվիրում է եղել, առանց որի անհնար է հասնել լուրջ հաջողությունների:

- Այդքանից ո՞ր համերգը կառանձնացնեիք:

- Ո՞րը առանձնացնեմ: Անհնար է. դրանք շատ են եղել՝ մեկը մյուսից հիշարժան: Թերևս կարելի է առանձնացնել լենինգրադյան համերգները: Նախ այն պատճառով, որ լենինգրադցի ունկնդիրը միշտ էլ առանձնացել է որպես նրբաճաշակ ու խստապահանջ ունկնդիր, դրա հետ միասին՝ չափազանց բարեկիրթ ու բարեսիրտ: Այլ խոսքով՝ ակադեմիական մակարդակի ունկնդիր, ով կարող էր համերգի գալ պարտիտուրով: Երկրորդ՝ Լենինգրադի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը Եվրոպայի լավագույն նվագախմբերից էր (գոնե այն ժամանակ), և հենց այս նվագախմբի հետ էինք մենք հանդես գալիս դարձյալ Եվրոպայի լավագույն համերգասրահներից մեկում՝ Շոստակովիչի անվան  դահլիճում, ուր Հայաստանի պետական երգչախումբն ու Լենինգրադի սիմֆոնիկը համատեղ հնչեցրել են համաշխարհային երաժշտության բազմաթիվ մեծագույն կոթողներ, որոնցից 15-ը կատարվել են «ԽՍՀՄ-ում առաջին անգամ» վերտառությամբ: 

Սակայն ինձ համար ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ 20 տարի շարունակ այստեղ հնչել է հայ երաժշտությունը, կոմիտասյան երգը: Այն , որ վոկալ-սիմֆոնիկ այնպիսի խոշոր կտավի ստեղծագործությունից հետո, ինչպիսին, ասենք, Վերդիի «Ռեքվիեմն» է կամ Բեթհովենի  Իններորդ սիմֆոնիան, չլռող ծափերի ուղեկցությամբ ունկնդիրը վանկարկելով պահանջում է Կո-մի-տաս (իսկ այդպես հաճախ է եղել Լենինգրադում, գրեթե՝ միշտ), որքան էլ «սպառված» լինես ծանր համերգից հետո,  մի առանձին սիրով ես կատարում օտար ունկնդրի ցանկությունը՝ վարձատրված ու երջանիկ միայն այն մտքից, որ լենինգրադցի խստապահանջ ունկնդիրն այլևս Կոմիտասի երկրպագուն է, որ անգամ Վերդիից ու Բեթհովենից հետո Կոմիտաս է ուզում:

- Մաե´ստրո, Ձեր և Ձեր ղեկավարած երգչախմբի մասին մեծարման , հիացմունքի բազմաթիվ խոսքեր են ասել աշխարհի շատ ու շատ նշանավոր երաժիշտներ, հայտնի մարդիկ: Այդ խոսքերից  ո՞րն է ամենահոգեհարազատը Ձեզ համար:

- Գովեստի և մեծարման խոսքեր, բարձր գնահատականներ շատ-շատ են եղել: Բայց ինձ համար ամենաարժեքավորը մնում է ԽՍՀՄ ժող. արտիստ, սոց. աշխատանքի հերոս, Լենինգրադի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Եվգենի Մռավինսկու գնահատականը. «Լենինգրադի ֆիլհարմոնիկի մեծ համերգասրահում Հայաստանի պետական երգչախմբի և մեր սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ լսելով Բեռլիոզի «Ռեքվիեմը», որ իրականացրեց դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ես բախվեցի մի այնպիսի մեծության հետ, որն ինձ ստիպեց մոռանալ պարտիտուրը և իմ պրոֆեսիոնալ վերաբերմունքը երաժշտության հանդեպ: Ես ակամա դարձա սովորական, հիացած ունկնդիր և երջանիկ էի, որ այդպիսի ուրախություն վայելեցի»,- գրել էր Մռավինսկին: Այս պարզ խոսքերը ինձ միշտ ավելի են հուզել, քան բոլոր մյուս շռայլ գնահատականները: Այս մեկը արվեստի հաղթանակի մասին է, ճշմարիտ արվեստի մասին է,  և ոչ միայն մտքի, այլ առաջին հերթին սրտի´ գնահատական է, ինչի համար էլ շատ թանկ է ինձ համար:

- Մաե´ստրո, ընդհանրապես ստեղծագործական հուզմունքը հատուկ է արվեստագետներին, հատկապես կատարողական արվեստի ներկայացուցիչներին: Անկախ վարպետությունից, տարիների փորձառությունից, ասում են, բորոր ճշմարիտ արվեստագետներն էլ հուզվում են ներկայացումից, համերգից առաջ: Ասում են նաև, որ դա անհրաժեշտ հուզմունք է: Ձեր պարագայում ինչպե՞ս է:

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է ստեղծագործական աշխատանք՝ առանց այդ անհրաժեշտ հուզմունքի: Լեփ-լեցուն դահլիճ, հարյուրավոր, հազարավոր աչքեր ու ականջներ, որոնք եկել են բարձր արվեստի հետ հաղորդակցվելու, որոնց պետք է տալ այդ արվեստը, պետք է ջերմացնել նրանց հոգիները: Ամեն ինչ պետք է իդեալական լինի՝ սկսած մուտքից մինչև վերջին նոտան: Սա նախ և առաջ պատասխանատվություն է, պատասխանատվություն ունկնդրի հանդեպ, հեղինակի հանդեպ, արվեստի հանդեպ, նորին մեծություն Երաժշտության հանդեպ... Ո՞նց կարող ես չհուզվել: Եվ բոլորովին նշանակություն չունի՝ որերորդ անգամ ես բեմ բարձրանում: Եվ հետո, ոչ մի համերգ (անգամ կրկնվող ծրագրով) նման չէ նախորդին, միշտ՝ նոր նրբերանգներ, նոր ելևէջներ, նոր հայտնագործություններ, որ ծնվում են հենց համերգի ընթացքում: Սա արվեստի հրաշքն է, ստեղծագործության, երաժշտության հրաշքը:

- Մաե´ստրո, ես կապելլայի բազմաթիվ երգիչներից եմ լսել (հին ու նոր սերնդի), նաև իմ անձնական փորձով գիտեմ, զգացել եմ այն ապահովությունը (ավելի հարմար բառ չեմ գտնում) , որ ունենում է երգչախմբի յուրաքանչյուր արտիստ, երբ դիրիժորական պուլտի առաջ կանգնած է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը: Գիտեք՝ ինչի է նման այդ զգացողությունը. երբ փոքրիկ երեխան ուզում է մի լավ բան անել և վստահ է, որ դա անում է լավագույն ձևով, քանի որ տան մեծը՝ հայրը, նահապետը, իր կողքին է, իր թիկունքին... Այս դեպքում՝ երգի´ նահապետը: Դուք գիտեի՞ք այդ մասին:

- Դա մի ուրիշ բան է: Դա շատ մեծ բան է: Դա այն անտեսանելի, նաև խոսքերով չբացատրվող կապն է, որը մի է դարձնում դիրիժորին ու երգչախմբին (նաև նվագախմբին)՝ ստեղծելով մի հնչողություն, որը (թող անհամեստ չհնչի. սա ե´ս չեմ ասում) միայն Չեքիջյանի երգչախումբն ունի: Ես իսկապե´ս չգիտեմ՝ դա ինչպես է լինում: Եթե հասկանամ, հավանաբար կդադարեմ երաժիշտ լինելուց:

- Ո՞ր կոմպոզիտորի գործերն եք առավել սիրով ղեկավարում:

- Նախ՝ Կոմիտաս: Այլ կերպ անհնար է: Անգամ ավելորդ է ասել՝ ինչու: Կոմիտասը մեր երգի էպոսն է, նաև այն սրբազան տաճարը, որին պետք է մոտենալ միմիայն երկյուղածությամբ: Բայց նախ մե´նք պետք է հասկանանք ու սիրենք Կոմիտասին, որպեսզի կարողանանք օտարներին սիրել տալ: Իսկ ընդհանրապես՝ Բեռլիոզ, Վերդի, Բեթհովեն, Մոցարտ. ո՞ր մեկն ասեմ:

- Մաե´ստրո, ասում են՝ մեր ազգը անհատների ազգ է, բոլորը անհատականություններ են: Մեր երկրում օտարերկրյա նախկին դեսպաններից մեկն ասել է՝ դժվար է աշխատել մի երկրում, որտեղ ամեն առավոտ 3 միլիոն թագավոր է արթնանում:
Այս անհատականությունների երկրում , որտեղ կոլեկտիվ սպորտը, կոլեկտիվ արվեստը կարծես թե հակացուցված է, դժվար չէ՞ ղեկավարել 100 հայի...


- Իհա´րկե դժվար է: Բայց ես իմ «համառությամբ» կարծես թե  կարողացա ապացուցել հակառակը, այն, որ հայերը միասնաբար կարո´ղ են մեծ գործ անել, լավ գործ անել, մնայուն արժեքներ ստեղծել: Դրան հասնելու համար իսկապես ջանք է պետք, պետք է հաղթահարել եսակենտրոնության հիվանդությունը, սիրել ու գնահատել կողքինիդ: Հարյուր ձայնը, որ միաձուլվելով, երաժշտության հրաշքն է արարում, ձայն լինելուց առաջ հարյուր սիրտ է, մեկ նպատակին ուղղված հարյուր նվիրում է, ու եթե այդ հարյուր սիրտը չձուլվեցին, ոչինչ չի ստացվի:

- 1961թ., առաջին համերգը հայրենիքում: Ուղիղ 50 տարի անց, նույն օրը, նույն դահլիճում՝ 50-ամյակի հոբելյանական  համերգ-երեկոն: Կա՞ն երաժշտական համարներ, որ կրկնվում են:

- Միայն մեկ համար՝ Կոմիտասի «Գութանի երգը»: 

-Իսկ զգացողությու՞նը՝ 50 տարի առաջ և հիմա:

- Այն ժամանակ ինձ ոչ ոք չէր ճանաչում: Ինքնահաստատման խնդիր կար. անշո´ւշտ շատ էի հուզվում: Բայց հիմա էլ, 50 տարվա բեռը ուսերիս, նահանջելու տեղ չունեմ և իրավունք չունեմ:

- Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը: Դուք երջանի՞կ եք:

- Երջանկությունն այն է, երբ զբաղված ես քո սիրած գործով, երբ այդ գործն անում ես սիրով, երբ անընդհատ ստեղծագործական փնտրտուքի մեջ ես: Հենց դա է ապրեցնում ու իմաստավորում կյանքը:  Երջանի՞կ եմ ես. անկասկա´ծ: Որովհետև սիրում եմ իմ գործը, սիրում եմ իմ կոլեկտիվին և , կարծում եմ, սիրված ու գնահատված եմ: Երջանկությունը ինձ համար մարդկանց ուրախություն և մխիթարություն պարգևելն է երգի միջոցով, երբ մարդիկ համերգից հետո տուն են գնում մի քիչ հարստացած, մի քիչ մաքրված: Մեր գործը ինչ-որ առումով «անշնորհակալ» գործ է. հնչեց՝ անցավ –գնաց: Ճիշտ է՝ ձայնագրություններ մնում են, բայց դա այն չէ, ինչ կենդանի կատարումը: Սակայն վստահ եմ, որ այն, ինչ ստանում է ունկնդիրը լավ համերգից, միայն այդ պահի համար չէ. այդ զգացողությունը, այդ մաքրությունը անգամ ենթագիտակցորեն  նրան ուղեկցում է ողջ կյանքում, նրան մի քիչ ավելի է ազնվացնում, հոգին բյուրեղացնում, մարդուն մի քիչ ավելի բարի է դարձնում: Դա արդեն իսկ մխիթարություն է:

- Եվ վերջում, մաե´ստրո, երկու խոսքով առաջիկա համերգի ծրագրի մասին: Նաև կարծեմ հետաքրքիր անակնկալներ են սպասվում: Կբացե՞ք փակագծերը:

- Շատ հետաքրքիր ծրագիր է՝ երկու բաժնով: Առաջին բաժնում   ակապելլա գործեր են՝ Կոմիտաս, Եկմալյան, Տիգրանյան...Երկրորդ բաժնում սիմֆոնիկ գործեր են՝ նվագախմբի հետ՝ Բեթհովենի «Ֆանտազիան», Վերդիի «Ազգերի հիմնը», հատված Բեռլիոզի «Ռեքվիեմից» և Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանայից»:

Իսկ փակագծերը չէի ուզենա բացել. չէ՞ որ անակնկալ է: Ասեմ միայն, որ հաճելի անակնկալ է և , կարծում եմ, շատ հուզիչ: Համբերենք մինչև նոյեմբերի 27-ը:

-Սիրելի´ մաեստրո, Ձեզ հաջողություն եմ մաղթում , առողջ երկարակեցություն և ստեղծագործական նոր նվաճումներ՝ ի փառս Հայ Երգի:

Զրուցեց   Հայկ  Կարապետյանը

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38