ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 28 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք Հայրենադարձներ
16.03.2012

Գևորգ Հաճյան
Պետք է ապրել, ինչպես հողն է քեզ պարտադրում
ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած միջոցառումների ժամանակ հաճախ կարելի է լսել սփյուռքահայ երգիչ Գևորգ Հաճյանի գեղեցիկ կատարումները: Երգիչն արդեն 7 տարի է` ապրում է Հայաստանում, ու «Հայերն այսօրի» այն հարցին, թե հայրենադարձվե՞լ է, պատասխանեց. «Հայրենադարձություն բառը շատ է շինծու, ես այդ բառը չեմ սիրում: Ավելի լավ է՝ ասենք՝ վերադարձ դեպի հայրենիք, վերադարձ դեպի տուն»:
Կարևոր չէ` Հայաստանում ես ծնվել, Լիբանանում, թե հեռավոր Արգենտինայում: Կարևորն այն է, որ քո ներկան ու ապագան տեսնում ես միայն Հայաստանում, հայրենիքում, մի երկիր, որի անցյալը Արևելյան, Արևմտյան ու Ծովից Ծով Հայաստանի փառքի, հզորության, ուժի, հաղթանակների ու ցավի հիշողությունն է ու շարունակությունը. 

- Ծնվել եմ Լիբանանում՝ Այնճար հայավանում, մուսալեռցիների ընտանիքում: Ամուսնանալուց հետո, կյանքի բերումով, տիկնոջս, նորածին երեխայիս հետ մեկնեցինք Քուվեյթ: Տասը տարի աշխատեցինք Քուվեյթի ազգային վարժարանում, տիկինս՝ որպես Հայոց լեզվի, գրականության, պատմության  ուսուցչուհի, իսկ ես ղեկավարում էի դպրոցականների, ինչպես նաև Առաջնորդարանի չափահասների «Նարեկացի» երգչախումբը:

2004 թվականին որոշեցինք, որ պետք է վերջնական քայլ կատարենք. այդ քայլը դեպի Հայաստանն էր և, փա´ռք Տիրոջը, 2005 թվականին վերջնականապես ընտանիքով հաստատվեցինք հայրենիքում: Ունենք մեր սեփական տունը, հող ենք մշակում, ծառ ենք տնկում:

Իմ ուժերն ամբողջությամբ երգարվեստի մեջ դնելով՝ այսօր Աստծուն փառք պետք է տամ, որ տասնյակ երկրների բեմերում երգելով Կոմիտաս և հայ հոգևոր, ազգային երաժշտություն՝ զգացել եմ այն, ինչը որ ի վերուստ կոդավորված էր ինձ համար:

- Շատերը, տեղափոխվելով Հայաստան, որոշակի դժվարություններ են ունենում, իսկ դուք հե՞շտ հարմարվեցիք:

- Միջավայրի հսկայական տարբերություն կա, բայց երբ գիտակցում ես, որ այս է քոնը, ամեն ինչ այլ կերպ ես ընկալում: Այսօր վերջապես Հայաստանն իր ազատ ու անկախ կարգավիճակով և որպես պետականություն, թելադրանք ունի յուրաքանչյուր հայի համար և´ Հայաստանում, և´ արտասահմանում: Եվ այդ թելադրանքը ներքին ձայն է, կոչ է, կանչ է՝ ապրել Հայաստանով, Հայաստանի համար, ապրել, ինչպես հողն է քեզ պարտադրում, հող, որտեղ սրբագործված ճշմարտություններ կան և´ հավատքի նահատակների, և´ հայրենիքի ու հողի ազատագրման առումով:

Երբ այդ գիտակցությունդ քեզ դեպի արմատներդ կը բանա, հետևաբար հարմարվելու և չհարմարվելու սակարկությունն արդեն երկրորդական է:  Այսօր մեզ կտակված մայր հողը հազար ու մի զոհողություններով է մեզ ժառանգվել. եթե հավատում ես քո արմատին, քո անցյալին, հետևաբար դու էլ, այդ ճանապարհն անցնելով, ունես տարբեր զոհողություներ՝ յուրաքանչյուրն իր մասնագիտության, ուժերի ներածին չափով: Հետևաբար, կարծում եմ, որ ոչ թե հարմարվել է այդ, այլ ճիշտ ճամփով ընթանալ, որովհետև յուրաքանչյուր հայ իր բարիքն ունի հայրենիքին տալու. հայրենիքը բարիքների շտեմարան է, որը պետք է միայն դու հարստացնես:

- Մասնագիտական առումով էլ դժվարույթուններ չունեցա՞ք:

- Մասնագիտական դժվարություններ միշտ և ամենուր կան: Կարևորը հույսն ու հավատն է դեպի աշխատանքը. փոքր աշխատանքից մեծ աշխատանքի արժանանալու հավատը: Պետք է բավարարվել կյանքով՝ սպասելով և հուսալով, որ առաջիկա ոստումդ ավելի բարեկեցիկ պետք է դարձնի կյանքդ և միջավայրդ:

Առաջին տարում իսկ տիկինս հաճախեց ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետ, ես Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բարձրագույն երաժշտական կրթություն ստացա:

Արվեստն ունի իր պահանջները, որոնք զոհողություններ են ենթադրում, և ամեն մի հայի կյանքը Հայաստանում այդ զրկանքներն ու զոհողությունները կենթադրե, ինչն ավելի դյուրին է հաղթահարել, քան Հայաստանեն դուրս բախտ որոնելը, աշխատանքի  մեկնելու ցանկությամբ ինքդ քեզ տանջելն ու հետո էլ կարոտով ապրելը:

Պետք է Հայաստանի հողի վրա հաղթահարել այդ դժվարությունները, որոնք հաղթահարելուց հետո է, որ ավելի կքաղցրանա Հայաստանն իր ամեն ինչով:

- Դուք կարողացե՞լ եք հաղթահարել այդ դժվարությունները:

- Չեմ կարծում, որ մեկ կյանքով մարդն իր բոլոր դժվարությունները կկարողանա հաղթահարել: Մարդը կյանքի եղելության մեջ է, յուրաքանչյուր վայրկյանը, րոպեն իր դժվարություններն ունեն: Յուրաքանչուր պահի հետ նոր ցանկություններ են ծնվում, նոր մղումներ, որոնք բավարարելու համար պետք է ավելի ճգնել, աշխատել, քրտինք թափել, հատկապես մասնագիտական առումով: 300 հոգու առջև համերգ ունենալուց հետո ձգտում ես՝ 400-ի, 600-ի, 1000-ի. ավելի շատ հանդիսատես ունենալու յուրաքանչյուր ձգտումը ենթադրում է տարբեր աշխատանք, ամենից առաջ մասնագիտական ներքին պատրաստվածություն, որպեսզի կարողանաս քո մատուցած արվեստով ավելի շատ մարդկանց սրտեր գրավել, արվեստ, որը քո ակունքներից է գալիս: Հատկապես հիմա, երբ դժվարություն է արվեստում իսկականը և էականը մատուցելը  և քո մատուցածն ունկնդրի մեջ տեսնելը, զգալը:

Կենցաղային հարցերը հաց ու պանիրով էլ կարելի է լուծել, որոշները՝ մարդկային վերաբերմունքով, փոխըմբռնումով: Բայց մասնագիտական դժվարություններ հաղթահարելը պահանջում է մեծ, հզոր ներքին պատրաստվածություն, ուժ:

Յուրաքանչյուր հայ իր պայքարը պետք է մղի մասնագիտական ճանապարհի վրա, ամեն մի դժվարություն հաղթահարելով՝ հայրենիքը պահի սուրբ և անբասիր:

- Անհատական գործունեությու՞ն եք ծավալում, թե՞ համագործակցում եք որևէ խմբի հետ:

- Ե´վ համագործակցում եմ, և´ որպես անհատ երգիչ եմ ծավալում իմ գործունեությունը: Միաժամանակ մեներգիչն եմ Դանիել Երաժիշտի ղեկավարած «Շարական» խմբի, որի հետ տարին մի քանի համերգ ենք ունենում Հայաստանում և արտասահմանում:

- Հայաստանում հաստատվելուց հետո դուք նաև մի քանի ձայնասկավառակ եք հասցրել թողարկել:

- Որպես հայր՝ առաջին զավակս Լիբանանում է ծնվել, իսկ որպես ստեղծագործող, արվեստագետ՝ իմ առաջին հոգևոր պտուղը, երախայրիքը Հայաստանում է ծնվել: Հայրենի հողն ինձ համար ներշնչանքի աղբյուր դարձավ:

Առ այսօր թողարկել  եմ 3 ձայնասկավառակ՝ «Կոմիտասյան երախայրիք», «Զքեզ օրհնեմք», «Հայաստանը երգերում»: Շուտով պատրաստ կլինի նաև 4-րդ ձայնասկավառակս:

Առաջինում և չորրորդում ընդգրկված են կոմիտասյան երգեր, երկրորդում՝ հոգևոր երաժշտություն է և նվիրված է իմ ուսուցչի՝ Գևորգ Գանտահարյանի հիշատակին, իսկ հովանավորը «Փյունիկ» համահայկական հիմադրամն է: Երրորդը ձոնված է Հայոց եղեռնի 95-ամյակին, որտեղ հիմնականում հայրենասիրական և ազգային երգեր են: Դրանք վերցված են Արևմտյան Հայաստանի տարածքից: Երգեր, որոնք ամփոփում են հայի նկարագիրը: Այս ձայնասկավառակում հետաքրքիր և կարևոր երգ կա ինձ համար. կոչվում է «Լա մինոր», բառերի հեղինակը լիտվացի գրող Էդուարդ Մեժելայտիսն է, թարգմանել է Վահագն Դավթյանը: Բանաստեղծությունը երգի է վերածել և մշակել Դանիել Երաժիշտը. ուրախ եմ, որ առաջին կատարողը ես եմ: Տարբեր երկրներում հնչեցրել եմ այդ երգը, որը պատմական, մշակութային արժեք  է և արտահայտում է արվեստագետի, հատկապես օտար արվեստագետի ընդվզումը, պոռթկումը: Այդ երգն ինձ համար դարձել է մշակութային փամփուշտ, զենք, որովհետև արվեստի ճանապարհով նաև պետք է աշխարհին լուսաբանել, թե անարդարությունը մինչև երբ է շարունակվելու:

Ձայնասկավառակի թողարկմանն օժանդակել են Սան Ֆրանցիսկոյից ընկերներ, որոնց անունները ես առ այսօր չգիտեմ:

Այդ ձայնասկավառակն արդեն սպառվել է, և Վանկուվերի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձուների, խնամակալների հովանավորությամբ այն վերահրատարակվել է, որի համար ևս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել: 

Չորրորդ ձայնասկավառակս հովանավորել են վանկուվերցի իմ լավագույն ընկերները: Մայիսին կգնամ Վանկուվեր, որտեղ և տեղի կունենա ձայնասկավառակի շնորհանդեսը:
- Իսկ ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությունն ինչպե՞ս է տեղի ունեցել:

- Երբ տիկին Հրանուշ Հակոբյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էր, ԱԺ նախագահի հետ Քուվեյթ կատարած պետական այցի ժամանակ հայկական համայնքն առիթ ունեցավ մոտիկից շփվել հայաստանյան պատվիրակության հետ: Ես այն ժամանակ Քուվեյթի Ազգային Առաջնորդարանի դիվանապետն էի և գործի բերումով տիկին Հրանուշի հետ համագործակցեցի: Հայաստանում հաստատվելուց հետո մեր կապերը միշտ ջերմ են մնացել, իսկ երբ կյանքի կոչվեց ՀՀ սփյուռքի նախարարությունը, մեր համագործակցությունը շարունակվեց: Նախարարի անմիջական հովանու ներքո և թելադրանքով նախարարության նախաձեռնած համերգային ծրագրերին եմ մասնակցում, որի համար ես անչափ շնորհակալ եմ, որովետև երբ մասնակցում եմ, նշանակում է, որ այնտեղ կա´մ Կոմիտասն է, կա´մ հոգևոր, ազգային երգը: Հետևաբար այսօրվա  էժանացած հայ երգի կողքին ՀՀ սփյուռքի նախարարությունն իր հայապահպանման առաքելության մեջ սատարում, նեցուկ է կանգնում այնպիսի արվեստագետների, որոնց կատարած երգերն ու երաժշտությունը Հայաստանի և հայ ժողողովրդի էությունից են բխում:

- Կցանկանայի, որ խոսեք նաև ՀՀ սփյուռքի նախարարության առաջիկա ծրագրերի մասին, որին Դուք ևս մասնակցելու եք:

- Շուտով պետք է մեկնեմ ԱՄՆ, որտեղ տեղի են ունենալու Սայաթ-Նովային նվիրված միջոցառումներ, ուր նաև նախարարության հովանավորությունն ու աջակցությունն եմ  վայելում:

Մայիսին պետք է Կանադա մեկնեմ, որտեղ Սփյուռքի նախարությունը ևս ծրագրեր է նախատեսել իրականացնել:

ՀՀ Կառավարությանն առընթեր Ցեղասպանության 100-ամյակի կենտրոնական մարմին է  գործում, որի ներքո ՀՀ սփյուռքի, մշակույթի նախարարություննների, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության հովանավորությամբ և համագործակցությամբ 100 համերգ է նախատեսված կազմակերպել. մեկնարկը տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերի 30-ին, որին ես նույնպես մասնակցեցի, ինչի համար շատ երախտապարտ եմ:

Առաջիկա համերգները տեղի են ունենալու Գերմանիայում, որը կազմակերպվել է Գերմանիայի հայկական համայնքի կողմից: Համերգաշրջանի նպատակն արվեստի ճամփով Եղեռնի զոհերի հիշատակը հարգելն է, միաժամանակ ապացուցել աշխարհին, որ եթե թուրքերի նպատակն էր ոչնչացնել հային, հայկական մշակույթը, ապա այսքան տարիներ անց հայ արվեստագետը օտար բեմերում կատարում է ազգային երգեր, որը վառ ապացույցն է այն բանի, որ թուրքն իր նպատակին չի հասել, ընդհակառակը՝ ցեղասպանված հայի նոր սերունդը, ժառանգները հանձնառու են իրենց նահատակներու կտակին, և յուրաքանչյուր համերգ խնկարկում է նրանց հիշատակը:
Այսօր շատ է խոսվում, թե Կոմիտաս ո՞վ է լսում, Կոմիտասի համար մարդիկ հետքրքրված չեն, տոմս չեն գնում, առաջարկում են համերգները բարեգործական կատարել: Երբեմն ինքներս ենք այս սուտ քարոզչությունը, հայտարարություններն անում:

Դժբախտաբար այսօր իրական և կեղծ արվեստի արժեչափերն ամբողջությամբ փոխվել են:

Պետք է միշտ մնալ ակունքների, ազգայինի մեջ: Խոսքն ազգայնամոլության մասին չէ, այլ ինքնաճանաչողության, ազգաճանաչության, ազգասիրության մասին, որը մարդուն  իր նախնիների անցած ճանապարհի մեջ է պահում:

- Զրույցի վերջում ի՞նչ կցանկանայիք մաղթել:

- Շնորհակալ եմ այս գեղեցիկ առիթի համար, որը դարձյալ ընձեռեց ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Քանի որ Ձեր պարբերականը նաև ՀՀ սփյուռքի նախարարության խոսնակն է, կուզեմ իմ ամենօրյա մաղթանքը, ցանկությունը բարձրաձայնել:

Համերգներից հետո էլ ինձ միշտ հարցնում են, թե ի՞նչ պատգամ ունեմ. ես պատասխանում եմ, որ կպատգամեն մեծերը՝ կաթողիկոսները, նախագահները, իշխանավորները:

Մենք, որ սովորական զինվորներն ենք արվեստի, մշակույթի ճամփու վրա, մեր անձնական օրինակը պետք է յուրատեսակ հաղորդագրություն լինի յուրաքանչյուր հայի համար և իր մեջ պարունակի նաև նախանձելի «բովանդակություն», նախանձելի՝ յուրաքանչյուր հայի դեպի Հայաստան մղելու: 

Եթե հայ կա, ով դեռ Հայաստան չի այցելել, եթե գեթ մեկ անգամ այցելի, այդ այցելությունն առիթ կարող է ստեղծել  ոչ միայն իր համար (իր համար թերևս կարող է նաև առիթ չստեղծել, որովհետև իր կյանքի կապվածությունը դրսի հետ է), այլև կապվածություն կարող է ստեղծել իր զավակի, հարազատների համար, ովքեր հնարավոր է՝  կկարողանան իրենց ապագան Հայաստանում տեսնել:

Մենք մեր օրինակով պետք է քաջալերենք, հորդորենք այդ հային, որ Հայաստան գա:
Հայաստանը՝ հայերով. այս կարգախոսն ամենամեծ օրինակն է: Եթե թողնես ու լքես քո տունը և տունդ դատարկ մնա, ապա հարևաններդ որքան էլ որ «տիրություն» անեն քո տանը, վերջապես մի օր կգա, որ տունդ անտեր կմնա:

Հայաստանն ինչքան էլ մենք կարողանանք ուժեղ պահել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությամբ, որքան էլ որ հայապահպանությամբ զբաղվողներն իրենց ուժերը միշտ լարած պահեն, անպայաման, կամա թե ակամա, այդ ջլատումը տեղի կունենա:

Ուրախությամբ հնչող այն բոլոր կոչերը, հատկապես ՀՀ սփյուռքի նախարարության այն բոլոր գեղեցիկ ձեռնարկները, որոնք քաջալերում են հայ պատանուն, երիտասարդին, մշակութային տարբեր խմբերին Հայաստան գալ ու մի քանի օր հայրենիքում անցկացնել, ես վստահ եմ, որ իրենց բարի պտուղները կտան:

Նախ պետք է ճանաչենք մերը, որ կարողանանք բաղդատել, համեմատել: Հայաստանով ապրելն ավելի կենսատու է, քան մի երկրով, որը գեղեցիկ է, բայց քոնը չէ:

Ուրիշ զգացողություն է ամեն օր Արարատ տեսնելը, ամենուր հայերեն լսելը. ամենևին վարդագույն հայրենասիրություն չեմ փորձում արտահայտել, իմ հպարտությունն ու երջանկությունն եմ հայտնում, որովհետև ամեն մի ժողովուրդ իր հողով է ուժեղ ու իր հայրենիքով:

Զրուցեց   Լուսինե  ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38