ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայրենադարձներ
10.04.2012

Վարուժան-Հայկ Փահրադյան
Իրաքահայերի ցանկությունը հայրենքում բարեկեցիկ ու արժանապատիվ ապրելն է
2005-2007 թվականներին` իրաքա-ամերիկյան վերջին պատերազմից հետո, բազմաթիվ հայորդիներ, ովքեր տասնամյակներ շարունակ ապրում  ու Իրաքի հայկական խոշոր համայնքի մասն էին կազմում, բռնեցին գաղթի ճանապարհը: 

Իրաքահայերից 700-ը հաստատվեցին Հայաստանում, որոնցից գրեթե 200-ը՝ Արարատի մարզի Դարբնիկ գյուղում: Դարբնիկում հաստատված հայկական ընտանիքներից մեկի երիտասարդ հայրերից է Վարուժան-Հայկ Փահրադյանը` իր նորաստեղծ ընտանիքով, ում հետ զրուցել է «Արմենպրես»-ի թղթակիցը:
- Ինչպե՞ս հաստատվեցիք Հայաստանում:

Հայաստան ենք տեղափոխվել երեք հոգով` ես, կինս ու մեր երեխան: Տղաս չորս տարեկան է: Հայաստան եմ տեղափոխվել Բաղդադից` Իրաքյան պատերազմը սկսվելուց հետո: Մեր ընտանիքի ապագան որոշեցինք կառուցել Հայաստանում: Ամուսնացել ենք Հայաստանում: Կինս եւ տղաս այժմ Հայաստանի քաղաքացի են, իսկ ես դեռ Իրաքի քաղաքացի եմ:

 -Ինչպիսի՞ն են պայմանները Հայաստանում: Հե՞շտ է արդյոք ձեզ այստեղ ապրել:

Այստեղ պայմանները մի փոքր ավելի դժվար են: Բաղդադում հնարավորություններն ավելի շատ էին: Սակայն պատերազմը սկսվելուց հետո ամեն ինչ փոխվեց. բոլորը բոլորի թշնամի դարձան: Իհարկե այդ պայմաններում ոչ միայն ընտանիք կազմելն է դառնում անհնարին, այլեւ պարզապես ապրելը: Սադամ Հուսեյնի իշխանության տարիներին հայերի համար շատ ավելի հեշտ էր թե՛ աշխատելը, թե՛ կրթություն ստանալը: Իհարկե նաեւ հանգիստ էինք ապրում, քանի որ վստահ էինք մեր անվտանգության համար: Իսկ հիմա, երբ հետեւում եմ լուրերին, ամեն օր մի հարեւան մյուսին ահաբեկում է:

-Հեշտությա՞մբ է տրվում ձեզ շփումն ու աշխատանքը Հայաստանում: 

 -Հայաստանում շատ հաճախ դու քեզ զգում ես օտար յուրայինների շրջանում: Փոքր-ինչ բարդ է շփումը, քանի որ մտածելակերպի որոշ տարբերություններ կան տեղի հայերի և արաբների հետ մեծացածների միջև: Իհարկե նաև հանգիստ ես քեզ զգում, քանի որ քո ազգակիցների շրջապատում ես ու ոչ թե այլազգիների: Այստեղ ապրելն այդ տեսանկյունից ունի թե՛ դրական և թե՛ բացասական կողմեր:

 -Ի՞նչ աշխատով եք զբաղվում ու ինչպե՞ս եք ապահովում ձեր օրվա ապրուստը:

Այստեղ, կասեի,  միակ բարդությունը աշխատանքի բացակայությունն է, հատկապես նրանց համար, ովքեր նոր են տեղափոխվել Հայաստան եւ խնդիր ունեն հայ հասարակությանը ինտեգրվելու: Շինարար եմ, աշխատանքս սեզոնային բնույթ է կրում: Աշխատում եմ, երբ կանչում են: Այսպես աշխատելը բարդ է, սակայն այլ ելք պարզապես դեռ չկա:

 -Ի՞նչ կցանկանայիր, որ փոխվեր Հայաստանում:

 -Չեմ կարող որևէ բան հստակ նշել: Պարզապես ցանկանում եմ, որ ամեն ինչ գնա դեպի լավը, որ կարողանանք ավելի բարեկեցիկ ու արժանապատիվ ապրել մեր հայրենիքում: 
 
Հարցազրույցը` Գևորգ Ղազարյանի

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38