ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայաստան Անվանի մարդիկ
06.08.2012

Արսեն Ջուլֆալակյան
Վլասովն անազնիվ քայլի էր գնացել եւ մարմնին յուղ էր քսել
Ռոման Վլասովն անազնիվ քայլի էր գնացել եւ մարմնին յուղ էր քսել. ես դա զգացի հատկապես երկրորդ մրցափուլում, քանի որ Ռոմանի մարմինն արդեն քրտնած էր, իսկ յուղը բարդացնում էր հնարքներիս կատարումը, ձեռքերս սահում էին եւ ես չեի կարողանում նրան բռնել, օլիմպիական փոխչեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արսեն Ջուլֆալակյանը:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանն օլիմպիական եզրափակիչում 0:1, 0:1 հաշվով պարտվեց ռուսաստանցի աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովին:

-Արսեն, շնորհավորում եմ հաղթանակիդ առթիվ: Ինչպե՞ս ես: Ի՞նչ տրամադրություն ունես:

-Շնորհակալություն: Ուրախությունս լիարժեք կլիներ, եթե շնորհավորանքները հնչեին ոսկե մեդալ նվաճելու համար: Տրամադրությունս` ոչինչ, աստիճանաբար նորմանալում է: Հուզվածությունս արդեն անցավ:

-Երբ հնչում էր Ռուսաստանի հիմնը, արցունքներդ այլեւս չկարողացար թաքցնել: Ի՞նչ ապրումների մեջ էիր այդ պահին:

-Տանել չեմ կարողանում, երբ պատվո հարթակին եմ կանգնում եւ չի հնչում Հայաստանի հիմնը: Մասնավորապես, երբ մեր եռագույնը կախված է լինում: Ավելի դժվար եմ տանում, երբ հնչում է Ռուսաստանի, Թուրքիայի կամ մեկ ուրիշ պետության հիմնը: Մի խոսքով, ոչ մի երկրի հիմնը չեմ սիրում այդ պահին: Սիրում եմ, ու ցանկանում են լսել միայն Հայաստանի հիմնը: Բայց չգիտես ինչու այս վերջին երկու տարիները արծաթների շարք են, ինքս էլ չգիտեմ, թե ինչու է իմ քառամյակն ավելի շատ արծաթային եւ օլիմպիադան էլ շարունակվեց արծաթով: Հուսամ` ոսկին երկար սպասել չի տա: Գուցե սա է բարին, որ ես դեռ ձգտեմ իմ օլիմպիական ոսկե մեդալին եւ ժամանակից շուտ չավարտեմ սպորտային կարիերաս:

-Իսկ նման մտադրություն ունե՞ս. դեռ այսօր ես դարձել օլիմպիական փոխչեմպիոն:

-Եթե ոսկին նվաճեի` գուցե մտածեի այդ ուղղությամբ: Բայց քանի դեռ չեմ իրականացրել իմ մանկության երազանքը, կշարունակեմ գնալ այդ երազանքիս ետեւից:

-Արսեն, դու գոտեմարտի ժամանակ փոխեցիր  գլորում հնարքի քո դիրքը: Ինչո՞ւ մրցակցիդ շփոթեցնելու քո մտադրությունը հաջողությամբ չավարտվեց:

-Դա իմ լավագույն հնարքներից է, որը մշտապես օգտագործում եմ գոտեմարտերիս ժամանակ: Դեռ փոքր տարիքից իրականացրել եմ այդ հնարքը եւ մշտապես ավարտել եմ այդ հնարքն իմ օգտին: Այս գոտեմարտի ժամանակ ես տեղում որոշեցի կատարել գլորում հնարքն այդ դիրքից, քանի որ ռուս ըմբիշը կրկնօրինակել էր թուրք ըմբիշին` անազնիվ քայլի էր գնացել եւ մարմնին յուղ էր  քսել: Ես դա զգացի հատկապես երկրորդ մրցափուլում, քանի որ Ռոմանի մարմինն արդեն քրտնած էր, իսկ յուղը բարդացնում էր կատարել հնարքներս, ձեռքերս սահում էին եւ ես չէի կարողանում նրան բռնել: Ես ընտրեցի կողքից գլորելու հնարքը, որպեսզի նրա մարմնի քրտնածությունը եւ արտադրված յուղն այդքան շատ դեր չխաղա:

Ամեն դեպքում սա անազնիվ քայլ էր: Ուղղակի Ռոմանը պատահական մարզիկ չէ: Նա պատրաստ էր նույնիսկ իմ այդ հնարքին պաշտպանվելուն: Փորձեցի ամեն գնով նրան գլորել, բայց չստացվեց:

Ես դիտելու եմ իմ գոտեմարտի տեսագրությունը, որովհետեւ չհասկացա, թե ինչու առաջին մրցափուլում Ռոմանին մեկ միավոր տվեցին: Եթե հանկարծ ես մեկ միավոր վերցնեի երկրորդ մրցափուլում, երրորդ մրցափուլում հաղթանակը միանշանակ եւ անկասկած իմը կլիներ: Որովհետեւ Ռոմանը անչափ հոգնած էր, նույնիսկ, չէր կարողանում ոտքի վրա կանգնել:

-Իսկ դու հոգնած չէի՞ր:

-Հոգնած էի, բայց այնքան չէ, որ չկարողանայի միավոր վաստակել: Ճիշտն ասած, իմ մարտավարությունը հենց դա էր. նրան շատ հոգնեցնել եւ կատարել իմ հնարքները: Ամեն դեպքում, ես ավելի պատրաստ էի երկար գոտեմարտի, քան Ռոմանը:

-Արսեն, իսկ մրցավարների գործողություններից գո՞հ ես: Կողմնապահություն նկատեցի՞ր:

-Միակ բանը, որ նկատեցի, դա յուղի օգտագործման հանդեպ մրցավարների անտարբերությունն էր: Օրենքում յուղի օգտագործումը չի թույլատրվում: Բայց զարմանալիորեն, մրցավարները Ռոմանի կողմից յուղի օգտագործումն անուշադրության մատնեցին: Իսկ մնացած ամեն ինչ անաչառ էր, շատ մաքուր: Ինչպես մյուս գոտեմարտերում, այնպես էլ եզրափակիչում, չեղավ մի դրվագ, որ մրցավարները սխալ որոշում կայացնեին: Մաքուր գոտեմարտ անցկացրեցինք, իսկ մրցավարներից գոհ եմ, որովհետեւ չփորձեցին խանգարել իմ որեւէ գոտեմարտի:

-Հիմա արդեն գիտակցե՞լ ես, որ չես պարտվել, թե՞ դեռ տխրություն կա:

-Ինչպես ճապոնական ասացվածքն է ասում, հավանաբար հենց սա էր լավը: Ամեն ինչի մեջ մարդ պետք է լավը տեսնի: Պատկերացնում եք` այսքան պատրաստվելուց հետո առանց մեդալի վերադառնայի: Դրանից կարելի էր գժվել միայն, որովհետեւ ամեն ինչ դրել էի այս Օլիմպիական խաղերում: Երեք ամիս ես ինձ կտրել էի ամեն ինչից` ոչ մի զվարճանք, ոչ մի հանսգտյան օր: Նույնիսկ մոռացել եմ սրճարանն ինչ բան է:Եթե առանց մեդալ մնայի` կգժվեի: Ինձ ոչ մեկ չի հասկանա, թե ես ինչքան ուժ ու կորով եմ ներդրել այս հաղթանակի համար եւ դեռ չհաշված 15 տարիների իմ աշխատանքը:

Ամեն դեպքում` արծաթը քիչ չէ, շատերը երազում են դրա մասին: Միայն թե, երբ տեսնում ես, որ գորգում դու ոչ մեկի չես զիջում, շատերին հաղթում ես, քեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվում` ընկճվում ես: Լավն այն է, որ ձեռքիդ ոսկե մեդալն է լինում:

-Ընտանիքիդ անդամների եւ սիրածդ աղջկա հետ գոտեմարտից հետո արդեն զրուցե՞լ ես:

Դեռեւս ոչ: Միայն խոսել եմ մայրիկիս հետ: Մայրիկիս ուրախությունն ինձ ուրախացրեց: Նա շատ երջանիկ ձայն ուներ: Երեւի միայն նա է հասկանում, թե ինչ է ինձ համար նշանակում հաղթանակը եւ որքան էի ես ցանկանում չեմպիոնի տեղում կանգնել եւ ոչ թե մեկ աստիճան ցածր: Նա ինձ հետ հավասար տանջվել եւ չարչարվել է իմ այս հաջողությունների համար, նա է իմ ձեռքը բռնած ծանր, ցուրտ տարիներին ինձ տարել մարզադահլիճ` մարզումների: Միայն նա է հասկանում, թե  այսօր ես ինչու եմ այսքան ընկճվում ոսկին չվերցնելու պատճառով:

>Զրուցեց Լուսինե Շահբազյանը

News.am

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38