ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Անվանի մարդիկ
05.09.2012

Փիթեր Ջեմ
Ամեն ինչ սկսվեց շատ պատահական ու շատ փոքր բանից
Եթե ցանկանում ես (If you want)… Այս բառերը լիբանանահայ երգիչ, ՄԱԿ-ում խաղաղության դեսպան Փիթեր (Պետրոս) Ջամբազյանի կամ ինչպես երաժշտական աշխարհում են անվանում՝ Փիթեր Ջեմի (Peter Jam) երգերից մեկի անվանումն է։ Գեղեցիկ մի երգ, որը խաղաղության յուրօրինակ պատգամ է դարձել։

Եթե ցանկանում ես… ընդամենը երեք բառ։ Բայց, ինչպես Փիթերն է ասում, այս բառերի ուժի հանդեպ հավատը կարող է անհնարինը դարձնել հնարավոր, ու մեզ տալ այն, ինչ մենք ցանկանում ենք։

Իսկ Փիթերը ցանկանում է երեք բան՝ Սեր, Խաղաղություն և Հույս, ինչն էլ հայաստանյան համերգների ընթացքում փոխանցեց իր հանդիսատեսին.
- Անցյալ տարվա սկզբին Եվրոպայի տարբեր քաղաքներում շրջագայելուց հետո՝ մի քանի օրով Հայաստան եկա։ Համերգներ, տեսակցություններ ունեցա, որոնք շատ քաջալերական էին։

Ցանկացա այս տարի նույնպես գալ և ավելի շատ թվով համերգներ ունենալ։ Միաժամանակ ցանկացա փոխանցել «Դրական պատգամ՝ Երաժշտության, Արվեստի, Խոսքի ուժով (Positive message through the power of Music, Art and Speech)»։
Հայաստանում ունեցա բազմաթիվ համերգներ, հանդիպումներ։ Ծրագրում ենք բացօթյա անվճար համերգ կազմակերպել և իմ Պատգամը փոխանցել հանդիսատեսին։

- Ինչո՞ւ Ձեր երգերը որպես Պատգամ հնչեցնելու ցանկություն ունեցաք։

- Ես արդեն 7-8 տարի է խաղաղության, բնապահպանության, կենդանիների և շատ այլ իրավունքների պաշտպանության ակտիվիստ եմ։ Հաճախ եմ  համերգային շրջագայություններով մեկնում ԱՄՆ և մասնակցում ակտիվիստական միջոցառումների։ Լիբանանում ևս ակտիվիստական գործունեություն եմ իրականացնում, մասնակցում եմ բոլոր այն նախագծերին, որոնց նպատակը մեր շրջապատն ավելի լավը դարձնելն է։

- Փաստորեն, հավատում եք երաժշտության մոգական ուժին։

- Անշուշտ, և իմ նախագծում շեշտում եմ երաժշտության ուժը։ Շատ պատմություններ կարող եմ պատմել այդ ուժի մասին։ Այսօր աշխարհի մի շարք հիվանդանոցներում  մարդկանց բուժում են երաժշտության օգնությամբ։

- Իսկ Հայաստանում երաժշտության միջոցով բժշկել են դեռ Միջնադարում։

- Այդ մասին չգիտեի… Հիմա մենք՝ երաժիշտներս, այդ ուժը ունեն, և ինչպես ցանկանանք կարող ենք օգտագործել։

Ես միշտ ցանկանում եմ դրական կերպով օգտագործել, և մարդկանց դրական «մեսիջ» տալ, նրանց տրամադրությունը բարձրացնել։
Երաժշտության ուժը շատ կարևոր է, անգամ եթե բույսերի մոտ երաժշտություն միացնես, նրանք սկսում են ավելի լավ աճել։
Երաժշտությունից բացի ես կարևորում եմ արվեստի ուժը։

Վերջերս էլ, երբ դարձել եմ ՄԱԿ-ում խաղաղության դեսպան, կարևորում եմ նաև խոսքի ուժը։
Ամերիկայում ինձ քաջալերեցին, որ գիրք գրեմ «դրական պատգամի» մասին։ Գրքում անդրադառնում եմ նաև տարբեր խնդիրների, որոնք երաժշտության հետ կապ չունեն, բայց մարդկանց մտածելու տեղիք են տալիս։

Գիրքը գրեթե պատրաստ է, պարզապես մի փոքր ժամանակ է պետք, որ այն ավարտին հասնեմ։ Հիմա նախագծերը շատ են, պատրաստվում եմ թողարկել երկրորդ ձայնասկավառակս։

Մի կողմից գիրքը, մյուս կողմից երաժշտությունը, փորձում եմ երկուսն էլ համատեղել։ Այս ամենից բացի կան նաև ուրիշ նախագծեր, որոնք միայն ակտիվիստական գործունեության հետ են կապված։

- Ե՛վ Ձեր երգերում, և՛ Ձեր ակտիվիստական գործունեության ժամանակ անդրադառնում եք իրավունքների պաշտպանությանը։ Հետաքրքիր է, Հայաստանոմ, ո՞ւմ, կամ ո՞ր իրավունքներն ամենից շատ պաշտպանության կարիք ունեն։

- Անցյալ տարի երբ առաջին անգամ եկա Հայաստան, շատ թափառական շներ տեսա։ Հետաքրքրվեցի, թե Հայաստանում կազմակերպությոն չկա, որ նրանց հավաքի։ Շատ մարդիկ ինձ ասացին, որ մենք մարդկային կամ քաղաքացիական իրավունքներ ենք ուզում, դու կենդանիների մասի՞ն ես խոսում։
Իմ կարծիքով` այդ բոլորն իրար հետ կապ ունեն։ Եթե այսօր խոսում ենք կենդանիների իրավունքների մասին, ուրեմն դրանից առաջ պետք է «նայած» լինեինք մարդկանց իրավունքները։

Ինձ համար բոլորը հավասար են, և պետք չէ պատճառաբանություններ անենք, որ մարդու կամ քաղաքացիական իրավունք չունենք, ուրեմն կենդանիներին պետք է անտեսենք։

Բոլորը  պետք է այս ամենի պատասխանատվությունը զգան։ Այն բոլոր իրավունքների համար, որ խոսում ենք (բնապահպանական, մարդկանց, կենդանիների, կանանց, մանուկների), եթե ամեն մարդ պատասխանատվություն զգա, այդ խնդիրներից որևէ մեկով մտահոգվի և փորձի ինչ-որ բան անել, շատ ավելի լավը կդարձնենք մեր շրջապատը։

Իմ, և բոլոր ակտիվիստների գործը այն է, որ այն մարդկանց, որոնք դեռ պատասխանատվություն չեն զգացել, ներշնչենք դրական գործերով, խոսքով, երաժշտությամբ, արվեստով կամ որևէ այլ բանով և միասին պայքարենք։

Ձայնասկավառակիս վրա հետևյալ տողերն են գրված՝ «Love loves you, and we all love you my friend»։ Շատերը հարցնում են, թե «we all»-ը ովքեր են։ Ես պատասխանոմ եմ՝ բոլոր այն մարդիկ, որոնք ակտիվիստներ են, որոնք արդեն պատասխանատվություն զգացել են և ցանկանում են ինչ-որ լավ բան անել։

- Եվ պատահական չէ, որ դարձել եք ՄԱԿ-ում խաղաղության դեսպան։

- Ես մասնավոր նպատակ չունեի դեսպան լինելու. ոչ դիմել եմ, ոչ էլ հատուկ ինչ-որ բան եմ արել։ Ես անում եմ այն, ինչից ես ինձ հանգիստ, ուրախ եմ զգում։
Ինչպես իմ գրքում եմ գրել, կյանքի ամենկարևոր բանը, նշանակետը ուրախ լինելն է։

2008 թվականից միշտ Ամերիկա էի գնում, մասնակցում խաղաղությանը նվիրված փառատոնների։ 2010 թվականից հետո, երբ թողարկեցի իմ առաջին ձայնասկաառակը՝«Vibrations», ժամանակս լրիվ այս նյութին՝ խաղաղությանը նվիրեցի։
Անցյալ տարեսկզբին Լիբանանում այս թեմայով երկու մեծ համերգ ունեցա։

Դրանից հետո գնացի Եվրոպա և քսան տարբեր քաղաքներոմ տեսահոլովակ նկարահանեցի «Եթե դու ցանկանում ես» (If you want) երգի հիման վրա, որը դարձել է խաղաղության յուրատեսակ ձոն։
Դրանից հետո եկա Ստամբուլ, Թբիլիսի, Երևան, այնուհետև գնացի Դուբայ, Բեյրութ և այսպես շարունակ։ Հիմա արդեն շուրջ քառասուն քաղաք եմ այցելել և նպատակ ունեմ «world peace tour» անել։

Իսկ ամեն ինչ սկսվեց շատ պատահական ու շատ փոքր բանից։

Ես միշտ ասում եմ՝ շատ շքեղ ու գեղեցիկ ծառն անգամ, մի ժամանակ շատ փոքրիկ հունդ էր միայն։ Նրան լավը դարձրեց՝ բերրի հողը, արևը, ջուրը, աճելու համար ամենակարևոր բաները։ Այդպես էլ իմ նախագիծը սկսվեց։

- Փիթեր, դուք մասնակցեցիք նաև «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի փակման արարողությանը։

- Այո, առաջարկն եկավ պարոն Մխիթարյանից (ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ-հեղ.), որը ինձ համար խանդավառ բան մըն էր, քանի որ ես սիրում եմ մանուկների, պատանիների, երիտասարդների հետ աշխատել։

Ես նաև երաժշտության ուսուցիչ եմ աշխատել և գիտեմ նրանց մտածելակերպը, թե երբ պետք է խիստ լինել, երբ պետք է ընկերային լինել։ Իհարկե, չգիտեմ ինչու, բայց պետք է խոստովանեմ, որ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել նրանց հետ։

Ես Լիբանանի մեջ սկսել էի «Ամառային դպրոց» նախագիծը, 15-20 հոգի կհավաքեի մեկ սենյակի մեջ և «Խաղաղության» երգս էի սկսում երգել, նրանք էլ ձայնակցում էին ինձ։ 20-30 րոպե շատ խանդավառ մթնոլորտ էր ստեղծվում։

Երբ «Արի տուն» ծրագրի փակմանը մասնակցելու առաջարկը ստացա, պարոն Մխիթարյանին պատմեցի այս նախագծի մասին։ Նա էլ ասաց, թե շատ լավ, երեխաները թերևս հետդ կերգեն։

Ու ամեն ինչ շատ լավ ստացվեց, շատ հաջող, միասնական կատարում ստացվեց, ինչն ինձ համար շատ կարևոր է։
Ես չեմ սիրում շոումեն լինել, համերգներս շոուի վերածել, կամ երգել, նվագել այն ժամանակ, երբ մարդիկ ուտում-խմում են, կամ ուրիշ բաներ են անում, իսկ ես փողս առնում եմ և գնում տուն։ Եթե այդպես լիներ, ես ոչ երգիչ, ոչ էլ երգահան կլինեի։

Ես հավատում եմ «կիսվելուն»։ Երաժշտությունը շատ կարևոր ուժ է նաև կիսվելու համար։ Դիմացինը պետք է քեզ պես զգա։
Դասավանդելիս էլ՝ սիրում էի աշակերտների հետ նվագել, ոչ թե լսել, թե նրանք ինչպես են նվագում։

Փակման ընթացքում ես նաև հայերեն մեկ երգ կատարեցի, որը ընդգրկված է լինելու նոր ձայնասկավառակիս մեջ։

- Հետաքրքիր զուգադիպություն. դուք համարվում եք ՄԱԿ-ում խաղաղության դեսպան, իսկ արիտունցիներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սիրում է անվանել Հայաստանի դեսպաններ։ Ինչպես դուք, այնպես և նրանք, առաքելություն ունեն։

- Շատ ուրախ եմ, որ նրանք համարվում են Հայաստանի դեսպաններ, ինչը հատկապես կարևոր է այն առումով, որ նրանք ապրում են աշխարհի տարբեր երկրներում։ Կարևոր է, որ Հայաստանում նրանք ծանոթանում են մեր հազարամյա պատմությանը, մշակույթին և վերադառնալով՝ կարող են կիսվել իրենց տպավորություններով և հպարտությամբ իրենց շրջապատին պատմել մեր պատմության, արվեստի, մշակույթի մասին, ինչը ոչ բոլոր ժովուրդներն ունեն։ Մենք քիչ ենք, բայց շատ հարուստ պատմություն, մշակույթ, արվեստ ունենք։ Հարևան երկրներն իրենց մշակույթը մեզանից են առել, և քանի որ իրենք թվով մեզնից շատ են, ամենուր բարձրաձայնում են, որ իրենցն է։

«Արի տուն» ծրագիրը շատ կարևոր է, կուզեմ նորեն շփվել, ինչ-որ ձևով նորեն ծառայել։ Կուզեմ՝ այդ երեխաներին իրենց ժողովրդին ծառայելու և ներկայացնելու կարևորությունը ցույց տալ։

Այն բոլոր քաղաքներում, որտեղ ելույթ եմ ունեցել, ինչ-որ ձևով պատմել եմ հայերի մասին, անդրադարձել եմ Հայոց ցեղասպանությանը։ Քաղաքներ կան, որտեղ չեն լսել ոչ հայերի, ոչ Հայոց ցեղասպանության, ոչ Հայաստան պատմության, մշակույթի մասին, այն դեպքում, երբ մենք 7-8 հազար տարվա պատմություն ունենք։
Իմ ձայնասկավառակում ընդգրկված շատ երգերի մեջ դուդուկ է հնչում։ Երբ մարդիկ լսում են այդ երգերը, անպայման հետաքրքրվում են, թե ինչ գործիք է։ Ես հպարտությամբ պատմում եմ, որ հայկական դուդուկ է, մի գործիք, որը 3-4 հազար տարվա պատմություն ունի։ Այս ամենը նորություն է նրանց համար ու նրանց շատ է խանդավառում։

Դուդուկն էլ ինչ-որ ձևով, մեր մշակույթի, պատմության պատգամն է տալիս։

Այդ նույն բանը կարող են և պետք է անեն այն փոքրիկները, ովքեր մասնակցում են «Արի տուն» ծրագրին, և բոլոր հայերը, ովքեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում։

- Փիթեր, մեր զրույցի վերջում դուք հնարավորություն ունենք «Խոսքի ուժն» օգագործել և ընթերցողին փոխանցել Ձեր պատգամը։

- Ինձ հաճախ են հարցրել, թե «Խաղաղության» երգի նպատակը որն է։ Երգում հնչում են հետևյալ տողերը՝ եթե ուզես սեր, խաղաղություն, հույս՝ կունենաս (If you want love you will find love, If you want peace you will get peace, If you want hope, hope is what we need)…Եվ ամենակարևորը՝ պետք է հավատ ունենալ՝ You have to keep the faith, you'll get what u need…

Ամերիկայում վերջին շրջագայության ժամանակ փորձեցի այս գաղափարին հակառակ ընթանալ, որ մարդկանց ավելի շոշափելի փաստ մը տամ։
Եթե մարդիկ հավատ չունեն, կամ հավատի հանդեպ հավատ չունեն, այդ մարդիկ չե՞ն կարող ունենալ սեր, խաղաղություն և հույս …
Իհարկե ունեն, ամեն մարդ է արժանի։

Պարզապես պետք է ավելի շոշափելի դարձնենք հավատը, և իմանանք, թե ինչպես կարող ենք այն կիրառել։ Պետք է նաև մեծ կամք ունենալ ինչ-որ բան անելու համար։
Օրինակ՝ երբ ես տանը նստած մտածում էի այս նախագծի մասին, եթե հավատ չունենայի, կամք չունենայի, այդպես էլ տանը նստած կմնայի, և  ոչ մի բան չէր հաջողի։

Գործնական բաները խոսքից ավելի կարևոր են, և երբ որ կամք ունենա՝ ամեն ինչ կունենաս, ամեն ինչ կհաջողի, անկարելի բաներն անգամ կարելի կլինեն։
Բայց, միաժամանակ մարդիկ ցանկանում են, որ ամեն ինչ շատ դյուրին լինի։ Ես կյանքիս մեջ դյուրին բաներ չեմ սիրել և շատ ուրախ կլինեմ, որ երբևէ դյուրին բաներ չանեմ։

Կյանքում չկա չհաջողիլ, չհաջողիլը հաջողելու առաջին, կամ երկրորդ քայլն է։ Ձախողությունների արդյունքում է հաջողությունը ծնվում։ Ինչպես փոքրիկ մանուկը, երբ քայլել է սովորում, պետք է քանի մը անգամ ընկնի։ Երբ ընկնում է, չի նշանակում, որ նա երբեք չի կարողանալու քայլել։ Պետք է ընկնես, որ կարողանաս բարձրանալ։
Իբրև փակման խոսք, կուզեմ ասել, որ ամեն ինչ ավելի լավ կլինի, երբ մարդիկ դրականի մասին մտածեն։ Ընդունեն, որ ընկնելուց անգամ դաս են առնում, սովորում՝ երկրոդ անգամ չընկնել և կարողանալ բարձրանալ…

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38