ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 28 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Անվանի մարդիկ Սփյուռք
11.09.2012

Սոնա Տալյան
Ամբողջի մեջ մի կաթիլ
Գերմանաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սոնա Տալյանին հանդիպեցի իր հայաստանյան համերգից հետո, երբ «Իմ Հայաստան» փառատոնի «Անհատ կատարողների օրերի» շրջանակներում համատեղ համերգով հանդես էր եկել Հակոբ Քոլանյանի և Հենրիկ Կարապետյանի հետ։

Հանդիպեցի երևանյան իր գեղեցիկ բնակարանում, որը գտնվում էր Կասկադի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի ձեղնահարկում։ Ձեղնահարկ, որը վերածվել էր տաքուկ ու ջերմ բնակարանի, ուր զգացվում էր նույն այն ջերմությունը, կախարդանքը, որը զգացել էի Սոնայի համերգի ժամանակ։
Համերգի տպավորություններից էլ սկսեցինք մեր զրույցը։

-Համերգի ժամանակ ասացիք, որ 23 տարի Հայաստանում համերգ չեք ունեցել։

- Հատկապես վերջին տարիներին ամեն տարի գալիս եմ Հայաստան, բայց առաջին համերգս էր։
Գեղեցիկ, ջերմ երեկո ստացվեց, հանդիսատեսի, դահլիճի աուրան, էներգիան շատ լավն էր, ամենակարևորը, որ փոխադարձ կապը հանդիսատեսի հետ ստացվեց։
Դրական լիցքեր ստացանք և երաժիշներս, և հանդիսատեսը. անզեն աչքով անգամ դա նկատելի էր։

Համերգի վերջում հուզված մոտենում էին, շնորհավորում, գեղեցիկ խոսքեր ասում, շնորհակալություն հայտնում։
Սա է արտիստի, արվեստագետի առաքելությունը։ Մենք պետք է մարդկանց հոգիները սնենք. հոգին նույնպես սննդի կարիք ունի, ինչպես և մարմինը։

-Ձեր ելույթը կարծես փոքրիկ մենախոսություն-համերգ լիներ, ինչն էլ անմիջականություն հաղորդեց։ Մի՞շտ եք նման կերպ անցկացնում Ձեր համերգները։

-Երբ գալիս ես բեմ, նվագում ես ու լուռ հեռանում՝ մեծ տարածություն ես թողնում քո և հանդիսատեսի միջև։ Բայց չէ՞ որ մարդիկ ուզում են, որ իրենց էլ ուշադրություն դարձնես։

Ես սիրում եմ նման կերպ անցկացնել իմ համերգները, պատմել իմ ստեծագործությունների մասին, սիրում եմ հաղորդակցվել հանդիսատեսի հետ։
Իհարկե, միայն այն ժամանակ, երբ իմ ստեղծագործություններն եմ ներկայացնում։ Եթե դասական երաժշտություն եմ նվագում, այդպես չեմ անում։

-Համերգի ընթացքում երբ կատարեցիք «Անձրևի կաթիլներ» բանաստեղծությունը և համանուն գործը, հանդիսատեսի համար անակնկալ էր այն, որ դուք ոչ միայն երաժշտություն եք գրում, այլ նաև բանաստեղծություններ։

-Անկեղծ պետք է լինեմ. ես շատ քիչ բանաստեղծություններ ունեմ գրված։
«Անձրևի կաթիլներ» բանաստեղծությունը նախապես կոչվում էր «Մենք մի ենք»։ Այն արտահայտում է իմ մտածելակերպը, փիլիսոփայությունը։
Ամբողջից կաթիլը առանձնանում է, գալիս է մենակ և ոչ մի կաթիլ մյուսին նման չէ։ Այդպես էլ մարդն է, բոլորս նման ենք ու միաժամանակ տարբեր։ Եթե մենք ի վերջո դառնալու ենք ամբողջություն, ինչպե՞ս կարելի է իրար չսիրել, պայքարել միմյանց դեմ։
Այս ամենը թղթին հանձնեցի։ Մի օր էլ ոգևորված՝ այդ թեմայով երաժշտություն գրեցի, ու ստացվեց «Անձրևի կաթիլներ» գործը։

-Ձեր բոլո՞ր ստեղծագործությունները պատմություն ունեն։

-Մեծամասնությունը ունեն։ Ես ստեղծագործում եմ, երբ որոշակի հոգեվիճակում եմ լինում, ու ամեն ինչ ինքնըստինքյան «գալիս» է։ Ես մտածում եմ, որ դա գալիս է ինչ-որ տեղից, ես ընդամենը «միջնորդ» եմ։

Որպես դաշնակահար՝ ես նույնն եմ զգում։ Դա ինչ-որ «էներգիա» է, որը ես ընդամենը փոխանցում եմ։
Հետաքրքիր է, բայց առաջ ինձ մոտ միայն տխուր գործեր էին ստացվում։ Երևի պատճառն այն էր, որ երբ տխուր էի լինում, փորձում էի մի բան անել, որ հոգիս հանգստանա։ Իսկ ես հանգիստ գտնում եմ երաժշտության մեջ, ու հենց այդ ժամանակ էլ սկսում էի ստեղծագործել։
Հիմա ավելի գիտակցորեն եմ զգում ամեն մի պահը, հատկապես՝ երջանկությունը, ու փորձում եմ գնահատել։ Այդ ժամանակ անմիջապես նստում եմ դաշնամուրի առջև ու փորձում թղթին հանձնել այն, ինչ զգում եմ այդ պահին։ Այդ պատճառով էլ ուրախ գործեր են հայտնվել։

-Հետաքրքիր է, ավելի հեշտ, միգուցե, հաճելի է սեփական ստեղծագործությունները կատարե՞լը, թե արդեն ճանաչված կոմպազիտորներինը։ Ի՞նչ տարբերություն կա։

-Այսպես բացատրեմ. իմ մեջ երաժշտության երեք սյուն կա։ Առաջինը դասական երաժշտությունն է, ես մանկուց ստացել եմ դասական կրթություն։
Երկրորդ՝ իմ արյան մեջ կա հայկական երաժշտություն, որը ես շատ ուժեղ զգում եմ։

-Հատկապես որ Գուսան Շերամի եղբոր ծոռն եք։

-Նաև աշուղ Ջամալն է իմ ազգականը։ Ու, հավանաբար, այստեղ իմ գեներն են խոսում։ 
Եվ երրորդ՝ դպրոցական տարիներին ես շատ եմ լսել ջազ, ռոք, մեր տանը շատ սիրված էին Սթիվի Ուանդերը, Ալ Ջերոն։ Այդ երաժշտությունն էլ է ինձ վրա մեծ ազդեցություն թողել։

Եվ այս բոլորը ես կրում եմ իմ մեջ։

Եվ երբ նվագում եմ իմ ստեղծագործությոնները, կարողանում եմ իմ բոլոր կողմերը արտահայտել։
Երբ նվագում եմ դասական գործեր, միայն մի սյունն է իմ մեջ խոսում ու արտահայտվում։ Բայց դասական գործեր նվագում եմ մեծ հաճույքով։ Շատ եմ սիրում Բախ նվագել։

Նաև մի փոքր վախ եմ ունենում, երբ դասական գործեր եմ նվագում, իսկ իմ գործերը նվագելիս այդ վախը չեմ զգում։ Գուցե դա բնական է, իմ գործերը կատարելիս կարող եմ ինձ թույլ տալ անել ինչ ուզում եմ, բայց դասական գործեր կատարելիս՝ այդպես չես կարող վարվել։
Հաճախ, համերգներիս ժամանակ առաջին մասում Բախ եմ նվագում, երկրորդ մասում՝ իմ ստեղծագործությունները և Կոմիտաս։

-Երեք սյուների միախառնումից էլ ծնվում են Ձեր ստեղծագործությունները։

-Այո, և այդ պատճառով էլ դժվար է ինձ բացատրել, թե որ ժանրում են իմ գործերը։ Դա ոչ ջազ է, ոչ դասական երաժշտություն է, ոչ ժողովրդական, բայց ամեն ինչ էլ ունի իր մեջ։

Ես չեմ մտածում ինչ ստեղծագործել, գրում եմ այն, ինչ «փոխանցվում» է ինձ։ Լսում եմ ինչ-որ ձայն, մեղեդի ու այն «գտնում եմ» դաշնամուրի վրա։
Հիմա ուզում եմ նաև այլ գործիքների համար երաժշտություն գրել։

-Ո՞ր գործիքի համար կցանկանայիք երաժշտություն գրել։

-Թավջութակ եմ շատ սիրում։ Մտածում եմ թավջութակի և դաշնամուրի համար որևէ գործ գրել, նաև նվագախմբի համար։

Դեռ ժամանակ ունեմ, չնայած այնքան էլ շատ չէ ժամանակը, կաթիլի կյանքն այնքան էլ երկար չէ։

-Ճի՞շտ է, որ Ձեր առաջին համերգը կայացել է, երբ Դուք հինգ տարեկան էիք։

-Քույրիկս ինձանից հինգ տարով մեծ էր և սովորում էր Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ 4-5 տարեկանում սկսեցի լսողությամբ նվագել։ Մայրիկս Չայկովսկու դաշնամուրային առաջին կոնցերտի սկավառակն էր գնել։ Երբ լսեցի, սկսեցի լսողությամբ նվագել։ Այդ լուրը սկսվեց տարածվել։ Երբ Սայաթ-Նովայի դպրոցում համերգ էր լինում, և քույրիկս նվագում էր, բոլոր ուսուցիչները ինձ բեմ էին կանչում, ու ես սկսում էի նվագել։ Երբեմն հասակս չէր հասնում դաշնամուրին, ու ես ձգվելով նվագում էի, ինչը բոլորին զվարճություն էր պատճառում։

Դրանք էին իմ առաջին համերգները։ Երբեմն ինձ հրավիրում էին նվագել նաև մանկական երաժշտական հաղորդումների ժամանակ։

-Հետո ամեն ինչ իր հունով ընթացավ. երաժշտական դպրոց, Կոնսերվատորիա, այնուհետև տեղափոխվեցիք Գերմանիա։

-Յոթ տարեկանում ընդունվեցի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, ավարտելուց հետո ընդունվեցի Կոնսերվատորիա, մեկ տարի անց տեղափոխվեցի Գերմանիան։

- Դա ինչպե՞ս պատահեց։

-Մայրիկս բալետի պարուհի էր, և մեր տանը միշտ հավաքվում էին դերասաններ, երգիչներ։ Այդ հավաքույթներն ուղեկցվոմ էին երգերով, ասմունքով։
1989 թվականն էր, երկրաշարժից հետո շատ գերմանացիներ էին եկել Հայաստան, որոնք օգնություն էին բերել։ Մի օր քույրիկիս ընկերը մեր տուն բերեց գերմանացիների։ Երեկոյի ընթացքոմ քույրիկիս հետ նվագեցինք։ Գերմանացիների մեջ մի հոգևորական կար, երբ լսեց մեր կատարումները, ասաց, որ մեզ կհրավիրի Գերմանիա, և մենք հայկական համայնքում ելույթ կունենանք։
Մենք, անկեղծ ասած, լուրջ չընդունեցինք նրա ասածը։ Բայց նա գնաց ու հրավեր ուղարկեց։ Քույրիկիս հետ գնացինք Գերմանիա, և արդեն 23 տարի է՝ այնտեղ եմ ապրում։

Ես մտադիր չէի Գերմանիայում հաստատվել։ Իմ կյանքում այնքան լավ շրջան էր. նոր ուսանող էի դարձել, նույնիսկ Ֆորշի հետ երկու տեսահոլովակ էինք նկարահանել, հեռուստատեսությամբ երաժշտական ծրագիր պետք է վարեի։ Եվ ես ուզում էի անպայման վերադառնալ, որովհետև այդ ամենը ինձ էր սպասում։
Բայց ամեն ինչ այնքան ինքնըստինքյան եղավ, կարծես ամեն ինչ պետք է այդպես էլ լիներ, կարծես մի ուժ առաջնորդում էր ինձ։
Քույրիկիս համառ ջանքերի շնորհիվ ընդունվեցի Դեթմոլդի երաժշտական ակադեմիա։ Մտածեցի՝ մեկ տարի կսովորեմ ու կվերադառնամ։ Բայց ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ։

Թեպետ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր, տասնչորս տարի ես «տառապել» եմ, ամեն անգամ ինձ հարց էի տալիս, թե ինչ եմ անում այստեղ։
Դա նույնն է, երբ որևէ բույսի իր հայրենի հողից հանում են ու տեղափոխում մեկ այլ վայր։ Ժամանակ է պետք, որ բույսը հարմարվի, արմատներ ձգի։ Դա շատ ցավալի պրոցես է, որը ես զգացել եմ իմ սեփական մաշկի վրա։
Կամաց-կամաց սկսեցի ճանաչել գերմանացիներին, սիրել նրանց, ինչի շնորհիվ էլ կարողացա հարմարվել։

-Այնուհետև տեղափոխվեցիք Ֆրանկֆուրտ։

-1991 թվականին տեղափոխվեցի Ֆրանկֆուրտ և ուսումս շարունակեցի Ֆրանկֆուրտի երաժշտական ակադեմիայում։ Շատ եմ սիրում այդ քաղաքը։

- Ֆրանկֆուրտում հայկական համայնք է գործում, կապ ունե՞ք համայնքի հետ։

-Ոչ մեծ, բայց լավ համայնք ունենք։ Մի ժամանակ երգչախումբ ունեինք, որտեղ և աշխատում էի։ Հիշում եմ՝ համայնքի 30-ամյակին նվիրված միջոցառման առիթով երգ գրեցի «Սա միությունն է մեր» վերնագրով։ Բոլորը սիրեցին այդ երգը։ Համայնքի 40-ամյակին զանգեցին ու խնդրեցին երգել։ Ես եկա Երևան, Արա Թորոսյանին (Մուրզիկ) խնդրեցի, ու նա գործիքավորեց երգը։

Հիմա ավելի քիչ ժամանակ ունեմ և հաճախ չեմ լինում համայնքում, բայց երբ որևէ իրադարձություն, միջոցառում է լինում, անպայման գնում եմ։

-Իսկ համերգներ հաճա՞խ եք ունենում։

-Անկեղծ ասած, ակտիվ սկսել եմ համերգային գործունեությամբ զբաղվել միայն վերջերս։
2010 թվականի թողարկեցի «Raindrops» ձայնասկավառակս, ու այդ ժամանակից էլ սկսվեց բուռն համերգային գործունեությունս։
Համերգներ եմ ունենոմ Գերմանիայի տարբեր քաղաքներում, հաճույքով համագործակցում եմ երգիչների հետ։ Կամերային երաժշտություն են նվագում։ Համերգներ եմ ունեցել նաև Ֆրանսիայում, Հոլանդիայում։
Միշտ ստեղծագործել եմ, որովհետև մեծ պահանջ եմ ունեցել ստեղծագործելու, բայց հետաքրքիր է, որ բեմ դուրս գալու պահանջ չեմ ունեցել։ Ինձ հարց էի տալիս՝ ինչո՞ւ բեմ դուրս գամ։

Հիմա արդեն գիտեմ, թե ինչու՝ հիմա ասելիք ունեմ։ Հիմա զգում եմ, որ սա է իմ ճանապարհը, ինձ շատ լավ եմ զգում բեմում։

-Դուք նաև Գերմանիայի կոմպոզիտորների միության անդամ եք։

-Արդեն մեկ տարի է։ Գիտեք, շատ եմ ամաչում, երբ ինձ կոմպոզիտոր են անվանում։ Հաճախ մտածում եմ՝ ես ընդամենը դաշնամուրային գործեր եմ գրել, սիմֆոնիա չեմ գրել, ինչ կոմպոզիտոր։ Բայց ամեն ինչ կամաց-կամաց, երևի կհասցնեմ, կարևորը, որ ստեղծագործելու ցանկությունս շատ մեծ է։ Դա է ինձ սնում։

-Ինչո՞վ կցանկանայիք եզրափակել մեր զրույցը։

-Մենք շատ ենք բողոքում, որ ամեն ինչ Հայաստանում վատ է։ Քննադատությունը, բողոքելը ոչ մի արդյունք չեն տալիս։ Իմ կարծիքով՝ յուրաքանչյուրը պետք է փորձի իր շրջանակի մեջ որևէ լավ բան անել, մի կաթիլ ավելացնել ամբողջի մեջ։
Ես փորձոմ եմ իմ շրջապատում ինչ-որ հաճելի բան անել, կյանքը գեղեցկացնել։ Հոսով եմ, որ այդ փոքրիկ կաթիլը ժամանակի ընթացքում կմեծանա-կմեծանա, կտարածվի ու կդառնա ամբողջություն։
Հիմա էլ է ինձ մի ուժ առաջնորդում, աշխատում եմ այդ ձայնը լսել ու այդ ուղիով գնալ։

-Ու տա Ասված, որ այդ ուղին երկար լինի, ու Ձեզ հաճախ բերի Հայաստան։

-Ես միայն ուրախ կլինեմ։

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38