ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Անվանի մարդիկ Հայաստան
10.10.2012

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ
«Կապելլայի մոսկովյան ելույթը ոչ թե սոսկ հաջող համերգ էր, այլ մի փառահեղ ներկայացում»
Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի վերջին մեկ ամսվա աշխատանքային գործունեության և մոտ ապագայի ծրագրերի մասին է «Հայերն այսօրի» երկխոսությունը երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի հետ.
-Մաե´ստրո, վերջին ամիսը ավելի քան հագեցած էր Կապելլայի և հատկապես Ձեզ համար` համերգներ , շրջագայություններ… Իհարկե, երբ անդրադառնում ենք անցյալին` Ձեր ղեկավարությամբ Հայաստանի պետական երգչախմբի անցած ուղուն, այսքան և սրանից էլ շատ ավելի հագեցած ու երաժշտական իրադարձություններով հարուստ ամիսներ քիչ չեն եղել: Այնուամենայնիվ… Մոսկվա, Չայկովսկու անվան կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճ, 11-ը սեպտեմբերի 2012թ: Բավականին երկար ընդմիջումից հետո (շուրջ 30 տարի) Կապելլան դարձյալ հանդես եկավ մենահամերգով այդ սքանչելի համերգասրահում: Անձամբ Դուք ինչպիսի՞ տպավորությամբ թողեցիք դահլիճը, գո՞հ եք համերգից:

-Իմ գոհունակությունը կամ, ինչպես Դուք եք ասում, տպավորությունը մեծապես կախված է ունկնդրի, տվյալ դեպքում` մոսկովյան բարձրաճաշակ ու խստապահանջ ունկնդրի տպավորվածությունից ու վերաբերմունքից: Իսկ ունկնդիրը, թող անհամեստ չհնչի, ուղղակի երջանիկ էր: Սա ոչ թե իմ կարծիքն է, այլ հենց ունկնդիրների, նրանց, ովքեր այդ օրը ներկա գտնվեցին մեր համերգին և, իրենց իսկ խոսքերով ասած, վայելեցին Կապելլայի ելույթը: Հետևաբար ինձ թույլ եմ տալիս ասել, որ դա ոչ թե սոսկ հաջող համերգ էր, այլ մի փառահեղ ներկայացում, որը, կարծում եմ, երկար պիտի հիշվի: Ասեմ, որ համերգի հաջողությունը պայմանավորված էր նաև ծրագրի ճիշտ ընտրությամբ: Իսկ ծրագիրը բազմաժանր էր` և´ ակապելլա, և´ վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ` Կոմիտասով սկսած, Կառլ Օրֆով վերջացրած: Համերգի նվագախմբային բաժնում մեզ ընկերակցում էր Կոգանի անվան ակադեմիական նվագախումբը` հիանալի մի երաժշտախումբ, որը սիրով և մեծ վարպետությամբ «հետևեց» մեզ:

- Մոսկվայի երաժշտասեր հասարակությունը, առհասարակ` մոսկովյան բարձրաճաշակ ունկնդիրը միշտ էլ մեծ խանդավառությամբ է ընդունել Կապելլայի ելույթները, ինչպես որ լենինգրադցիները, և չնայած այն բանին, որ Կապելլան երկար տարիներ հանդես չէր եկել այդ դահլիճում, ունկնդիրների մեջ մարդիկ կային, ովքեր հիշում էին մեր երգչախմբի ելույթները: Ես շատերի հետ եմ զրուցել. մարդիկ բառի բուն իմաստով կարոտել էին Կապելլային: Մաե´ստրո, ինչո՞վ էր պայմանավորված այդ «մեծ ընդմիջումը»:

-Նախքան այս համերգը մեր խումբը 29 անգամ ելույթ է ունեցել այդ հռչակավոր դահլիճում: Այսինքն` սա 30-րդ համերգն էր…30 տարի հետո: Իհա´րկե շատ մեծ էր ընդմիջումը: Բայց դրա գլխավոր պատճառն այն է, որ ԽՍՀՄ-ի փլուզման հետ վերջին տասնամյակներում շատ բան փոխվեց` մեր կյանքը, կենսակերպը, փոխհարաբերությունները: Նախկինում մի մեծ պետություն կար` Խորհրդային Միությունը, որը ուներ «Գոսկոնցերտ», և ամեն ինչ այդ հիմնարկի ձեռքին էր: Դե, Կապելլան էլ այդ մեծ երկրի ամենահեղինակավոր ու պահանջված կոլեկտիվներից մեկն էր: Բայց քանի որ ամեն ինչ փոխվեց, այս անջրպետն էլ ինքնին ստացվեց: Այդուհանդերձ, խնդրեմ` ցու´յց տվեք ինձ մեկ այլ հայաստանյան համերգային կոլեկտիվ, որը թեկուզ մեկ անգամ այդ դահլիճում ելույթ է ունեցել թե´ նախկինում, թե´ հիմա: Չկա´, մեր խումբը միակն է: Ես սա ասում եմ և´ հպարտությամբ, և´ ափսոսանքով…

-Մաե´ստրո, ի դեպ, մոսկովյան համերգի արձագանքները մինչև հիմա էլ` մեկ ամիս անց, շարունակվում են. զանգահարում են ծանոթ-բարեկամներ Մոսկվայից, հարցնում են` էլ ե՞րբ է գալու Կապելլան Մոսկվա…

-Հեշտ չէ, գիտեք: Միայն ճանապարհածախսն արդեն ահռելի գումար է: Այնուամենայնիվ, կարծես թե առիթ պիտի ստեղծվի. խոստացել են, որ գալիք տարի մեզ նորից պիտի հրավիրեն. այս անգամ Բեռլիոզի «Ռեքվիեմն» են ուզում: Տեսնենք, Աստծու հաջողությամբ գուցեև ստացվի: Համենայն դեպս, մենք պատրաստ ենք:

-Մաե´ստրո, ամփոփ անդրադառնանք մոսկովյան համերգի ծրագրին:

-Արդեն ասացի` համերգի մեկ բաժինը ակապելլա գործեր էին մեր երգչախմբի երգացանկից, հիմնականում` Կոմիտաս: Մյուս`«նվագախմբային» բաժնում, կատարեցինք չորս ստեղծագործություն` Կոգանի նվագախմբի և մեր մենակատարների հետ: Կա մի սքանչելի գործ` Վերդիի «Ազգերի հիմնը», որը, կարծեմ, մեր խմբից բացի ուրիշ խումբ չի կատարում: Պիտի ասեմ, որ այս գործի հաջողությունը մեծապես կախված է մենակատարից, և մենակատարը` Պերճ Քարազյանը, ուղղակի փայլուն երգեց: Մյուսը Շուբերտի «Կանտատն» էր` դարձյալ հրաշալի մի ստեղծագործություն, որը նույնպես փայլեց իր մեներգով` Մագդա Մկրտչյանի կատարմամբ: Երրորդը Բեթհովենի «Ֆանտազիան» էր: Դաշնամուրի, նվագախմբի և երգչախմբի համար գրված այս չքնաղ ստեղծագործությունը, որը նորին մեծություն Արվեստի փառաբանություն է, կատարման առումով շատ դժվար գործ է. նշված երեք «գործող անձանցից» էլ կատարելություն է պահանջում: Եվ դարձյալ գոհունակությամբ պետք է ասեմ, որ հիանալի կատարում էր. թե´ նվագախումբը, թե´ երգչախումբը և թե´ դաշնամուրը, դիրիժորի հետ միաձուլված, մեկ դարձած, բեթհովենյան «Արվեստի օրհներգը» մատուցեցին ունկնդրին ամենաբարձր մակարդակով: Այստեղ էլ ուզում եմ առանձնացնել մենակատարին` շնորհալի դաշնակահար Լիլիթ Զաքարյանին, և առիթից օգտվելով` շնորհավորում և իմ գոհունակությունն եմ հայտնում. իսկապե´ս բարձր մակարդակի կատարում էր:

-«Ֆանտազիայում» դաշնամուրի մոտ ավելի շատ պատկերացնում ենք տղամարդ կատարողի` մի տեսակ ուժ, հզորություն, փառաբանություն… Մեր ականջներում դեռ լուսահոգի Նիկոլայ Պետրովի անզուգական կատարումներն են Կապելլայի հետ, Ձե´ր ղեկավարությամբ, մաե´ստրո, աշխարհի բազմաթիվ բեմերում…

-Ինչ խոսք, մեր ականջները «սովոր են» Պետրովի «Ֆանտազիային», բայց…Պետրովի նման երկրորդը չկա: Մյուս կողմից` ոչ բոլոր դեպքերում է, որ այս գործի համար հենց տղամարդ կատարող է պետք: Համաձայն եմ` տղամարդն ավելի «հարմար» է այս ստեղծագործության համար` դաշնամուրի պարտիային հատուկ ուժի, հզորության իմաստով: Բայց պետք է ասել, որ այստեղ միայն ուժը չէ կարևոր. այս գործը նույնքան քնքշություն է պահանջում` մնացյալ ամեն ինչից բացի: Լիլիթ Զաքարյանը բոլոր առումներով հիանալի նվագեց:

-Իսկ երգչախու՞մբը…

-Պիտի ասեմ, որ Կապելլան նույնպես իր բարձրության վրա էր, մանավանդ իր մուտքի առաջին մասում: Այս մասում սովորաբար բոլոր խմբերը «կաղում են»: Բայց Կապելլան շատ հստակ մուտք գործեց և նույն տեմպով շարունակեց: Նմանապես` մյուս ստեղծագործություններում. խումբը «հավաքված» էր և, պետք է ասեմ, պատվով կատարեց իր առաքելությունը:

-Մաե´ստրո, մոսկովյան համերգից գրեթե անմիջապես հետո Դուք մեկ շաբաթով մեկնեցիք Միացյալ Նահանգներ: Ո՞րն էր առիթը:

-Ինձ հրավիրել էին սեպտեմբերի 21-ի` մեր անկախության տարեդարձի առիթով: Համերգ տեղի ունեցավ Գլենդելում. տեղի կատարողներն էին, Բարսեղ Թումանյանն էր, ու ես էի` հիմնականում մեր երգչախմբի նախկին անդամների հետ, որ հիմա այնտեղ են բնակվում: Ի դեպ, բավականին մեծ թվով «կապելլայականներ» կան այնտեղ, հիմնականում` Լոս Անջելեսում: Համերգը շատ լավ անցավ` գեղեցիկ-հուզական մթնոլորտում:

-Մաե´ստրո, վերջին ամսվա երրորդ կարևոր իրադարձությանն անդրադառնանք` Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ արգենտինահայ կոմպոզիտոր, «Արաքս» երգչախմբի հիմնադիր-խմբավար Ժան Ալմուխյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգը Արամ Խաչատրյան համերգասրահում, հոկտեմբերի 6-ին: Ամռանը Դուք եղաք Արգենտինայում: Կարծեմ` Ալմուխյանի հետ պայմանավորվածություն կար դրանից էլ առաջ…

-Իմ Արգենտինա գնալը այս հանդիսության հետ որևէ կապ չուներ: Նույն Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ես այնտեղ հրավիրված էի որպես պատվավոր հյուր: Իհարկե, այնտեղ հանդիպեցի Ալմուխյանի և նրա ղեկավարած «Արաքս» երգչախմբի հետ, շփվեցինք, որոշ մասնագիտական խորհուրդներ փոխանցեցի խմբի անդամներին, ովքեր, գիտեք, պրոֆեսիոնալներ չեն: Ասեմ, որ շատ կարևոր գործ է անում Ալմուխյանը: Այդ երգչախումբը 52 տարի անընդմեջ գոյություն ունի. հեշտ բան չէ 52 տարի սփյուռքում երգչախումբ պահելը: Հետևաբար մեծ սիրով ինքս ցանկացա իմ և երգչախմբի մասնակցությունը բերել Ժան Ալմուխյանի մեծարման երեկոյին և, ինչպես գիտեք, համերգի «առյուծի բաժինը» մեր ուսերի վրա էր, որը, կարծում եմ, պատվով կատարեցինք:

-Ի՞նչ ծրագրեր ունի մոտ ապագայում Պետական երգչախումբը:

-Մոտ օրերս կմասնակցենք «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը: Այս տարի, ինչպես գիտեք, Սայաթ-Նովայի 300-ամյակն է. այս առիթով պիտի հանդես գանք Գրիգոր Հախինյանի` Սայաթ-Նովային նվիրված հրաշալի «Կանտատով»: Տ. Չուխաջյանի 125-ամյակի առիթով էլ անելիք ունենք: Վերջապես` այս տարին մեզ համար էլ հոբելյանական է. լրանում է Կապելլայի 75 տարին, որ նույնպես պիտի նշենք համերգով:

-Մաե´ստրո, Դուք սերտ և գործնական կապերի մեջ եք Սփյուռքի նախարարության հետ. նախարարին կից Ատյանի անդամ եք, նաև ակտիվորեն մասնակցում եք նախարարության կառուցողական ծրագրերին` հատկապես մշակույթի ոլորտում: Դրա մեկ վառ օրինակը հենց Ժան Ալմուխյանի 80-ամյակին նվիրված համերգն էր: Համագործակցության ինչպիսի՞ նոր հնարավորություններ եք տեսնում ապագայում:

-Սփյուռքի նախարարությունն ունի այնպիսի փայլուն ղեկավար` հանձին Հրանուշ Հակոբյանի, որ միշտ` ամեն օր, ամեն ժամ կարելի է մի նոր, հաճելի անակնկալ սպասել նրանից: Ես բոլորովին չեմ զարմանա, եթե հաջորդ Ատյանի նիստին նախարարուհուց լսեմ մի նոր, հետաքրքիր առաջարկ, մի թարմ ու հետաքրքիր գաղափար, որ մտքովս էլ չի անցնում: Նման մի առաջարկ էր գալիք տարի Հայաստանում Կոմիտասյան փառատոն անցկացնելու գաղափարը, որը նույնպես Սփյուռքի նախարարի մտահղացումն է, և վստահ եմ` տիկին Հակոբյանն ամեն ինչ կանի, որ այն իրականություն դառնա: Կոմիտասն այն հանճարն է, որն արժանի է ամենաբարձր մեծարման: Շատ ուրախալի է, որ մեր նախագահն անդրադարձավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ հիմնելու հարցին, և, եթե չեմ սխալվում, արդենիսկ Պանթեոնում սկսվել են Թանգարանի կառուցման աշխատանքները: Պիտի ասեմ, որ ինքս ժամանակին շատ մեծ պայքար եմ տարել այդ հարցով և ինչքան առիթ է եղել, միշտ բարձրաձայնել եմ, թե ամոթ է բոլորիս համար, որ Կոմիտասի նման մեծությունը իր հայրենիքում թանգարան չունի: Փա´ռք Աստծու, որ այդ սխալը, թեկուզ ուշացած, ուղղվում է: Դե, իսկ փառատոնը հրաշալի գաղափար է, և, ինչպես ասում են` առաջն Աստված, մեր համագործակցությունը նաև այս նվիրական գործով կշարունակվի:

-Թույլ տվեք եզրափակել: Սիրելի´ մաեստրո, հայ երգի յուրաքանչյուր նվիրյալ, Կապելլայի յուրաքանչյուր երգիչ Ձեզ միշտ ուզում է տեսնել Հայաստանի պետական երգչախմբի ղեկին ամուր կանգնած, առողջ ու երիտասարդ, ումից դեռ այնքան շատ սպասելիքներ ունի հայ ունկնդիրը` Հայաստանում թե Սփյուռքում: Այնպես որ` առո´ղջ եղեք. սա, վստահ եմ, հազարավոր հայերի անկեղծ ցանկությունն է: Իսկ հավաքական ցանկությունը աղոթքի զորություն ունի. ուզում եմ, որ Դուք դա լավ իմանաք: Աստված Ձեզ պահապան…

-Շնորհակալ եմ բարեմաղթանքի համար: Թող Աստված Ձեր ձայնը լսի: Բայց… ոչ մի բան հավերժական չէ, բոլորս էլ մահկանացու ենք: Լուսահոգի Էդվարդ Միրզոյանի մահը ասածիս հիշեցումն է: Գիտե՞ք` ինչ են ասում. «հներից» երեք հոգի ենք մնացել` Սոսը, ես և Վարդուհին, մեկ էլ` Կոնստանտին Օրբելյանը, որ ԱՄՆ-ում է: Ասածս այն է, որ ուզենք թե չուզենք` մեծանում ենք, ու դա անհնար է կանխել: Միակ մխիթարությունս այն է, որ իմ մեջ դեռ ասելիք ունեմ, աշխատելու եռանդ ունեմ, իմ ժողովրդին տալու բան ունեմ, ու քանի կարող եմ` պիտի շարունակեմ աշխատել…

-Ի՞նչ կուզենայիք ասել «Հայերն այսօրի» ընթերցողներին, որոնց կեսը սփյուռքահայեր են:

-Հատկապես սփյուռքահայությանը ցանկանում եմ առավել սերտ կապեր պահպանել Հայրենիքի հետ: Այդ կապը երկար ժամանակ խաթարված ու կիսատ-պռատ է եղել: Հիմա, փառք Աստծո, նման խնդիր չկա: Այդ ուղղությամբ վերջին տարիներին լուրջ քայլեր է արվում նորաստեղծ Սփյուռքի նախարարության ու հատկապես տիկին նախարարի կողմից: Հրանուշ Հակոբյանն իսկապես շատ մեծ դերակատարություն ունի այդ հարցում, շատ ոգևորիչ գործունեություն է ծավալում և իր եռանդով ու նվիրումով կարողանում է ոգևորել շատերին: Թող Աստված նրան արևշատություն ու երկար կյանք տա:

Զրուցեց  ՀԱՅԿ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38