ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մանրամասներ
24.10.2012

Հայերը Շտուտգարտում այլևս օտար չեն
Հոկտեմբերի 18-21-ը Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում կայացավ «Հայ Մշակույթի Օրեր» ձեռնարկը:
Այն արդեն ավանդական է դառնում, յուրաքանչյուր տարի նվիրվելով հայ իրականության որևէ կարևոր տարեդարձի: Այս տարվա մշակույթի օրերը նվիրված էին Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին:

Բացման մեծ համերգը կայացավ Շտուտգարտի «Լիեդերհալեի» «Մոցարտ» դահլիճում: «Հայ Մշակույթի Օրերի» գլխավոր կազմակերպիչ և Բադեն-Վյուրտեմբերգի Հայ համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Տիրատուր քհն. Սարդարյանը ողջունեց ներկա շուրջ 500 հյուրերին, որոնց թվում էին բազմաթիվ քաղաքական և եկեղեցական գործիչներ, Բադեն-Վյուրտեմբերգի գրողների միության անդամներ, գերմանական բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ. «Ես սիրում եմ իմ Հայաստանը, ես սիրում եմ իմ Գերմանիան և ցանկանում եմ մեր երկու երկրների միջև մշակութային կամուրջ կառուցել: Հայ մշակույթի օրերը Շտուտգարտում առիթ են հանդիսանում ավելի լավ ճանաչելու միմյանց, հայ և գերմանացի արվեստագետների միջև համագործակցությունը զարգացնելու և մեր ժողովուրդների բարեկամական կապը զարգացնելու համար»:

Ողջույնի խոսքով հանդես եկան Գերամանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպս. Պեքճեանը, Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս, Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության և իրենց գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար, նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանի համաձայն, Կոմիտասի անվան ոսկե մեդալներ շնորհեց վաստակավոր դիրիժոր Ռուբեն Ղազարյանին, օպերային մեծանուն երգչուհի Կարինե Բաբաջանյանին, վաստակավոր դաշնակահար Վարդան Մամիկոնյանին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Բադեն-Վյուրտեմբերգի ինտեգրացիաի փոխնախարար պրն. Մանֆրեդ Շտեհլեն, ով բարձր գնահատեց հայ մշակույթն ու արվեստը և շեշտեց, որ հայերը Բադեն-Վյուրտեմբերգում օտար չեն, այլ հանրության փոքր, բայց կարևոր մի մաս:

Համերգային ծրագիրը, որը մաս կազմեց նաեւ «100 համերգ Ցեղասպանության հիշատակի 100-ամյակին» ծրագրին, կազմված էր հայ և արևմտաեվրոպական երաժշտական արվեստի նմուշներից: Հայլբրոնի Վյուրտեմբերգյան Կամերային նվագախումբը՝ Ռուբեն Զազարյանի ղեկավարությամբ, ներկայացրեց Տիգրան Մանսուրյանի «Ֆանտազիան» դաշնամուրի և նվագախմբի համար: Որպես մենակատար հանդես եկավ Վարդան Մամիկոնյանը: Իտալացի նշանավոր կամպոզիտոր Օտորինո Ռեսպիջիի «Իլ Տրամոնտո» ստեղծագործությունը ներկայացվեց նույն նվագախմբի և անվանի երգչուհի Կարինե Բաբաջանյանի կատարմամբ: Համերգի երկրորդ մասում հնչեց հայ կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի սիմֆոնիան: Ցավալի զուգադիպությամբ այս կատարումը մեծանուն կոմպոզիտորի մահից հետո առաջին կատարումն էր:

Համերգի թողած տպավորության ու կատարողական մակարդակի մասին կարելի էր կարծիք կազմել գերմանացի ունկնդրի խիստ բարձր գնահատականներից և դահլիճի հոտընկայս ծափահարություններից:

«Հայ Մշակույթի Օրերի» ընթացքում տեղի ունեցան մի շարք դասախոսություններ, պատմամշակութային ծրագրեր, գրքերի շնորհանդեսներ: Այսպես, հոկտեմբերի 18-ին Գերմանահայոց թեմի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վրդ. Իսախանյանը ներկայացրեց «Վանքեր, Եկեղեցիներ, Հուշարձաններ» վերնագրով դասախոսությունը, որի ընթացքում գերմանացի ունկնդրին ներկայացվեց Հայ Առաքելական Եկեղեցին և Հայաստանը:

Հոկտեմբեր 19-ին Բադեն-Վյուրտեմբերգի պատմության տանը ցուցադրվեց ռեժիսոր Կլաուս Զինգերի «Հաջորդ տարի Արարատի մոտ» փաստագրական ֆիլմը: Նույն օրը Սիլվինա Տեր-Մկրտչյանը և Ելկե Հարտմանը ներկայացրին «Խոր ծովի ձուկը» պատմաարվեստագիտական նախագիծը: Նախագիծը ներկայացնում էր հայերի պատմությունը օսմանական կայսրությունում: Իսկ նույն օրը երեկոյան Մյունխենի «Անուշ» պարախումբը հանդես եկավ հայ ժողովրդական և ավանդական պարերով Լուդվիգսբուրգ քաղաքի «Մուզիկհալե» համերգային սրահում:

Հոկտեմբեր 20-ին մշակույթի օրերի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու հայոց լեզվի եւ հայկական պարերի դասընթացներին: Հետաքրքրականն այն էր, որ գրեթե բոլոր մասնակիցները գերմանացիներ էին: Նույն օրը շվեցարացի դերասանուհի Դիանա Կրյուգերը գերմաներենով պատմեց Հովհաննես Թումանյանի հեքիաթներից, որոնք գերմանացի հանդիսատեսի մոտ մեծ հետաքրքրություն առաջացրին: Բավականին մեծ արձագանք գտավ նաև Գերմանիայի Աստվածաշնչյան Ընկերության հետ կազմակերպված «Մաշտոց և Լութեր, Աստվածաշնչի երկու թարգմանիչներ» խորագրով գիտահանրամատչելի քննարկումը, որին մասնակցեցին պրոֆ. Դր. Արմենուհի Դրոս Աբգարյանը, պրոֆ. Դր. Խաչիկ Ղազարյանը, տիկին Ինգրիդ Ֆելբեր-Բիշոֆը և Րալֆ Տոմաս Մյուլերը: Աննկարագրելի բնական և գերիչ համերգով հանդես եկավ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների երիտասարդ համույթը: Համույթի շուրջ մեկուկես ժամանոց ծրագիրը ներառում էր հայ հոգևոր, գուսանական, ժողովրդական երաժշտության նմուշներ: Չնայած որոշ խոչընդոտների, որոնց պատճառով համույթը համերգին ներկայացավ ոչ ամբողջ կազմով, հարկ է նշել որ երիտասարդ երաժիշտները՝ Հովիկ Սահակյանի ղեկավարությամբ, և մեներգչուհի Անուշ Ստեփանյանի մատուցմամբ, ինչպես նաև ժողովրդական տարբեր նվագարանների վրա հնչեցված մենանվագների միջոցով, լավագույնս մատուցեցին հայ ժողովրդական և աշուղական երաժշտությունը՝ արժանանալով հանդիսատեսի բարձր գնահատականին:

Հոկտեմբերի 21-ի առավոտյան, Շտուտգարտի կենտրոնական եկեղեցիներից մեկում` «Լութեր» Եկեղեցում, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ Սուրբ Պատարագի երգեցողությունը հնչեց գերմանական «Բախ» երգչախմբի և Գեղարդավանքի երգչախմբերի համատեղ կատարմամբ: Պատարագիչն էր արժանապատիվ Տ. Տիրատուր քհն. Սարդարյանը: 

Նույն օրը տեղի ունեցան երկու գրքերի շնորհանդեսներ: Բենյամին Եհմալյանը ներկայացրեց իր «Խավարի միջով» կենսագրական գրքի գերմանական թարգմանությունը: Գերմանացի պատմաբան Դր. Պետեր Հալֆտերը ներկայացրեց «Artsakh: Garden of Armenian Arts and Traditions» գիրքը, որը պատմում է Արցախում հայ մշակութային պատմահուշարձանների մասին, և որը արժանացավ հայ և գերմանացի ունկնդրի բարձր գնահատականին:
Մշակույթի օրերը ավարտվեցին Շտուտգարտի կենտրոնական եկեղեցում, միջեկեղեցական արարողությամբ և Սուրբ Գեղարդ վանքի երգչախմբի համերգով: Արարողության ավարտին հուրընկալ բողոքական քահանան համայնքին դիմեց հետևյալ աստվածաշնչյան բառերով. «Դուք այլևս օտար և խորդ չեք, այլ համաքաղաքացիներ» (Եփես. Բ 19): Իսկ փակման իր խոսքում Տ. Տիրատուր քհն. Սարդարյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր հովանավորներին, աջակցող կազմակերպություններին և անհատներին, ապա պատմեց, որ երբ մեկ տարի առաջ «Հայ Մշակույթի Օրերը»  առաջին անգամ էին կազմակերպվում, Շտուտգարտում քիչ էին ճանաչում հայերին, և իր ուրախությունը հայտնեց, որ արդեն երկրորդ մշակույթի օրերի ընթացքում երկու անգամ լսում է գերմանացի բարեկամների կողմից այն խոստովանությունը, որ հայերը Շտուտգարտում այլևս օտար չեն, այլ համաքազաքացի, իր վստահությունը հայտնելով, որ բարեկամական այս կապը գալիք տարիների ընթացքում ավելի կամրանա և նորանոր պտուղներ կբերի: 

Սուրբ Գեղարդ վանքի երգչախումբը բարձր ակադեմիական մակարդակով ներկայացրեց հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությունը: Ունկնդրի հիացմունքի և զարմանքի արտահայտությունը, ինչպես նաև երկարատև հոտնկայս ծափահարությունները, խոսում էին համերգի և ընդհանրապես Շտուտգարտի «Հայ Մշակույթի Օրեր» ձեռնարկի բացառիկ հաջողության մասին:

Բադեն-Վյուրտեմբերգի հայ համայնք

|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38