ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մանրամասներ
30.10.2012

ՌՈՊԷՐ ՀԱՏՏԷՃԵԱՆԻ ՆԵՐԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Գրողների Միութեան կլոր սրահում տեղի ունեցաւ հանդիպում պոլսահայ արձակագիր, թատերագիր, «Մարմարա» օրաթերթի խմբագիր Ռոպէր Հատտէճեանի հետ: Հանդիպմանը, որ կազմակերպել էին ՀԳՄ-ը եւ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը, ներկայ էին Հայաստանի գրողներ, հիւրեր Կանադայից, Լիբանանից, Եգիպտոսից, Ֆրանսիայից:
Բացման խօսքում Միութեան Նախագահ Լեւոն Անանեանն ընդգծեց, որ սովորաբար Հատտէճեանի այցելութիւնները հայրենիք տեղի են ունենում այս կամ այն առիթով: Այս անգամ, սակայն, նա եկել է «ազատ» ծրագրով, վայելելու հայրենի երկիրը: Իսկ մենք առիթը բաց չթողեցինք` հնարաւորութիւն ստեղծել երկխօսութիւն-զրոյցի բռնուելու նրա հետ: Ռոպէր Հատտէճեանը այն հազուագիւտ արուեստագէտներից է, որը անցեալ տարի, ինչպէս գիտենք ստացաւ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» բարձրագոյն պարգեւը:

Այնուհետեւ հանդիպումը վարեց Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը, որին Լ. Անանեանը դիպուկ կերպով բնորոշեց իբրեւ պոլսահայ գրականութեան պատգամախօս: Վերջինս ուրուագծեց Ռոպէր Հատտէճեանի անցած գրամշակութային ուղին. «Իբրեւ գրող` նա դարձել է էքզիստենցիալիզմի առաջատար ուժը հայ եւ համաշխարհային ընկալումներում: Ռ. Հատտէճեանի գրականութիւնը (գեղարուեստական թէ հրապարակագրական) ոչ այնքան յետադարձ հայեացք է, որքան իր ժամանակի ճանաչողական քննութիւն:

Իբրեւ «Մարմարա» օրաթերթի խմբագիր` նա 60-ականներից այս կողմ ներկայացրել է պոլսահայ համայնքի վերաբերմունքը Հայաստանի հանդէպ, թուրք եւ հայ նորագոյն յարաբերութիւնների ներքին շերտերը: Նա ակամայ դիւանագէտ դարձած գրողի եւ ընկերային կեանքը համատեղող բացառիկ գործիչն է համահայկական տարածքներում:
Այսօր իր «Առաստաղ» երկհատոր վէպով, «Յուշատետր»-երի տասնեակ հատորներով ծրագրային հեղինակ է Հայաստանի համալսարանական գրական դասընթացներում: Հետաքրքրական է նրա «Պտոյտ...»-ների շարքը, իսկ այդպիսի ճանաչողական նաւարկութիւն մեր գրական ածուներում քչերին է յաջողուել:

1981-ի Օգոստոսի 4-ից ի վեր հայութեան տագնապները, այսինքն` անցեալը, առօրեան, գրամշակութային անհանգիստ ժամանակի բնութագիրը նա երեւան հանեց յուշագրութիւնների ճամբով: Գրականութեան մէջ նման օրինակներ տուել են Միքայէլ Նալբանդեանը («Կոմս Էմմանուէլի յիշատակարանը»), Մարիէտա Շահինեանը («Մարդը եւ ժամանակը»), Ալեքսանդր Գերցենը («Եղելութիւն եւ խոհեր») եւ ուրիշներ: Նրանց արժանի մրցակից է Հատտէճեանը: Յուշագրութիւնները բերում են ներաշխարհի եւ ժամանակի գոյները: Այս ճանապարհով հեղինակը համարձակուեց Թուրքիայում խօսել հայ ժողովրդի նորագոյն շրջանի ազատագրական պայքարի, Ղարաբաղ Կոմիտէի, նաեւ սովետական իշխանութեան վերաբերմունքի մասին: Իր «Յուշատետր»-երի շարքերից մէկը խորագրուած է «Զինուորը գրագէտ է»: Իր գործունէութեամբ Ռոպէր Հատտէճեանն ապացուցել է, որ առ այսօր հայ գրականութեան առաջատար զինուոր-գրագէտներից է:

Ժամանակին մտահոգուել ենք, որ մամուլը Ռ. Հատտէճեանից խլել է ստեղծագործելու հնարաւորութիւնը: Մինչդեռ նրա գեղարուեստական խօսքին սպասում ենք որպէս բարձրագոյն ժառանգութեան շարունակականութիւն, որը յաճախ ուշանում է: Ասուածը յատկապէս «Առաստաղ» վէպին է վերաբերում: Խորագիրը խորհրդանշական արժէք ունի. ինչպէս հնադարեան Ատլանտը, վէպի հերոսը, նոյնինքը` հեղինակը, գլխից վեր պահել է հայոց երկնակամար-առաստաղը եւ փորձում է արգելք հանդիսանալ նրա փլուզման վտանգներին:

1915-ից յետոյ պոլսահայ գրականութիւնը երկրորդական դիրքերում էր` քաղաքական հանգամանքների պատճառով: Երկրորդ աշխարհամարտից յետոյ Ռոպէր Հատտէճեանի, Զարեհ Խրախունու, Զահրատի, Զաւէն Պիպէռեանի, Վարդ Շիկահերի, աւելի ուշ՝ Արման Վարդանեանի, Իգնա Սարըասլանի եւ այլոց միջոցով Պոլիսն իրեն վերադարձրեց արեւմտահայ գրական առաջնորդի իրաւունքը: Նորերը իրականութիւն դարձրին նախընթաց դարաշրջանի հզօր դէմքերի գեղարուեստական իդէալները, սկզբունքները: Իսկ սա մեծագոյն ծառայութիւն է:

Այսօր Պոլսում չկայ գրամշակութային, ընկերային որեւէ իրադարձութիւն, որտեղ Ռ. Հատտէճեանը կենտրոնական դերում չլինի: “One man show”, ակամայ յիշեցինք գրչընկերոջ` Զարեհ Խրախունու դիպուկ բնութագրումը»: 

Ս. Դանիէլեանն այնուհետեւ ձայն տուեց բանաստեղծ Արեւշատ Աւագեանին, Մարգօ Ղուկասեանին, որոնք բարձր գնահատեցին հրապարակագրի ու արձակագրի տաղանդը:

Այնուհետեւ ձայնը տրուեց օրուայ հիւրին: «Ես չեմ սիրեր անունս, թէեւ այն հայրս կնքած է»,- ասաց Հատտէճեանը:

 1915 թ. ողբերգութեան դէմ իր հօր իւրօրինակ ընդվզումն է Ռոպէր անուան ընտրութիւնը. ի՞նչ շահեց իր հօր սերունդը, որ հայ անուններ ունէր` Մելքոն, Գասպար, Բաղդասար եւ Աւետիս: «Ժամանակները պարտադրեցին փոփոխութիւնները գաւառէն ելած մարդոց. ես, սակայն, չհետեւեցայ հօրս օրինակին եւ զաւակներս կոչեցի հայու անուններով: Կարծեմ անուններու շարժը հասկնալի է»:

Այնուհետեւ հեղինակն անդրադարձաւ իր լրագրական եւ գրողական գործունէութեանը: «Ճիշդ է, որ 45 տարիէ ի վեր թերթի մը խմբագիրն եմ: Կարծեմ չկայ ուրիշ մէկը, որ այսքան երկար պաշտօնավարած ըլլայ նոյն թերթին մէջ: Աստուծոյ փառք կու տամ, որ այս առիթը ընձեռուեցաւ: Խմբագիրի պարտականութիւնը ստանձնեցի դատապարտուած ըլլալու հեռանկարով, սակայն 2-3 տարի վերջ այնքան ինքզինքս հանգիստ զգացի, որ  այլեւս չկրցայ հրաժարիլ այս գործէն: Ճիշդ է, որ շատ գրողներ, երբ թերթի մը խմբագրութիւնը կը ստանձնեն, կը դադրին գրականութիւն ընելէ: Սակայն ես կը հպարտանամ, որ յաջողեցայ գրագէտը եւ մամուլի մարդը «ամուսնացնել»: Չեմ կրնար ընդունիլ, որ մէկը միւսին կը զոհեմ: Երկուսին ալ պէտք ունինք»:

Իր համար շրջադարձային էր 1970-ը թուականը, երբ առաջին անգամ այցելեց Հայաստան. «Վերադարձիս բոլորովին տարբեր մէկն էի: Իմ ոճս փոխուեցաւ: Մինչեւ այսօր կը պաշտպանեմ տեսակէտը, որ ով որ որպէս հայ կ’ապրի, քանի մը տարին անգամ մը պէտք է Հայաստան գայ»: 

Ռ. Հատտէճեանն անդրադարձաւ նաեւ Սփիւռքի Նախարարութեան գործունէութեանը: Բարձր գնահատելով Նախարարութեան աշխատանքը` նա ոչ բաւարար համարեց կատարուածը, որովհետեւ Սփիւռքը գործունէութեան անհամեմատ լայն դաշտ ունի, ուրեմն` կառոյցը պէտք է աւելի լայն գործառոյթներ ունենայ: 
Միայն մէկ ճշդում է փորձում մտցնել. համաձայն չէ, որ պոլսահայ համայնքը «Սփիւռք» են կոչում. Սփիւռքը վերջին 100 տարուայ ծնունդ է, մինչդեռ պոլսահայութիւնը հարիւրաւոր տարիների պատմութիւն ունի: Թէեւ Անատոլիայի տարածքում հայեր շատ քիչ են ապրում, վերջերս ի յայտ են գալիս ընտանիքներ, որոնք հաստատում են իրենց հայկական արմատի մասին: Այդ առումով նշանակալից էր թուրք փաստաբան Ֆեթիյէ Չեթինի «Մեծ մայրս» գիրքը: Խիզախ կինը հպարտութեամբ իրեն հայ էր կոչել, իսկ նրան հետեւեցին շատ պարզ թուրքեր` յիշելով իրենց հնագոյն հայկական արմատը: 

Ինչ մնում է պոլսահայ գրականութեանը, տիրող կարծիքն այն էր, որ 1915-ով աւարտուել է այն: Սակայն անգամ 1918-1922 թթ. զարմանալի հարուստ մամուլ ունէինք. «Ուրեմն` մենք զմեզ կը նկատենք անոնց ներկայացուցիչները: Մենք երբեք պիտի գոյութիւն չունենայինք, եթէ անոնք վար դրած ըլլային իրենց գրիչները»: 
«Առաստաղ» վէպի առիթով Հատտէճեանը պատմեց, որ այն ցանկացել են թարգմանել թրքերէնի: Սակայն թուրք հրատարակիչը վախեցաւ, իբր ցեղասպանութեան պատմութիւն կարող է լինել: «Ես կը ժխտէի. իրականութեան մէջ այն Սփիւռքի պատմութիւն կարելի է նկատել»: «Առաստաղը փուլ եկաւ». այսպէս պիտի վերնագրէր իր գրքի երրորդ հատորը, սակայն գրիչը այսօր էլ առաջ չի գնում, քանի որ դա կը նշանակի գրել Սփիւռքի մարման պատմութիւնը: «Սփիւռքը հայ ժողովուրդին ապագան չէ: Սփիւռքը մէկ սերունդով ապրող գոյութիւն է»,- եզրակացնում է հեղինակը: 

Պատասխանելով ունկնդիրների հարցերին` Ռ. Հատտէճեանը գտնում է, որ հայ-թուրքական յարաբերութիւնների նոր մակարդակ գոյութիւն ունի: Այժմեան Թուրքիայում կարող են բարձրաձայնել շատ խնդիրների մասին: Ժամանակն է, որ քով քովի գանք եւ պարզենք, թէ ինչ տեղի ունեցաւ 1915-ին: Աշխատանքի բերումով ինքը յաճախ է հանդիպում թուրք քաղաքական գործիչների հետ եւ խորհուրդ տալիս միջազգային հանրութեան առջեւ յայտարարել, թէ իրենք արտօնութիւններ են ապահովել հայերի համար. Վկայ՝ պոլսահայ գրականութիւնը: Սակայն պէտք չէ ոգեւորուել եղբայրութեան յաճախադէպ կոչերից եւ մոռանալ մեր հայ լինելու հանգամանքը:

Նա պատասխանեց նաեւ Հրանդ Դինքի սպանութեան հանգամանքներին, Թուրքիայում հայերի սեփականութեան վերադարձի խնդիրներին, կրթական համակարգի դժուարութիւններին, Մեսրոպեան ուղղագրութեանը վերաբերող տարաբնոյթ հարցերի:

ՔՆԱՐԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38