ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մանրամասներ
30.10.2012

ԼՂՀ ճանաչում. երրորդը, բայց ոչ վերջինը
Այն ժամանակ, երբ խոսակցություններ են գնում ղարաբաղյան գործընթացի առկախման վերաբերյալ, լուրջ զարգացումներ են տեղի ունենում ԼՂ անկախության միջազգային ճանաչման ոլորտում, որոնք վկայում են այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի արդյունավետության մասին:
Հերթական երրորդ ձեռքբերումը եղավ Ավստրալիայի ամենախոշոր՝  Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից ընդունված բանաձեւը, որով վերջինս ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որն Ադրբեջանից անկախացել է քսան տարի առաջ:

Որպես որեւէ պետության ինքնավար սուբյեկտի կողմից ԼՂ անախության ճանաչման գործընթացի մեկնարկ, իրավամբ, կարելի է համարել ընթացիկ տարվա մայիսին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձեւը, որը, խրախուսելով Լեռնային Ղարաբաղի՝ «որպես անկախ եւ ազատ ազգ զարգանալու ուղղությամբ» գործադրվող ջանքերը, միաժամանակ, կոչ էր անում ԱՄՆ Նախագահին եւ Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղը:  Ամերիկյան պետական կիսանկախ միավորի կողմից ընդունված այս խիզախ բանաձեւն ազդարարեց ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման գործընթացի մեկնարկը, որի հերթական փուլի համար պահանջվեց ընդամենը երեք ամիս: 

Եվ այս անգամ դա ԱՄՆ քաղաքական, տնտեսական եւ ինտելեկտուալ առումներով ամենաազդեցիկ Մասաչուսեթս նահանգն էր, որի նահանգապետ Ռոմնին Սպիտակ տան համար մղվող պայքարի գլխավոր մրցակիցն է եւ որը հայտնի է այնպիտի համալսարաններով, ինչպիսիք են Հարվարդը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը, Թաֆթսը եւ այլն: Մասաչուսեթս նահանգի օրենսդիր մարմինն իր ընդունած բանաձեւով սատարում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ ժողովրդավարական զարգացումը՝ կոչ անելով ԱՄՆ Նախագահին եւ Կոնգերսին հետեւելու իր օրինակին:

Ինչպես ասում են, ցանկացած մեծ գործ սկսվում է փոքր քայլերից, գուցե ինքնավար պետական միավորումների կողմից Ղարաբաղի անախության ճանաչումը հենց այն փոքրիկ քայլերն են, որոնց միջոցով էլ կկարողանանք հասնել Արցախի անկախության լիակատար միջազգային ճանաչմանը: Ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումն արդեն կարեւոր երրորդ փաստն է, սակայն, վստահաբար, ոչ վերջինը: 
 
Անուշավան Սաթյան

|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38