Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ (ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մանրամասներ
21.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ (ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Օտարերկրացիների իրավունքները

- ՀՀ-ում oտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավաuար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե ՀՀ Սահմանադրությամբ, oրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեuված չէ:
- Օտարերկրացիներն ունեն սեփականության, աշխատանքի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, կրթություն ստանալու և այլ իրավունքներ: Առանձին դեպքում (տեղական ինքնակառավարման մարմիններում) նրանք կարող են ունենալ նաև ընտրելու իրավունք: ՀՀ-ում օտարերկրացիները պարտավոր են հարգել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները:
- Օտարերկրյա քաղաքացին իր իրավունքները պաշտպանելիս օգտվում է ՀՀ քաղաքացու իրավունքների իրականացման համար սահմանված բոլոր երաշխիքներից, ինչպես նաև օգտվում է իր քաղաքացիության պետության դիվանագիտական պաշտպանությունից:
- ՀՀ տարածքում oտարերկրացիները կրում են ՀՀ քաղաքացիներին հավասար պատասխանատվություն, բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

Օտարերկրացին չի կարող՝
• առանց վիզայի մուտք գործել ՀՀ տարածք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում(որպես կանոն սիրիահայերը վիզա ստանում են սահմանի վրա),
• ընտրել և ընտրվել համապետական ընտրություններում,
• մասնակցել հանրաքվեի,
• ընդունվել հանրային ծառայության,
• ստեղծել կուսակցություն և/կամ անդամագրվել դրան,
• լինել հողի սեփականատեր (բացառությամբ որոշ տեսակի հողամասերի), եթե չունի ՀՀ հատուկ կացության կարգավիճակ:

Ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք մուտքի վիզա կարող են ստանալ ՀՀ սահմանային անցման կետերում ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

- Ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը ՀՀում կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու, ՀՀ մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար ազատվում են պետական տուրքի վճարումից: 
- Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիների` 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ազգային վարորդական վկայականները փոխանակվում են առանց որակավորման քննություններ հանձնելու և հատկացվում են ՀՀ ազգային վարորդական վկայականներ՝ մեկ տարի ժամկետով՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում այդ անձինք հանձնեն որակավորման քննություններ:

Կացություն կարգավիճակ
- Օտարերկրացուն կարող է տրվել ժամանակավոր` մինչև 1 տարի ժամկետով, մշտական` 5 տարի ժամկետով և հատուկ' 10 տարի ժամկետով, կացության կարգավիճակ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:
- Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացվում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
- Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ՀՀ տարածքում ներկայացվում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ այլ պետությունում' ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պող. 13ա շենք (Կենտրոն վարչական շրջան) կամ այցելել՝ http://www.passportvisa.am:

Քաղաքացիություն

- Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով: 
- Անձը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերը ներկայացնում է'

• ՀՀ-ում' ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն,
• այլ պետությունում' ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:

- ՀՀ քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն' անձամբ: Օտար լեզվով փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունների հետ միասին:
- Փաստաթղթերը ներկայացնելիս` անձը լրացնում է սահմանված ձևի հարցաթերթիկ: Հարցաթերթիկը լրացվում է հայերենով` ընթեռնելի, առանց ուղղումների և ջնջումների: Հարցաթերթիկն ստորագրում են անձը և դիմումն
ընդունող պաշտոնատար անձը:
- Վարչությունը կամ դեսպանությունը, կամ հյուպատոսական հիմնարկը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ համեմատելուց անմիջապես հետո վերադարձնում է անձին: 
- Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում. 
2) անձնագիրը և դրա պատճենը.
3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).
4) ծննդյան վկայականը և դրա պատ¬ճենը.
5) հայկական ծագումը հաստատող փաստաթուղթը՝ ծնողի (պապի կամ տատի կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ. 
6) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքը կազմում է 1000 դրամ):
- Քաղաքացիություն չունեցող անձը ներկայացնում է կացության վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները.
- Լիբանանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող են ստանալ այդ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պող. 13ա շենք (Կենտրոն վարչական շրջան) կամ այցելել՝ http://www.passportvisa.am:

Կրթություն

- ՀՀ Սահմանադրությամբ' ՀՀ-ում երաշխավորվում է ինչպես ՀՀ, այնպես էլ այլ պետության քաղաքացիների կրթության իրավունքը: ՀՀ և այլ պետության քաղաքացիներին հնարավորություն է տրվում ՀՀ ուսումնական հաստատություններում և գիտական, գիտակրթական և գիտահետազոտական հիմնարկներում կրթություն ստանալ` անկախ նրանց ազգությունից, ռասայից, սեռից, տարիքից, լեզվից, կրոնից կամ դավանանքից, այլ հանգամանքներից:
- Պետությունը ՀՀ քաղաքացիների, այդ թվում' երկքաղաքացիների, սիրիահայերի համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում'

• անվճար ընդհանուր միջնակարգ կրթություն,
• մրցութային կարգով' անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն:

- ՀՀ-ում սովորող բոլոր օտարերկրացիներն օգտվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու ազատություններից և կրում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված որոշակի պարտավորություններ:
- ՀՀ-ում պարտադիր է հիմնական ընդհանուր կրթությունը: Հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը: 
- Միջին մասնագիտական կրթության նպատակն առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է: Այն իրականացվում է քոլեջներում և ուսումնարաններում: Ուսուցման տևողությունը, կախված ուսանողի հիմնական կրթության աստիճանից և ընտրված մասնագիտությունից, 2 տարուց մինչև 5 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «մասնագետ» որակավորման աստիճան:
- ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների տարատեսակներն են' համալսարանը, ինստիտուտը, ակադեմիան և կոնսերվատորիան:
- Բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրացիները, որոնք ունեն ՀՀ միջնակարգ դպրոցի ծրագրի մակարդակին համապատասխանող կրթություն: Բացի այդ, բուհերում անհատական պլանով ուսանելու համար կարող են ընդունվել գիտությունների (արվեստների) բակալավրի աստիճան ունեցող անձինք:
- Այն օտարերկրացիները, որոնք չեն տիրապետում կամ վատ են տիրապետում հայերենին, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական ֆակուլտետներ' (բաժիններ) մեկ տարի ժամկետով, որտեղ նրանք ուսումնասիրում են հայերենը (կամ այլ լեզու)' հաշվի առնելով հետագա ուսուցման լեզուն և ընտրած մասնագիտությանը համապատասխան հանրակրթական առարկաներ (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, գծագրություն, աշխարհագրություն, պատմություն և այլն) ինչպես նաև ծանոթանում են ՀՀ օրենսդրությանը:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել. ՀՀ կրթության և գիտության նախարարություն, հասցե' ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 3 կամ այցելել՝ http://www.edu.am:

Աշխատանքային գործունեություն

- Համապատասխան վիզա և կացության թույլտվություն ստանալու դեպքում' օտարերկրացին իրավունք ունի ՀՀ-ում իրականացնելու աշխատանքային գործունեություն, նույն պայմաններով և կարգով, ինչ և ՀՀ քաղաքացիները:
- Օտարերկրացիներն իրավունք ունեն ՀՀ-ում ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու ՀՀ օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ:
- Աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական փաստաթուղթը աշխատանքային գրքույկն է:
- Աշխատանքային օրենսդրությանը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված հարաբերությունների կարգավորումն իրականացվում է աշխատողների և գործատուների կնքած աշխատանքային  պայմանագրերի միջոցով:
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հասցե' ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 3 կամ այցելել  http://www.mss.am:

Բժշկական օգնություն

- Յուրաքանչյուր ոք, այդ թվում' օտարերկրացին ունի օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:
- ՀՀ-ում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են յուրաքանչյուր մարդու (այդ թվում' օտարերկրացու) ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն' անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից:
- Սիրիահայերն օգտտվում են պոլիկլինիկայի ծառայություններից անվճար:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել. ՀՀ առողջապահության նախարարություն, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, կամ այցելել կայք՝ http://www.mph.am:

Գործարարություն

- Համաձայն Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» 2013 թվականի զեկույցի Հայաստանը 185 երկրների շարքում գրավում է 32-րդ տեղը (http://doingbusiness.org/data/exploreeconomies/armenia)` գործարար միջավայրի դյուրին լինելու տեսանկյունից: Զեկույցի գնահատումն իրականացվում է մասնավոր հատվածի շրջանում իրականացված հարցումների արդյունքում:
-  Ներկայումս ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անձը կարող է գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, կամ ստեղծել առևտրային իրավաբանական անձ: Իրավաբանական անձանց համար մեկ այլ տարբերակ է նաև ստեղծել առանձնացված ստորաբաժանում (ներկայացուցչություն կամ մասնաճյուղ): Գործարարությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ սահմանվում են հետևյալ կազմակերպաիրավական ձևերը՝ անհատ ձեռնարկատեր, տնտեսական ընկերություններ (լիակատար ընկերակցություններ և վստահության վրա հիմնված), սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, բաժնետիրական ընկերություններ (բաց և փակ), կոոպերատիվներ, ներկայացուցչություններ և մասնաճյուղեր: Կազմակերպությունների գրանցումը և անհատ ձեռնարկատերերի հաշվառումն իրականացվում է «մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով պետական ռեգիստրի գրասենյակում(Երևան, Կոմիտաս 49/3), կամ առցանց` www.e-register.am կայքի միջոցով: Իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացվում է անվճար: Պետական ռեգիստրը բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ոչ ուշ, քան 2 աշխատանքային  օրվա ընթացքում, պետք է կատարի կամ մերժի համապատասխան գրանցումը:  

Հավելյալ տեղեկությունների համար դիմել. ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, հասցե' ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պող., 49/3 շենք կամ այցելել՝ https://www.e-register.am:

- ՀՀ-ում օտարերկրացիները կարող են ունենալ սեփականության մինչև 100% մասնաբաժին, ինչպես նաև հողի սեփականության իրավունք բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
- Ներդրումներ կատարելու համար որևէ թույլտվության անհրաժեշտություն չկա, իսկ օրենսդրության փոփոխության դեպքում օտարերկրյա ներդրողը կարող է ընտրություն կատարել, թե որ օրենքից օգտվել մինչև 5 տարի ժամկետով:
- Ապրանքների ներմուծման համար սահմանված է 0 կամ 10% տուրք համաձայն մաքսային օրենսգրքով սահմանված ցանկի:
- Ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է մինչև երեք տարի ժամկետով: Արտահանման տուրքեր և սահմանափակումներ չեն կիրառվում:
- ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից ՀՀ համապատասխան օրենքներով սահմանված ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած 

ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է. 
1. հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով, եթե ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պակաս է 70 մլն դրամից.
2. հայտարարագրման օրվանից երկու տարի ժամկետով, եթե դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կազմում է 70 մլն դրամ և ավելի.
3. հայտարարագրման օրվանից երեք տարի ժամկետով, եթե ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցում է 300 մլն դրամը:
- ՀՀում գործարարությամբ զբաղվելիս գոյություն ունեն մաքսային արտոնյալ ռեժիմներ: Այսպես, ապրանքները արտերկիր վերամշակաման նպատակով ուղարկելիս ձևակերպվում են «Ժամանակավոր արտահանում վերամշակման համար» մաքսային ռեժիմով, որի դեպքում ապրանքն արտահանելիս և հետո վերաներմուծելիս հարկեր չեն գանձվում, պայմանով, որ արտահանված և վերաներմուծված ապրանքները հնարավոր է նույնականացնել:
- Նույնը գործում է նաև արտերկրից Հայաստան վերամշակման նպատակով ներմուծվող ապրանքների համար. այս դեպքում ապրանքները ձևակերպվում են «Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով, ներմուծելիս և հետո վերաարատահանելիս հարկեր չեն գանձվում, պայմանով, որ ներմուծված և վերաարտահանվող  ապրանքները հնարավոր է նույնականացնել: 
- Ներդրումները խրախուսող գործիքներից է 2012 թվականի փետրվարին «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծված ազատ տնտեսական գոտին, որն ունի բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) ոլորտներում: 
- ՀՀ ազատ տնտեսական գոտու շահագործողները ազատված են շահութահարկից, կորպորատիվ եկամտահարկից, ԱԱՀ-ից, գույքահարկից և մաքսատուրքից:
- Ազատ տնտեսական գոտու շահագործող կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված առևտրային իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ մասնաճյուղերը, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունները, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում բացառապես ազատ տնտեսական գոտում` գործարար ծրագրի գնահատման արդյունքում ՀՀ կառավարության կողմից տրված համապատասխան թույլտվության և կազմակերպիչի հետ կնքված պայմանագրի հիման վրա:
- Ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողովին: Հայտը իրենից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերի ամբողջությունը.
1. Դիմում,
2. Գործարար ծրագիր, 
3. Կազմակերպչի կողմից տրամադրված տեղեկանք ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու պայմանների վերաբերյալ:

Վերոնշյալ ազատ տնտեսական գոտու շահագործող դառնալու ընթացակարգի և ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, հասցե` ՀՀ, ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, գրել [email protected] էլ.-հասցեով, այցելել http://www.mineconomy.am կայքէջ կամ  զանգահարել 597 127 հեռախոսահամարով:

Հարկեր

Հայաստանում կիրառվող հիմնական հարկատեսակներն են՝
Շահութահարկ՝ 20%
Եկամտահարկ՝ 10-20%
Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)՝ 20%
Այլ հարկեր և պարտադիր վճարներ՝ գույքահարկ, ակցիզային հարկ (յուղեր, ալկոհոլ, գինիներ, գարեջուր և այլն), հողի հարկ, սոց.ապ. վճարներ: 

Շահութահարկը շահութահարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:  Շահութահարկ վճարող են հանդիսանում ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունները:
Հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի (հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարի` անկախ ստացման աղբյուրներից) և օրենքով նշված նվազեցումների դրական տարբերությունն է: Ընդ որում` նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ:
Շահութահարկի (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` եկամտահարկի ) վճարումից ազատվում են.
• Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:
• Ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուները` իրենց կողմից ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամտի մասով: 

Եկամտահարկը բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը գանձվում է ֆիզիկական անձանցից հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամտից:
Ֆիզիկական անձը՝ ՀՀ քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը, այդ թվում որպես անհատ ձեռնարկատեր ՀՀ-ում գրանցվածը, Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ է վճարում, եթե նա՝
ՀՀ ռեզիդենտ է՝ հարկային տարում սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է ՀՀ-ում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի կամ ՀՀ-ում է գտնվում նրա կենսական շահերի կենտրոնը և ՀՀ տարածքում կամ նրա սահմաններից դուրս ստացել է հարկվող եկամուտ, ոչ ռեզիդենտ է և հայաստանյան աղբյուրներից ստացել է հարկվող եկամուտ:

Ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկ է, որը գանձվում է ապրանքների ներմուծման դեպքում, մատակարարի կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց և վերականգնվում է գնորդի կողմից առևտրային շղթայի յուրաքանչյուր էտապում մինչև վերջնական սպառողը:

Ներդրվել է ԱԱՀ «չհարկող շեմ» (58.35 մլն դրամ), որը չգերազանցած հարկ վճարողների համար սահմանվել են առավել պարզեցված և արտոնյալ հարկման մեխանիզմներ և շահութահարկի (եկամտահարկի) պարզեցված հաշվարկներ:

Շահութահարկի և ավելացված արժեքի հարկի մասով արտոնություններ են սահմանվել նաև ՀՀ տարածքում գործող ֆոնդային բորսայում օրենքով սահմանված կարգով հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ռեզիդենտ կազմակերպությունների համար: Մասնավորապես, նշված ընկերությունները օգտվում են շահութահարկի 50 տոկոս նվազեցման արտոնությունից, ինչպես նաև բաժնետոմսերի ցուցակած ընկերություններին փոխհատուցվում են ցուցակման նպատակով ՀՀում ստացված որոշ ծառայությունների մասով այդ ծառայությունները մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարները:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել. ՀՀ պետական եկամուտների կոմիտե, հասցե' ՀՀ, ք. Երևան, Խորենացի 7/1 կամ այցելել՝  http://www.taxservice.am, թեժ-գիծ հեռ.՝ 060 544444:

Մաքսային հարցեր

Ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային սահմանը հատելիս մաքսազերծումը կարող է կատարվել 15 ռեժիմներով: Մաքսային ռեժիմն ընտրվում է արտահանում/ներմուծում իրականացնող հայտարարագրող կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից:
կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից:
Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսային վճարների վճարման` որպես ուղեկցող բեռ, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազար դրամը:
ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն` ուղեկցող բեռ է համարվում ֆիզիկական անձանց հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ ՀՀ մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված բեռը:
Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսային վճարների վճարման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք չունեն գործարանային փաթեթավորում և պիտակավորում:
ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսային վճարների վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք է համարվում ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան ՀՀ ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է վերջին անգամ հաշվառումից հանված լինի այն երկրում, որտեղ ՀՀ մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է` նախքան ՀՀ որպես մշտական բնակիչ հաշվառվելը: 
ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով ՀՀ հաշվառվելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում:
Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսային վճարների վճարման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել իրենց ժառանգական գույքը` մաքսային մարմիններին ժառանգության մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել. ՀՀ պետական եկամուտների կոմիտե, հասցե' ՀՀ, ք. Երևան, Խորենացի 7/1 կամ այցելել վեբ կայք՝  http://www.taxservice.am, թեժ-գիծ հեռ.՝ 060 544444:

Առավել ամբողջական տեղեկատվություն վերոնշյալ հարցերով կարելի է գտնել “Investment Guide Armenia 2013” ուղեցույցում, որը կարելի է ներբեռնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից  http://mineconomy.am/uploades/20120211155136922.pdf

|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38