ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մանրամասներ
22.11.2012

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎԵՑԻՆ` ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ 21-րդ ԴԱՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, անցած շաբաթ ՀՀ սփյուռքի նախարարությունը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում կազմակերպել էր ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների առաջին համաժողովը:
Նախարարության պատվիրակության կազմում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը, խորհրդական Ստեփան Պետրոսյանը, վարչության պետեր Ատոմ Մխիթարյանն ու Անդրանիկ Արշակյանը: Մասնակցում էին ավելի քան 100 երիտասարդ ԱՊՀ տարբեր երկրներից:

Դոնի Ռոստով ժամանման օրը տեղի ունեցան ոչ ֆորմալ հանդիպումներ հայկական համայնքի ղեկավարության, գլխավոր հյուպատոսի հետ, պատվիրակության անդամները այցելեցին հայ-ռուսական բարեկամության նորաբաց (1 տարի առաջ) թանգարան, իսկ երեկոյան հանդիպում ունեցան համայնքի երիտասարդության հետ, ուր կազմակերպվեց «Իմ Հայաստան» (սփյուռքի ներդրումը Հայաստանի անկախության գործում) տեսաֆիլմի ցուցադրությունը:

Համաժողովի բացման արարողությանը  հնչեցին ՌԴ և ՀՀ օրհներգերը: Բացման խոսքով հանդես եկան հայ համայնքի ղեկավար Հ. Սուրմալյանը, գլխավոր հյուպատոս Ա. Գոմցյանը:  ՀՀ սփյուռքի նախարարի ուղերձը ներկայացրեց Վ. Ջիլավյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան Ռոստովի մարզային իշխանության ներկայացուցիչներ: Նիստավար Ս. Պետրոսյանը հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով հաստատված պարգևները Հ. Սուրմալյանին և Ս. Սայադովին: Համաժողովի հիմնական` «21-րդ դարի մարտահրավերները և հայ երիտասարդության հիմնախնդիրները» խորագրով զեկուցմամբ հանդես եկավ նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը: Նա մասնավորապես ողջունեց հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներին և հույս հայտնեց, որ այս համաժողովը ճանաչողական, քաղաքական, բարոյական, պատմական նշանակությունից զատ կունենա նաև շոշափելի արդյունքներ, իսկ որ ամենակարևորն է` շարունակություն: 

Ա. Մխիթարյանը, ներկայացնելով հայ երիտասարդության առջև ծառացած ներկա հիմնական մարտահրավերները, վստահեցրեց, որ բոլորիս գործունեության նպատակը պիտի լինի ունենալ հզոր, ուժեղ, հպարտ Հայաստան, մասնակցել նրա շենացմանը և ապա ստեղծել բոլոր պայմանները, որ հայը Սփյուռքում կարողանա հայ մնալ: Զեկույցում անդրադարձ եղավ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման սկզբունքների, հունգարա-ադրբեջանական վերջին տխրահռչակ դիրքորոշման դեմ հայկական սփյուռքի համախմբման, հայ երիտասարդության կազմակերպման ու միավորման, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման խնդիրներին: Հանգամանորեն ներկայացվեցին երիտասարդության համար ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող և 2013 թվականի ընթացքում իրականացվելիք բոլոր ծրագրերը: 

Համաժողովի ընթացքում ԱՊՀ տարածքի հայկական երիտասարդական կազմակերությունները ներկայացրին սեփական գործունեությունը, բարձրացրեցին հակահայկական քարոզչության դեմ պայքարին ուղղված համատեղ ճակատ ստեղծելու, Ցեղասպանության հետևանքների վերացմանն ու Սփյուռքում հայապահպանությանը միտված ծրագրերի իրականացման ու դրանց պետական աջակություն ցուցաբերելու հարցեր:

Ելույթների ընթացքում երիտասարդների կողմից ներկայացված հիմնական  առաջարկությունները հանգում էին հետևյալին .
- ստեղծել կրթական հիմնադրամ, որը ֆինանսական աջակցություն կցուցաբերի տարածաշրջանի հայ ուսանողներին
- ստեղծել հայկական երիտասարդական կազմակերպությունների տվյալները, գործունեությունը համակարգող էլեկտրոնային կայք, որտեղ հնարավորություն կլինի փոխանակվել տեղեկատվությամբ և փորձով
- հայկական համայնքներում (կամ գոնե ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում) ունենալ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ` ՀՀ Սփյուռքի նախարարության հետ կապը մշտապես պահելու, ծրագրերին ակտիվորեն մասնակցելու համար
 - պետական աջակցություն ցուցաբերել հայկական երիտասարդական կազմակերպություններին, ֆինանսավորել հայապահպանությանն ուղղված նրանց ծրագրերը
- հաճախակիացնել երիտասարդական կազմակերպությունների հավաք-հանդիպումները, տարածաշրջաններում կազմակերպել մշակութային փառատոներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, ուսուցողական ծրագրեր
- նախարարության կողմից աջակցել տարածաշրջանային հայկական կազմակերպությունների միջև հորիզոնական կապերի հաստատմանն ու ընդլայնմանը,
- աջակցել համաշխարհային հայկական երիտասարդական կառույցի ստեղծմանը և զարգացմանը,
- որպես համաժողովի արդյունք` ստեղծել հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցչական համակարգող մարմին:

Նշենք, որ համաժողովին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ՀՀ սփյուռքի նախարարության 2011 և 2012թթ Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի սաները:

Համաժողովի ավարտին առանց առարկության ընդունվեց Հայտարարագիր, ընտրվեց համակարգող մարմին հետևյալ կազմով.

Բաբկեն Ասատրյան /Դոնի Ռոստով/
Արթուր Թաշչյան /Պյատիգորսկ/
Սարգիս Մարգարյան /Պերմ/
Սեյրան Իչմելյան /Գագրա/
Վազգեն Համբարձումյան /Օրենբուրգ/
Աստղիկ Նալբանդյան /Մոսկվա/
Ատոմ Մխիթարյան /Երևան/
Նինա Մեհրաբյան /Մինսկ/
Անի Մխիթարյան /Նիժնի Նովգորոդ/
Արման Գաբրիելյան /Դոնի Ռոստով/
Այնուհետև կազմակերպվեց շրջայց Նոր Նախիջևանում, իսկ Չալդրում` այցելություն Երկրագիտական թանգարան, հայկական եկեղեցի, ինչպես նաև համաժողովի մասնակիցների համար համերգ` ազգագրական համույթի մասնակցությամբ:
Հաջորդ համահայկական երիտասարդական համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարությունը ծրագրել է կազմակերպել 2013 թվականի ամռանը` Հայաստանում:

Ա. Մխիթարյան
Համահայկական ծրագրերի վարչություն

|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38