ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայաստան Անվանի մարդիկ
26.11.2012

ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ
«50 տարի արթնացել եմ, և աչքերիս առջև հարազատ Մասիսն է վեր խոյացել...»
ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու համար Երևան մեկնելուց առաջ, գլխումս անընդհատ մտքեր էին պտտվում այն կարևոր հանդիպումների մասին, որոնք պետք է ունենայի Հայաստանում: Դրանցից մեկը գուսան Հայկազունի հետ հանդիպումն էր: Հաճախ եմ մտածել` ինչպես հանդիպել այն մարդու հետ, որը գրել է այնպիսի երգեր, ինչպիսիք են. «Հայե´ր, միացե´ք», «Հպարտ գնացեք», «Պիտի գնանք», «Գետաշեն» և այլն:
Աղավնաձորում, համաժողովի վերջին օրը հանկարծ լսում եմ, թե ինչպես են հավաքված երիտասարդները կատարում «Հայե´ր, միացե’ք» երգը: Մի փոքր ձգվելով՝ տեսնում եմ, որ նրանց կողքին կանգնած է մի ոչ բարձրահասակ տղամարդ, որը հուզումնալից բռունցքը վեր պարզած՝ երգում է նրանց հետ: Հետաքրքրվեցի, թե ով է նա: Պարզվեց, որ այդ համեստ արտաքինով տղամարդը հենց գուսան Հայկազունն է: Անմիջապես մոտեցա նրան, փոխանակեցինք մեր տվյալները, և մի քանի օր անց հանդիպեցինք նրա աշխատասենյակում: Սիրելի´ ընթերցող, գուսան Հայկազունի հետ մեր ունեցած զրույցը սիրով  ներկայացնում եմ ձեր ուշադրությանը…

- Բարև´  Ձեզ, գուսա´ն Հայկազուն: Մինև  մեր զրույցն սկսելը  ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր հայրենասիրական երգերի համար: Սկզբում ես, իսկ հիմա նաև երեխաներս մեծանում են Ձեր երգերով: Հայաստանի աշխարհագրական ո՞ր հատվածն է ազդել Ձեզ վրա՝ նման երգեր գրելու համար:

- Խոսելով արմատներիս մասին՝ ասեմ, որ ինձ համարում եմ իրանահայ, քանի որ  նախնիներս Խոյից են, որոնք ժամանակի ընթացքում հաստատվել են Արտաշատում: Ի դեպ, այնտեղի հայերին հիմա են անվանում իրանահայեր, իսկ նախկինում Խոյը Հայաստանի  մի մասն է կազմել: Ես ծնվել եմ Արտաշատում, կես դար ապրել այնտեղ, իսկ հետո՝ տեղափոխվել Երևան: Աշխատանքն է պահանջում մշտապես գտնվել Երևանում: Ուղիղ 50 տարի արթնացել ու աչքերիս առջև Մասիս սարն եմ տեսել. Արտաշատը շատ մոտ է գտնվում Մասիսին:  Այդ ամբողջ ժամանակ ինձ այն զգացումն է պատել, որ այնտեղ է մնացել մեր Հայրենիքի մեծ մասը, որը խլել են մեզանից: Այս ամենն իմ մեջ վրիժառուի ոգի է ծնել, և այդ բոլոր տարիներին ապրել եմ այդպիսի խելահեղ զգացումներով, որոնք կուտակվել ու կուտակվել են մեջս… Ստեղծագործ ընտանիք եմ ունեցել. մայրս բանաստեղծուհի է եղել, իսկ պապս՝ Արտաշատում շատ հայտնի երգահան: Հայրս վաղ է մահացել, նա հայտնի դուդուկահար է եղել, լավ նվագել է կլարնետ ու ֆլեյտա: Ի դեպ, քույրս Հայաստանի գրողների միության անդամ է, բացի այդ՝ նաև նկարչուհի:

- Գուսա´ն Հայկազուն, իսկ մասնագիտությամբ Դուք ո՞վ եք:

- Ես մասնագիտությամբ ինժեներ-շինարար եմ: Մասնագիտությունս երաժշտության հետ ոչ մի կապ չունի: Ճիշտ է, դպրոցական տարիներին հայրենասիրական և քնարական  երգեր եմ հորինել, սակայն դրանք սիրողական մակարդակի են եղել:

- Լավ, իսկ ինչպե՞ս սկսեցիք գրել, ի՞նչը Ձեզ մղեց թուղթ ու գրիչ վերցնելու և մեզ այնպիսի երգեր նվիրելու, որոնք օգնեցին մեզ ամենածանր պահերին…

- Երբ 1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, ինչպես Հայաստանի բոլոր շրջաններում, այնպես էլ Արտաշատում ստեղծվեցին «Ղարաբաղ» կոմիտեներ: Հենց այդ օրերին զգացմունքներս թղթին հանձնելու բուռն ցանկություն առաջացավ մեջս: Հիշում եմ, թե ինչպես էինք այդ օրերին հանրահավաքներում վանկարկում «Հայե´ր, միացե´ք»: Այդ խոսքերն իմ մտքում արդեն որպես երգ էին հնչում, և ես մտածեցի, որ դրանց պետք է այլ բառեր ավելացնել ու երգ ստեղծել: Հիշում եմ, թե ինչպես մեր ժողովներից մեկի ժամանակ ասացի. «Տղանե´ր, այնպիսի մի երգ եմ գրելու, որ ամբողջ աշխարհում երգեն»: Նրանք սկսեցին ծիծաղել և ասացին, որ միայն լավ ելույթ կարող եմ ունենալ և ոչ ավելին: Սա պայմանավորված էր նրանով, որ հանրահավաքներում վատ ելույթներ չէի ունենում: Եվ ահա, պատկերացրեք, մեկ շաբաթվա ընթացքում ծնվեց իմ առաջին՝ «Հայե´ր, միացե´ք» երգը, որը շատ արագ տարածվեց հայության շրջանում: Այդ երգն առաջին անգամ հնչեց Արտաշատում, այնուհետև՝ Օպերայի շենքի մոտ, Ազատության հրապարակում՝ իմ և ցույցերին մասնակցող ընկերներիս կողմից: Երգը անասելի հաջողություն ունեցավ: Անմիջապես մարդիկ գտնվեցին, որոնք այն սկսեցին բազմացնել հազարներով ու տարածել հայկական բոլոր կենտրոններում:

- Երգը ծնվեց ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում …

- Իրոք, այն ժամանակ այդ երգը շատ անհրաժեշտ էր: Դրանից հետո ես համոզվեցի, որ պետք է գրեմ: Դա իմն է, ինձ մոտ այն վատ չի ստացվում: Նշեմ, որ երաժշտական կրթություն չունեմ  և ոչ մի գործիք  չեմ նվագում:

- Եվ  Դուք կանգ չառաք…

- Այո´, այն ցավը, որ իմ մեջ կուտակվել էր շուրջ 50 տարի, դուրս թափվեց «Պիտի գնանք վաղ թե ուշ» երգում: Իմ ամբողջ հոգեվիճակն եմ արտահայտել այդ երգում: Այն գրվել է 1989 թվականին: Ձեզ մի գիրք կնվիրեմ, որտեղ ամփոփված են այս բոլոր երգերը:

- Շնորհակալություն: Իսկ ինչպե՞ս ծնվեց «Գետաշեն» երգը: Քանի որ Դուք այդպիսի երգ եք գրել, ուրեմն զե՞նք եք վերցրել Ձեր ձեռքը:

- Այո´, դուք ճիշտ նկատեցիք. ես կռվել եմ և պաշտպանել մեր սահմանները: Ինչ վերաբերում է «Գետաշեն» երգին, ապա ամեն ինչ սկսվեց նրանից, որ 1990 թվականին 20-25 զինված տղաներից բաղկացած մեր կամավորական ջոկատը ժամանեց Երևան`Գետաշեն մեկնելու և այն պաշտպանելու համար: Մեր հրամանատարը Լաերտ Սաղաթելյանն էր, որը, ցավոք, հիմա ողջ չէ: Եկածների մեջ ինձ տեսնելուն պես  նա արգելեց ինձ մեկնել: Նրա մի աչքը չկար, քանի որ ամբողջ կյանքում գողական աշխարհում էր եղել, բայց այդ տարիներին իր բոլոր մեղքերը քավեց հայրենասիրությամբ: Նա ինձ խղճում էր, դրա համար ասաց. «Մի պատահական գնդակ քեզ որ կպնի, ի՞նչ ենք անելու: Քեզ այնտեղ գնալ չի կարելի»:
 Բայց ես հաստատակամ էի Գետաշեն մեկնելու հարցում: «Ինքնաթիռում կանցնեմ այն աչքի կողքով, որը չկա, և նա ինձ չի նկատի»,- ասացի տղաներին և խնդրեցի, որ ինձ չմատնեն: Գնում եմ դեպի ինքնաթիռը, մեկ էլ զգում եմ, որ հետևիցս բռնել է ու ասում է. «Դե´, հիմա իջի´ր, էս ո՞ւր ես թռչում: Ես քեզ չասացի՞, որ չես մեկնելու: Ավելի լավ է՝ մնաս այստեղ ու մի երգ գրես Գետաշենի մասին»:
Այդպես էլ արեցի, մնացի Երևանում ու երեք օրվա ընթացքում Գետաշենի մասին երգ ստեղծեցի: Չորրորդ օրը  ուղղաթիռով, որով զենք ու սննդամթերք էին տեղափոխում, ես մեկնեցի Գետաշեն ու միացա ընկերներիս: Այնտեղ էլ կայացավ երգի առաջին կատարումը: Այդ օրվանից անցել է ավելի քան 20 տարի, և այն չի կորցրել իր ժողովրդականությունը:

- Խնդրում եմ մի փոքր պատմեք «Հպա´րտ գնացեք» երգի մասին: Որքան ես գիտեմ, այն  ծնվել է այն ժամանակ, երբ մենք պարտվում էինք թշնամուց:

- Մեր թշնամիները հասել էին Գանձասարին: Տագնապ կար մեր մեջ: Այդ ժամանակ ես գրեցի այդ երգը, և մենք այն շատ արագ տարածեցինք ժողովրդի մեջ: Չէ՞ որ տագնապ էր տիրում ոչ միայն բանակում, այլև ամբողջ երկրում: Այն ընդունվեց և անմիջապես սիրվեց ժողովրդի կողմից: Հայրենասիրական երգերի կարևորությունը դժվար է թերագնահատել, չէ՞ որ դրանք օգնում են ոգեպնդմանը:

- Գուսա´ն Հայկազուն, Դուք շարունակո՞ւմ եք ստեղծագործել:

- Այո´, ընդ որում՝ շատ եմ գրում: Բազմաթիվ խնդրանքներ են եղել արտասահմանից: «Վերականգնվի´ր,  Կիլիկիա» երգը գրել եմ Բեյրութի հայի խնդրանքով: «Գոհար» համույթն այն կատարում է Կիլիկիայի դրոշներով: «Մենք Մուսա լեռան զավակներն ենք» երգը գրվել է Մուսա լեռան հերոսական պաշտպանության 95-ամյակի առթիվ, մեկ տարի առաջ: Այժմ Ֆրանսիայից պատվեր եմ ստացել երգ գրելու «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Կարո Քահքեջյանի մասին: Երգեր եմ գրել Մախլուտոյի՝ Սմբատ զորավարի մասին: Անցյալ տարվա դեկտեմբերին ինձ մոտ եկավ 70-ամյա մի շատ կիրթ ու համեստ կին: Նա պատմեց, որ հայտնի ֆիդայի Մախլուտոն եղել է իրենց հարսանիքի քավորը, այնուհետև` նրա կնքահայրը, իսկ այժմ նրա հոգին տենչում է, որ Մախլուտոյի պատվին երգ գրվի: Նա համարում էր, որ դա իր պարտքն է Զորավարի հանդեպ: Նաև մտահոգված էր, որ մեր մյուս հերոսների մասին բազմաթիվ երգեր կան, իսկ նրա մասին` ոչ: Ասաց՝  ում դիմել եմ, առաջարկել են դիմել ձեզ: Իհարկե, ես նրան լավ ընդունեցի և շնորհակալություն հայտնեցի ինձ մոտ գալու համար: Ասացի, որ ինքս էլ շատ եմ սիրում Մախլուտոյին, և նրա գերեզմանը ինձ համար միշտ սրբավայր է եղել (նա թաղված է Էջմիածնոմ):  Ես, իհարկե, համաձայնեցի: Հունվարից երգը պատրաստ է: Նա եկավ ինձ մոտ, ես երգեցի, իսկ նա սկսեց լաց լինել: Բայց մինչև օրս նրան չի հաջողվում գումար հավաքել այդ երգի ձայնագրման համար: Ես նրան հանգստացնում եմ և ասում, որ ոնց էլ լինի,  միջոցներ կգտնենք այս հարցը լուծելու համար: Չէ՞ որ աշխարհն առանց բարի մարդկանց չի լինում:

- Դուք մշտապես հյուրախաղերով հանդես եք գալիս ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:

- Մենք նախնական պայմանավորվածություն ունենք համերգներով Բրազիլիայում հանդես գալու մասին: Վերջերս զանգահարել էին Ջուղայից:  Հնարավոր է, որ մոտ ապագայում մեկնենք: Ի դեպ, 15 տարի առաջ ենք եղել այնտեղ: Միգուցե համերգներով հանդես գանք նաև Կրասնոդարում: Հրավերներ ունենք Եգիպտոսից, Արաբական Էմիրություններից, Քուվեյթից: Այս տարվա օգոստոսին երկու ամսով եղել ենք Արցախում, ելույթ ունեցել և´ քաղաքներում, և´ գյուղերում: Հիմա պատրաստվում ենք համերգների Հայաստանի տարբեր մարզերում: Այս բոլոր համերգները մեզ հնարավորություն են տալիս գումար վաստակել մեր գործունեության զարգացման համար: Բացի այդ, դրանց միջոցով մարդիկ իմանում են մեր խմբի մասին:

- Ձեր ծնողնե՞րն են Ձեզ այդպես հայրենասեր դաստիարակել:

- Խորհրդային իշխանության տարիներին ժողովուրդը լավ չէր պատկերացնում, թե ինչ է Ղարաբաղը, Արևմտյան Հայաստանը, ամեն ինչ փակ էր: Տեսնում էինք միայն Մասիս սարը և ասում, որ այն մեր խլված Հայրենիքի մի մասն է: Իմ հայրենասիրությունը  երևի թե ի ծնե է, արյան հետ է փոխանցվել: Սակայն ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել իմ ուսուցիչներից մեկը, որը 1965 թվականին դեռ համալսարանի ուսանող էր: Այդ տարիներին ցույցեր սկսվեցին, որոնց անմիջական մասնակցություն ունեցան մեր մեծ անհատները` Շիրազը և Սևակը: Հենց այդ թվականին էր, որ բարձրացվեց հայկական հողերի վերադարձի հարցը, և այդ ժամանակ կառուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը: Դրանք շատ լուրջ ցույցեր էին: Դրանց միջոցով բարձրացավ ժողովրդի ոգին: Այդ ժամանակ շատ մարդկանց ձերբակալեցին ու բանտ նետեցին: Այդ տղաներից մեկն էլ, որը մասնակցել էր հանրահավաքներին, եկավ մեզ մոտ աշխատելու որպես պատմության ուսուցիչ: Նրա շնորհիվ իմ մեջ ամրապնդվեցին այդ հզոր զգացումները: 

- Հիշո՞ւմ եք նրա անունը:  

- Ռաֆիկ Հարությունյան: Ես դեռ մանկուց մի «սուրբ իր» ունեի` հայրիկիս որսորդական հրացանը: Ես դեռ այն ժամանակ սեր ունեի զենքի հանդեպ: Այդ զենքով էի քնում: Մայրս անընդհատ այն թաքցնում էր, իսկ ես, միևնույնն է, գտնում էի: Մինչև հիմա այդ զենքը պահել եմ և որսի ժամանակ վերցնում եմ հետս: Երբ 1967 թվականին ավարտեցի դպրոցն ու ընդունվեցի Երևանի շինարարական տեխնիկում, այդ տարիներին ստեղծվում էին գաղտնի հայրենասիրական կազմակերպություններ: Ես մասնակցել եմ մի միջոցառման, երբ պետք էր թռուցիկներ բաժանել: Այդ տարիներին ինձ շատ էին ոգեշնչում Շիրազի բանաստեղծությունները, մենք դրանք գաղտնի արտագրում էինք մեկս մյուսից, որ ոչ ոք չտեսնի: Ուզում եմ ասել,որ դպրոցը նույնպես շատ մեծ դեր ունի հայրենասիրական դաստիարակության գործում:

- Գուսա´ն Հայկազուն, մի փոքր պատմեք Ձեր անսամբլի մասին:

- Իմ խումբը ստեղծվել է պատերազմից հետո` 1995 թվականին: Ամեն ինչ տեղի է ունեցել Արտաշատում: Այն ժամանակ խումբը կոչվում էր «Հայեր, միացե’ք»: Այդ տարիներին մենք համերգներով մեկնել էինք Թեհրան: Այն բանից հետո, երբ տեղափոխվեցի Երևան բնակվելու, արդեն 5-6 տարի է, ինչ կազմակերպել եմ «Հայկազունք» խումբը, որը կապված է իմ անվան հետ: Խմբում 8-10 մարդ է լինում: Մասնակիցների մի մասը պրոֆեսիոնալ է, սակայն կան նաև սիրողներ, ինչպես իմ որդին` Սիփանը: Խումբը հիմնականում կատարում է իմ երգերը: Նշեմ, որ հայրենասիրական երգերից բացի, ունեմ նաև շատ քնարական երգեր: Այդ երգերը ևս հնչում են մեր համերգների ժամանակ: Մեր յուրաքանչյուր համերգ վերածվում է ազգային զարթոնքի տոնակատարության:

- Իսկ ամենալավ համերգը որտե՞ղ է կայացել:

- Անցյալ տարվա դեկտեմբերին, Հալեպում: Մենք այնտեղ ելույթ ենք ունեցել 15 օր շարունակ: Եվ այդ բոլոր օրերին դահլիճը լեփ լեցուն էր լինում:  Շատ լավն էր Բեյրութում սեպտեմբերին կայացած համերգը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 20-ամյակին: Բուրջ Համուդում ամենուրեք փակցված էին մեր ցուցապաստառները: Համերգից առաջ մեքենաները՝ հայկական դրոշներով, շրջում էին փողոցներով և հայտարարում մեր առաջիկա ելույթի մասին:
 
-Քանի՞ երեխա ունեք:

- Երեք որդի և մեկ դուստր:

- Գուսա´ն Հայկազուն, ով ասես, որ չի կատարել Ձեր երգերը...

- Այո´, ճիշտ եք: Այսօր իմ երգերը շատերն են կատարում. Նունե Եսայան, Հարութ Փամբուկչյան, Շուշան Պետրոսյան…

- Իսկ Դուք ծանո՞թ եք եղել Մոնթեի հետ:

- Մի անգամ եմ նրան տեսել: Հիշում եմ, այն տարիներին, երբ Մարտունին շատ ծանր վիճակում էր, նա իր ջոկատով թույլ չտվեց թշմամուն ճեղքել պաշտպանությունը: Այն ժամանակ նրա մասին շատ էին խոսում: Ամենուրեք միայն Մոնթեի անունն էինք լսում: Նրա մահից հետո սերտ կապերի մեջ եմ եղել նրա կնոջ` Սեդայի հետ: Մինչև հիմա կապ եմ պահպանում նրա ընկերոջ` Ալեք Ենիգոմշյանի հետ: Ի դեպ, նա հրաշալի անձնավորություն է:

-Ինչպե՞ս եք սիրում, որ Ձեզ դիմեն:

- Սիրում եմ, երբ ինձ ոչ թե պարոն Նազարյան, այլև գուսան Հայկազուն են անվանում:

- Գուսա´ն Հայկազուն, կարծում եմ, որ մեզ բոլորիս միավորում է մեր հողից թեկուզ մի թիզ չկորցնելու ցանկությունը: Համոզված եմ, որ այնպիսի երգերով, որոնք Դուք եք ստեղծել, և մեր հիանալի երիտասարդությամբ մենք դեռ կարող ենք ծովից ծով Հայաստանն անգամ վերականգնել:


Հ.Գ. Ի դեպ, Գուսան Հայկազունի հետ կայացած մեր հանդիպումից հետո  նա հայ ժողովրդի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա (25 նոյեմբերի) կապակցությամբ նրա հիշատակին նվիրված նոր երգ է գրել: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության և անձնական արիության համար  Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Արցախի հերոսի» կոչման, դարձել «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ: Մոնթե Մելքոնյանի անունն են կրում Հայաստանի Զինված ուժերի զորամասերից մեկը, համալսարան և դպրոց Երևանում, կամուրջ և բարեգործական հիմնադրամ: 

Մեծ հաճույքով տպագրում ենք այդ երգի խոսքերը.

                         Մոնթե Մելքոնյան

Արդարության խղճի  մարտիկ ողջ կյանքում
Հայոց Դատի ու պայքարի բոցերում
Աչքիդ առաջ բանտն ու մահն էր մշտական,
Ազգի պարծանք հերոս Մոնթե Մելքոնյան:

Բանակդ առած արշավեցիր վեր ու վար
Չկար արգելք ու խոչընդոտ քեզ համար
Ազատեցիր գերված գյուղեր անհամար,
Քեզ հազար փառք անպարտելի զորավար:

Գերեզմանդ պիտի դառնա սրբավայր
Նորակոչիկ զինվորների երդման վայր
Հայկազունն էլ քեզ կգովի անդադար
Ողջ աշխարհի, ողջ մարդկության նվիրյալ:

Կրկներգ.
              Հասար օգնության քո ժողովրդին
              Ավո անվանդ երգեր հյուսվեցին 
              Դարձար առասպել,ռազմական դարբնոց,
              Արցախը դարձրիր անառիկ ամրոց:

Երգի հեղինակ` Գուսան Հայկազուն
Երգի ստեղծման պատվիրատու և հովանավոր` Նիժնի-Նովգորոդի     «Կամուրջ»  թերթի խմբագրություն
Նյութը պատրաստեց «Կամուրջ» ալմանախի 
գլխավոր խմբագիր Լիանա Զախարյանը
Ռուսերենից  թարգմանեց` Ռուզաննա Ավագյանը


|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38