ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մանրամասներ
05.12.2012

Դանիայում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեծ ցուցահանդեսը կայացավ. կկայանա՞ թուրքական հակա-ցուցահանդեսը...
Ս.թ. նոյեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 15-ը Կոպենհագենի Թագավորական գրադարանի մաս կազմող Հումանիտար հետազոտությունների գրադարանում ցուցադրվելու էր «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունից, այն կազմակերպվել էր Դանիայում ՀՀ դեսպանության և Դանիայի Թագավորական գրադարանի կողմից` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցության շնորհիվ: Դանիայում հավատարմագրված Թուրքիայի դեսպանը փորձել էր խոչընդոտել նման ցուցադրության բացմանը, և այդուհանդերձ հայկական կողմի ջանքերով այն կայացել էր:

Թուրքական կողմը չի հանձնվել ու պայմանավորվածություն է ձեռք բերել դանիական կողմի հետ՝ ցուցադրելու Հայոց ցեղասպանության եղելության մասին սեփական պատկերացումները, սակայն նույն տեղում և առանձին ցուցադրությամբ:  eMedia.am-ի հետ զրույցում ցուցադրության բացման արարողությանը մասնակից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ այդ օրերի ընթացքում Թուրքիայի դեսպանն ինչ-որ անհասկանալի ու կիսագիտական առաջարկություններով էր հանդես եկել` առաջարկելով ցուցահանդես ներկայացնել նաև գոյություն ունեցող այլ տեսակետը «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» թեմայով:

«Թանգարանի քաղաքականության մեջ չէ ներքաշվել դիվանագիտական խնդիրների մեջ. դա գրադարանի ղեկավարությունը նախապես հատուկ կերպով ընդգծել էր: Նրանք նախապես մերժել էին թուրքական պատասխան ցուցադրությունն այն տարբերակով, որն առաջարկվել էր վերջիններիս դեսպանատան կողմից»,- նշեց Հայկ Դեմոյանը՝ հավելելով, որ առավելևս տարօրինակ է թվում որևէ գիտական ցուցադրության կազմակերպումը` «այսպես կոչված» եզրույթի շեշտադրումներով:

Իր հերթին Թագավորական գրադարանի ղեկավար Էրլանդ Քոլդինգ Նիլսենը վստահեցրել է, որ որևէ զարմանալի բան չկա հնարավոր պատասխան ցուցադրության մեջ: Գործակալության հետ զրույցում նա նշել է, որ թուրքական կողմը երբեք չի կարող իրենց վրա ճնշումներ գործադրել, ըստ այդմ՝ չէին կարող պարտադրել դադարեցնել ցուցադրությունը:
«Մենք պարզապես կարող ենք նրանց հարթակ տրամադրել` համապատասխան մակարդակով ներկայացնելու սեփական ընկալումները»,- նշել է Նիլսենը:

Դանիական հեղինակավոր պարբերականները գրում են՝ հօգուտ հայերի և լուսաբանելով ճշմարտությունը.
Jylland-posten: «Թուրքական ճնշումը ծնկի իջեցվեց…Թուրքիայի քայլը նույնն է, եթե նեոնացիստները կազմակերպեն ցուցահանդես Հոլոքոստի թեմայով. ընդառաջ գնալ թուրքական կողմին՝ նշանակում է «գլուխ խոնարհել ու ընդունել» վերջիններիս տեսակետը (Suren Esperson)»:

Berlingske: «Ընդդիմությունը կատարյալ հիմարություն է համարում Թագավորական գրադարանում ցուցահանդեսի կազմակերպումը, որով իրականացվում է Հայոց ցեղասպանությունը կեղծելու Թուրքիայի ցանկությունը: Հայոց Մեծ եղեռնը միֆ չէ, այլ իրականություն: Ինչպես չի կարելի անել ցուցահանդես՝ ուղղված Հոլոքոստի դեմ, այնպես էլ՝ Հայոց ցեղասպանության (Michael Aastrup Jensen)…Թուրքիայի Մշակույթի նախարարը (ի դեպ, պահանջում են նրա հրաժարականը, բայց դա կապ չունի հայերի հետ) պարտավոր է հասկանալ, որ երբ խոսքը գիտության մասին է, ապա չի կարող գոյություն ունենալ այն ներկայացնելու մի քանի ձև. կա մեկ ճշմարտություն…»

Ekstrabladet-ի հրապարակումը սույն խնդրի առնչությամբ առավել ուշագրավն է: Ներկայացված է Հայոց ցեղասպանության մասին վկայող մանկան դիի հայտնի լուսանկարը՝ հետևյալ խորագրով՝ «Նկար, որը Թուրքիան քեզ ցույց չի տա»:

The Copenhagen Post: «Թագավորական գրադարանի դեմ մեծ դժգոհության ալիք է բարձրացել, երբ վերջինիս ղեկավարությունը համաձայնել է Թուրքիայի՝ հայկական կողմին ի պատասխան, հակա-ցեղասպանություն ցուցահանդես կազմակերպելու ծրագրերին»:

Դանիայի և Նորվեգիայի հայկական դեսպանությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

Սիրելի´ բարեկամներ,
Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանությունն ամենայն ուշադրությամբ հետևում է Դանիայի Թագավորական գրադարանում նոյեմբերի 6-ին «Հայոց Ցեղասպանությունը և Սկանդինավիայի արձագանքը» թեմայով բացված ցուցահանդեսի հետ կապված վերջին զարգացումներին: Դանիական ամենատարբեր ԶԼՄ-ները, քաղաքական շրջանակները, լայն հասարակությունը շատ սուր են արձագանքել այն հարցին, որ Դանիայում Թուրքիայի    դեսպանության և Թագավորականգրադարանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` կազմակերպել ցուցահանդես, որը պետք է կրի «Այսպես կոչվածՀայոց ցեղասպանություն» խորագիրը:

Առավոտից մեր դեսպանությունը ստանում է հեռախոսազանգեր, էլեկտրոնային նամակներ, ինչպես նաև ֆեյսբուքյան գրառումներ, որտեղ բոլորն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնում այս փաստի կապակցությամբ:
Բոլորիս համար ակնհայտ է, որ նմանօրինակ հակագիտական և հակապատմական քայլը չի կարող ունենալ դրական հետևանքներ, և նաև կարող է վիրավորել յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու, որի գիտակցության մեջ մարդասպանությունը և առավել ևս` ցեղասպանությունը հանցագործություն է, և ենթակա է դատապարտման, ոչ թե ցուցադրման: Գիտական հավասարության նշան դնելը ոճրագործի և մարտիրոսված մի ողջ ժողովրդի միջև արդեն իսկ անընդունելի է:

Մենք շնորհակալ ենք բոլորից աջակցության, քաջալերող խոսքերի, նախաձեռնությունների և ակտիվության համար:
Վստահ ենք, որ միասին մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները, որոնք անխուսափելի են մեր իրականության պայմաններում:

|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38