Անվանի մարդիկ
12.12.2012 Արթուր Աբրահամ. «Ավետիք Աբրահամյանի անհատական ձևավորված մարդկային ճիշտ որակների հիմքի վրա Արթուր Աբրահամը չկորցրեց իր դեմքը»
Առհասարակ մարդու հաջողությունը սկսվում է ճիշտ ուղղությամբ քայլելուց: Այս ուղղությունն ընտրելու համար, բոլոր տեսակի արտաքին ուժերի օժանդակությունից զատ, շատ կարևոր է խելքը, վճռականությունը, արագ կողմնորոշվելու ճկունությունը, վերլուծական մտքի կարողությունը, հոգևոր ու մտավոր ուժերի միաձուլումը: Իսկ հաջողության նման ուղին ամեն ոք չի կարող անցնել: Ինչպես Պարույր Սևակն է ասում. «Դրա համար ոգի է պետք՝ թևեր պետք չեն»: Նման մարդիկ չեն ցանկանում քայլել ուրիշ մեկի ստեղծած ասֆալտ ճանապարհով, փոխարենը գերադասում են՝ իրենց ճանապարհը իրենք հարթեն: Նրանք են, որ իրենց ներկայությամբ մարդկությանը ոգևորում են խույս չտալ, այլ հաշտ ապրել կյանքում հանդիպած դժվարությունների հետ: Դժվարություններ, որոնք քողարկված նվաճումներ են: Ինչպես տարիներ շարունակ իր ապրած օրինակով ապացուցում է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը` օտարության մեջ հարթելով իր հաղթական ուղին: Իսկ հաղթանակներով հարուստ նրա անցած այդ ուղիով հպարտանում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը: Սա է Արթուր Աբրահամի ընտրած ուղին:
-Օրը որ սկսվում է, ի՞նչ եք ակնկալում նորաբաց օրից:
-Չեմ սիրում առավոտյան շուտ արթնանալ, բայց մարզումներիս համար ունեմ սահմանված գրաֆիկ և առավոտյան շատ շուտ եմ արթնանում` ժամը 8-ին: Իսկ առհասարակ սիրում եմ` առավոտյան լիարժեք վայելած քնիցս հետո հանգիստ բացեմ աչքերս` մոտավորապես ժամը 11-ի կողմերը, մի քանի րոպե պառկած մնամ անկողնուս մեջ, վայելեմ այդ րոպեների հանգիստն ու լռությունը, որից հետո մտովի որոշակիորեն կազմեմ օրվա գրաֆիկս, անելիքներս, պլաններս, հանդիպումներս, հետո լավատեսական տրամադրվածությամբ ու դրական էներգիայով լի` սկսեմ օրս: Ինչ մնում է օրվա սպասվող ակնկալիքներին, ասեմ, որ շատերի նման հրաշքների չեմ սպասում: Փոխարենը կարևորում եմ օրը առանց առողջական խնդիրների դիմավորելու փաստը, ինձ համար շատ կարևոր է թե՛ իմ և թե՛ ընտանիքիս առողջությունը: Օրվա լավ ընթացքը մարդուց է կախված, մարդն ինքն է իր օրվա հետաքրքիր պահերի հեղինակը, և հենց այդ պահերն էլ իմաստավորում են կյանքը: Յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչպես կընթանա նորաստեղծ օրը: Իսկ ինչ-որ բան ակնկալելուց առաջ անհրաժեշտ է` ինքներս հասկանանք, թե ինչ ենք ուզում և ինչերի ենք պատրաստ: -Ավետիք Աբրահամյանը երբ դարձավ Արթուր Աբրահամ, իր կյանքում ինչպիսի՞ մարդկային արժեքներ ձեռք բերեց և որոնցի՞ց հրաժարվեց: -Իմ կյանքում մարդկային որակները չփոխվեցին, և դա շատ լավ է: Բայց փոխվեց շրջապատս, կյանքում նոր նվաճումներ ունեցա, կարողացա ընտրածս ուղու մեջ գտնել ինքնաբացահայտման և ինքնահաստատման բանալին: Սպորտն այնպիսի բնագավառ է, որ այսպես թե այնպես ընդլայնում է մարդկանց հետ շփման հնարավորություններդ: Այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել նոր ընկերներ: Կարելի է ասել՝ մարդկային հարաբերությունները անձի ձևավորման համար այն լավագույն դպրոցն են, որտեղ միշտ սովորելու առիթներ լինում են: Սպորտային իմ կյանքի ճանապարհին հանդիպել եմ տարբեր մարդկանց, որոնց հետ շփումները, կարելի է ասել, ինձ շատ բաներ սովորեցրել ու շատ բաներ իմ մեջ դաստիարակել են: Շատ ուրախ եմ, որ Ավետիք Աբրահամյանի անհատական ձևավորված մարդկային ճիշտ որակների հիմքի վրա Արթուր Աբրահամը չկորցրեց իր դեմքը: Ի տարբերություն Ավետիք Աբրահամյանի` Արթուր Աբրահամը կյանքի փորձ է ձեռք բերել, որն օգնում է նրան կյանքի նույն աստիճանի վրա չմնալ, այլ հաստատուն քայլերով առաջ գնալ: -Կյանքում պատահաբար հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր ի զորու են լինում արմատապես փոխել մեր կյանքը, և կարելի է ասել, որ նրանք ճակատագրական մարդիկ են: Արթուր Աբրահամի կյանքի ճակատագրական մարդն ո՞վ է: -Մարզիչս` Անդրե Ուորդը, ով գրեթե 80 տոկոսով փոխեց կյանքս: Եթե գերմանացի իմ մարզչին չհանդիպեի, և ինձ չընդգրկեր իր թիմում, չգիտեմ՝ այսօր որտեղ կլինեի և որպես մարդ ինչպիսին կլինեի: Մարզիչս շատ մեծ դեր ունի իմ կյանքում: Գուցե նրան չհանդիպեի, և կյանքս այլ կերպ դասավորվեր, բայց հաստատ սրանից լավ չէր լինի: -Սովորաբար այն, ինչը վայելուչ է, արժանի է հարգանքի, և այն, ինչը արժանի է հարգանքի,ապա միշտ էլ վայելուչ է: Ձեր կողմից ո՞ր երևույթներն ու մարդկային որակներն են արժանանում հարգանքի: -Կյանքը բաղկացած է երեք կարևոր մասերից` աշխատանք, ընտանիք և շրջապատ: Երեք օղակներից կազմված այս շղթան ամուր պահելու համար պետք է յուրաքանչյուր օղակի նկատմամբ զգոնություն դրսևորել: Եթե ձևավորված շղթայում մի օղակը ամուր չեղավ և թուլացավ, ապա վնասվելու են նաև մնացած երկու օղակները: Այսինքն` մի բնագավառում թույլ տված սխալն անմիջապես ազդում է մյուսների վրա. խոսքը մարդու վարքագծի մասին է, որի նկատմամբ պետք է հետևողական լինել: Մարդ պետք է ունենա կիրթ կեցվածք, օժտված լինի ներքին կուլտուրայով, խոսքն ու միտքը պետք է կիրթ լինեն, պահվածքը՝ քաղաքավարի: Պետք է լինել համեստ ու զուսպ, հավասարակշռված, չմոռանալ հարգանքը սեփական անձի և դիմացինի նկատմամբ: Վստահեցնում եմ Ձեզ՝ այս ամենը բնորոշում է յուրաքանչյուրիս բնավորությունը, այն մեր էության հայելին է: Իսկ մարդու այս տեսակ վարքագծային հայելին պետք է միշտ փայլի: -Ժամանակը տանում է ամեն ինչ, տարիների երկար շարանը կարող է փոխել անուն, արտաքին, բնավորություն, ինչպես նաև ճակատագիր: Այս ամենի վրա ժամանակն ի՞նչ ազդեցություն է ունեցել Արթուր Աբրահամի կյանքում: -Կարծում եմ՝ ժամանակի ուժը զգում ենք յուրաքանչյուրս: Տարիների անցած ուղուց, երբ հետադարձ հայացք ենք գցում մեր անցած ոտնահետքերի վրա, հասկանում ենք, որ ժամանակը փոխել է մեզ: Ժամանակն իմ անվան վրա դրական ազդեցություն է ունեցել, իսկ դրա համար ձեռքերս ծալած չեմ նստել, աշխատանքովս անվանս նկատմամբ հարգանք եմ ստեղծել: Առհասարակ մարդիկ շատ բան են տեսնում, բայց երբ լռում են, դա չի նշանակում, որ ոչինչ չեն հասկանում: Երբեմն լռության ձայնը ավելի զորեղ է: Որքան էլ իմ մարզաձևում բարձունքներ նվաճեմ և դրան զուգահեռ չարաշահեմ իմ դիրքն ու համբավը, միևնույնն է, մարդիկ դա զգալու են. գուցե չարտահայտվեն, բայց ներքուստ անձիս ու անվանս շուրջ հարգանք չեն ունենա: Փառք Աստծո, մինչ օրս հասածս դիրքի նկատմամբ պատասխանատվության զգացումս մեծ է: Հենց այս զգացումն էլ օգնել է ժամանակին, որպեսզի այն անվանս վրա դրական ազդեցություն ունենա: Ինչ մնում է արտաքինիս, ասեմ, որ ժամանակի ընթացքում սպորտի շնորհիվ մարմինս ավելի կոփվել ու ամրացել է, իսկ գեղեցկության մասով` չեմ կարծում, որ տղամարդը պետք է անթերի գեղեցկություն ունենա, տղամարդուն մոդելային գեղեցկություն անհրաժեշտ չէ (ժպտում է): Իսկ բնավորությանս մասով ասեմ, որ ժամանակը կարողացել է ինձ ավելի ճշտապահ դարձնել, ինչպես նաև անտարբեր չլինել շրջապատի մաքրության նկատմամբ: Իսկ ճակատագրի հարցում, անշուշտ, ժամանակն իր անջնջելի կնիքն է թողել իմ կյանքում թե՛ մարզական, թե՛ ընկերական, և թե՛ ընտանիքիս հարցում: Ոչ միայն երեխան պետք է հպարտանա իր ծնողներով, այլև ծնողները: Հավատացեք՝ բախտավոր եմ բարեկամներիս, հարազատներիս և ծնողներիս հարցում: Մեր ընտանքում ընդգծված է ծնող-երեխա երկկողմ հարգանքը: Այսօր շատ հանգիստ եմ, որ ծնողներս ինձ մոտ են, և օտարության մեջ ապրում ենք խաղաղ ու հաշտ: Թեպետ ինչքան էլ ծնողներիս համար լավ բաներ անեմ, միևնույնն է, չեմ կարող հատուցել նրանց ծնողական աննկարագրելի նվիրումն ու սերը: Այն, ինչ բնությունից է տրվում, դա բախտավորության նշան է, իսկ ինչ վերաբերում է ընտրությանը, խելքի նշան է: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երեխան չի ընտրում իր ծնողներին, այլ բնության «մատն է խառը» այս գործում, հավատացնում եմ ձեզ՝ շատ բախտավոր եմ: -Արթուր Աբրահամը երբեք ի՞նչ չի անի: -Երբեք չեմ ասում երբեք: Չեմ կարող ասել, թե հաջորդ պահին ինձ ինչ է սպասվում և անիմաստ կանոններ սահմանեմ ինչ-որ բաներ երբեք չանելու համար`սխալ է: -Ե՞րբ եք ստում: -Երբ պարապմունքիցս ուշանում եմ, մարզիչիս խաբում եմ, ասում եմ. «Ճանապարհին մեքենաները շատ էին, խցանում էր, դրա համար ուշացա», իսկ մարզիչս, կռահելով սուտս, շատ հանգիստ պատասխանում է. «Բա ո՞նց ա լինում, որ ես շուտ եմ գալիս»: Իրականում առավոտյան ուշ արթնանալուս պատճառով եմ ուշանում (ժպտում է): -Եթե ընտրության հնարավորություն լիներ` փող, հարգանք և իշխանություն, այս երեքից ո՞րը կընտրեիք: -Դե իհարկե հարգանքն առաջին տեղում է կյանքում: Ավելի լավ է՝ կյանքում քիչ փող ունենաս, բայց հարգանքդ մեծ լինի: Ի՞նչ արժեք ունի փողդ, երբ ոչ ոք չի ուզում քեզ ճանաչի ու հետդ շփվի: Բայց գումար աշխատելը ամոթ բան չէ, և ի վերջո մարդն աշխատում է գումարի համար: Փողը մարդու կյանքում շատ կարևոր դեր է խաղում: Ինչ մնում է իշխանությանը` ես սպորտսմեն եմ և չեմ ուզում իշխանության մեջ հայտնվել: -Ասում են՝ խելացի է այն մարդը, ով իր հակառակորդից շատ բան է սովորում: -Ոչ միայն մարդ պետք է իր հակառակորդից, այլև ուրիշներից նույնպես շատ բաներ սովորի: Քանի որ իմ մարզաձևն իր տեսակով անհատական, այլ ոչ թե խմբակային բնույթ է կրում, մրցումների ժամանակ ինքս եմ պատասխանատու իմ քայլերի համար: Մի բան է հանգիստ պայմաններում մտածես քայլերիցդ առաջ, մեկ այլ բան է՝ վայրկյանների ընթացքում անձիդ վրա սևեռված հազարավոր հետևող` չար ու բարի աչքերի ու հայացքների ներքո վճռական քայլ անես ու արագ կողմնորշվես: Այս դեպքում հակառակորդի ներկայությունը քո մեջ դաստիարակում է ունենալ մտքի ճկունություն, արագաշարժություն, վճռականություն, միևնույն ժամանակ չկորցնել հավասարակշռությունդ ցանկացած իրավիճակում: Կարծում եմ՝ այս կարևոր տարրերը ոչ միայն բռնցքամարտում, այլև կյանքի մյուս բնագավառներում էլ են անհրաժեշտ: -Հանճարից մինչև ծիծաղելին մի քայլ է, իսկ հաղթանակից պարտություն քանի՞ քայլ է: -Նույնը կարելի է ասել նաև հաղթանակից դեպի պարտության մասին: Կան մարդիկ, որոնց համար պարտությունը սովորական բան է: Կրածս պարտությունները սպիացել են սրտումս՝ երբեք չեմ մոռանա: -Սովորաբար հաղթելու համար պետք է զենքդ ամուր պահես: Մրցասպարեզում ձեզ անդավաճանորեն ուղեկցող վստահելի զենքը ո՞րն է: -Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ զենքը ուժի խորհրդանիշն է, ապա ուժիս համար շատ կարևոր է բարձր տրամադրությունս, և միշտ ինձ հետ եմ պահում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնած խաչը: Զգում եմ այդ խաչի խորհրդանշական ուժն ու էներգիան: -Ամենաթանկ խորհուրդը ումի՞ց եք ստացել, և ո՞րն է եղել: -Առհասարակ իմ բնույթով ավելի շատ սիրում եմ լսել, քան խոսել և ինձ համար անհրաժեշտ ցանկացած խորհուրդ պատրաստ եմ լսել ու ընկալել: Մարզիչիս տված ամենաթանկ խորհուրդներից է այն, որ ծանր իրավիճակներում պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել: Կարծում եմ՝ բարդ իրավիճակներում մարդու կատարած քայլերը թելադրում են իր մտածողության ու մարդկային որակի մասին: Ծնողներիս տված ամենաթանկ խորհուրդներից է այն, որ կյանքում պետք է ունենալ հարգանք և կարողանալ հարգել դիմացինին: Միշտ հետևում եմ այս խորհուրդներին: -Սովորաբար մարդու արժանիքների մասին կարելի է դատել` հենվելով այն բանի վրա, թե ինչո՞վ է նա մտահոգված: Այսօր Արթուր Աբրահամին ի՞նչն է մտահոգում: -Առաջինը մտահոգում է, որ ունենամ առողջ ընտանիք, ինչպես նաև ծնողներս ու հարազատներս առողջ ապրեն: Մի լավ խոսք կա, ասում են. «Առողջությունն ամեն ինչ չէ, բայց ամեն ինչ առանց առողջության ոչինչ է»: Մարդ ինչքան էլ փող, մեքենա, պաշտոն ունենա` արժեք չունի, եթե բացակայում է առողջությունը: -Վիլյամ Սարոյանն իր ստեղծագործություններից մեկում հստակ ընդգծում է, որ իր համար բոլոր ժամանակների մեծագույն արժեքը ճշմարտությունն է: Ձեզ համար բոլոր ժամանակների մեծագույն արժեքը ո՞րն է: -Իսկապես Սարոյանի կողմից շատ ճիշտ է ասված`համամիտ եմ նրա հետ: Պարզապես նրա ընդգծած ճշմարտությանը կավելացնեմ պարզությունն ու անկեղծությունը: -Մարդու համար դժվար է սովորել ենթարկվել ինքն իրեն և հնազանդվել իր վճիռներին:Երևույթը մարդուն թույլ չի տալիս հաշտ լինել ինքն իր հետ: Հա՞շտ եք ինքներդ ձեր հետ: -Ինքնակրթության ու առաջընթացի համար մարդ պետք է միշտ կռվի ու պայքարի իր «Ես»-ի հետ: -Եթե կախարդական փայտիկի հնարավորություն լիներ, կարևոր երեք ցանկությունները որո՞նք կլինեին… -Շատ եմ ուզում, որ ծնողներս միշտ առողջ ապրեն և մինչև կյանքիս վերջ կողքիս լինեն, երկրորդը կցանկանայի, որ սպորտային ասպարեզում նվաճեի բոլոր հաջողությունները, իսկ երրորդը` ուզում եմ, որ մեր քաղաքի փողոցները մաքուր լինեն, ոչ թե եվրոպացիները, այլ մենք կարողանանք զարմացնել նրանց: -Ինքնաբնութագրում: -Նորմալ մարդ: -Ինչի՞ մասին եք այս պահին մտածում: -Ձեր տված հարցերի, որ կարողանամ ճիշտ պատասխանել (ժպտում է): -Ե՞րբ եք ժպտում: -Ժպտում եմ, եթե հաջողված հումորով բաներ են պատմում, շրջապատում լավ երևույթներ եմ տեսնում: Տրամադրությունս եթե բարձր է լինում և այդ պահին դիմացինս հաճելի անձնավորություն է, նրա հետ զրուցելու ընթացքում ժպտալու ցանկություն եմ ունենում… Հ.Գ.- Փոխադարձ ժպիտով էլ ավարտեցինք մեր զրույցը… Հարցազրույցը՝ Լիանա Գրիգորյանի |