Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
«Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի հայ համայնքներում հայապահպանությունը լուրջ խնդիր է…»
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 21 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
23.12.2012

Ռոզա Հովհաննիսյան
«Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի հայ համայնքներում հայապահպանությունը լուրջ խնդիր է…»
«Ամռանը նախարարություն էր այցելել մի աղջիկ. հայրը հայ էր, մայրը՝ կանադացի, իսկ ինքը ամուսնացել էր ավստրալացու հետ։ Հայերեն գրեթե չէր խոսում, իր հայ լինելու մասին իմացել էր  միայն տանը պահվող հին լուսանկարների շնորհիվ։ Եկել էր Հայաստան՝ ծանոթանալու իր նախնիների երկրի հետ,  որոշել էր նաև գիրք գրել իր հայ պապիկի մասին»։
Այս պատմությունը լսեցի ՀՀ սփյուռքի նախարարության Ամերիկայի հայ համայնքների վարչությունում։
Հայի ճակատագրին բնորոշ պատմություն։ Հետաքրքիրը մեկ մարդուն «շրջապատող» ու «միավորող» աշխարհագրությունն է՝ Հայաստան, Կանադա, Ավստրալիա…

Այս խորհրդանշական նախաբանով եմ ցանկանում սկսել զրույցը ՀՀ սփյուռքի նախարարության Ամերիկայի հայ համայնքների վարչության պետ Ռոզա Հովհաննիսյանի հետ։ Զրույց, որն ամփոփում է 2012 թվականին վարչության կատարած աշխատանքները՝ Հայաստանում, Կանադայում, Ավստրալիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարբեր երկրներում։

-Խնդրում եմ բնութագրել 2012 թվականին Ամերիկայի հայ համայնքների վարչության աշխատանքը՝ նախանշելով հիմնական շեշտադրումները:

-2012 թվականը ևս ՀՀ սփյուռքի նախարարության Ամերիկայի հայ համայնքների վարչության համար եղել է լարված և բազմաբովանդակ աշխատանքների տարի: Վարչության ողջ գործունեությունը միտված էր տարածաշրջանի համայնքներում հայապահպանության, ազգային ինքնության գիտակցության արթնացմանն ու զարգացմանը, 

- Ծրագրերից որո՞նք կառանձնացնեիք։

- Ընդհանուր առմամբ մեր վարչության համար առաջնայինը  «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայքների կրթամշակութային աջակցության ծրագիրն» էր, որն այս տարվա նոյեմբերին ավարտվեց։

Ծրագիրը, Կառավարության որոշմամբ, հաստատվել է 2009 թվականին։ 2010-12 թվականների ընթացքում մի շարք կրթամշակութային միջոցառումներ են իրականացվել։

- Մասնավորապես ի՞նչ միջոցառումներ են իրականացվել ծրագրի շրջանակներում։

- Ծրագրի շրջանակներում անցկացրել ենք ուսուցիչների վերապատրաստում. Հայաստանից մասնագետ է գործուղվել, ով վերապատրաստման դասընթացներ է իրականացրել։

Երկու տարիների ընթացքում բազմաթիվ երգիչներ, երաժիշտներ, արվեստագետներ են այցելել Հարավային Ամերիկայի երկրներ (Արա Գևորգյան, Ռոբերտ Ամիրխանյան, Հովհաննես Չեքիջյան, Արմինե Նահապետյան, Զարուհի Բաբայան, Սևակ Ամրոյան, Ազատ Գասպարյան, Սիլվա Յուզբաշյան, ջութակահար Վարազդատ Խեչումյան և այլք)։
«Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի ստեղծագործական խմբի հետ համատեղ նկարահանվել են «Հայկական Ուրուգվայ», «Հայկական Բրազիլիա», «Հայակական Արգենտինա» ֆիլմերը։

Գրքերի առաքումներ ենք իրականացրել։ Նախարարությունը երաժշտական գործիքներ է նվիրել Արգենտինայի «Գայանե» պարախմբին, որը ժամանել էր Հայաստան և ելույթ ունեցավ նաև «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում։

- Փաստորեն  ավարտվեց «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայքների կրթամշակութային աջակցության ծրագիրը»։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներն ի՞նչ տվեցին, ինչպիսի՞ն էր ծրագրի արդյունավետությունը։

- Ծրագրի արդյունավետությունն ապացուցվում է Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդմամբ: Ամերիկայի հայ համայնքներում գործող տարբեր կազմակերպություններն այսօր միտված են  համագործակցել ՀՀ սփյուռքի նախարարության հետ, միասին տարբեր ծրագրեր իրականացնել, համագործակցել՝ հայապահպանության, լեզվի պահպանության, հայկական ինքնության վերգտնման ճանապարհին: 
Երգի, երաժշտության, գրքերի միջոցով մարդիկ, ովքեր ապրում են հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, որոնցից շատերը երբևէ չեն եղել Հայաստանում, հնարավորություն ունեցան հաղորդակցվելու հայկական մշակույթին, լեզվին, իրենց արմատներին։

Այն շնորհակալական նամակները, զանգերը, որոնք մենք ստանում ենք, շատ բան են ասում ծրագրի հաջողության մասին։

- Նախարարության այս տարվա ո՞ր ծրագրերին եք տարածաշրջանից մասնակիցներ ունեցել։

- Նախարարության բոլոր ծրագրերին, կարևոր միջոցառումներին տարածաշրջանից մասնակիցներ ենք ունեցել. «Արի տուն», «Ամառային դպրոց», «Իմ Հայաստան» փառատոն, Լրագրողների, Քաղաքագետների և միջազգայնագետների համաժողովներ։

Իհարկե, մի շարք հանգամանքների պատճառով (հեռավորություն, ճանապարհածախս) չենք կարողանում ապահովել այնքան մասնակիցներ, ինչքան կարող են, օրինակ, ԱՊՀ տարածաշրջանից գալ, բայց մասնակցությունը աստիճանաբար ակտիվանում է։

Աշնանը Երևանում կազմակերպվել են արգենտինահայ կոմպոզիտոր, «Արաքս» երգչախմբի հիմնադիր խմբավար Ժան Ալմուխյանի 80-ամյակին և 55-ամյա երաժշտական գործունեությանը, ինչպես նաև կոմպոզիտոր, խմբավար, գրող, Լոս Անջելեսի «Սիփան» երգչախմբի հիմնադիր ղեկավար Հենրիկ Անասյանի ծննդյան 75 և ստեղծագործական գործունեության 55-ամյակներին նվիրված հոբելյանական երեկոները։

- Տարածաշրջանի ո՞ր համայքների հետ է առավել արդյունավետ ստացվում աշխատանքը։

- Մենք աշխատում ենք բոլորի հետ ու փորձում բոլոր համայնքներին ներգրավել նախարարության ծրագրերում, աջակցել, օժանդակել նրանց։

Յուրաքանչյուր համայնք ունի իր առանձնահատկությունները՝ կապված տվյալ հատվածի ազգային ու մշակութային նրբերանգների հետ: Մենք չենք կարող ամենուր նույն մոտեցումները կիրառել: Ուստի յուրաքանչյուր համայնքի հետ մշակվում է առանձին գործելաոճ, հատուկ ծրագիր, ինչն էլ տալիս է իր արդյունավետությունը: 

- Իսկ ո՞ր համայքներեն են առավել ակտիվ։

- Վերջերս սկսել է ակտիվանալ Ավստրալիայի համայնքը։
Կարծում եմ՝ շատերն են արդեն տեղյակ, որ մոտ մեկ ամիս առաջ Ավստրալիայում՝ Սիդնեյում, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ստեղծվել է «Սփյուռք-Հայրենիք համագաղութային մարմին» համայնքային կառույցը։
Սա կարևոր ձեռքբերում կարելի է համարել։ Կառույցը համախմբելու է համայնքում գործող հեղինակավոր կազմակերպություններին։

Նորաստեղծ կառույցի նպատակն է համախմբել Ավստրալիայի հայ համայնքը, ամրապնդել Սփյուռք-Հայրենիք կապը, նպաստել հայ ինքնության պահպանմանը։

Միաժամանակ ավստրալահայերը հնարավորություն կունենան ծանոթանալու և ակտիվորեն մասնակցելու նախարարության բոլոր ծրագրերին ու ձեռնարկներին։ Հույս ունենք, որ այս կառույցի օգնությամբ առավել ակտիվ, արդյունավետ կհամագործակցենք, և բոլորին կհասնի մեր հաղորդագրությունը։

Կառույցի աշխատանքները համակարգելու է Ավստրալիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Էդիկ Դարբինյանը։
Նպատակ ունենք Ավստրալաիյում ևս իրականացնել կրթամշակութային աջակցության ծրագիր։ Այն դեռևս նախագծային փուլում է։

Հարավային Ամերիկան, Ավստրալիան այն համայնքներ են, որտեղ հայապահպանությունը լուրջ խնդիր է, առկա է ուծացման վտանգը, խառնամուսնություններն են շատ։ Իսկ մոտավոր հաշվարկներով Ավստրալիայում մոտ 60 հազար հայ է ապրում։

Այս տարվա մեծ ձեռքբերումներից կարելի է համարել այն, որ Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը։ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել են նաև ԱՄՆ-ի երկու նահանգներ։

Ուրախալի է, որ վերականգնվում է խորհրդականների ինստիտուտը։ Դա շատ կդյուրացնի մեր աշխատանքը։ Իսկ այն երկրներում, որտեղ խորհրդականներ չկան, աշխատում ենք մեր դեսպանների, հյուպատոսների հետ։

Մինչև տարեվերջ Կանադայում (Խորեն Մարդոյան), Ամերիկայում (Գագիկ Վարդանյան) ՀՀ սփյուռքի նախարարի  խորհրդականներ ենք ունենալու, որոնք համակարգելու են համայնքների հետ տարվող աշխատանքները։

Զրուցեց  Լուսինե  Աբրահամյանը

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38