ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
24.12.2012

Լուսինե Ստեփանյան
«Հայապահպանությունը մեր առաջնահերթությունն է…»
Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը այս պաշտոնը վարում է 2012 թվականի օգոստոսի 1-ից: Իրանագետ է, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ նվիրված Ռզա Փահլավի շահի ներքին քաղաքականությանը: Ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը Լ. Ստեփանյանի հետ:
- Տիկի´ն  Ստեփանյան, կարճ ժամանակ է, ինչ ղեկավարում եք Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչությունը: Արդյո՞ք դժվար չէր   համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության  բաժնի պետի պաշտոնից անցում կատարել վարչության պետի պաշտոնին, մանավանդ որ իր ընդգրկումներով այս վարչությունը կարելի է համարել ամենաառանցքայիններից մեկը:

- Ես Սփյուռքի նախարարությունում աշխատում եմ 2009 թվականի ապրիլից: Կարող եմ ասել, որ այստեղ եմ նախարարության ձևավորման առաջին շրջանից: Նախարարությունում բոլոր վարչությունների և բաժինների աշխատանքները փոխկապացված են, ամեն ինչ ուղղված է Հայստան-Սփյուռք կապերին, Սփյուռքի կենսունակության պահպանմանը, համահայկական ծրագրերի ներդրումներին: Բնականաբար, այս փոխկապակցվածությունը, ընդհանուր հայեցակարգերը ամեն մի վարչության և բաժնի առջև յուրահատուկ խնդիրներ են դնում, ամեն մեկից պահանջում համակողմանի աշխատանք: Ինձ համար դժվար չէր այս վարչության պետի պաշտոնում աշխատելը, որովհետև միշտ էլ սերտ առնչություններ եմ ունեցել վարչության հետաքրքրության կենտրոնում գտնվող համայնքների և ազգային կառույցների գործունեության հետ: Ավելացնեմ նաև, որ զբաղվելով Իրանի մի ողջ պատմաշրջանի գիտական հետազոտմամբ՝ ուսումնասիրել եմ տարածաշրջանը, հատկապես այս տարածաշրջանին բնորոշ խնդիրները, որոնցից անմասն չեն եղել հայկական համայնքները: 

- Դուք պաշտոնը ստանձնեցիք իսկապես բարդ ժամանակաշրջանում, երբ առաջնային համարվեց Սիրիայի խնդիրը: Ավելի հստակ՝ սիրիահայության գոյատևման հարցը, քանզի Սփյուռքի հնագույն ու կազմակերպված համայնքներից մեկը կանգնեց փլուզման եզրին, ճակատագրական դարձան բազմաթիվ հարցեր, վտանգվեց մեր հայրենակիցների ֆիզիկական գոյությունը…

- Այո՛, հատկապես օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սիրիայում այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ անհնար դարձավ մեր հայրենակիցների կեցությունը, քաղաքացիական պատերազմն ընդգրկեց նաև հայաբնակ շրջանները, զոհվածների մեջ հայտնվեցին նաև մեր հայրենակիցները: Եթե տարեսկզբին դեռ հույսեր էին փայփայվում, որ իրավիճակն աստիճանաբար կգնա դեպի մեղմացում, հատկապես հոծ հայազանգված ունեցող Հալեպը զերծ կմնա պատերազմական գործողություններից, ապա նշյալ ժամանակաշրջանում պատերազմական գործողությունները հասան իրենց բարձրակետին: Բնականաբար, մեզ համար կարևորագույն խնդիր դարձավ աջակցությունը սիրիահայերին, նրանց հանդեպ հոգածությունը և պետական մակարդակով բազմաթիվ խնդիրների լուծումը: Հայաստանի իշխանությունները, Սփյուռքի նախարարությունը ամեն ինչ արեցին, որպեսզի կարողանանք ապահովել բազմաթիվ սիրիահայերի անվտանգ տեղափոխումը Հայաստան, այստեղ կեցության խնդիրների կարգավորումը: Արդեն տարբեր առիթներով ներկայացվել են այն բոլոր միջոցառումները, որոնք կյանքի են կոչվել ինչպես երկրի նախագահի ու վարչապետի, այնպես էլ մեր նախարարության ջանքերով: Վարչությունը սերտ կապեր է հաստատել սիրիահայերի հետ ինչպես այստեղ՝ հայրենիքում, այնպես էլ Սիրիայում, ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահել իրավիճակային զարգացումները… Նախարարությունն այստեղ կազմակերպել է հանդիպումներ, քննարկումներ, լուծել մեծաթիվ երեխաների ամառային հանգստի, ուսուցման կազմակերպման հարցերը: Նախարարության համար իսկապե´ս լուրջ փորձություն էր այս ամենը, որովհետև դրված էին երբեմն անգամ անլուծելի համարվող խնդիրներ: Հիմա արդեն ամեն ինչ կանոնակարգված է, կարողանում ենք տիրապետել իրավիճակին և առավելապես հոգ տանել Հայաստանում ապաստանած սիրիահայերի մասին:

- Նշենք, որ հայաստանյան մի շարք կառույցներ կազմակերպեցին մարդասիրական չվերթեր, Սիրիա ուղարկեցին ինչպես սննդամթերք ու դեղորայք, այնպես էլ հագուստեղեն:

- Նախարարությունը համագործակցել է բոլոր այն կազմակերպությունների հետ, ովքեր ծանր ու դժվարին օրերին ձեռքերը ծալած չեն նստել, բոլորիս անհանգստությունն ու ցավն են համարել Սիրիայում կատարվողը… Նշված բեռները ուղարկվել են Հայ օգնության միության, բազմաթիվ այլ կառույցների կողմից: Մենք նույնպես մեր շնորհակալությունն ենք հայտնում նրանց: Բայց մենք հիմա առավել մտահոգված ենք հայրենիքում գտնվողների խնդիրներով, նաև կոչով դիմել ենք բոլոր սփյուռքահայերին՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, սատարելու… Մեր ժողովուրդը բազմաթիվ փորձությունների միջով է անցել, 20-րդ դարավերջին մենք ապրեցինք Սպիտակի երկաշարժի ավերումների ցավը, շատ բան կորցրեցինք: Մեր կողքին կանգնեցին սփյուռքահայերը, մենք զգացինք հատկապես սիրիահայերի ջերմ աջակցությունը… Հիմա հերթը մերն է՝ անել ամեն ինչ, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց այստեղ ապահով զգան, ունենան աշխատանք ու տանիք: Պաշտոնական միջոցառումներից առավել կարևոր եմ համարում բարոյական ու հոգեբանական աջակցության ձևերը: Ու մենք ձգտեցինք նաև նման աջակցության ձևերը գտնել ու կիրառել… Ես ուզում եմ առանձնակիորեն նշել այն բոլոր կազմակերպություններին, որոնք այս բարդ ժամանակաշրջանում կանգնեցին սիրիահայերի կողքին՝ այսպես նաև ինչ-որ չափով դյուրացնելով մեր աշխատանքները՝ Հայ Կաթողիկե եկեղեցի, Հայ ավետարանչական ընկերակցություն, «Տիրամայր Հայաստան» , « Կարիտաս»...

- Հասկանալի է, որ սիրիահայերի խնդիրները դարձան վարչության գործունեության հիմքը, սակայն մի՞թե այլ խնդիրներ և գերակայություններ չկան, որոնք նույնպես կազմում են ձեր գլխավորած ստորաբաժանման առաջնահերթությունները:

- Դուք ինքներդ էլ նշեցիք, որ տարածաշրջանն ամենաբարդն ու բազմաշերտն է: Սիրիահայերի խնդիրներին այսօր զուգադրվում են իրաքահայերի խնդիրները: Հայաստանում, ինչպես գիտեք,  600-ից ավելի են Իրաքից տեղափոխված ընտանիքները: Արդեն տևական ժամանակ այս ընտանիքների հետ տարվում են համակողմանի շխատանքներ: Մեզ համար նրանց ինտեգրումը դարձել է կարևորագույն խնդիր: Այլ մշակույթի մեջ ապրած, արևելահայերենի հետ խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք նույնպես ապրել էին պատերազմի սարսափները, կորցրել շատ բան, հայտնվել անորոշության մեջ... Հիմա աստիճանաբար կարգավորվում է նրանց վիճակը, շատերի աշխատանքի հարցերը լուծված են, նրանք կարողանում են ներգրավվել հայաստանյան կյանքում, ինքնահաստատվել: Անպայմանորեն հայ մարդու զարմանալի կենսունակությունն է ուժ տալիս նրանց, նրանց կողքին ենք մենք... Մենք մեր ձեռքը պահում ենք զարկերակին, անընդհատ հետևում նրանց, ամեն ինչ անում, որպեսզի նրանց իրավունքները դառնան լիարժեք: Սա բարդ գործընթաց է, բայց մենք արդեն որոշակի փորձ ենք կուտակել, մենք կարողացել ենք ձևավորել փոխադարձ վստահություն: Կարևոր է նաև հոգևոր-մշակութային արժեքների հետ իրաքահայերի սերտակցումը: Հենց այս արժեքներն են նպաստում այն բանին, որ նրանք կարողանան արագ սերտակցվել մեր իրականությանը, դառնալ նրա լիիրավ անդամները:

-  Տիկի´ն Ստեփանյան, գիտեմ, որ չափազանց մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, սերտ են եղել կապերը Լիբանանի, Թուրքիայի, տարածաշրջանի մյուս երկրների հայ համայնքների հետ, կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, հրատարակվել են գրքեր, պարգևատրվել են համայնքների նշանավոր գործիչները: Սակայն սրանք դեռ ճանապարհի սկիզբն են...

-  Այո՛, ճանապարհի սկիզբն են, որովհետև Սփյուռքը և հատկապես Միջին ու Մերձավոր Արևելքը, հեշտ չէ միանգամից ընդգրկելը, բոլոր խնդիրներին անդրադառնալը: Մենք տասնամյակների բացն ենք լրացնում, տասնամյակներով ինքնահոսի մատնված խնդիրներն ենք այսօր բերում մեր ուշադրության կենտրոն: Խորհրդային տարիներին, որքան էլ եղել են առնչություններ, այնուհանդերձ, դրանք հաճախ կրել են խիստ գաղափարայնացված բնույթ, միշտ չէ, որ կենսունակ և գործուն են եղել կապերը: Երևի գործունեության այդ ձևերն էլ ծնել են անվստահություն: Այսօր մեզ համար առաջնային է դարձել վստահության խնդիրը: Մենք մեր բոլոր գործողությունների հիմքում դնում ենք վստահությունն ու փոխվստահությունը, ձգտում ենք ճանաչել Սփյուռքը և ճանաչելի դարձնել նաև Հայաստանը: Այստեղ էլ բազմաթիվ հոգեբանական արգելքներ են հառնում, որոնք երեք-չորս տարում չեն կարող լուծվել: Տևական և համառ աշխատանք է անհրաժեշտ: Նշեմ, որ արդեն սերտացման ճանապարհները կարճացել են, արդեն ամրանում են մեր կապերը: Հաղթահարվում են նաև սփյուռքյան որոշ կառույցների դիմակայությունները: Ուրեմն, կարող ենք վստահորեն ասել, որ Սփյուռքի նախարարությունն ընտրել է ճիշտ գործառույթներ, ճիշտ հայեցակարգեր: Այդ հայեցակարգերի հիմքում, բնականաբար, հայապահպանման խնդիրներն են, հայապահպանության ջանքերն են: Հայապահպանությունը մեր առաջնահերթությունն է: Մերձավոր Արևելքում այսօր  պատերազմների և հեղափոխությունների հետևանքով  կազմաքանդվում են ավանդական Սփյուռքի շատ հանգրվաններ ու կառույցներ, նորից մեր հայրենակիցները հեռանում են իրենց բնավայրերից՝ փնտրելով առավել ապահով տեղեր: Ավերվում են դպրոցները, մշակութային-ազգային հաստատությունները: Իսկ այս ամենն իր ավերիչ հարվածն է հասցնում հայեցիությանը, լեզվին: Մենք  ամեն ինչ անում ենք, որպեսզի հայապահպանման միջոցով կարողանանք փրկել մեր հայրենակիցներին ուծացումից, ազգային ինքնության կորստից: 

 -   Շուտով կփակենք 2012-ի օրացույցի վերջին էջը: Ի՞նչ կմաղթեք:

- 2013-ը մեզ համար բարդ ու դժվարին տարի է լինելու: Փետրվարին կայանալու են նախագահական ընտրություններ: Մենք արդեն ընտրել ենք գոյության մի ճանապարհ, որում կարևորվում են ազգային գերխնդիրները, որոնք առավել հստակ ճանապարհով կընթանան, եթե ունենանք ճիշտ ընտրություն, եթե հնարավորություն տրվի շարունակելու այն ներքին և արտաքին քաղաքականությունը, որի շնորհիվ հաստատել ենք կայունություն, աշխարհին լսելի ենք դարձրել մեր շատ հարցեր: Մաղթում եմ կայունություն բոլորիս: Սիրիային մաղթում եմ խաղաղություն: Ուզում եմ, որ այնտեղ ապրող ամեն մի հայ հույսով դիմավորի Ամանորը և շատ շուտ տեսնի բացվող խաղաղ առավոտները: Ողջ տարածաշրջանին եմ խաղաղություն և կայունություն մաղթում... 

Զրուցեց  Լևոն Մութաֆյանը

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38