Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
«Նախարարության կեսը՝ մեր ուսերին, իսկ…»
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
24.12.2012

Ատոմ Մխիթարյան
«Նախարարության կեսը՝ մեր ուսերին, իսկ…»
Ով թեկուզ մեկ անգամ այցելել է ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչություն, հավանաբար նկատել է պատին փակցված հետևյալ գրությունը՝ «Նախարարության կեսը` մեր ուսերին, թագավորության կեսը՝ ձեր»։ Շատերը հավանաբար մտածել են, որ դա ընդամենը հետաքրքիր կատակ է կամ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող յուրատեսակ խթան։ Պարզվում է, որ ամենից շատ ավելի լուրջ է ու ինքնատիպ։
Իսկ թե ինչ է իրականում այդ գրությունը խորհրդանշում, և թե ինչ ծրագրեր է իրականացրել Համահայկական ծրագրերի վարչությունը 2012 թվականին, կներկայացնի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցի ընթացքում։
- Պարո´ն Մխիթարյան, որո՞նք են վարչության այս տարվա ձեռքբերումները։

- Նախ ուզում եմ մի փոքր պատմել վարչության մասին, որպեսզի թե´ ընթերցողները, թե´ գործընկերները կարողանան պատկերացում կազմել։

Համահայկական ծրագրերի վարչությունը երկու բաժին ունի՝ Գիտակրթական ծրագրերի բաժին
(բաժնի պետ՝ Սիրվարդ Համբարյան) և Մշակութային, սպորտի և երիտասարդական ծրագրերի բաժին (բաժնի պետ՝ Գրետա Մնացականյան)։ 

ՀՀ սփյուռքի նախարարության իրականացվող ծրագրերի մեծ մասը մշակում, օժանդակում, իրականացնում է մեր վարչությունը։ Այդ է պատճառը, որ յուրաքանչյուր տարի մենք ունենում ենք մեր կարգախոսը։

Անցնող տարում մեր կարգախոսն էր՝ «Նախարարության կեսը մեր ուսերին…»։ Ամբողջ տարի առաջնորդվեցինք այս կարգախոսով։ Ոչ միայն նախարարության ծրագրերը կիսեցինք, այլ նաև այն վարչությունները, որոնք ընթացքում որևէ դժվարություններ էին ունենում  կամ մեր օգնության էին դիմում, սիրով օժանդակում էինք։

Ուրախությամբ և հպարտությամբ պետք է նշեմ, որ վարչությունում միշտ բարի, լավ տրամադրություն է իշխում, որը և նպաստում է գործերի լավ ընթացքին։ Բոլորը սիրում, հարգում, ժպտում են միմյանց, ինչը մենք շատ ենք կարևորում։
Կարևոր է նաև այն, որ երբեք չենք ասում՝ սա իմ գործն է, սա՝ քոնը, ի պաշտոնե ես այս գործերով պետք է զբաղվեմ, դու այլ գործերով զբաղվիր և այլն։

Մեզ մոտ յուրաքանչյուր աշխատանք համընդհանուր ուժերով է արվում։ Փոխօգնությունն ու համագործակցությունը միշտ առկա է մեր վարչությունում, ինչը նաև սովորելու և զարգանալու գրավականն է։

Տարվա ընթացքում վարչության ձեռքբերումներից մեկը այն էր, որ մենք, վարչության պետից բացի, ունեցանք ևս մեկ տղա աշխատակից, ինչի համար մենք շատ ուրախ ենք։ Հայկը մեր վարչությունը համալրեց՝ ավարտելով ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնը։ Սա նաև Սփյուռքի նախարարության և ԵՊՀ-ի համագործակցության լավագույն օրինակն է։
Երկրորդ՝ մեզ վերամիացավ Արմինեն, ով մեծացնում էր իր բալիկին։

Երրորդ՝ նշանեցինք մեր աշխատակցուհի Մանանին, ընդ որում՝ սփյուռքահայի հետ։ Հետաքրքիր է, որ Մանանն իր ապագա ամուսնու՝ Սուրենի հետ ծանոթացել է «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում։
Ճիշտ է՝ Մանանը ամուսնությունից հետո տեղափոխվելու է, բայց մենք Ուկրաինայի համայնքում կունենանք շատ լավ մասնագետ, ում հետ առանց դժվարության կարող ենք համագործակցել։

Այս տարի մեր վարչությունը տատիկ ունեցավ. տիկին Սիրվարդը դարձավ կրկնակի տատիկ։ Նա այժմ տղա և աղջիկ թոռ ունի։ Իհարկե, սա չի խանգարում, որ տիկին Սիրվադը երիտասարդական ավյունով շարունակի կատարել իր աշխատանքները։

Ամռանը տիկին Սիրվարդը Ուկրաինայի հայերի միության և Ղրիմահայոց ընկերության հրավերով  Սիմֆերոպոլում մասնակցեց հայերենի ուսուցիչների համաուկրաինական եռօրյա գիտագործնական համաժողովին՝ «Ուկրաինայի կրթական համակարգում հայոց լեզվի ուսումնասիրման սահմանադրական իրավունքի իրացման ուղիները» թեմայով:
Մեր աշխատակցուհի Անժելան, վարչությունում աճելով, այդ ամենը ամրագրեց նաև փաստաթղթերով. նա դարձավ առաջատար մասնագետ։

Գրետան ընդամենը մի քանի օր առաջ է վերադարձել Իտալիայից։ Նա ուղեկցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։
ՀՀ սփյուռքի նախարարը Իտալիա էր մեկնել՝ մասնակցելու Վենետիկի Մխիթարյան միաբանության և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին` նվիրված Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին:

Իհարկե, վարչության ձեռքբերումները պայմանավորված են համայն հայության ձեռքբերումներով։
Այս տարի մենք հաջողությամբ իրականացրինք  նոր, շատ պատասխանատու ծրագիր՝ «Սփյուռք ամառային դպրոցը»։
Հաջողությամբ իրականացրինք նաև «Արի տուն» ծրագիրը։ 

- Պարո´ն Մխիթարյան, ծրագրերին դեռ կանդրադառնանք, բայց նախ ուզում եմ, որ մի հարցի մասին խոսենք։ Դուք շատ հետաքրքիր ներկայացրիք վարչության աշխատակիցների ինչպես անձնական, այնպես էլ գործնական ձեռքբերումները։ Կարծում եմ՝ ընթերցողներին կհետաքրքրի նաև վարչության պետի ձեռքբերումները։ Հատկապես  որ մոտ մեկ ամիս առաջ եք վերադարձել Դոնի Ռոստովից, որտեղ կայացավ ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների առաջին համաժողովը։

- Իրավացի եք, նոյեմբերի 16-19-ը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Դոնի Նախիջևանյան հայկական համայնքի, Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ կայացավ ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների առաջին համաժողովը:
Համաժողովի արդյունքում ստեղծվեց Հայկական երիտասարդական կազմակերպությունների ցանց և համակարգող խորհուրդ, որի աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նախապատրաստում ենք հաջորդ տարի Հայաստանում կազմակերպել համահայկական երիտասարդական մեծ համաժողով։

Այս տարի մեկնել եմ նաև Մեծ Բրիտանիա, հանդիպումներ եմ ունեցել Էդինբուրգի համալսարանի Սփյուռքագիտության ամբիոնում Շոտլանդիայի կառավարության Սփյուռքի հարցերով բաժնի ղեկավարի հետ։

- Այժմ անդրադառնանք վարչության կողմից իրականացվող ծրագրերին։ Կարծում եմ՝ ՀՀ սփյուռքի նախարարության ամենակարևոր ծրագրերից մեկը «Արի տուն» ծրագիրն է, որը Հայաստանում է միավորում աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երիտասարդներին։ Այս տարի ինչքա՞ն մասնակից ունեցավ ծրագիրը։

- Այս տարի «Արի տուն»-ը մեկնարկեց հունիսի 9-ին, շարունակվեց մինչև սեպտեմբերի 1-ը և իրականացվեց 8 փուլով: Ծրագրին մասնակցեց աշխարհի շուրջ 30 երկրի 940 պատանի, երիտասարդ: 

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Արի տուն» ծրագրի սպասված պլանները գերազանցեցինք. նախատեսված 800-ի փոխարեն Սփյուռքից հյուրընկալեցինք 940 պատանի և երիտասարդ, ինչպես նաև  450 երեխա Սիրիայից։
Կարևոր էր հատկապես սիրիահայ պատանիների ամառային հանգստի կազմակերպումը։

Կառավարության աջակցությամբ և համագործակցելով Տարածքային կառավարման նախարարության հետ՝ սիրիահայ պատանիները երկու-երեք շաբաթ մնացին Հանքավանում և Աղավնաձորում։

- Պարո´ն Մխիթարյան, վարչության կարևոր ձեռքբերումներից է նաև Երևանում Սիրիական կրթական ծրագրով դպրոցի բացումը։

- Սիրահայերի հետ տարվող աշխատանքները շատ ծանր էին, թեև նախապատրաստված էինք և կարողացանք հնարավորինս օժանդակել, աջակցել սիրահայերին։ 

Սկզբնական շրջանում սիրիական պետական ծրագրով դպրոց բացելու անհրաժեշտություն չկար: Մտածում էինք  արևելահայերենի ուսուցման դասընթացներով նախապատրաստել երեխաների՝ հայաստանյան դպրոցներ հաճախելու համար:
Ամռանը մեր կողմից նախաձեռնվեց և կազմակերպվեց հայոց լեզվի (արևելահայերենի) դասընթացներ սիրիահայերի երեք խմբի համար: Դասընթացներին մասնակցեց 7-ից մինչև 63 տարեկան շուրջ հինգ տասյակ սիրիահայ:

Հայաստանում ապաստանած սիրիահայերի մեծ մասը պատերազմն ավարտվելուց հետո մտադիր են վերադառնալ Սիրիա, և ծնողներն անհրաժեշտություն էին համարում սիրիական կրթական ծրագրով դպրոցի գործունեությունը, որպեսզի վերադարձից հետո երեխաները ուսումնական պրոցեսից հետ չընկնեն։

Հոկտեմբերի 9-ին  ՀՀ կրթության, գիտության նախարարի, Երևանի քաղաքապետի,  ՀՀ  սփյուռքի նախարարի անմիջական հանձնարարությամբ և «Կիլիկիա» բարեսիրական միության աջակցությամբ մայրաքաղաքի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում բացվեց «Կիլիկիա» վարժարանը։

Սիրիահայ դպրոցահասակ երեխաների համար, ովքեր ցանկություն են հայտնել սովորել երևանյան հանրակրթական դպրոցներում, Երևանի երեք վարչական շրջաններում առանձնացվել է երեք ավագ դպրոց՝ հ. 54 (Արաբկիր), հ. 182 (Կենտրոն) և հ. 62  (Նոր Նորք), որտեղ ստեղծվել են նպաստավոր պայմաններ 5-12-րդ դասարաններում սիրիահայ դպրոցականների ուսման համար: 

Գրանցվել և ՀՀ ԿԳՆ, ՀՀ բուհեր է ուղղորդվել ավելի քան 150 սիրիահայ երիտասարդ, որոնց ուսման վարձավճարի զեղչման, ուսումնառության հետ առնչվող խնդիրների լուծման հարցերով նախարարության կողմից արվել են միջնորդություններ:

Աշխատանք է տարվել նաև Հունաստանից, Սիրիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Իսրայելից հայրենադարձված ընտանիքների  երեխաների՝ մանկապարտեզ և դպրոց ընդունման հարցերի լուծման ուղղությամբ:

Սիրիահայերի հետ տարվող աշխատանքները շարունակական են, և մենք միշտ պատրաստ ենք աջակցել նրանց։

- Պարո´ն Մխիթարյան, այս տարի առաջին անգամ իրականացվեց «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը։

- ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ 2012թ. իրականացրեց «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը: Ամառային դպրոցի գործունեությունն իրականացվեց հինգ ուղղություններով` Հայոց լեզվի արագացված ուսուցում, Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վերապատրաստում, կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների վերապատրաստում, Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոց, Սփյուռքի լրագրողների վերապատրաստում:

Ամառային դասընթացներին նախատեսված 70-ի փոխարեն մասնակցեց աշխարհի 13 (ՌԴ, Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան, Վրաստան, Ռումինիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Էստոնիա, ԱՄՆ) երկրի՝ 131 սփյուռքահայ:

«Սփյուռք» ամառային դպրոցը» սփյուռքահայերի համար կդառնա մշտական գործող կրթական կենտրոն:
Մշակվել և հրատարակվել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասին թերթոն՝ 1000 օրինակով:

Դոնի Ռոստովում կազմակերպված երիտասարդական հավաքը ցույց տվեց, որ համայնքներում ակտիվ աշխատում են այն մարդիկ, ովքեր մասնակցել են «Առաջնորդների դպրոցին»։

2013 թվականին «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը իրականացնելու ենք հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 4-ը։

- Այս տարի առաջին անգամ իրականացվեց «Իմ Հայաստան» փառատոնը, որը դարձավ Հայրենիք-Սփյուռք գործակցության լավագույն կամուրջը։

- Փառատոնի նպատակը Հայաստան-Արցախ-Սփյուռք  կապերի և համագործակցության ընդլայնումն էր, մշակութային ինքնության պահպանումը, երիտասարդ ստեղծագործողների միջեւ մշակութային կապերի խորացումը:
«Իմ Հայաստան» փառատոնը կազմակերպվեց ոչ թե մեկ շաբաթվա, այլ 6 ամսվա ընթացքում և բաժանված էր ըստ արվեստի ճյուղերի:

Փառատոնը մեկնարկեց Գրողների համահայկական 6-րդ համաժողովով, որին Հայաստանից, Սփյուռքից և Արցախից մասնակցեց շուրջ 70 գրող:

Փառատոնի  շրջանակներում  կայացան  հետևյալ  միջոցառումները՝ «Պարարվեստի օրեր», «Երգչախմբային  արվեստի օրեր», Անհատ կատարողների  ելույթներ, «Դուդուկի համահայկական փառատոն»:

Փառատոնն ունեցավ շուրջ 1258 մասնակից  աշխարհի ավելի քան 23 երկրից՝ Կանադա,  ԱՄՆ,  Արգենտինա, Բրազիլիա, Ավստրալիա, ՌԴ, Բելառուս,  Ուկրաինա,  Ուզբեկստան, Էստոնիա, Վրաստան, Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Հունաստան,  Պորտուգալիա, Էստոնիա, Եգիպտոս, Իրան, Թուրքիա,  Լիբանան,  Սիրիա,  Հորդանան:
Փառատոնը եզրափակվեց հոկտեմբերին տեղի ունենացած Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովով։

-  Վարչության ջանքերով այս տարի հրատարակվեցին Սփյուռքի կրթօջախների համար նախատեսված փորձնական դասագրքեր։

- Հրատարակվել են  «Այբբենարան», «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 1» և «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 2» դասագրքերի փորձնական օրինակները։

Դասագրքերի մշակմանը մասնակցել են ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքյան մասնագետներ: Յուրաքանչյուրից 500-ական օրինակ ուղարկվել ենք սփյուռքի  ազգային կրթօջախներ, հայկական մեկօրյա կրթական հաստատություններ:

- Պարո´ն Մխիթարյան, արդեն մի քանի տարի է՝  հաջողությամբ իրականացվում է «Մեր մեծերը» ծրագիրը, որի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում ինչպես Սփյուռում, այնպես էլ Հայաստանում։

- «Մեր մեծերը» ծրագրի նպատակը հայրենասեր անհատների, ազգային գործիչների ճանաչողությամբ և մեծարմամբ երիտասարդ սերնդի մեջ ազգային իրական արժեքների նկատմամբ հետաքրքրություն արթնացնելն է, որը և կնպաստի ազգային ինքնության  ձևավորմանը: 2012 թվականին «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկված էին Սայաթ-Նովան,  Հովհաննես Բաղրամյանը, Հովսեփ Օրբելին, Գարեգին Հովսեփյանը, Գառզուն  (Գառնիկ Զուլումյան):

«Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում  Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվել են մեծարման միջոցառումներ, հեռուստահաղորդումներ, պատրաստվել են գրքույկներ, ձայնագրություններ և տեսահոլովակներ, որոնք առաքվել են Սփյուռքի տարբեր գաղթօջախների հայ երիտասարդական կազմակերպություններին և հայկական դպրոցներին:

- Պարո´ն Մխիթարյան, վարչությունն իրականացնում է նաև ուսումնական և հանրամատչելի գրականության հավաքում և առաքում համայնքներին։

- ԱՊՀ-ի, Եվրոպայի, Ամերիկայի, Մերձավոր Արևելքի տարածաշրջանների 26 երկիր է առաքվել մոտ 50. 000 կտոր  գրականության։

Սփյուռքյան կառույցներին են առաքվել նաև ՀՀ պետական խորհրդանիշների փաթեթներ:

- Վարչությունը կազմակերպում է նաև Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից իրականացվող «Հայապահպանության գործում ունցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունը։ Արդյունքներն արդեն հայտնի՞ են։

- «Հայկական կրթօջախ», «Մայրենիի պաշտպան», «Հայկական լրատվամիջոց», «Ցեղասպանության 100-ամյա տարելիցը» շարադրությունների մրցույթ անվանակարգերի շրջանակներում իրականացվել են ինչպես նախապատրաստական, այնպես էլ ընթացիկ ու ամփոփիչ աշխատանքները։

«Հայկական լրատվամիջոց» մրցույթի արդյունքներն ամփոփվել են Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ։

Մյուս անվանակարգերում մրցութային հանձնախմբերը կատարել են հայտերի գնահատման աշխատանքները, և արդեն հայտնի են մրցանակակիրները։ Մրցույթները կամփոփվեն տարեվերջին:

- Վարչությունն ակտիվ համագործակցում է նաև սփյուռքահայ ուսանողների հետ և աշխատնքներ տանում նրանց որոշ խնդիրների լուծման ուղղությամբ:

- Վարչությունը մասնակցություն է ցուցաբերում ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի սփյուռքագետների պատրաստման գործընթացին, նախաձեռնել է ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումները սփյուռքագիտության ամբիոնի մագիստրանտների հետ:

Աշխատանքներ են տարվել Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հետ, իրականացվել է գործակցություն սփյուռքահայ ուսանողների շրջանում նախաձեռնված միջոցառումների կազմակերպման, բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ: 
Աշխատանքեր են իրականացվել «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին ՀՀ–ում սփյուռքահայ ուսանողների խորհրդի և Կրասնոդարի երկրամասի «Արմավիր» ջոկատների ձևավորման, հավաքին մասնակցության ապահովման, հայտերի ներկայացման ուղղությամբ:

Այս տարի նախարարությունում կազմակերպվել է ԵՊՀ, Հայաստանի Կառավարման ակադեմիայի, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ավելի քան 100 ուսանողի, մագիստրոսի ձմեռային, ամառային և աշնանային պրակտիկան։

- Պարո´ն Մխիթարյան, հաջորդ տարի նոր ծրագրեր նախատեսվո՞ւմ են։

- Նախատեսում ենք իրականացնել «Կոմիտաս» համահայկական երաժշտական փառատոնը, որն ամենայն հավանականաությամբ տեղի կունենա սեպտեմբերին։ Փառատոնին մասնակցելու են անհատ կատարողներ, երգչախմբեր։

- «Արի տուն» ծրագրում փոփոխություններ նախատեսվո՞ւմ են։

- Ամենայն հավանակությամբ մասնակիցները կշատանան։ Հաջորդ տարի խմբերին էքսկուրսավարներ կուղեկցեն, և պատմամշակութային հուշարձաններ այցելություններն ավելի արդյունավետ և օգտակար կլինեն։ Նախատեսում ենք իրականացնել աշխատակազմի (ուսուցիչներ, ուղեկցողներ) վերապատրաստում։

- Եվ վերջում՝ Ձեր ամանորյա բարեմաղթանքը մեր ընթերցողներին։

- Ցանկանում եմ շնորհավորել բոլորին 2013 թվականի առթիվ և ցանկանալ, որ յուրաքանչյուրը ներդաշնակություն գտնի և´ ընտանիքում, և´ աշխատանքում։

Սփյուռքահայերին էլ կմաղթեմ, որ ավելի շատ տեղեկացված լինեն նախարարության ծրագրերին, որովհետև Սփյուռքի նախարարությունը համայնքների միջև յուրատեսակ հանգույց է։ Միայն համատեղ ուժերով կկարողանանք ուժեղացնել, զարգացնել մեր երկիրը։

Զրուցեց  Լուսինե ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Հ.Գ Այս զրույցի ընթացքում մենք անդրադարձանք միայն Համահայկական ծրագրերի վարչության կարևորագույն ծրագրերին։ Իրականում վարչության կողմից իրականացվող ծրագրերն ու միջոցառումները բազմաթիվ են, որոնք պարբերաբար լուսաբանվել են «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում։

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38