Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
«Ամփոփելով կատարված աշխատանքները՝ տարին կարող ենք համարել բարեհաջող»
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 21 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
25.12.2012

Վաղինակ Վարդանյան
«Ամփոփելով կատարված աշխատանքները՝ տարին կարող ենք համարել բարեհաջող»
ՀՀ սփյուռքի նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը նպաստում է համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ձևավորմանն  ու զարգացմանը, յուրաքանչյուր հայի համար Հայաստանի մասին տեղեկատվության մատչելիության ապահովմանը, Սփյուռքում և Հայաստանում գործող ԶԼՄ-ների համագործակցության զարգացմանը։
Այս ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ է «Հայերն այսօրի» թղթակցի տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցը ՀՀ սփյուռքի նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանի հետ։
- Պարո´ն Վարդանյան, անցնող տարում ՀՀ սփյուռքի նախարարության կարևոր միջոցառումներից էր Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը, որի կազմակերպման գործում մեծ է եղել վարչության դերը։ Կցանկանայի, որ մի փոքր մանրամասնեք այդ աշխատանքները։

-Երկու տարին մեկ անգամ նախապատրաստվում, կազմակերպվում և իրականացվում են լրագրողների համահայկական համաժողովներ: 

2012թ. հոկտեմբերի 4-6-ը ՀՀ սփյուռքի  նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը Աղավնաձորում կազմակերպեց և անցկացրեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցեցին Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ և ներկայացուցիչներ` 107 լրագրող աշխարհի 22 երկրից:

Ներկայումս վարչության ջանքերով կատարվում է լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի զեկույցների հավաքումը, խմբագրումը և համաժողովի նյութերի ժողովածուի կազմման աշխատանքները:

Վարչությունը կազմակերպել և անցկացրել է նաև  «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթը, որի արդյունքներն ամփոփվեցին Լրագրողների համահայկական համաժողովի ընթացքում։ Հաղթող ճանաչված  մասնակիցները ստացել են դրամական պարգևներ:

Վարչության ջանքերով կազմակերպվել և անցկացվել է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության շրջանակներում իրականացվող «Հայկական լրատվամիջոց» մրցույթը, որը ևս ամփոփվեց Լրագրողների համահայկական համաժողովի ընթացքում։ 34 մասնակիցներ արժանացան մրցանակների:
 Սփյուռքում ունենալով բավականին մեծ թվով լրատվամիջոցներ՝ մենք պետք է ակտիվացնենք համագործակցությունը, որպեսզի 2014 թվականին նախատեսված Լրագրողների համահայկական համաժողովի մասնակիցների թիվն ավելի մեծ լինի։
Այդ նպատակով 2013 թվականին ցանկանում ենք ակտիվացնել համագործակցությունը սփյուռքյան տեղեկատվական կառույցների, կայք-էջերի հետ։

Նման համագործակցության շնորհիվ մենք կունենանք շփման լայն հնարավորություններ, կկարողանանք նախարարության տեղեկատվությունը հասանելի դարձնել նաև Սփյուռքի կառույցներին և փոխանակվել տեղեկատվությամբ։ Կարճ ասած՝ աշխուժություն պետք է հաղորդել, ակտիվացնել և հարստացնել համահայական մասնագիտական ցանցերը, միաժամանակ հնարավորություն ստեղծել՝ գործարկելու և ստեղծելու նոր ցանցեր։

- Սփյուռքյան լրատվամիջոցների հետ համագործակցությունն աշխուժացնելու համար կարևոր է նաև երիտասարդ լրագրողների հետ տարվող աշխատանքները։ Այս ուղղությամբ վարչությունն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում։

- Վերջին երկու տարիներին նախապատրաստվում և իրականացվում են լրագրողների վերապատրաստման դասընթացներ, որոնք միշտ փայլուն ավարտ են ունենում: Եթե 2011թ. լրագրողների վերապատրաստման դասընթացներն ունեին տարիքային սահմանափակում (կարող էր մասնակցել Սփյուռքի որևէ լրատվամիջոցում աշխատող մինչև 33 տարեկան երիտասարդ լրագրող), ապա, հաշվի առնելով Սփյուռքի հիմնական կարիքները և այն հանգամանքը, որ չափազանց անբավարար է հայկական մամուլում աշխատող երիտասարդների թիվը, 2012-ին, արդեն «Սփյուռք ամառային դպրոցի» ծրագրով, իրականացվեց Սփյուռքի լրագրողների վերապատրաստում հստակ ուղղվածությամբ՝ հայ-թուրքական հարաբերություններ. արդի զարգացումներ, Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում, հակահայ քարոզչության դիմակայում, Արցախյան հիմնախնդիր թեմաներով:

Արձագանքներն առավել քան հնչեղ էին: Սփյուռքյան բազմաթիվ լրատվամիջոցներ բարձր գնահատեցին նախարարության նման մոտեցումը:

- Պարո´ն Վարդանյան, վարչությունը համագործակցում է ինչպես ԵՊՀ-ի, այնպես էլ Արցախի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետների հետ։ Այս տարի ի՞նչ համատեղ միջոցառումներ են իրականացվել։

- 2012-ի հունվարին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ կազմակերպվել է  «Հեռուստատեսությունը և հասարակությունը» խորագրով գիտաժողով։ Գիտաժողովի ընթացքում հնչած զեկույցների մեծ մասը հրապարակվել է ԵՊՀ պարբերականում:

2012 թվականին չափազանց արդյունավետ էր նաև համագործակցությունը Արցախի պետական համալսարանի հետ։ Իրականացվել են ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների մասնագիտական գիտելիքների բարձրացման դասընթացներ։

- Վարչության կարևոր գործառույթներից են նաև տարաբնույթ տեղեկատվական վերլուծությունները։

- Վարչությունն իրականացնում է անհրաժեշտ վերլուծական աշխատանքներ ինչպես տարածաշրջանների լրատվամիջոցների, էլեկտրոնային և տպագիր մամուլի հրապարակումների, այնպես էլ նախարարի այցերի կապակցությամբ անհրաժեշտ նյութերի, տեսաժողովներում բարձրացված հարցերի ու առաջարկությունների շուրջ:

Վերջին տարում առանձնակի ուշադրությամբ հետևել և վերլուծվել են Սիրիայի դեպքերը, արվել կանխատեսումներ դրանց հետագա զարգացման ընթացքի վերաբերյալ:

Սակայն պետք է ասել՝ այս դաշտում որոշակի բացթողումներ կան։ Մինչև այժմ կատարվող վերլուծությունները հիմնականում սահմանափակվում են մշակութային, գաղափարական միջոցառումներով։ Անհամեմատ պակաս ուշադրություն է դարձվել տնտեսական ոլորտին առնչվող լրատվությանը, դրանց վերաբերող վերլուծություններին, հոդվածներին, որ նույնպես շատ կարևոր է։ Այսուհետ մենք ևս, մյուս վարչությունների հետ համատեղ, համապատասխան վերլուծություներ պետք է կատարենք, որպեսզի կարողանանք վեր հանել տնտեսական ոլորտին առնչվող ինֆորմացիան, միաժամանակ լուսաբանել, սփյուռքահայերին իրազեկել Հայաստանում սփյուռքահայերի իրականացրած ներդրումների մասին, ինչը ներկա պայմաններում շատ կարևորէ։ Մենք հաճախ ենք ասում, որ մեր հիմնական ներուժը սփյուռքահայությունն է։ Այդ ներուժն, ուրեմն,  պետք է Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրերում ներգրավել՝ որպես հայության կարևոր ռեսուրս։  Ներդրումներ կատարելու համար սփյուռքահայերը պետք է  տեղեկացված լինեն Հայաստանի տնտեսության մասին, պարզորոշ տեսնեն կանխատեսելի հեռանկարները։

Միաժամանակ Սփյուռքում իրականացվող շատ ծրագրեր կան, որոնց մասին մենք իրազեկված չենք։ 2013 թվականին  այս բացը նույնպես հնարավորինս պետք է լրացվի: 

- Վարչության ուշադրության կենտրոնում է նաև նախարարության կայք-էջի ամենօրյա սպասարկումը, թարմացումը։ Կայք-էջի շնորհիվ տեղեկատվություն է ապահովվում, ինչպես նաև իրազեկվում են նախարարության կազմակերպած բազմաբնույթ միջոցառումները, ծրագրերը։ Այս ուղղությամբ տարվող աշխատանքները Ձեզ գոհացնո՞ւմ են։

- Իրավացի եք, վարչության մշտական հսկողության տակ են ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքի սպասարկումը, իրականացվում են ամենօրյա թարմացումներ, տեղեկատվության տեղադրում, նաև կայքի որոշ բաժինների վերախմբագրման աշխատանքներ: Ավելացվել են հղումները:

ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայք-էջը բավականին ժամանակ է, որ գործում է և պարբերաբար լուսաբանել է նախարարության ծրագրերն ու միջոցառումները։ Սակայն հաշվի առնելով նախարարության ծրագրերի ընդհանուր ծավալները, անհրաժեշտություն է դարձել նոր, առավել որակյալ կայք-էջի գործարկումը, որն արդեն պատվիրվել է և կգործարկվի 2013 թվականին։ Իհարկե, հին կայքը կպահպանվի, և նոր կայքի միջոցով հղում կարվի հին կայք-էջին։

Մենք ցանկանում ենք ակտիվացնել, կենդանություն տալ նախարարության «Հայկական սփյուռքի վիրտուալ թանգարան» կայք-էջին, որտեղ հետաքրքիր ու արժեքավոր տեղեկատվություն է հավաքվել, սակայն տարբեր պատճառներով կայքի աշխատանքները չեն շարունակվել։ Այս ուղղությամբ համապատասխան ծրագրեր են մշակվել, և տարեսկզբից ձեռնամուխ ենք լինելու կայք-էջի թարմացմանը՝ ներառելով այն ամբողջ տեղեկատվությունը, ինչը կայքի համապատասխան էջերում նախատեսված է։

- Պարո´ն Վարդանյան, սփյուռքահայերին օժանդակելու նպատակով 2012 թվականին կյանքի կոչվեց նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը, ինչը նույնպես ձեռքբերում կարող ենք համարել։

- Այո´, համագործակցելով հայաստանայն օպերատորներից մեկի հետ՝ կարողացանք գործարկել «Թեժ գիծ» ծառայությունը։ Այսուհետ յուրաքանչյուրը մարդ՝ աշխարհի ցանկացած երկրից, կարող է հեռախոսազանգի միջոցով ստանալ իրեն հուզող հարցի պատասխանը։

- Նախարարության ծրագրերի և միջոցառումների լուսաբանման համար կարևոր են նաև հայաստանյան ԶԼՄ-ների հետ տարվող աշխատանքները։ Այս ուղությամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում։

- Այս տարի համաձայնություն է ձեռք բերվել «Արմենիա» հեռուտաընկերության  հետ, և «Բարի լույս, հայեր» ու «Հեռուստախոհանոց» հաղորդումներին հրավիրվել են  «Արի տուն», «Իմ Հայստան» և «Ամառային դպրոց» ծրագրերի մասնակիցները:

Համագործակցում  ենք  «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի հետ: 
Համակարգվել են «Սփյուռքի ժամ» հեռուսատահաղորդաշարի նկարահանումները, տրամադրվել են աշխատանքների, տեղեկատվական նյութերի հեռարձակման կամ հրապարակման համար անհրաժեշտ  տեսանյութեր:

Համակարգվել են նաև «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Համասփյուռ» ծրագրի  աշխատանքները, տեղեկատվական նյութերի հեռարձակումը, տրամադրվել են հրապարակման համար անհրաժեշտ  տեսանյութերը: Կազամակերպվել է  «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Ս.Հարոյանի մասնակցությունը հեռուստաընկերության  «Բանաձև» հաղորդաշարին:

Կազմակերպվել է Սփյուռք «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների մասնակցությունը «Երգ երգոց» ծրագրին:
Համակարգվել են նախարարության 4-ամյակին նվիրված ֆիլմի պատրաստման աշխատանքները:
«Արմենիա» հեռուստաընկերությանը, արբանյակային ցուցադրության նպատակով, տրամադրվել են  Սփյուռքի նախարարության հետևյալ տեսանյութերը՝ «Ոսկե շերեփ», «Սփյուռքի նախարարությունը 3 տարեկան է», «Արի տուն» ծրագրի հոլովակները, «Իմ Հայաստան» փառատոնի բացումը, փակումը, «Մեր բարերարները», «Հայից հայ»:
Նախարարության ծրագրերը լուսաբանվում են նաև «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Մերոնք» հաղորդաշարերի շրջանակներում:

2013 թվականին նախատեսում ենք ակտիվացնել հեռուստաընկերությունների հետ տարվող աշխատանքները։ Ինչպես նկատեցիք, այսօր հիմնական համագործակցությունը իրականացվում է երկու-երեք հեռուստաընկերություների հետ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Արմենիա», «ԱրմՆյուզ»։ Նախարարության  աշխատանքները, ծրագրերը լրատվամիջոցների համար փակ չեն։ Սակայն Սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքները, սփյուռքյան կյանքը բազմակողմանի լուսաբանելու համար անհրաժեշտ է ներգրավել նաև այլ հեռուստաընկերություների: 
Նախարարությունում կատարվող կարևոր իրադարձություները, մասնավորապես «Արի տուն» ծրագրի շրջանակներում իրականացվող երեխաների ընդունելությունը, նախարարի կողմից կազմակերպվող մամուլի ասուլիսները և մյուս կարևոր միջոցառումները, որոնք լայն հնչողություն ունեն, նպատակ ունենք Policom համակարգի միջոցով օն-լայն ռեժիմով հեռարձակել։ Նման ձեռնարկը սփյուռքյան մեր գործընկերներին հնարավորություն կտա միջոցառումների անմիջական մասնակիցը դառնալ, ինչպես նաև ապահովել տեղեկատվության հրատապությունը։

2013 թվականին իրականացվող ծրագրերը շատ են. հաստատել ենք վարչության 2013  թվականի  պլան-ժամանակացույցը, որտեղ նշված են մեր բոլոր միջոցառումները, և յուրաքանչյուր աշխատակից տեղյակ է, թե ինչ աշխատանք է իրականացնելու։

- Պարո´ն Վարդանյան, ավարտին է մոտենում տարին, ինչպե՞ս կամփոփեք այն։

- Նշեմ, որ վարչությունը լիարժեք կատարել է 2012 թվականին նախատեսված աշխատանքները: 
Քանի որ առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են, տարին կարող ենք համարել բարեհաջող։ 2013 թվականին նախատեսվող աշխատանքային ծրագրերը  շատ ավելի բարդ են, ընդգրկուն և պահանջում են ավելի հետևողական աշխատանք, մասնագիտական խորը գիտելիքներ, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներն իրականացնել։

-  Վերջում պիտի  ցանկանայինք լսել Ձեր ամանորյա բարեմաղթանքները։

- Նախ ուզում եմ «Հայերն այսօրի» աշխատակիցներին բեղուն աշխատանքային տարի մաղթել։

Հաջողություն եմ ցանկանում նախարարության ղեկավարությանը, ողջ անձնակազմին, մասնավորապես Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության բոլոր աշխատակիցներին, ովքեր օժտված են մարդկային որակներով և մասնագիտկան հմտություններով։ Յուրաքանչյուրն աշխատում է իր հնարավորությունների առավելագույն չափով։

Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք 2013 թվականին առաջադրված բարդ խնդիրներն իրագործել։ Ողջունելի է նաև նախարարությունում տիրող առողջ, ընկերական, փոխհանդուրժողական մթնոլորտը, որը նախարարության հաջողություների ու ձեռքբերումների կարևոր գրավականներից մեկն է։

Զրուցեց  Լուսինե  ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38