ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
26.12.2012

Հրաչ Ասլանյան
«Համակողմանի աշխատանքներն ու կենդանի շփումները կմեծացնեն մեր աշխատանքի արդյունավետությունը»
«Հայերն այսօր»-ը շարունակում է իր զրույցները Սփյուռքի նախարարության վարչությունների պետերի հետ, ովքեր, ամփոփելով 2012 թվականը, միաժամանակ ուրվագծում են այն տեսլականները, որոնք դառնալու են նոր տարում գործունեության հիմնասկզբունքներ: Ստորև ներկայացնում ենք  Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանի հետ մեր թղթակցի հարցազրույցը:
-Պարո՛ն Ասլանյան, եթե փորձենք շատ կարճ բնութագրել անցնող տարին ձեր գլխավորած վարչության աշխատանքներում,  ի՞նչ կարող ենք ասել:

- 2012 թվականը մենք ամփոփում ենք, անշուշտ, մի շարք կարևոր ու նշանակալի միջոցառումներով, ձեռքբերումներով, հաջողություններով: Կատարված աշխատանքներին ցանկանում եմ միանշանակորեն դրական գնահատական տալ, չնայած, բնականաբար, կարելի էր շատ ավելի լավ աշխատել, կարելի էր ավելի շատ խնդիրներ լուծել… Թե՛ նախարարությունը, թե՛ մեր վարչությունը ձևավորել են աշխատանքի կայուն ձևեր և մեթոդներ, որոնք հետագայում կարող են շատ ավելի խորանալ՝ այսպիսով առավել ցայտուն դարձնելով մեր արդյունքները:

- Գիտենք, որ ավանդական սփյուռքի հետ շատ ավելի հեշտ է աշխատել, քան նորակազմ համայնքների, այն նոր սփյուռքի, որը հիմնականում ձևավորվեց ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո: Ճիշտ է, Եվրոպայում ևս ունեցել ենք ավանդական սփյուռք, սակայն այսօր առավել մեծ թիվ են ներկայացնում նորակազմ համայնքները: Արդյո՞ք այս հանգամանքը չի դժվարացնում ձեր աշխատանքները:

- Նախարարությունը մշակել է Սփյուռքի հետ տարվող աշխատանքների մարտավարությունը և ծրագրերը: Դրանք միասնական են բոլորի համար, քանի որ արտացոլում են մեր քաղաքականությունը, Հայաստան-Սփյուռք գործակցության առանցքային խնդիրները: Սակայն, բնականաբար, ամեն մի վարչություն ունի իր գործառույթները, իր առաջադրանքները, աշխատանքի իր ձևերը, որոնք բխում են համայնքների առանձնահատկություններից, դրանցում գերակա դարձող առաջնահերթություններից: Ավանդական և նորակազմ համայնքներից ամեն մեկն ունի իր առանձնահատկությունները, իր խնդիրները, Հայրենիքի հետ հարաբերվելու իր չափումները: Այստեղ է, որ մենք գործի ենք դնում այսպես կոչված անհատական մոտեցումների սկզբունքը, քանի որ շատ վաղուց գիտենք, որ Սփյուռքը միատարր չէ, միատարր չեն պահանջներն ու առաջարկությունները: 

- Մշակույթը ստեղծում է ամուր կապ, մշակույթին միանում են նաև հոգևոր բովանդակության միջոցառումները, որոնք նույնպես նպաստում են լեզվի ու ազգային մշակույթի պահպանմանը, դրանց միջոցով՝ ազգային ինքնության հաստատմանը: Կարո՞ղ ենք առանձնացնել մի քանի կարևոր միջոցառումներ:

- Իհարկե, կարող ենք: Մենք նպաստել ենք այն բանին, որ Արցախի հիմնահարցը ներկայացվի ոչ միայն իր քաղաքական ենթատեքստերով և ընդգրկումներով, այլև մշակութային խճապատկերով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարի պետական անսամբլի համերգները լուրջ ներդրում են եղել ղարաբաղյան հիմնահարցի հանրահռչակման ճանապարհին: 2012թ. մայիսին Եվրոպայի հայ համայնքների վարչության  կողմից տարված աշխատանքների շնորհիվ Միլանի հայ համայնքը աջակցել  է ԼՂՀ մշակույթի նախարարության խնդրանքին և հոգացել Արցախի պետական երգչախմբի՝ Միլանում, Վենետիկում և Հռոմում համերգներով հանդես գալուն՝ ապահովելով  30 հոգանոց երգչախմբի  տեղափոխումը  Միլան-Հռոմ-Վենետիկ-Միլան և այլ տեխնիկական հարցեր: Եվրոպայի հայ համայնքների վարչությունը ԼՂՀ մշակույթի նախարարության, Ֆրանսիայում ԼՂՀ  ներկայացուցչի և Մարսելի 13 և 14 թաղամասերի  թաղապետ Գարո Հովսեփյանի հետ տարված համատեղ աշխատանքների շնորհիվ 2012թ.  հունիսին ապահովեց  Արցախի պետական պարախմբի մասնակցությունը Ֆրանսիայի Հարավային մասի ազգային փոքրամասնությունների մշակութային փառատոնին, ինչպես նաև աջակցեց հայ համայնքների համար պարախմբի համերգների կազմակերպմանը Մարսելում և շրջակա քաղաքներում: Նույն Գարո Հովսեփյանի հետ  համատեղ իրականացված աշխատանքների շնորհիվ Մարսելի  ամենամյա միջազգային տոնավաճառի շրջանակներում հայկական տաղավարում Հայաստանի  վարպետները   ներկայացրին իրենց աշխատանքները:

- Տեղյակ ենք, որ վարչությունը աշխատանքներ է կատարել նաև «Արի տուն» ծրագրի շրջանակներում…

- Եվրոպայի հայ համայնքների վարչությունը 2012թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում մասնակցել է «Արի Տուն» ծրագրի աշխատանքներին` ուղարկելով մասնակցության հայտեր  Եվրոպայի համայնքային կազմակերպություններին: Այս ամենի արդյունքում վարչությունը 2012թ. ընթացքում Եվրոպայի շուրջ 20 երկրներից ապահովել է  88 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն  «Արի Տուն» ծրագրին: Սակայն չբավարարվենք միայն նշված ծրագրով: Ավելացնեմ մի շարք աշխատանքներ, որոնք մենք համարում ենք մեր ձեռքբերումները, և որոնց շնորհիվ առավել կարևորվում է մեր նախարարության դերը: Վարչության աշխատանքների և Մարսելի քաղաքապետի տեղակալ, ֆրանսահայ բարերար  Դիդիե Պարակյանի ջանքերով Ֆրանսիայից մեծաքանակ բուժսարքավորումներ են բերվել Հայաստան և տրամադրվել բժշկական հաստատություններին, ինչպես նաև վերջինս աջակցել է ՀՀ սահմանամերձ համայնքների մանակպարտեզների վերանորոգման աշխատանքներին: Վարչության կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ «Ֆրանսիայի  նախկին ռազմիկների միութունը», ի դեմս  նախագահ  Անտուան Բաղդիկյանի, ՀՀ սփյուռքի նախարարությանն է հանձնել Հայոց ցեղասպանությունը վերապրածների 100 ժամ տևողությամբ  ձայնագրության 50 ձայնասկավառակ, որը փոխանցվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Վարչության աշխատանքների շնորհիվ  այս տարի ևս «Ռուբեն Սևակ» կրթաթոշակ տրամադրվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երկու սփյուռքահայ  ուսանողի: Կրթաթոշակը հովանավորվել է Ռուբեն Սևակի ազգական, շվեյցարահայ  Հակոբ Ավագյանի կողմից:  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մարսել, որի ընթացքում ձեռք  է բերել  պայմանավորվածություն Մարսելի Էքս Ան Պրովանսի  «Սիանս Պո»  քաղաքագիտության համալսարանի հետ և ստորագրել է համագործակցության պայմանագիր: Վերջինիս նպատակն է  զարգացնել փոխադարձ հարաբերություններ և համագործակցություն, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի բազայի վրա հիմնել Էքս Ան Պրովանսի  քաղաքագիտության համալսարանի մասնաճյուղ և համագործակցել այդ ոլորտների շրջանակներում, կազմակերպել համատեղ ուսումնական ծրագրեր և իրականացնել հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր:

- Պարո՛ն Ասլանյան, 2012 թվականը կմտնի մեր ժողովրդի պատմության մեջ նաև Հունգարիայի կառավարության տխրահռչակ որոշմամբ, որը ցնցեց ողջ հայկական աշխարհը, շատերին ոտքի հանեց: Ի՞նչ մասնակցություն ունեցավ ձեր գլխավորած վարչությունն այդ ակցիաներին:

- ՀՀ սփյուռքի նախարարության՝ Հունգարիայի կառավարության՝ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ կոչը Եվրոպայի հայ համայնքների վարչությունը շուրջ 15 000 էլհասցեներով ուղարկել է Եվրոպայի հայկական համայնքներ, ինչպես նաև հավաքագրել և կազմել է տեղեկանք նշված համայնքներում  տեղի ունեցած  ցույցերի, բողոք-նամակների և արտասահմանյան մամուլում տեղ գտած  հոդվածների վերաբերյալ: Նախարարությունը միշտ էլ անմիջական արձագանք է հնչեցրել ցանկացած հակահայ գործողության դեմ, ուստի Սումգայիթյան 25-րդ տարելիցին ընդառաջ՝ Եվրոպայի հայ համայնքների վարչությունը պատրաստվում է  հայկական համայնքների միջոցով կազմակերպել միջոցառումներ՝ նպատակ ունենալով Ամերիկայի, Եվրոպայի և ԱՊՀ երկրներում ճշմարտացիորեն ներկայացնելու Սումգայիթի և Մարաղայի ջարդերը, Շահումյանի բռնությունները և տեղահանությունները, Ալիևի ռազմատենչ կոչերը, ինչպես նաև հակազդել Խոջալուի «դեպքերի» վերաբերյալ թուրք-ադրբեջանական զրպարտանքներին և խեղաթյուրված փաստերին:

- Հայտնի է, որ դեռևս այնքան էլ ամուր չեն կապերը Եվրոպայի մի շարք հայ համայնքների հետ: Ինչո՞վ է բացատրվում նման իրավիճակը:

- Մեր վարչությունն ամեն ինչ անում է, որ բոլոր համայնքների հետ տարվեն համակարգված աշխատանքներ, սակայն միշտ չէ, որ ամեն ինչ պայմանավորված է նախարարության գործունեությամբ: Մի շարք համայնքներ ձգտում են գործել ներփակված, չեն մասնակցում համահայկական ծրագրերին, նախարարության հետ շփման պակաս կա: Որպես կանոն, դրանք նորակազմ համայնքներ են, որոնցում բացակայում են կազմակերպված համայնքային կառույցներ: Բնականաբար, մենք ձգտում ենք նրանց «լռությունը» խախտել, ամեն ինչ անել մեր աշխատանքներում ներգրավելու համար, սակայն այսօր պետք են առավել գործնական կապեր, գործնական հարաբերություններ: Ես կարևորում եմ նաև գործնական շփումները, սերտ կապերը: Երբեմն այն թյուր տպավորությունն է ստեղծվում, թե միայն ու միայն նախարարությունը պիտի ջանքեր գործադրի՝ մեծացնելու համար համայնքների հետ կապերը: Սակայն անհրաժեշտ է, որ համայնքներն էլ հանդես բերեն նախաձեռնողականություն:

- Ավարտվեց տարին, բոլոր հաջողություններն ու թերացումները մնացին անցնող տարվա շրջանակներում: Ուրեմն, ի՞նչ կարող եք ասել գալիք տարվա առթիվ:

- Ուզում եմ շնորհավորել աշխարհի հայությանը, բոլորիս, մաղթել նոր ու խաղաղ տարի: Միաժամանակ ուզում եմ հույս հայտնել, որ գալիք տարում ձեռքբերումների մասին խոսելու առավել մեծ հնարավորություններ կունենանք:

Զրուցեց Լևոն Մութաֆյանը

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38