ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մանրամասներ
26.12.2012

Բաժակ նայելու սովորույթը «մեղադրվում է» սուրճե կտավների ստեղծման մեջ
Նիկոլայը երկու տարեկան էր, երբ ընտանիքով Հայաստանից տեղափոխվեցին Ռուսաստան: Մինչև հինգ տարեկան հասակը նա ամեն տարի  եկել է Հայաստան՝ Նոր Հաճն գյուղ` տատիկի տանն ամառային հանգիստն անցկացնելու: Դրանից հետո տևական ժամանակ Հայաստան չի եկել,  սակայն հարազատներին տեսնելու կարոտը 2008 թ.  նրան կրկին Հայաստան բերեց, և հենց այդ ընթացքում էլ բացահայտվեց  սուրճի նստվածքով տարբեր կերպարներ  ու ֆիգուրներ  ստեղծելու նրա թաքնված տաղանդը:
Իսկ գաղտնազերծված այդ տաղանդի համար «մեղավորը» հայերիս սուրճ հյուրասիրելու և վայելած սուրճի բաժակի նստվածքով բախտ նայելու սովորույթն  է: Թեպետ  Նիկոլային սուրճ հյուրասիրելիս նույնպես,նրա  բաժակը նայելով, փորձել են գուշակել  բախտը, ինչը, հակառակ ամեն տեսակի ջանքերի,  չի ստացվել, այնուամենայնիվ նա անլուրջ ու անիմաստ ժամանակի վատնում է համարում հայերիս այդքան սիրելի՝ բաժակ նայելու «շնորհը»: 

 «Հայաստանում ում տուն գնում ես,  անպայման սուրճ են հյուրասիրում  ու ամեն անգամ  սուրճ հյուրասիրելուց հետո իրար բաժակ են նայում,- պատմում է Նիկոլայը:- Ես էլ  միշտ զարմանում էի , թե ինչպես են կարողանում սուրճի նստվածքից  բաժակի պատերին հայտնված պատկերները ամեն մեկը յուրովի մեկնաբանել: Օրինակ՝  շունը մեկի աչքին գայլ էր երևում,  մյուսի աչքին՝ մեկ ուրիշ կենդանի,և հենց  այդ պատկերացումից էր կախված սպասվող  լավ կամ վատ իրադարձությունը, ինչու չէ՝ նաև լավ կամ վատ լուրը:  Ես էլ մտածեցի.  «Հետաքրքիր է՝  ինչ կստացվի, եթե բաժակի մեջ եղած պատկերները հավաքվեն թղթի վրա:  Ի՞նչ պատկեր կստացվի, եթե սուրճի նստվածքն ամբողջությամբ շուռ տամ մաքուր թղթի մակերեսին»:
  
Եվ հենց այդ  հարցի «պատճառով»  ստացվեց այն, ինչ ստացվեց: Նիկոլայը դարձավ սուրճի  նստվածքի հումքով ստեղծված կտավների հեղինակ:  Սակայն առաջին մի քանի գործերը ծնվեցին «ինքնաբերաբար»՝  առանց Նիկոլայի միջամտության: Ավելին՝ արդյունքում  ստացվեցին տարբեր ժանրերի գործեր՝ աբստրակտ, ռեալիստական և այլն: Նիկոլայի հետաքրքրությունն «իր հեղինակած» նորարարության նկատմամբ մեծացավ այնքան, որ նա որոշեց ամեն դեպքում սուրճե  կտավներ ստեղծելիս իր մատը, այնուամենայնիվ, խառնել գործի մեջ:  Եվ Նիկոլայի  մատների հարվածներից ծնվեցին տարբեր պատկերներ, իսկ շատ չանցած անգամ  լույս  աշխարհ եկավ նրա սուրճե դիմանկարը: Երբեմն  մատներին փոխարինում են փայտի մի կտոր կամ գրիչի ու  մատիտի գլխիկը: «Հիմա սուրճ խմելու ընթացքում մտքումս ինչ ծնվում է, արագ հանձնում եմ թղթին»,-ասում է Նիկոլայը: 

Նիկոլայի սուրճի բաժակը շատ են նայել, բայց ապարդյուն, քանի որ մեր հերոսի իրական կյանքը և այսքան ժամանակ նրա  բաժակը նայողների երևակայության սահմանները երբեք չեն հատվել:  «Բաժակ նայելուն չեմ հավատում, բայց  ծիծաղ առաջացնելու  աստիճան երևույթն  ինձ դուր է գալիս, քանի որ այդ  պահին ով  ինչ պատկեր տեսնի, սկսում է հորինել»,- ասում է նա: 

  Սուրճե նուրբ ստեղծագործական պատկերները  չլղոզվելու և պահպանվելու համար  շատ կարևոր է, որ  պատկերի ֆիքսված տեսքը  չխաթարվի: Եվ ահա  այդ հարցում  իր «աջակցությունն» է առաջարկում լամինացիան:  Նրա գործերը արխիվացվում են լամինացիայով: Վերջինիս  շնորհիվ Նիկոլայն այսօր  կարողացել է իր հեղինակած սուրճե ստեղծագործությունների պաշարը հարստացնել  բազմաթիվ գործերով: Նիկոլայն առանձնապես սուրճ խմելու սիրահար չէ, սակայն նախընտրում է  բացարձակ դառը՝ շոկոլադե սալիկի ընկերակցությամբ: Երբեմն  պատահում է, որ նա շատերի նման առավոտը դիմավորում է սուրճով, իսկ օրվա ընթացքում նրա սուրճ խմելու  առավելագույն քանակը  չի գերազանցում  չորս բաժակը: Մեր հերոսը ամեն սուրճ խմելիս չէ, որ ցանկանում է ստեղծագործել: Իսկ պատկերները հիմնականում  ծնվում են  միայն  իր  խմած սուրճի նստվածքից. հազվադեպ է դիմում ուրիշների խմած սուրճի «հումքին»: 

Նիկոլայի ստեղծագործությունները  այս կարճ  ժամանակահատվածում հասցրել են գրավել ու հետաքրքրել շրջապատին: Այսօր արդեն Ուկրաինայում իր գործերի համար անհատական ցուցահանդեսներ կազմակերպելու հրավերներ է ստանում: Նիկոլայը չի թաքցնում, որ սիրով կընդունի նաև  իր անհատական ցուցահանդեսը Հայաստանում անցկացնելու հրավեր: Գուցե  Նիկոլային  հրավիրելու այդ առաջարկությունը սարերի ետևում չէ… 


Նիկոլայի հետ  տեսակապով զրուցեց  դառը  սուրճը  շոկոլադե սալիկով նախընտրող Լիանա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ  

Հ.Գ.
Անձնական կյանք՝
Անուն Ազգանուն- Նիկոլայ Միրումյան
Տարիք -  31
Մասնագիտութուն- Գրաֆիկական-դիզայներ , ավարտել է Կրասնոդարի Արվեստի  ինստիտուտը 
Աշխատանք- Այսօր Նիկոլայը զբաղվում է տարբեր կազմակերպությունների դիզայներական աշխատանքներով, հիմնականում՝ պոլիոգրաֆիկ գործով: Այս տարիների ընթացքում նա կարողացել է  դառնալ բազմաթիվ ընկերությունների էմբլեմաների, վեբ կայքերի  դիզայնների հեղինակ:


|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38