Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
«Տիեզերքի շարժիչն ու դավանանքը անբասիր, մաքուր աշխատանքն է, անուն ու պատիվ ստեղծելը, Հայրենիքին նվիրվելը»
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 21 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
06.01.2013

Հրանուշ Հակոբյան
«Տիեզերքի շարժիչն ու դավանանքը անբասիր, մաքուր աշխատանքն է, անուն ու պատիվ ստեղծելը, Հայրենիքին նվիրվելը»
Ամանորի նախաշեմին «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ : Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:
  - Տարիքով դեռևս մանուկ, բայց լուրջ գործերով իմաստնացած ՀՀ  սփյուռքի նախարարության գերխնդիրը ո՞րն է, և արդյո՞ք այն իրատեսական է Սփյուռքում ապրող 7 միլիոն հայության համար:

- Մեր գործունեության գերխնդիրը հայապահպանությունն է, մենք աշխատում ենք  աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածներին առաջարկել տարբեր ծրագրեր, որպեսզի նրանք  հնարավորինս ներգրավված լինեն  հայկական իրականությունում, կապ ունենան Հայաստանի, հայ ժողովրդի, Հայոց պետության հետ: Դրսում հայ մնալու, հայ ինքնության բանալին Հայաստանի հետ կապն է: Իմ կարծիքով` հայ մնալը պետք է յուրաքանչյուր սփյուռքահայի պարտքն ու պատասխանատվությունը լինի: Մենք պետք է այնպես անենք, որ մարդը հայ լինելու, ապրելու, հայ մնալու համար հպարտ զգա իրեն:  Բնականաբար, 7 միլիոն բազմակարծիք, բազմաշերտ, բազմալեզու  հայության հետ աշխատելիս հնարավոր չէ մեկ մոտեցում որդեգրել:  Այդ է պատճառը, որ մեր առաջարկությունները,  մինչև կիրառում ստանալը, նախ քննարկում ենք սփյուռքյան շատ կառույցների, անհատների հետ: Առանց մյուս կողմի ձայնը լսելու` մենք դատապարտված կլինենք: Ուրախ եմ, որ մեր անցյալ 4 տարիների գործունեությունն ունի իր դրական արդյունքները՝ սփյուռքի հայության մասնակցությունը մեր բոլոր նախաձեռնություններին,  որոնց հիմքում միանշանակ հայապահպանությունը, լեզվի պահպանությունն է, այն ցուցիչը, ըստ որի մեր գաղափարախոսությունը, միտումները հասնում են իրենց  նպատակակետին:  Բավական է միայն արձանագրել այն փաստը, որ նախարարության իրականացրած տարբեր  ծրագրերի ու նախաձեռնությունների արդյունքում նպաստել ենք զբոսաշրջության զարգացմանը, որը վերջին 3 տարին ավելացել է  30-40 տոկոսով, նպաստել ենք Հայաստանում սովորող սփյուռքահայ երիտասարդության թվի ավելացմանը. ներկայումս Հայաստանում բարձրագույն կրթություն ստացող սփյուռքահայերի թիվը կրկնապատկվել է: Ուրախ ենք, որ կան ավելի քան 1000 հայրենադարձված ընտանիքներ, ովքեր ապրում ու գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետությունում : 

  - Սփյուռքի ո՞ր հատվածն է առավել խոցելի հայապահպանության առումով, կա՞ն այդ հիմնախնդիրները լուծելու ազդեցիկ և ինչ-որ չափով արդյունավետ միջոցներ:

- Այո՛, կան տարածքներ, որոնք ուծացման վտանգի առջև են կանգնած:  Այսօր ԱՊՀ տարածաշրջանի առումով ունենք լուրջ մտահոգություն:  Ավանդույթի ուժով այս երկրների բնակիչներն իրենց զգում են «հայրենիքում», ինչը պատմական առումով ճշմարտություն է, և այդ  առումով այսօր արդեն նրանք կորցրել են իրենց զգոնությունը հատկապես հայերենի նկատմամբ: Այս երկրներում ապրող մեր հայրենակիցներին, հատկապես  երիտասարդներին դեպի Հայաստան և դեպի մայրենին վերադարձնելու խնդիր ունենք: 2013 թվականին նախատեսվող «Հայերենն իմ սրտում է» երիտասարդական հավաքի նպատակներից մեկը նաև երիտասարդների շրջանում  մայրենի լեզվի  կարևորության ընդգծումն է,  որը կօգնի բարձրացնելու ազգային ինքնության գիտակցությունը, նպաստելու լեզվի, մշակույթի պահպանմանը: Համաժողովի ընթացքում թեմատիկ քննարկումների միջոցով հնարավոր կլինի բարձրաձայնել համազգային կարևորության խնդիրներ՝ դրանց լուծումներում հայ երիտասարդության տեղն ու դերը որոշելու համար:

  - Այսօր բոլո՞ր հնարավոր միջոցներն են կիրառվում՝ օգնելու մեր սիրիահայ  հայրենակիցներին. կառավարության, գերատեսչական բոլո՞ր լծակներն են համախմբված աշխատում:

-Սիրիահայերի հիմնախնդիրները ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են, իսկ Սփյուռքի նախարարությանը հանձնարարված է համակարգել սիրիահայերի հիմնախնդիրների վերաբեյալ կատարվող աշխատանքները: Պետք է նշեմ, որ գործադիր իշխանության մարմիններում աշխատում են համակարգված` առավելագույն արդյունավետությամբ ու արագությամբ արձագանքելով յուրաքանչյուր հիմնահարցի: Արդյունքում մի շարք իրավական ակտերում կատարվել են փոփոխություններ, և արդեն սիրիահայերը  ՀՀ քաղաքացու անձնագրեր են ստանում Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչություններում՝ ազատվելով պետական տուրքի վճարումից, կացության մշտական կամ ժամանակավոր փաստաթղթեր են ստանում՝ առանց գումարներ վճարելու և այլն :  Բացի այդ, սիրիահայերն իրավունք ունեն Հայաստանի մուտքի արտոնագիր ստանալ անմիջապես սահմանի վրա, առանց խոչընդոտների փոխանակել սիրիական վարորդական իրավունքի վկայականները : Ցամաքային ճանապարհով Հայաստան գալու դեպքում ավտոմեքենաներն ազատված են մաքսային վճարներից և այլն: Հայաստանում գտնվող սիրիահայերը պետական բժշկական հաստատություններում անվճար բուժօգնություն, ծննդօգնություն են ստանում: Եթե ժամանակին սիրիահայերի անհանգստության պատճառներից էր երեխաների ուսուցման հիմնահարցը, ապա ուսումնական տարվա սկզբից, անսալով մեր հայրենակիցների խնդրանքին և հաշվի առնելով նրանց՝ Սիրիայում իրավիճակի կայունանալուց հետո վերադառնալու ցանկությունը, մենք Գիտության և կրթության  նախարարության հետ նախաձեռնեցինք սիրիական կրթական ծրագրով հանրակրթական դպրոցի հիմնումը, որին աջակցեցին Երևանի քաղաքապետարանը և  «Կիլիկեան» բարեսիրական միությունը,  ուր սովորում են շուրջ 270 սիրիահայ երեխաներ:

ՀՀ սփյուռքի նախարարությունը հորդորում է բոլոր համահայկական կազմակերպություններին, անհատներին, բարեգործական կառույցներին, ինչպես նաև միջազգային կառույցներին՝ նյութական աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին :Մենք աջակցեցինք  սիրիահայերին` ստեղծելու «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի նպատակը հենց սոցիալապես կարիքավորներին հայտնաբերելն ու  նյութական օժանդակության կազմակերպումն է: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Հայաստանում գտնվող սիրիահայերի մտահոգության հիմնական առարկան աշխատանք ունենալը կամ սեփական, թեկուզ փոքրիկ գործ ունենալն է : Անսալով նրանց պահանջին` մենք կազմակերպեցինք հայաստանցի գործարարների և սիրիահայերի հանդիպումը, ովքեր աշխատանքի տեղավորման խնդիր ունեն : Ու հենց հանդիպմանը գործարարները ներկայացրին իրենց առաջարկները, գործատուն ու աշխատողը գտան միմյանց:  Մեր կոչն էր  հայաստանցի յուրաքանչյուր գործարարի, որ գոնե մեկ սիրիահայի աշխատանքի ընդունի, և ուրախ եմ, որ այս կոչն  անարձագանք չմնաց:

ՀՀ սփյուռքի և էկոնոմիկայի նախարարությունների նախաձեռնությամբ շուրջ 40 սիրիահայ ընդգրկվեց Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնում հատուկ սիրիահայերի համար կազմակերպված  20 օր  տևողությամբ դասընթացին, որի նպատակը սեփական գործ հիմնել ցանկացող սիրիահայերին հայաստանյան հարկային քաղաքականությանը, ինչպես նաև բիզնես գործունեության ծավալման նրբություններին ու առանձնահատկություններին ծանոթացնելն է, այնուհետև՝ նվազագույն ցածր տոկոսադրույքով մատչելի վարկերի տրամադրումը: Կենտրոնի մասնագետների խորհրդատվությամբ մասնակիցները կիրազեկվեն բիզնեսի պլանավորման բոլոր փուլերի մասին, այնուհետև կազմված բիզնես-պլանը կներկայացվի խորհրդին՝ մինչև 3-5 միլիոն ՀՀ դրամ անտոկոս վարկավորում ստանալու նպատակով: Մենք հանդիպում-խորհրդակցություն ունեցանք սիրիահայ գործարարների և պետական ոլորտի ներկայացուցիչների միջև, որպեսզի ցանկություն ունեցողները ներդրումներ կատարեն Հայաստանում : Պետք է փաստեմ, որ ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունները պատրաստակամ են` անհրաժեշտ հարկային, մաքսային, օրենսդրական ու իրավական, շուկային վերաբերող   խորհրդատվություն տրամադրել  սիրիահայերին : Եվ ես կոչ եմ անում բոլոր սիրիահայերին օգտվել այդ «արտոնությունից» և սեփական գործ հիմնել՝ պետական հատվածի խորհրդատվությամբ :
 
- Սիրիահայության հետ կապված` ստեղծված իրավիճակն արդյոք կաթվածահար չի՞ անում ՀՀ  սփյուռքի նախարարության մյուս ծրագրերը, կարողանո՞ւմ եք նույն ընթացքով իրականացնել Ձեր մտահղացումները, մշակված ծրագրերը:

-Սիրիահայության ծանր վիճակն իսկապես մեր բաց վերքն է, և յուրաքանչյուրիս պարտքն է աջակցել պատերազմական իրավիճակից Հայաստան հասած մեր հայրենակիցներին :  Սիրիահայերի հիմնախնդիրները նախարարության բոլոր ստորաբաժանումների և բոլոր աշխատակիցների ուշադրության առանցքում են : Աշխատում ենք հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր վարչություն անում է իր գործը, սակայն սիրիահայերի հարցերն առաջնահերթություն ունեն : Ստեղծված իրավիճակը կաթվածահար չի անում, բայց նոր ծանրաբեռնվածություն ու պատասխանատվություն է ավելացնում մեր` առանց այն էլ բավական հագեցած աշխատանքին : Սակայն դա մենք անում ենք սիրով, նվիրումով և մեծ պատասխանատվությամբ :
 
- Ի՞նչ հաճախականությամբ եք այցելում սփյուռքահայ գաղթօջախներ, որտե՞ղ են Ձեզ ամենից շատ սպասում, հավատում:

-Հաճախ եմ լինում տարբեր երկրների հայ համայնքներում : Ամեն դեպքում ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, որը 7 միլիոն հայերի Հայրենիքն է : Միշտ էլ Հայրենիքից եկածի հետ շփումը հաճելի է, և ոչ մի հիմնախնդիր չի առաջացել իմ հանդիպումների ժամանակ : Դժվարանում եմ ասել, թե որտեղ չեն սպասում,  սակայն կարող եմ ասել, որ եթե չհավատային, իրականություն չէին դառնա այն բոլոր ծրագրերը, որոնք մենք իրագործում ենք և աշխատում սփյուռքյան  մոտ 30.000 կազմակերպությունների տեղեկացնել այդ մասին : Ուրախ եմ, որ կա միտումը, որ համահայկական կառույցներն իրենց կարևորագույն միջոցառումներն արդեն իրականացնում են ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ու համագործակցությամբ: Ընդհանուր առմամբ՝ շատ չեմ լինում տարբեր երկրներում. միջին հաշվարկով ամսական 3 օր, սակայն դա օգնում է առավել լավ ճանաչել միմյանց, քննարկել նոր ծրագրեր, նախաձեռնություններ, և կապն առավել որոշակի է դառնում : Համայնք այցելությունից հետո  նկատվում է ակտիվություն նախարարության հետ աշխատանքներում, ինչպես նաև  ավելանում է զբոսաշրջիկների, երկքաղաքացիություն ստանալու  համար դիմողների թիվը:

  - Տարեցտարի ընդլայնվում է ՀՀ  սփյուռքի նախարարության աշխարհագրական տարածքը, ինչպես նաև գործառույթները. ըստ այդմ` աճո՞ւմ է Ձեր աշխատակազմը, նոր բաժիններ, վարչություններ ստեղծվո՞ւմ են, թե՞ եղածը բավարար է:

-Իրո՛ք, աստիճանաբար լայնանում է Սփյուռքի նախարարության գործունեության առանցքը՝  «նվաճվում» են համահայկական տարածքներ, ընդլայնվում ու նոր հնչեղություն են ստանում նախարարության ծրագրերը՝ աշխարհագրական ու բովանդակային առումով, բայց աշխատակազմը մնում է նույնը :  Սակայն պետք է նշեմ, որ մենք ունենք կամավոր գործընկերներ, ովքեր անդամագրվել են`համագործակցելու մեզ հետ : Նախարարության գործունեությունից ի վեր մենք ձևավորել ենք մասնագիտական համահայկական ցանցեր՝ իրավաբանների, ֆինանսիստների ու բանկիրների, ճարտարապետների, լրագրողների , գրողների, ոսկերիչների և այլն : Մեր աշխատանքը խարսխում ենք նաև կամավորների վրա՝ մեր օգնական գործընկերների, առանց որոնց դժվար կլիներ պատկերացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը :
 
- Բնականաբար, յուրաքանչյուր ոք մեծ գործերի հեղինակ է դառնում մի քանի օբյեկտիվ, ընդունելի կամ չընդունելի պատճառներով` փառքի, հայրենասիրության, սեփական ծրագրերն իրականացնելու, ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու համար… Կասե՞ք՝  որ «օղակի» մեջ եք…

- Իմ գործունեությունը՝ աշխատանքը, հարաբերությունները, ինձ բաժին հասած քաղաքականությունը, որը վարում եմ,  պայմանավորված են հայրենասիրությամբ, պատասխանատվությամբ և ունակություններս ու փորձս  Հայրենիքին ու ազգին ծառայեցնելու գիտակցությամբ : 

- Տիկի΄ն Հակոբյան, այս հարցը ես ուղղում եմ Ձեզ արդեն երկրորդ անգամ. Դուք բոլոր նախադրյալներն ունեք դառնալու երկրի ղեկավար, և դա հեղաշրջում կլինի` Հայաստանում կին նախագահ ունենալու առումով: Ինչո՞ւ չեք դնում Ձեր թեկնածությունը, ի՞նչն է Ձեզ խանգարում: Հնարավոր է` դրանից շահի հայ ժողովուրդը:

-ՀՀ նախագահի պաշտոնն անչափ կարևոր և պատասխանատու  պաշտոն է, և ցավում եմ, որ կան մարդիկ, ովքեր  փորձում են առաջադրվել  և իրենց հաշիվ չեն տալիս այդ քայլի համար : Մենք ունենք փորձառու ղեկավար, ում էլ պետք է աջակցել, որպեսզի ժողովրդավարական սկզբունքներին խիստ համահունչ տեղի ունենան ընտրությունները, և նախագահը ժողովրդի մեծ քվեներով պաշտոնավարի առաջիկա 5 տարիներին : Մյուս կողմից, իմ խորին համոզմամբ,  մեր հասարակությունը դեռ  շատ փորձություններ  և զարգացումներ պետք է ապրի, որպեսզի ընտրի կին ղեկավար : Ես կարծում եմ, որ հայ իրականությունում  նման արմատական իմիջային փոփոխություն հնարավոր կլինի ոչ շուտ, քան  20-30 տարի անց : 
 
- Ո՞րն եք համարում տիեզերքի, կյանքի մեծ խորհուրդը:

-Տիեզերքի շարժիչն ու դավանանքը անբասիր, մաքուր աշխատանքն է, անուն ու պատիվ ստեղծելը, Հայրենիքին նվիրվելը : 

- Ի՞նչ կմաղթեք համայն աշխարհին և աշխարհասփյուռ հայությանը 2013-ին:

- Համայն աշխարհին և իմ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, Երկիր մոլորակն անխաթար պահելու գործում նոր ձեռքբերումներ և քաջառողջություն, իսկ աշխարհասփյուռ հայությանը` Հայրենիքի շուրջ համախմբվելու, մեծ ու հզոր Հայաստան ունենալու գաղափարի աննահանջ ընթացք:

                                                                                              
Հարցազրույցը վարեց Կարինե Ավագյանը

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38