ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 25 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հռչակավոր հայեր
ԳԱՌԶՈՒ (ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄՅԱՆ)
Նրան կոչեցին բանաստեղծ-նկարիչների իշխան, տեսիլքների արքա: Քաղաքակրթությունների պերճանքն ու թշվառությունը պատկերող նրա կտավներից հորդացող անրջանք տեսան: Տեսան ու սեփականեցին: Հուսահատված, միայնակ կանանց դիմանկարների լազուրի ու կարմիրի մեջ արտասովոր գեղոններ ու ներբողներ կարդացին և սուզվեցին, կախարդվեցին իրական պատկերների մոգությամբ, որ միայն ու միայն Գառզուինն էր ու գառզուական:
Ի վերուստ էր որոշված 1907 թվականին Հալեպում ծնված Գառնիկ Զուլումյանի առաքելությունը: Նա գիծ ու գույնի ճանապարհին էր դեռևս Կահիրեի Գալստյան նախնական վարժարանում, երբ անձկությամբ ու լուռ մեկուսի երփնագրում էր իր ճանաչած միջավայրը՝ լույսի ու ստվերի թնջուկի մեջ: 

Նա՝ Գառնիկ Զուլումյանը՝ «հայու մի բեկոր», եկավ ու խիզախորեն կանգնեց «հանուն ճշմարիտ արվեստի» իրար դեմ սուր ճոճող ուղղությունների հախուռն հորձանքին դեմ առ դեմ: Ու միայնակ: Եվ հաղթեց: Նվաճեց Փարիզն ու դարձավ եվրոպական մշակույթի երևույթներից մեկը: Նրան փորձեցին համարել գերիրապաշտ, սակայն Գառզուն հիմնավորապես առարկեց ու ապացուցեց, որ իր մտածողությունը սիմվոլիստական է՝ խորհրդապաշտական: Ինքը Գառզուն էր և կարողանում էր թնդանոթները հնազանդեցնել գարնան ծաղկունքին, երբ, առանց չափազանցության, աչքերիդ առջև բացվող ծաղիկ է դառնում երեկվա մահաբեր պայթյուն սփռող զենքը: 

Նրա մասին շատ մենագրություններ գրվեցին: Ժան-Մարկ Կամպայնից ու Վալդեմար Ժորժից բացի՝ Գառզուի բոլոր կենսագիները լռության են մատնել նկարչի հայկական ծագումը. պատահել է, որ  նրա ծննդավայրը համարել են Փարիզը կամ Պիրենեյները: Ֆրանսիական արվեստաբանական գրականության մեջ չկա բացարձակապես և ոչ մի աղբյուր, որտեղ հիշատակված լինի, որ «Գառզու»-ն Գառնիկ Զուլումյան անուն-ազգանվան հապավումն է: Գառզու արվեստագետի մասին խոսելիս բոլոր հեղինակներն անխտիր զանց են առել նրա հասարակական հանրօգուտ գործունեությունը, որը տեղի է ունեցել ոչ թե ֆրանսիական, այլ հայկական շրջանակներում:

Գառզուի կյանքն ու գործունեությունը Ֆրանսիային առնչվում է 1925-ից, երբ նա արդեն 18 տարեկան էր: Նա Հալեպում թողել էր մանկությունը, Կահիրեում` պատանեկությունը, դեպի կերպարվեստ առաջնորդող վաղահայտ իր ոգորումներն ու հուսատու փորձերը:

Տեղի Եղիայան բարեգործական ֆոնդի տնօրինությունը նրան ճանաչում է Եղիայան սան և նշանակում կրթաթոշակ` արտասահմանում ուսումը շարունակելու համար: Սակայն պայմանով, որ ուսանի ճարտարապետություն:
Թեպետ Գառնիկ Զուլումյանը ճարտարապետ չդարձավ, այնուամենայնիվ ուսումնարանում ձեռք բերած գիտելիքները նրա համար ապարդյուն չանցան, քանի որ ճարտարապետությունը հաստատուն տեղ գտավ նրա գեղարվեստական պատկերացումների մեջ ու բազմաթիվ ստեղծագործություններում, բեմական ձևավորումներում:

Կերպարվեստով զբաղվելու համար նա սկսում է հաճախել նաև Գրանդ Շոմիեր գեղարվեստից ակադեմիան, որտեղ հատուկ ուշադրություն է դարձնում մերկ բնորդուհիների պատկերմանը, ինչը ճարտարապետական ուսումնարանի ծրագրերից դուրս էր: 

Ուսումնարանում նա աչքի է ընկնում գրաֆիկական առարկաներից: 

Գառզուի ինքնուրույն ստեղծագործական ճանապարհի սկիզբը համարում են 1929 թվականը, երբ նա առաջին անգամ մասնակցում է Սալոնին, ու նրա «Ալքազարի հին պարտեզները» կտավն արժանանում է առաջին մրցանակի: 
Սակայն Փարիզում ինքնուրույն քայլեր անող նկարիչը ո´չ մեկենասներ ուներ, ո´չ էլ քիչ թե շատ ճանաչված անուն, որպեսզի վաճառվեին նրա կտավները: Ապրուստի միջոցներ հայթայթելու, ինչպես նաև որևէ կերպ իր գործը տեսանելի ու կիրառելի դարձնելու նպատակով, դեռևս մինչև ուսումն ավարտելը Գառզուն սկսում է կտորեղենի նախշազարդման և զանազան ծանուցումների, հրավիրատոմսերի ձևավորման էսքիզներ անել, գրաֆիկական գործերով (դիմանկարներ, նկարազարդումներ) աշխատակցել մամուլին, ապա մերթ-մերթ հանդես գալ նաև երգիծանկարներով: Հայտնի է, օրինակ, որ 1932-ին «Կոմեդիում» նա տպագրել է Հիտլերի ծաղրանկարը:

Երիտասարդ նկարիչը 1930-31-ին ցուցադրվում է Անկախների, ապա Գերանկախների սալոնում: Սակայն հաջողության հասնելու համար ինքնատիպ կտավներից բացի անհրաժեշտ էր ունենալ նաև դյուրին արտասանվող, կարճ ու հնչեղ անուն: Եվ Գառնիկ անվան ու Զուլումյան ազգանվան հապավումից 1931-ին ծնվում է «Գառզուն»:

Գառզուի աշխարհը

Նկարիչը սիրահարված էր բնությանը: Եվ պատահական չէ, որ նրա վրձնած բնապատկերը, նատյուրմորտը և դիմապատկերը կարծես ծնվում և մեռնում էին բնության մեջ: Բնություն, որն աղճատվում էր, ավերվում ու տագնապի ճիչեր արձակում: Տագնապի այդ ձայներն էր գույն առ գույն, գիծ առ գիծ հայտնաբերում, հարաբերում ու կուտակում Գառզուն՝ կառուցելով մի աշխարհ, որ հավետ կկոչվի «գառզուական»:

Նկարչի հետաքրքրությունների շրջանակում էին կանայք, ովքեր Գառզուի կտավներին էին իջել կարծես բոլորովին այլ միջավայրից: Նրանք՝ երազում թե արթմնի, նկարչի հայացքով հիշեցնում են Բոտիչելիի վեներաները՝ մերթ լազուրի մեջ, մերթ կարմրի կամ այն պահի, երբ օծվում են մալախիտով: Այս որոնումների մեջ նրա ներշնչանքներից էր Նան Գառզուն` իր կինը: 

«Գառզուի վրձնահարվածներից գույնը դառնում է ավելի նյութական ու կազմակերպված, - նկատել են արվեստաբանները,- զի նա կարողանում է սևերի հետ սքանչելիորեն համագործակցել մալախիտ հիշեցնող կանաչը, կամ հակառակը՝ կանաչի համատարած տիրապետության մեջ, մի իրավունքով, պատկերի բովանդակ հրապարակում երևան են գալիս սևերը,- իր «Գառզու» աշխատության մեջ գրում է Վ. Հարությունյանը՝ շարունակելով,- Գառզուի կանանց դիմապատկերները դիտելիս ուշադիր պետք է նայել այս ու այնտեղ ի հայտ եկող դեղին, կարմիր, կապույտ, երկնագույն, ճերմակ բծերին: Հենց այս հորձանքն էլ դիտողին տեղափոխում է այլ մոլորակ, ուր Գառզուի անուրջների թագավորություն է: Եվ պատահական չէ, որ դեռևս առաջին անհատական ցուցահանդեսից էլ առաջ փարիզյան մամուլում ու արվեստագիտական շրջաններում լայն տարածում են գտնում «Գառզուի կանաչ», «Գառզուական լազուր, կարմիր, նարնջագույն» արտահայտությունները: Հենց դրանք էլ նվաճում են կտավի մակերես-տարածքները, որ այնքան առինքնող ու այնքան մոտ են մարդու սրտին»: 

Տարիներ հետո Գառզուն կխոստովանի. «Ես գույնի տարբեր շրջաններ ունեմ: Այդպես է: Ատիկա ամենքին ի տես է դրված: Բայց հավատա, երբեք չեմ նստած ու մտածած, թե այսօր այս գույնով աշխատիմ, վաղը` այն գույնով: Ատոնք բոլորն ինքնաբերաբար են եկած, արվեստագործելու ընթացքում: Պարզապես ամեն մի շրջանում այդ ժամանակվա տրամադրություններուս ու մտահղացումներուս թելադրած գույնով եմ աշխատել»:

Կտավից կտավ և´ դժվար, և´ հեշտ է պատասխանել մի հարցի. «Գառզու°ն է հլու իրեն ենթակա գծի ընթացքին, թե° նրա կառուցողական մտածումներից գույն ու գծի մշակույթի մի հոսանք է հորդում, որ գառզուականից անդին է»: Այս հարցի պատասխանը, թերևս, Գառզուն ունի: «Կրնամ ըսել, թե գույնեն առաջ գիծը կտեսնիմ: Ես ալ սկիզբները չէի անդրադարձած, որ գիծերով կնկարեմ: Բայց հետո գիծերն ավելի  տիրապետող դարձան:  Գիծերը, ամեն ինչ բաժանելու փոխարեն, կմիացնեն»:

1939-ին «Սեն» ցուցասրահում Գառզուն կազմակերպում է իր անդրանիկ ցուցահանդեսը: Փարիզի գեղարվեստական շրջանները, այն ըստ արժանվույն գնահատելով, համերաշխորեն նշում են, որ ասպարեզ է եկել իր սեփական ոճն ու դեմքն ունեցող մի արվեստագետ:

Մեկ տարի  առաջ արդեն պայթել էր երկրորդ աշխարհամարտը:

Նկարիչն իր կնոջ ու հազիվ մեկ տարեկան որդու հետ քաշվում է Բուրգունդիայի գյուղերից մեկը (ժենեյ) և ամբողջովին նվիրվում ստեղծագործելուն: 

1940-ին նրանք վերադառնում են Փարիզ, բայց տարվա զգալի մասը դարձյալ անց են կացնում Բուրգունդիայում: Գառզուն մասնակցում է Անկախների, Աշնանային սալոնի  և  Տյուիլրիի ցուցահանդեսներին: 1942-ին Փարիզի Բերրիի ցուցասրահում կազմակերպում է իր երկրորդ ցուցահանդեսը: Նույն տարում ուղևորվում է Բորդո, որտեղ պատկերներ է վրձնում և տեղում կազմակերպում իր երրորդ ցուցահանդեսը: 1943-44-ին Փարիզում կազմակերպում է ևս երկու ցուցահանդես: Եվ ամեն անգամ արվեստասերին ներկայացնում է նորանոր գործեր: Սակայն գաղտնիք չէ, որ Գառզուին հռչակ բերեց վենետիկյան բնապատկերների շարքը: Բացառիկ այս պատկերաշարը Փարիզում ցուցադրվեց 1953-ին:
Անհատական հազվադեպ ցուցահանդեսներ են արժանացել փարիզյան մամուլի նման հիացական արձագանքներին, ինչպես «Վենետիկը»: Համոզվելու համար մեջբերենք հոդվածների վերնագրերը. «Վենետիկի իսկական սիրահարը», «Գառզուի բանաստեղծական աշխարհը», «Գառզուն՝ սքանչելի նկարիչ»: Ցուցահանդեսին արձագանքում է նաև անվանի կոմունիստ գրող Լուի Արագոնի խմբագրությամբ լույս տեսնող «Լետտր ֆրանսեզը»` զետեղելով մի դրվատական  հոդված:
«Վենետիկ» շարքը Փարիզի մամուլի և գեղարվեստական քննադատության կողմից ճանաչվեց նորարարություն ու հեղինակին բերեց Ֆրանսիայի ժամանակակից ամենաականավոր նկարիչներից մեկը լինելու համբավը, իսկ Վենետիկը դարձավ նկարչի տևական սերերից մեկը: Նա հետագա տարիներին ևս քանիցս անդրադարձավ զմայլելի այդ քաղաքի պատկերմանը:
 Այնուհետև հայտնության պես պետք է ծնվեր «Ապոկալիպսիս» շարքը:

1956 թվականին, երբ նկարիչը մտադրվում է ստեղծել այս շարքը, 3 ամսով մեկնում է Բուրբոնեի Լեյե դե Մոնդանիա կոչված վայրը և գյուղական անդորրում աշխատում այդ շարքի վրա: Ապա 1957-ի նոյեմբերին Դավիդ և Գարնիե պատկերասրահում բացում է ցուցահանդեսը:

Փարիզի հեռուստատեսությունը, մեծ հաղորդմամբ արձագանքելով ցուցահանդեսին, այն անվանում է «Կանխատեսում վաղվա օրերի, որոնք դեռ չեն երգվել»: 

Նույն ցուցահանդեսի առիթով Գառզուն, պատասխանելով «Պանորամա դի մոնդի» թղթակից Մարտին Քատիոնի հարցին, թե ապրելու համար պատմության ո՞ր շրջանը պիտի նախընտրեիք, պատասխանել է. «Ոչ մեկը: Նրանք բոլորն էլ ունեցել են իրենց դաժանությունները: Վերածնությունը, որ այդքան գեղեցիկ գործեր է տվել, ոճիրներով լի էր, որովհետև բոլոր ժամանակներում շատ ստրուկներ կտեսնեմ և քիչ՝ երջանիկներ»: Գառզուի պատկերացմամբ՝ մեքենայացումն անարխիա է, որ խեղում է մարդուն, և համատարած է այդ սպառնալիքը: «Ես հիանում եմ դարաշրջանի հայտնագործություններով, բայց դրանք երկյուղալի են»,- տագնապում է Գառզուն: 

Մինչև 1960 թվականը նա 50 անհատական ցուցահանդես է ունեցել աշխարհի խոշոր կենտրոններում, հայտնի պատկերասրահներում: Համաշխարհային արվեստասերն արդեն գիտեր, որ 20-րդ դարում ապրում է մի արվեստագետ, ով հարգում է թե´ իրեն, թե´ արվեստասերին և մնում է միակն իր տեսակի մեջ: 

Արվեստասեր հասարակայնությունը «Ապոկալիպսիս»-ի տպավորության ներքո էր: Այն օդի մեջ սփռեց խորը մի նինջ, որը նկարչի երազն էր՝ այգաբացից առաջ, եզակի հնարավորությունը, որ կարող է վանել մոլորակի հյուծիչ տագնապները: Նկարչին հռչակ բերեցին նաև «Պրովանս», «Էսկալես», «Երկրային դրախտ» անհատական ցուցահանդեսնե-րը:

Մենք արդեն գիտենք, որ սկզբից իսկ Գառզուի արվեստում նկատելի տեղ ուներ գրաֆիկան, մատիտանկարը, գրչանկարը, 1948-ից` օֆորտը: Հետզհետե նրա արվեստում լայն տեղ է գրավում վիմագրությունը: 

Զրույցներից մեկի ժամանակ Գառզուն խոստովանել է. «Գիծերս օրենքի չեն ենթարկվիր: Գործեգործ անոնց իրար նմանվելը կամ տարբերվելը ինձմե կախված չեն: Լեժեն սիստեմ ունի, Անդրե Լոտը սիստեմ ունի, ես իմ օրենքը չունիմ, ես չունիմ սիստեմ»:

Գրաֆիկայի բնագավառում նկարչին առանձնապես մեծ հռչակ են բերում ինքնատիպ վիմագրություններով ու օֆորտներով նկարազարդված ճոխ (հուշանվերային) հրատարա-կությունները:

Օֆորտներով են նկարազարդված Անդրե Վերդեի «Գրավված սիրտ, դառը սեր»-ը (1965) և Արթուր Ռեմբոյի «Լուսախաղ» ժողովածուները:

 Վիմագիր նկարազարդումներ ունեն Էռնստ Հեմինգուեի «Հրաժեշտ զենքին» (1964), Ալբեր Քամյուի «Հուշատետր» (1965), Գոնկուր եղբայրների անունը կրող ակադեմիայի «Փարիզյան ակնարկներ» (1965), Էդգար Պոյի «Կրկնակի սպանություն Մորկ փողոցում» (1969), Ժյուլ Վեռնի «Երկրից լուսին» (1970), Էժեն Իոնեսկոյի «Փշրտված թերթ», նաև Գառզուի «Ուղևորություն Հայաստան» (1974), «Շրջված քաղաքը», «Անդրանիկը և սուրբ լեռը», «Մահը լճափին», «Կանաչ ձեռքը», Ժուլիեն Կրագի «Արկոլի պալատում» գրքերը: 

1975-ի հունիսին Փարիզի խոշորագույն ցուցահանդեսային սրահներից մեկում բացվում է Գառզուի վիմագրությունների և օֆորտների «Նոր հայացք» ծավալուն ցուցահանդեսը: Այն նկարչի անցած արդեն մեծ ճանապարհի ակնառու հանրագումարներից մեկն էր: Այս ցուցադրանքով արվեստասերին է ներկայանում «մարդաբնակ» բնապատկերի վարպետը: Գառզուի բոլոր նմանօրինակ կտավներում ներկա է մարդը: Մարդիկ կան միջին պլանում. մանր ու հազիվ տեսանելի, ծառերի բների մեջ կորած, այդ բների ստվերները դարձած: Եվ այն տպավորությունն է ստեղծվում, որ մենք այնուամենայնիվ գործ ունենք «անմարդաբնակ» բնության հետ, իսկ եթե որսորդներին նկատում էլ ենք, ապա, միևնույնն է, նրանք ոչնչով չեն խախտում բնության կուսական վիճակը, նրա նախաստեղծ գեղեցկությունը, իսկ իրենք էլ ընթերցվում են որպես այդ բնության մասնիկներ: 

Գառզուի բոլոր ցուցահանդեսները վկայեցին ու փաստեցին, որ Եվրոպայում ապրում է զարմանալի մի նկարիչ, որը կտավներում սփռում է և´ խինդ, և´ թախիծ, և´ իրականություն, և´ երազանք:

Ուրեմն Գառզուն մեր դարի ժամանակակիցն է ու նրա նկարիչը, ով արժանացավ բազմաթիվ համբավավոր մրցանակների ու պատվանունների:

1977 թվականին Գառզուն և Փարիզում բավականին հայտնի, էքսպրեսիոնիստական երանգավորում ունեցող ռեալիստական գործերի հեղինակ Կուրմը ներկայացվում են «Անմահների ակադեմիայի» անդամության: Ընտրությունը շահում է Գառզուն: Նրա օգտին տրվում են քվեների 38-ից 22-ը:

Գառզուն ընտրվում է Ֆրանսիայի ակադեմիայի անդամ: Ընծայման արարողությունը տեղի է ունենում ընտրությունից 15 ամիս հետո՝ 1979-ի ապրիլի 4-ին: Այդ արարողության ժամանակ, ըստ ընդունված կարգի, նորընծա ակադեմիկոսին ներկայացնում է նրա արվեստակից ակադեմիկոս, Ֆրանսիայի արդի անվանի գրաֆիկներից Դեգարիսը: Այնուհետև մեծ ու բովանդակալից ճառով հանդես է գալիս Գառզուն՝ փշրելով մինչ այդ արվեստում հայտնի շատ «ճշմարտություններ»: Օրինակ, ըստ Գառզուի՝ Պիկասոն դիվային ճարպկությամբ օժտված մեկն էր և որպես նկարիչ չի հուզում ու անտարբեր է թողնում: «Նրա «Գեռնիկա»-ն ինձ պարոդիա է թվում: Նրա նկարչական տեխնիկան շատ աղքատ է, եթե չասենք՝ բացակայում է»:

Ապրիլի 4-ին «Ֆիգարոն» իր երեկոյան թողարկման մի ամբողջ էջը նվիրում է Գառզուին ու նրա ճառին, մեծադիր վերատպում է նրա գրչանկար կոմպոզիցիան` ակադեմիայի շենքով, և վերնագրում՝ «Գառզուն՝ Դավթի բազկաթոռին»: Իսկ ապրիլի 5-ի առավոտյան Փարիզի գրեթե բոլոր օրաթերթերը և այլ քաղաքների շատ լրագրեր աչքի  ընկնող տեղերում զետեղում են հաղորդումներ Գառզուի ճառի մասին:

Մոտ երկու տասնյակ լրագրերից և ոչ մեկում Գառզուի հետ չհամաձայնվելու որևէ ակնարկ, որևէ առարկություն չկար: 

Գառզուն և թատրոնը

Թատրոնը Գառզուի համար վրձնի բոլորովին այլ ոլորտ էր: Նա թատրոնապաշտ էր: Անգամ այսպիսի խոստովանություն է արել. «Եթե ես նկարիչ չըլլայի, ապա դերասան կըլլայի»: Թատրոնական հակումները դրսևորվել են դեռևս նրա հայտնի «Զոհաբերություն», «Մոգերի երկրպագությունը», «Սուրբ Գևորգ», «Մայրամուտը», «Թագուհին» և այլ գործերում: 
Ժամանակին էսքիզայնությամբ ու կիրառած վերացական մոտեցմամբ առանձնացել է «Գալանտ հնդիկներ» բեմադրության ձևավորումը: Այնուհետև «Փարիզյան բալետ» պարախմբի հիմնադիրներից Ռոլան Պետին, դիտելով «Գալանտ հնդիկներ» բեմադրությունը, կամենում է ֆրանսիական ժողովրդական հեքիաթների սյուժեով բեմադրել «Գայլը» բալետը. ձևավորման համար հրավիրվում է Գառզուն: Իսկ 1953-ին, երբ Փարիզի Ազգային օպերային թատրոնը որոշում է բեմադրել Ադանի «Ժիզել»-ը, ամբողջ ձևավորումը հանձնարարվում է Գառզուին: Գառզուն իր տարերքի մեջ էր. «Ես գտա իմ աշխարհը՝ անտառ և այն հակադրությունը, որ գոյություն ունի ապրելու տենչի և մահվան միջև»: Այնուհետև Կոմեդի Ֆրանսեզն է հրավիրում նրան՝ ձևավորելու Ռասինի «Գոթողիա»-ն: Գառզուն ամերիկյան «Հարքնես» պարախմբի համար ձևավորել է «Եդեմից հետո» ներկայացումը, Ժաննա դ’Արկին նվիրված «Ժաննան և դատավորները» դրաման: 
Գառզուին մեծ հաջողություն է բերում Օֆենբախի «Պերիկոլ»-ի ձևավորումը: Հայտնի է, որ 1966-ին Վարդան Աճեմյանը նկարչին առաջարկում է Մայր թատրոնում ձևավորել Մոլիերի «Տարտյուֆ»-ը: Գառզուի սկզբունքը հետևյալն էր. «Դեկորացիան դեկորատիվ չպիտի ըլլա, այն շլացնելու չէ: Ապրեցնելու է: Դեկորացիան դրամատիկ պետք է ըլլա: Բեմը զարդարելը, հաճելի գույներ գտնելը, կարծեմ թե գործի պրիմիտիվ երևույթը ըլլալու է»:
Առհասարակ, Գառզուն ոչ թե բեմ է զարդարել, այլ դրամատուրգի ու կոմպոզիտորի, ռեժիսորի ու բալետմայստերի կողքին կանգնել է որպես լիիրավ հեղինակ: 

Գառզուն, Հայաստանը և հայ մշակույթը

Իր գեղարվեստական գործունեության սկզբից իսկ Գառզուն արժանացել է սփյուռքահայ մամուլի ուշադրությանը: Հատկապես Ֆրանսիայի, Եգիպտոսի և Լիբանանի հայկական պարբերականները բազմիցս անդրադարձել են նրա անձին ու գործին: Սակայն դրանք եղել են ոչ թե մասնագիտական հոդվածներ, այլ սովորական տեղեկատվական բնույթի նյութեր` նկարչի կազմակերպած ցուցահանդեսների, ձևավորված ներկայացումների, Խորհրդային Հայաստան և գաղթօջախներ կատարած այցելությունների մասին:

Նույնպիսի բնույթ են կրում նաև փարիզաբնակ մտավորական Սերովբե Մխիթարյանի «Ֆրանսերենով արտահայտվող հայ արվեստագետներ» գրքում Գառզուին նվիրված էջերը՝ միայն այն տարբերությամբ, որ հեղինակը տեղեկագրական շարադրանքը մերթ-մերթ «համեմել» է  Գառզուի գործերից իր քաղած հետաքրքրական տպավորություններով:

Այս շարքի մեջ շահեկանորեն առանձնանում է ամերիկահայ լրագրող և մշակույթային գործիչ Գրիգոր Քեոսեյանի` հայերեն և անգլերեն տեքստերով ԱՄՆ-ում լույս տեսած «Գառզու. մոգական աշխարհի մը նկարիչը» խորագրով գիրքը: Երևանում Գառզուի մասին տպագրված առաջին հոդվածը «Գառզու...նա ինքը` Գառնիկ Զուլումյան» խորագրով լրագրող Մելինե Մանուշյանի ընդարձակ ակնարկն էր՝ զետեղված «Սովետական արվեստ» հանդեսի 1961 թ. N7-ում: Հոդվածում հիշատակված են նկարչի փարիզյան կյանքի և գործունեության գլխավոր փուլերը, կարևորագույն ցուցահանդեսները, նկարագրված են պատառիկներ հեղինակի հուշերից ու Գառզուի հետ ունեցած հանդիպումներից: 

Գառզուի համար ճակատագրական եղավ, երբ նա առաջին անգամ հրապարակավ մասնակցեց «Անի» համայնքային կազմակերպության ցուցահանդեսին: Սա առաջին մկրտություն էր, և, թերևս, ժամանակի  մեջ հարատևելու լուրջ հայտ: Համայնքի պատվերով նա վրձնում է Թեքեյանի, Չոպանյանի, Բաշալյանի դիմանկարները: Նա մտերիմ հարաբերությունների մեջ էր Շահան Շահնուրի, Անրի Թրուայայի, Անրի Վերնոյի, Վահրամ Մավյանի, Վահե Քաչայի, Շառլ Ազնավուրի և ուրիշների հետ:

Գառզուն իր առաջին անհատական ցուցահանդեսը բացել է 1966 թվականին: Ցուցահանդեսում ներկայացված 150 աշխատանքն այնուհետ նվիրել է ազգային պատկերասրահին: Այդ ցուցահանդեսին ժամանակ նա շրջապատված էր ժամանակի մեծերով: 

1982 թվականին հայրենիքում նշվել է նրա ծննդյան 75-ամյակը: Իսկ մինչ այդ՝ 1980-ին, նրան էր հանձնվել սփյուռքի կերպարվեստագետների համար սահմանված «Մարտիրոս Սարյան» մեդալը:  
Գառզուն բազմիցս այցելել է Հայաստան:

«Էությամբ, աշխարհազգացողությամբ,- հայտարարել է նա մտավորականների հետ հանդիպման ժամանակ,- ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մի բեկորն եմ: …Անանկ տպավորություն ունեմ, կարծես վաղուց եմ այցելած Հայաստան:

…Իբրև նկարիչ,- խոստովանել է Գառզուն,- կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ, անշուշտ, հայ կմնամ»:

Շարունակելով նկարագրել Գառզուի հայաստանյան տպավորությունները՝ Վ.Հարությունյանն իր աշխատության մեջ ընդգծում է նաև նկարչի հետևյալ միտքը. «Մեր լեռները, մեր կիրճերը, մեր քարերը արարողներն ամուր են: Ինձի կթվա, որ ես արդեն նկարած եմ այս ամենը, որ ես այս հողը տեսած եմ ուրիշ՝ մեկ այլ կյանքի մեջ»:

Գառզուական, մեկ այլ կյանքից էլ նա իրեն հատուկ վրձնահարվածներով պեղեց ժամանակն ու տարածությունը՝ դառնալով իր ժամանակի, իր երազած երկրային դրախտի հավիտենական վկան: Մեկը նրանցից, ում հայտնություններում անօրինակ լռությունն է իշխում: Եվ այդ անդորրի մեջ նկարիչը կազմակերպում է մի վիճակ, երբ ինքն իրեն է ծաղիկը բացվում դիտողի ներսում: Սա նկարչի հիացմունքն է՝ առաջին հերթին բնության հանդեպ և վկայությունը Գառզուի՝ մարդու առջև ունեցած պարտավորության մասին, հանուն ինչի նա կանգնեց պատնեշի վրա, միայնակ մտավ պայքարի մեջ, դարձավ բացառիկը բացառիկների մեջ՝ թողնելով գառզուական արտասովոր մի մոլորակ  մարդկանց երկրում:

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

1. Խաչատրյան Շահեն, Ֆրանսահայ կերպարվեստ, Ե., 1991, «Անահիտ» հրատ.:
2. Խաչատրյան Շահեն, Թանգարանի զինվորը, 1987, «Սովետական գրող» հրատ.:
3. Հարությունյան Վահան, Գառզու, Ե., 2007, «Print Info»:
4.Гарзу Жан, «Каталог выставки», 1984, Москва, «Советский художник»:

Արփեն Մովսիսյան

|

 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38