ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 30 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Բարերարներ
Միքայել Արամյանց
Բարեգործությունը եղել է 19-րդ դարի թիֆլիսաբնակ հայազգի մեծահարուստների գործունեության անկյունաքարը:
Նավթարդունաբերող, եկեղեցիների, դպրոցների, գաղթականների հովանավոր, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր ու վարչության անդամ Միքայել Արամյանցը բարեգործությունների իր կշռով չի զիջել Ալեքսանդր Մանթաշյանցին, որի գործընկերն է եղել: Ծնունդով Ղարաբաղից Միքայել Արամյանցը ապրել եւ գործել է Թիֆլիսում եւ իր կարողությունն ու հարստությունը չի խնայել սիրելի քաղաքի բարգավաճման համար: Անգնահատելի է նրա վաստակը առևտրի, կրթության եւ արվեստի զարգացման գործում: Միքայել Արամյանցը մշտական հոգաբարձուն, հովանավորն ու նվիրատուն էր Ներսիսյան դպրոցի:  Նա շաքարի եւ բամբակի առևտրի հմուտ մասնագետ էր, եկամտաբեր տների, կալվածքների, ամառանոցների ու հանգստավայրերի, հատկապես Ախթալայի եւ Կիսլովոդսկի բուժիչ հանքավայրերի տերն ու տնօրենը: Բավական է հիշատակել հին Թիֆլիսի բնակիչների մեջ մեծ համբավ ունեցող «Արամյանցի հիվանդանոցը», որը թեև ներկայումս կոչվում է թիվ 1 կլինիկական հիվանդանոց, սակայն թբիլիսեցիներն այն մինչ այժմ սիրով կոչում են «Արամյանցի հիվանդանոց»:

 100 տարի առաջ, երբ վրաց հայտնի հասարակական գործիչ Նիկո Նիկոլաձեն, քաղաքի բժիշկներն ու մտավորականներից շատերը դիմեցին քաղաքապետարան՝ հիվանդանոց կառուցելու համար, առաջին ֆինանսական օգնությունը` 100 հազար ռուբլի, նվիրաբերեց Միքայել Արամյանցը:

 «Սա հիվանդանոցային մեծ համալիր էր` կառուցված եվրոպական չափորոշիչներով,- հիշում է Թիֆլիսի քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսյանի թոռնուհի Իզաբելլա Խատիսովան:- Հիվանդանոցի կառուցման համար ինժեներ Զուրաբյանը գործուղվում է Մոսկվա, Վիեննա, Բեռլին` ուսումնասիրելու այն ժամանակների հիվանդանոցային կառույցները: Առաջինը կառուցվեցին վարակիչ հիվանդությունների, վիրաբուժության, ծննդատան եւ մանկական բաժինները: 1910 թվականի փետրվարի 2-ին հիվանդանոցի բացման արարողությանը Ալեքսանդր Խատիսյանն ասաց. «Հուսով ենք՝ հիվանդանոցում բուժվելուց հետո մարդկանց ցավի եւ տառապանքի արցունքները կվերածվեն ուրախության եւ հույսի արտասուքների»:
 Մեծ է Միքայել Արամյանցի դերը Կովկասում նավթարդյունաբերության զարգացման գործում. նա առաջիններից մեկն իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու` նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար: Արամյանցի բարեգործությունը տարածվում է նաև տնանկ գաղթականներին ապաստաններ կառուցելու վրա: Դրանցից հայտնի է «Արամաշեն» ավանը, որտեղ բնակվում եւ բամբակագործությամբ են զբաղվում 80 բնավեր ընտանիքներ: Միքայել Արամյանցի անվան հետ է կապված Թիֆլիսի «Մարիոտ» հյուրանոցը, որը մեծահարուստը կառուցել էր իր սիրելի նավի` «Մաժեստիկի» նմանությամբ: Կյանքի վերջին տարիները Միքայել Արամյանցը անց է կացնում գեղեցկատես Եվգենյա Շխյանցի հետ, որի համար կառուցել էր երկհարկանի դղյակ (ներկայիս Զանդուկելի փողոցի վրա): 

Սակայն շուտով մահանում է Եվգենյան, վախճանվում է Արամյանցի սիրելի գործընկեր Ալեքսանդր Մանթաշյանցը: Փոխվում են ժամանակները, խորհրդային իշխանության հաստատվելուն պես Միքայել Արամյանցը զրկվում է իր ողջ հարստությունից և նետվում իր կառուցած շենքի նկուղը, որտեղ մահանում է քաղցից, աղքատության մեջ: Անմոռաց և հիշարժան է մեծ բարերարի անունը, քանզի անմահ է նա` իր կատարած բարի գործերով: Չնայած խորհրդային տարիներին` ժողովրդի հիշողությունից մեծ բարերարի հիշատակը ջնջելու ջանքերին՝ իր կառուցած հիվանդանոցի շնորհիվ Արամյանցի անունը շարունակում է պահպանվել Թբիլիսիի բնակչության շրջանում: 

|

 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38