Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
«Արվեստին պետք է երկյուղածորեն մոտենալ»
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայաստան Անվանի մարդիկ
21.01.2013

ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆ
«Արվեստին պետք է երկյուղածորեն մոտենալ»
Օրեր առաջ, կյանքի 86-րդ տարում, մեզանից ընդմիշտ հեռացավ հայ թատրոնի, կինոյի և ասմունքի նշանավոր վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: «Հայերն այսօր»-ը իր յուրատեսակ հարգանքի տուրքն է մատուցում անվանի դերասանին՝ իր ընթերցողներին ներկայացնելով մեր թղթակից Կարինե Ավագյանի՝ տարիներ առաջ վարպետի հետ ունեցած և մամուլում տպագրված հարցազրույցը՝ մասնակի հապավումներով.
-Վարպե՛տ, ե՞րբ եք առաջին անգամ ոտք դրել թատրոն:
   
-Ինը տարեկան էի, երբ առաջին անգամ թատրոն մտա:Գյումրիում էր, Մռավյանի անվան թատրոնում:Չգիտեի` ինչ է թատրոնը, ինչ է ներկայացումը, ինչ տեսակ մարդիկ են դերասանները:
   
Նայում էի նրանց, լսում էի ու չէի հասկանում` ինչ են խոսում:Երբեմն կանգնում էի փողոցում և նայում էի, թե դերասաններն ինչպես են թատրոն գալիս, հետո էլ` գնում տուն:Չէի էլ կարող պատկերացնել, որ օրերից մի օր թատրոնն ու բեմն են դառնալու իմ կյանքի իմաստը, իմ հանգրվանը, իմ երկրորդ տունը:Եղբայրս` հայտնի թատերագետ Գևորգ Աբաջյանը, այդ ժամանակ թատրոնում էր, դերեր էր խաղում, գրում սցենարներ:
    
...Չզարմանաք, բայց ես դպրոցից հետո ընդունվեցի Գյուղատնտեսական ուսումնարան:Այդ ընթացքում երբեմն արտասանում էի, լսողները խորհուրդ էին տալիս գնալ Գեղարվեստաթատերական ինստիտուտ:Եվ գնացի:Իմ առաջին ուսուցիչները դարձան Արմեն Գուլակյանն ու Վարդան Աճեմյանը` տաղանդավոր, հրաշալի մարդիկ, ում աշակերտելը մեծ պատիվ ու բախտավորություն եմ համարում:
 
  -Ո՞րը եղավ առաջին դերը,որ  Ձեզ ճանաչում բերեց:
   
-Շիրվանզադեի «Նամուս»-ում ես խաղացի Սեյրանի դերը:Դա իմ առաջին լուրջ դերն էր, որի փայլուն խաղն էլ ինձ ճասնաչում բերեց:Շատ դերեր եմ խաղացել թատրոնում, նկարահանվել եմ մի շարք  ֆիլմերում` «Լալվարի որսը», «Սայաթ-Նովա», «Մխիթար Սպարապետ», բոլորն էլ հաջողված ֆիլմեր էին, բայց առաջին դերը, առաջին լուրջ հաջողությունը մնում է մի ուրիշ, անկրկնելի բարձունքի վրա:
 
  -Ո՞վ է եղել Ձեր ամենամեծ քննադատը, Դու՞ք...
   
-Չէ˜, իմ ամենամեծ ու անաչառ քննադատը եղել և մնում է կինս` Նելլին, ով Թատերական ինստիտուտում 20 տարի «Դերասանի վարպետություն» է դասավանդում և Ազգային ռադիոյի երկարամյա ռեժիսորներից է, դերասանուհի:
  
-Ձեր կյանքի գրեթե բոլոր տարիներին Դուք նաև ասմունքել եք թե՛ բեմերում, թե՛ հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ընթացքում:  Ի՞նչը Ձեզ ուղղորդեց դեպի ասմունք:
    
-Ասմունքն էլ դերասանինն է. պարզապես այստեղ դու մենակ ես, անկախ և կարողանում ես քո նախընտրած գրողների, նախընտրած բանաստեղծություններով հոգումդ եղածը հաղոդել մարդկանց, հենց դրա համար էլ ասմունքը սկսեց շատ մեծ դեր զբաղեցնել իմ կյանքում:
    
Ես մտածեցի, որ ասմունքի, պոեզիայի  միջոցով կարող եմ ավելին ասել, քան ներկայացումների ժամանակ:

   -Եվ  ու՞մ, ո՞ր հեղինակին նախընտրեցիք Ձեր ասելիքը հաղորդելու համար:
   
-Շռայլ է հայ պոեզիան, հրաշալի բանաստեղծներ ունենք, և ինձ համար դժվար չէր ընտրություն կատարել, սակայն, այնուամենայնիվ, շատ եմ սիրում Նարեկացի, Սայաթ-Նովա, Թումանյան, Չարենց, Իսահակյան, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Մեծարենց, Սիամանթո, Պ. Սևակ, Համո Սահյան, Գ. Էմին, Ս. Կապուտիկյան, Շիրազ:
   
Սևակի հանդեպ մի ուրիշ, ընդգծված վերաբերմունք ունեմ. շատ եմ սիրել Սևակ մարդուն և բանաստեղծին:Միշտ հանդիպում էինք մեր տանը, երկար զրուցում:Սևակի մահն ինձ համար դաժան ողբերգություն էր:Նա մեծ բանաստեղծ է, և մեծ մարդ էր. քանի˜-քանի˜ հոգու է ձեռք մեկնել, օգնել դժվար պահերին:Իր պոեզիայի մեջ շռայլ և վարարուն էր հոգին:
  
   -Վարպե´տ, վերջին անգամ ե՞րբ եք եղել բեմում:
   
-Իմ 80-ամյակի օրը: 80-ամյա  հոբելյանս  մեծ  շուքով  նշվեց    Հայֆիլհարմոնիայի դահլիճում, Սունդուկյան թատրոնում, Ալ. Սպենդիարյանի անվան Ազգային բալետի և օպերայի թատրոնում:

   -Ո՞վ է Ձեզ համար հայ  ամենամեծ դերասանը:
   
-Շատ մեծեր ունենք, բայց ինձ համար մեծերի մեծը եղել և մնում է Վահրամ Փափազյանը, նաև` Հրաչյա Ներսիսյանը:Փափազյանը հրաշալի դերասան էր, դերասան-հոգեբան, նաև լավ գիտեր իր արժեքը:Նրանից սովորեցի ճիշտ արտասանել, ճիշտ մատուցել հեղինակին, նրա գործերը:
  
-Ես բախտ  եմ ունեցել Հանրային հեռուստատեսությունում 30 տարիների իմ աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպեու հայ գրականության ու մշակույթի շատ ու շատ մեծերի,այդ թվում՝ Ձեզ, սիրելի՛ վարպետ: Ի՞նչ հիշողություններ ունեք 80-ական թվականներից:
   
-Դրանք հրաշալի տարիներ էին, որոնց սկիզբը սկսվել էր 70-ականներից, զարթոնքի տարիներ էին: Արվեստը, մշակույթն իրենց գագաթնակետին էին:Հեռուստատեսությունը մեկն էր և հեղինակավոր: Մթնոլորտը հագեցած էր պոեզիայով:
   
Երաժշտական հաղոդումներ կային, հրաշալի հայկական ֆիլմեր, բալետ, օպերա...Այդ տարիներին եթերից հնչող պոեզիան մի ողջ սերունդ կրթեց հայեցի նկարագրով ու մտածողությամբ.երիտասարդները, եթե անգամ չկարդային, հրաշալի գիտեին մեր դասականներին:Հեռուստատեսությունը մի մեծ, յուրօրինակ ու անփոխարինելի դպրոց էր այդ առումով:
   
-Այսինքն` փոխվել է կյանքը, կյանքի ընթացքը, նոր ժամանակներ, նոր մոտեցում ամեն ինչին,այո՞...
   
-Արվեստին, մշակույթին բոլոր ժամանակներում պիտի երկյուղածորեն, խոնարհումով, զգույշ մոտենալ, չավերել եղածը, չպղծել, պահել, պահպանել լավագույն ձեռքբերումներն ու ավանդույթները:
  
-Վարպե՛տ, Դուք ծնվել եք Շիրակ աշխարհում, Գյումրիից 7-8կմ. հեռու, սովորել, աշխատել ու ապրել եք Գյումրիում, ինչու՞ չմնացիք Գյումրիում, Գյումրիի թատրոնում:
   
-Այո՛, գյուղից գնացի Գյումրի, Գյումրիից Երևան եկա, եկա մեծ թատրոն, Մայր թատրոն` Սունդուկյան:
    
Մի քանի անգամ գնացել եմ Գյումրի, փորձել եմ մնալ, սակայն իմ մանկության, պատանեկության տարիների հին Գյումրիից, իմ տեսած Գյումրիից ոչինչ չկար, դրա համար էլ մնացի այստեղ:
  
-Կարո՞ղ եք ապրել օտար երկրում:
   
-Շա˜տ-շա˜տ եմ եղել արտասահմանում, ունեցել եմ նաև շատ հրավերներ, սակայն երբեք չեմ մտածել, որ օրերից մի օր լքեմ իմ Հայրենիքը:Շատ եմ սիրում  Հայաստանը, ուրիշ երկիրն իմը չէ, իմն այս մի բուռ հողն է, այստեղ է իմ տունն ու միակ հանգրվանը:
    
-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ասմունքողներին:
   
-Շատ կարդալ, խորքով ճանաչել բանաստեղծին, հետո միայն ձեռք մեկնել նրա գործերին, ասմունքել այն, ինչը հասկանում են:Գործեր կան, որոնց համար տարիք և իմաստնություն է պետք, հարկավոր է շատ հասուն լինել` որոշ բանաստեղծների մոտենալուց առաջ:
   
Ամենակարևորը` հիշել, որ ասմունքել չի նշանակում անընդհատ գոռալ:
  
-Դժվար չէ՞, երբ մի հարկի տակ մի քանի արվեստագետներ են հավաքվում, ավելին` ապրում...Վլադիմիր Աբաջյան, Նելլի Հարությունովա, Նանար Աբաջյան, Լիլիթ Աբաջյան, Աննա Տայան...
   
-Ինչ-որ տեղ դժվար է, սակայն մենք շատ ինքնուրույն ենք, մեկս մյուսի վրա այդ առումով ճնշում  չենք գործադրում:Դուստրս` Նանարը, ինքն է ընտրում, մշակում իր ծրագիրը, ունի իր ուրույն մոտեցումը, թոռնուհիս` Աննան, հրաշալի արտասանում էր,  բայց ամուսնացել է և այժմ բնակվում է Կանադայում:Մյուս աղջիկս` Լիլիթը, թարգմանչուհի է:

-Ձեր գերդաստանից էլ ովքե՞ր են  արվեստի աշխարհում:
   
-Երջանկահիշատակ եղբայրս` ճանաչված թատերագետ Գևորգ Աբաջյանը, եղբորս կինը` մեծ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:Գևորգ Աբաջյանը թեև իմ ամենաառաջին քննադատն էր, սակայն շա˜տ խելոք մարդ էր, ազատ էր թողնում, որ մարդն ինքն իրեն կարողանա դրսևորել:Մեծ եղբայրս` Վաղարշակ Աբաջյանը, հայտնի բժիշկ էր, Գյումրիի 3-րդ հիվանդանոցը նրա անունով է կոչվում:Մկրտիչը` մյուս եղբայրս, ճարտարագետ էր:Միայն ես եմ մնացել, երկու քույրերս էլ չկան:
   
-Վարպե՛տ, ինչի՞ համար եք ափսոսում:

-Ձեր հարցին Իսահակյանի բառերով պատասխանեմ`
   
«Չարածներիս համար պիտի ասեմ` հազա˜ր, ափսոս»:
Ափսոսում եմ չխաղացածս դերերի համար. ամեն մի դերը մի կյանք է, անցած կյանքիս համար, հայի լավագույն տեսակի կորստի համար, ափսոսում եմ, որ արվեստի մեծերը քչանում են, ու շարունակողները` էլի մեծեր, չկան...Չթողեցին բացվեն, ներկայանան ժողովրդին:
   
Շատ բան կարող էի անել...Հիմա` էլ ժամանակ չկա˜:
   
Ափսո˜ս, կյանքս անցավ:Այն ինձ համար և ոչ միայն ինձ, այլև իմ սերնդի, նույնն է եղել` թանկ, և մնում է անփոխարինելի: Ոչ ոք չի կարող կանգնեցնել կյանքի ընթացքը:
   
-Ո՞ր թվականի սերունդն է եղել Ձեզ համար ամենալավը:
  
-Ամեն մի հին ու նոր սերունդ ունի իր բացասական և դրական կողմերը, արժանիքներն ու թերությունները:Ինձ համար ամենալավը եղել է իմ սերունդը` 50-60-ականների սերունդը:
 
-Ըստ Ձեզ` լավագույն ռեժիսորը:
  
-Միանշանակ Վարդան Աճեմյանն էր:Նրա մոտ հնարավոր չէր չաշխատել, ծուլանալ կամ վատ խաղալ:Երջանիկ են այն դերասանները, ովքեր անցել են Աճեմյանական դպրոցով, որի ինքնատիպ կնիքը միանգամից զգացվում է:
 
-Վարպե՛տ, տիկին Նելիի հետ փոքրիկ դավ ենք նյութել Ձեր դեմ...Պարզվում է, որ Դուք նաև գրել եք բանաստեղծություններ  դեռևս 50-ական թվականներին:Դեղնաթերթ մի նոթատետր ու մի քանի գողտրիկ սիրային և փիլիսոփայական բանաստեղծություններ` գրված Վլադիմիր Աբաջյանի գեղեցիկ, համաչափ ձեռագրով:

Անամոք վշտիս ծով ցավերի մեջ, 
Անցած օրերիս կարոտն է տանջում, 
Գիշերում այս մութ, լուռ ու դյութական
Դեպի անծանոթ ուղիներ կանչում:                                                                               
   1957
  
Երջանկություն, սեր, երդում,
Ողջը փող է մեր դարում,
Փողն է կուռքը աշխարհի,
Դրանով է նա կանգուն:

Կարծում  էիր դու սակայն,
Թե փառք ու փող կունենամ
Արտիստի մերկ մի գրպան, 
Քեզ ողջունեց լռելյայն:

Քո հույսերից, սիրելի՛ս,
Մնաց միայն տառապանք,
Անհանգրվան մի տանջանք
Անապահով տխուր կյանք...

...Արտիստի մերկ մի գրպան:

     
  -Լա՞վ եմ գրել:
 
-Հրաշալի՛, կարող էիք և բանաստեղծ դառնալ, կեցցե՛ տիկին Նելին, որ այսպես խնամքով պահել է այդ նոթատետրը:
  
Իսկ ո՞վ է սիրված դերասան Վլադիմիր Աբաջյանի սիրած դերասանը...

   
-Ֆրունզիկը` Մհեր Մկրտչյանը, Արծրուն Մանուկյանը, երկուսն էլ չկան, ցավոք:
   
Լավ դերասաններ, լավ խաղընկերներ շատ եմ ունեցել, երևի հիմա էլ կան, ես չեմ ճանաչում նորերին:

  -Սիրած երգը...
  
-Թումանյանի «Ախ ինչ լա˜վ են սարի վրա...» երգը, Կոմիտասի բոլոր երգերը:

-Սիրելի փողոցը Երևանում:
 
-Աբովյան փողոցը, սիրում եմ քայլել դանդաղ ու նայել մարդկանց, որովհետև Համո Սահյանի բառերով ասած`
         
....Որքան էլ ինձնից հեռացել.
    Դուք ինձ միշտ եղել եք մոտիկ,
    Մարդի՛կ, ինձ շատ եք չարչարել,
    Բայց էլի դուք լա՛վն եք, մարդի՛կ,
    Ասում եմ որերո˜րդ անգամ`
    Առանց ձեզ ոչ միայն ապրել,
    Ես մեռնել չեմ կարող անգամ:
                                 
  Ահա նկարագիրը (թեև ոչ ամբողջական) տաղանդավոր մի դերասանի, ասմունքողի,ով կարող էր լինել և՛  թատրոնի գլխավոր ռեժիսոր, և՛ տնօրեն (այդ առաջարկներից հրաժարվել է` մտածելով, որ ինքը փափուկ բնավորություն ունի), սակայն որպես իսկական արտիստ` նա եղավ և մնաց բեմի գերին ու Տերը` դարերի համար ստեղծած իր` Աբաջյանական ուրույն դերերով, կերտած կերպարներով:

Կարինե Ավագյան

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38