ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ԱՊՀ երկրներ և Վրաստան
31.01.2013

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
1999 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն` Բելառուսում բնակվել է 10 191 հայ, որից 2 800-ը` Մինսկում: 2009 թվականի ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը հասնում է շուրջ 30-36 հազարի: Հայերն իրենց թվով զբաղեցնում են 7-րդ տեղը` բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից, հրեաներից և ադրբեջանցիներից հետո:
Հայերը նկատելի դեր են խաղում Բելառուսի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի տարբեր բնագավառներում: 2002 թվականին Մինսկում լույս տեսած «Բելառուսի 100 անվանի գործիչներ» տեղեկատուի էջերում հիշատակվում է տասը հայի անուն: Մինսկի հինգ փողոց կրում է հայորդիներ Մյասնիկյանի, Գայի, Ալեբեգովի, Ավագյանի, Այվազովսկու անունները:

Բելառուսում հայ համայնքային կառույցներ սկսել են ձևավորվել 1990-ական թվականներին: Դրանցից առաջինը Մշակույթի բելառուսական ֆոնդին կից Մինսկի քաղաքային հայկական «Հայաստան» մշակութային-լուսավորչական ընկերությունն է, որն իր շուրջ համախմբել է Բելառուսի անվանի հայերին: Ընկերության գործունեությունը մեկնարկել է մշակությաին միջոցառումների կազմակերպմամբ և Սպիտակի երկրաշարժի ժամանակ տուժած` Բելառուսում բժշկական օգնություն ստացող հայերին աջակցության ցուցաբերմամբ:

«Հայաստան» ընկերության ջանքերով 1991 թվականին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նևսկի ուղղափառ եկեղեցու բակում տեղադրվել է Հայոց Ցեղասպանության և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար (պատրաստվել է Հայաստանում, օծվել` Էջմիածնում), որի շուրջ միսնկահայերը հավաքվում են` Մեծ Եղեռնի, Սպիտակի երկրաշարժի և Սումագայիթի զոհերի հիշատակը հարգելու համար:

1992 թվականից «Հայաստան» ընկերությունը առանձնացել է Մշակույթի բելառուսական ֆոնդից և գրանցվել որպես ինքնուրույն կազմակերպություն: «Հայաստան» ընկերության նախագահն է Գևորգ Եղիազարյանը, ով միաժամանակ Բելառուսի ազգային մշակույթների հանրապետական կենտրոնի ազգությունների խորհրդի նախագահն է:

Ընկերության գործունեությունը հատկապես ակտիվացել է Բելառուսում ՀՀ դեսպանության հիմնումից հետո:
2003 թվականի մայիսին Բելառուսում ստեղծվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  կրոնական համայնքը (նախագահ` Անդրոնիկ Համբարձումյան): Բելառուսի և հատկապես Միսնկի համայնքի կյանքում մեծ դերակատարություն ունի հայ գործարարների ՄԻԱՍԻՆ ակումբը:

Բելառուսում գործում նաև Գրոդնոյի հայերի «Մուսալեռ» տարածաշրջանային հասարակական միավորումը, Մոգիլյովի քաղաքային «Մասիս» մարզային բարեգործական հայկական հասարակական միավորումը` Բոբրույսկում իր մասնաճյուղով£ Ձևավորման փուլում են հայկական համայնքային կառույցներ Բրեստում, Վիտեբսկում և Գոմելում:

Բելառուսում գործում են «Էրեբունի» երգի-պարի ազգագրական, «Անի» ժողովրդական երգի-պարի համույթները, “Morfe Acoustic Band” ջազային խումբը: 1991 թվականից Մինսկի թիվ 64 դպրոցում գործում է կիրակնօրյա հայկական դպրոց, որտեղ ներկայումս ուսանում է 6-70 տարեկան շուրջ 150 ունկնդիր: 

Մինսկում 2005 թվականից լույս է տեսնում « ԱՆԻՎ» ռուսալեզու հայկական ամսագիրը, որտեղ զետեղվում են հոդվածներ աշխարհի տարբեր երկրներում բնակվող անվանի հայ մտավորականների կյանքի և գործունեության, ինչպես նաև` հայագիտական խնդիրների վերաբերյալ: հայ համայնքի կյանքը լուսաբանում է նաև «Նոյան տապան»-ը, որը թեև լույս է տեսնում Ռուսաստանում, սակայն Մինսկում ունի հատուկ թղթակից£ Բելառուսահայ համայնքի ինքնակազմակերպման գործընթացում նշանակալի իրադարձություն է 2009 թվականին ՄԻԱՍԻՆ լրագրի և բելառուսահայ համայնքի ինտերնետային www.miasin.by և www.diaspora.by կայքէջերի գործարկումը: Ներկայումս Մինսկում կառուցվում է հայկական եկեղեցի: 

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38