ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Ամերիկա և Ավստրալիա
05.02.2013

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Առաջին հայերն Ավստրալիա մայրցամաք գաղթել են 19-րդ դարի կեսին Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Սինգապուրից և Հարավարևելյան Ասիայի այլ երկրներից, Արևմտյան Հայաստանից:
Հետագայում հայերի` Ավստրալիայում հաստատվելու գործում հատկապես աջակցել է Սինգապուրում լույս տեսնող «Ուսումնասեր» հայալեզու լրագրի խմբագրաան կազմը (1849-53թթ.), որի խմբագիր Գրիգոր Գալստյանը (Գալստանյան) և առևտրական Մելքում Մանուկ Նորջուղայեցին Ավստրալիայում հաստատված առաջին հայերից էին: 1891 թվականի տվյալներով` Ավստրալիայում բնակվել է ընդամենը մի քանի տասնյակ հայ: 1918 թվականին Մեծ Եղեռնից մազապուրծ փոքրաթիվ հայ գաղթականներ` գլխավորապես բարեգործական կազմակերպությունների միջոցով, ապաստանել են Ավստրալիայում` բնակություն հաստատելով Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում, աշխատել են ոսկու հանքերում, գործարաններում, պետական գրասենյակներում, զբաղվել արհեստներով, առևտրով, նաև հողագործությամբ:
1918-20 թվականներին Ավստրալիայի ներգաղթային քաղաքականության մեջ մտցվել է «անցանկալի տարագիրներ» հասկացությունը, ինչը որոշ չափով դժվարեցրել է հայերի մուտքը մայրցամաք: Վիճակը փոխվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-45թթ.) հետո, երբ Ավստրալիայի տնտեսության զարգացման ռազմավարական նպատակով Կառավարությունը նախաձեռնել է ներգաղթողների թվի ավելացման գործընթացը երկրի բնակչության և արդյունաբերության մեջ: Ավստրալիա գաղթած հայերն այս ժամանակաշրջանում ապահովվել են աշխատանքով ու կացարաններով:

Որպես կազմակերպված միավոր Ավստրալիայի հայ համայնքը ձևավորվել է 1950-ական թվականների վերջին: 1960-ական թվականների սկզբին երկրում բնակվել է շուրջ 1000 հայ: Հայերի զանգվածային նոր հոսքը Ավստրալիա (գլխավորապես` Եգիպտոսից, նաև` Միջին Արևելքի երկրներից և Իրանից) տեղի է ունեցել 1962-65 թվականներին: 1966 թ., ըստ պաշտոնական մարդահամարի տվյալների, հայերի թիվն Ավստրալիայում կազմել է 6 հազար, 1970-ական թվականներին` ավելի քան 13 հազար հոգի: Ավստրալահայ գաղութը հաջորդ տարիներին ևս աճել է` Իրաքից, Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Սուդանից, Եթովպիայից, Թուքիայից, Հունաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, վերջին շրջանում` նաև Հայաստանից գաղթած հայերի հաշվին: 

2009 թվականի տվյալներով` Ավստրալիայում բնակվում է շուրջ 60 հազար հայ, ովքեր կենտրոնացված են Սիդնեյ (42 հազար) և Մելբուռն (13 հազար) քաղաքներում: Փոքրաթիվ հայ համայնքներ կան Պերտ, Ադելաիդա, Բրիզբեն, Հոբարտ, Կանբեռա քաղաքներում: Համայնքի անդամների հիմնական մասը հայախոս է:

Ավստրալահայ համայնքի ներկայացուցչական մարմինը Թեմական խորհուրդն է: Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում գործում են Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիներ, երեք ամենօրյա և վեց մեկօրյա վարժարան: Ազգային կյանքը կազմակերպում են ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի, ՍԴՀԿ-ի տեղական մարմինները, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Թեքեյան մշակութային միության, Նոր սերունդ մշակութային միության, ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի, ՀԵՄ-ի մասնաճյուղերը: Գործում են երիտասարդական և մարզական միություներ, թատերախմբեր, երգչախմբեր, պարախմբեր: Հայերն ունեն ծերանոց` «Հայ հանգստյան տուն»: Լույս են տեսնում հայերեն պարբերականներ: Գործում են հայկական ռադիոժամեր:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38