Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 11 / 12 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Ամերիկա և Ավստրալիա
06.02.2013

ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայերը Կանադայում բնակություն են հաստատել 19-րդ դարի 80-ական թվականներին: Այսօր Կանադայում բնակվում են բազմաթիվ հայ ընտանիքներ: Ըստ կանադական ներգաղթի վիճակագրական տվյալների` 1900-1930-ական թվականներին  ընթացքում Կանադա մուտք է գործել 3100 հայ, որոնց մոտ 75 տոկոսը հաստատվել է Օնտարիո, 20 տոկոսը` Քվեբեկ նահանգներում: 1931-49 թվականներին Կանադա մուտք է գործել ընդամենը 74 հայ:
1948 թվականին ստեղծված Կանադական հայկական կոնգրեսի (Canadian Armenian Congress) ջանքերի և Կանադայի ներգաղթի օրենքների մեղմացման արդյունքում 1970-ական թվականներին արդեն հայերի թիվը Կանադայում հասել է 30 հազարի: 2009 թվականի տվյալներով` Կանադայում բնակվում է շուրջ 81,5 հազար հայ, ովքեր կենտրոնացված են Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում, ինչպես նաև Վանկուվեր, Սենտ Կաթրինզ, Համիլտոն, Քվեբեկ-սիթի, Օտտավա, Վինձոր քաղաքներում, ինչպես նաև Նովա Սքոշիա և Նյու Բրանսվիք նահանգներում:

Կանադայի հայ համայնքի եկեղեցական կառույցները կազմավորվել են 1940-50-ական թվականներին: Գործում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի թեմը (կազմավորվել է 1984 թվականին, առաջնորդանիստը` Մոնրեալի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, առաջնորդը` Բագրատ եպս. Գալստանյան) և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կանադայի թեմը (առաջնորդանիստը` Սբ. Հակոբ եկեղեցի, առաջնորդը` Խաժակ արք. Հակոբյան): Առաջին հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1930 թվականին Սենտ Կաթրինզում: Ներկայումս Հայ Առաքելական եկեղեցիներ գործում են Մոնրեալում, Տորոնտոյում, Օտտավայում, Լավալում, Սենտ Կաթրինզում, Վանկուվերում, Վինձորում, Համիլտոնում, Քեմբրիջում:

Կանադայում գործում են նաև Հայ կաթողիկե և Հայ ավետարանական համայնքներ` իրենց եկեղեցիներով, կրթական և մշակութային կառույցներով: 

Կանադայում պետական ծրագրով գործող հայկական ամենօրյա վարժարաններ հաստատվել են 1970-ական թվականներին: Հայկական առաջին մեկօրյա դպրոցը հիմնվել է Սենտ Կաթրինզում 1919 թվականին: Առաջին ամենօրյա դպրոցը` Արմեն Քեպեք-Ալեք Մանուկյան վարժարանը, հիմնվել է 1970 թվականին Մոնրեալում` ՀԲԸՄ-ի ջանքերով: Գործում է Հայ կաթոլիկ Նարեկ վարժարանը: Ներկայումս Կանադայում գործում է ամենօրյա հայկական 6 վարժարան: 

Կանադայում գործում են` հայկական «Հորիզոն», «Ապագա» շաբաթաթերթերը, «Տորոնտոհայ» պարբերականը: Մոնրեալում, Տորոնտոյում և Օտտավայում գործում են հայկական հեռուստատեսային և ռադիոժամեր, գոյություն ունեն բազմաթիվ հայկական կայքեր: ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի տեղական մարմինները, ՀՄԸՄ-ի, Համազգային հայ կրթական և մշակութային միության, ՀՕՄ-ի, Հայ դատի, Թեքեյան մշակութային միության, Նոր սերունդ մշակութային միություն, ՀՄՄ-ի, Հայ երիտասարդաց ընկերակցության, ՀԲԸՄ-ի, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մասնաճյուղերը, այլ կազմակերպություններ, որոնք համախմբում են համայնքը:

Կանադայի հայկական կազմակերպություններ

«Կանադայի հայ առևտրական խորհուրդ»-ը ստեղծվել է 1986 թվականին Մոնրեալում, մասնաճյուղերը գործում են Կանադայի հայ համայնքներում: Նպատակն է` նպաստել հայ գործարարների միջև համագործակցությունը, հայկական ապրանքների առևտրաշրջանառությանը:

Հայկական ժամանակակից հետազոտությունների և վավերագրման Կանադայի Զորյան ինստիտուտը հիմնադրվել է 1985 թվականին Տորոնտոյում: Հրատարակում է գիտական ուսումնասիրություններ, արխիվային փաստաթղթեր, կազմակերպում` «Բաց համալսարաններ»: 1991 թվականից հրատարակում է “Diaspora Journal” հանդեսը:

«Մամիկոնյան» մշակութային կազմակերպությունը հիմնադրվել է 1959 թվականին Մոնրեալում:  Գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կազմակերպական կառույցի հովանու ներքո: Բեմադրում է պիեսներ, օպերետներ, կազմակերպում համերգներ, հայ մշակույթի վերաբերյալ դասախոսություններ:
«Մոնրեալի եգիպտահայերի ընկերակցություն» հայրենակցական միությունը ստեղծվել է 1997 թվականին: Զբաղվում է մշակութային և բարեսիրական գործունեությամբ:

«Պոլսահայ մշակութային միություն» հայրենակցական մշակութային կազմակերպությունը հիմնադրվել է Մոնրեալում 1967 թվականին` Կանադա գաղթած պոլսահայերի նախաձեռնությամբ: Միության հովանու ներքո գործում են` «Մեկ» մշակութային հանձնախումբը, «Մնակյան» թատերախումբը, «Շիրակ» պարախումբը, «Արարատ» մարզական թիմը, «Սայա» երիտասարդական կազմակերպությունը: 1969 թվականից հրատարակվում է «Գեղարդ» պաշտոնաթերթը:
«Քվեբեկի հայագիտական ուսումնասիրությունների միություն»-ը հիմնադրվել է 1982 թվականին: Քվեբեկի նահանգի համալսարաններում և քոլեջներում նախաձեռնել է հայոց լեզվի, գրականության և պատմության դասընթացներ:
«Քվեբեկի հայ բժշկական ընկերակցություն»-ը հիմնադրվել է 1975 թվականին: Նպատակն է` աջակցել բժշկության ասպարեզ մուտք գործելու ցանկություն ունեցողներին, ստեղծել Քվեբեկում աշխատող հայ բժիշկների հավաքատեղի-կենտրոն:

«Րաֆֆի»  մշակութային միությունը ստեղծվել է 1988 թվականին: Միությունը համախմբում է կանադաբնակ իրանահայերին, նպաստում հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը: Ունի կանանց և երիտասարդական խմբեր, նաև` ֆուտբոլի թիմ:

«Օնտարիո նահանգի կանադահայ բժշկական ընկերակցություն» (ACMAO) բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 1988 թվականին:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38