ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Ամերիկա և Ավստրալիա
06.02.2013

ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայերն Ուրուգվայում հաստատվել են 19-րդ դարում: Մինչև 1900 թվականն Ուրուգվայ է գաղթել ընդամենը 15 հայ: հայ համայնքն սկսել է կազմավորվել 1920-ական թվականներին, երբ Մեծ Եղեռնից փրկված ու Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ գաղթականների ստվար խմբեր տեղափոխվել են Ուրուգվայ: Գաղութն ստվարացել է 1926 թվականին, երբ սկսվել է հայ գաղթականների երկրորդ ներգաղթը Ուրուգվայ:
Գաղութային մարմինն Ուրուգվայի կառավարության որոշմամբ պաշտոնապես ճանաչվել է 1930 թվականի հուլիսի 9-ին` «Հայ գաղութային ընդհանուր միություն» (Ունիոն Խեներալ Արմենիանա) անվանումով: 1931 թվականին` գաղութի մարդահամարի տվյալներով, Ուրուգվայում բնակվել է 4 հազար հայ:

2009 թվականի տվյալներով` Ուրուգվայում բնակվում է շուրջ 15 հազար հայ, ովքեր հիմնականում կենտրոնացված են Մոնտեվիդեոյում: Սակավաթիվ հայ ընտանիքներ կան նաև Պիրիապոլիս քաղաքում:

Գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուրուգվայի թեմը (առաջնորդանիստը` Մոնտեվիդեոյի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցի, առաջնորդը` Հակոբ արք. Գլընջյան), կան նաև Հայ Կաթողիկե, Հայ Ավետարանական եկեղեցիներ:

Համայնքում գործում են «Նուբարյան» (ՀԲԸՄ) և «Ներսեսյան» (Եկեղեցու Կենտրոնական վարչության) վարժարանները, ՀԲԸՄ-ի Մոնտեվիդեոյի մասնաճյուղը, հայ ազգային ՀՅԴ (Վռամյան ակումբ), ՌԱԿ, ՍԴՀԿ կուսակցությունների տեղական կազմակերպություններն` իրենց միություններով ու ակումբներով, ինչպես նաև` Հայ առաջադիմականները (Հայ ազգային կենտրոն): Այլ կազմակերպություններից են Մարաշի, Ամանոսի և Զեյթունի հայրենակցական միությունները, բարեգործական, մշակութային և երիտասարդական կազմակերպություններ: Կան հայկական պարախմբեր, երգչախմբեր և նվագախմբեր: Եթեր են հեռարձակվում ՀՅԴ-ին պատկանող «Ռադիո Կոմիտաս» և անկախ «Արաքս» ռադիոժամերը:
Ուրուգվայն առաջին երկիրն է, որը 1965 թվականին պաշտոնապես ճանաչել է Թուրքիայում հայերի Ցեղասպանության փաստը` ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»:

1971 թվականին Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ կանգնեցված է Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-կոթող, կոչվել է «Արմենիա», իսկ 1972 թվականին ափամերձ մի պողոտա` «Ռամբլա-Արմենիա»: «Արմենիա» անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովափնյա քաղաքում:

2001 թվականին Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով Ուրուգվայի հայության շնորհիվ թողարկվել է հատուկ փոստային դրոշմանիշ:

2005 թվականին Հայոց Ցեղասպանության 90-ամյակի շրջանակներում Ուրուգվայի մայրաքաղաքում բացվել է «Հայ ժողովրդի Ցեղասպանություն» հրապարակը:

2007 թվականի նոյեմբերի 19-ին Մոնտեվիդեոյում կայացած` Հարավամերիկյան երկրների (Մերկոսուրի) Խորհրդարանի լիագումար նիստում, այդ տարածաշրջանային կազմակերպության օրենսդիր մարմնում Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը ներկայացնող պատգամավորները ձայների մեծամասնությամբ հաստատել են նույն Խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից նախօրեին միաձայն ընդունված որոշումը` Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38