ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 28 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Ամերիկա և Ավստրալիա
06.02.2013

ՉԻԼԻԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Չիլիի հայ համայնքը կազմավորվել է 1930-ական թվականներին: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը երկրում բնակվել է ընդամենը 100-150 հայ, ովքեր մեծ մասամբ կենտրոնացված են եղել Սանտյագոյում: Հայերն աշխատել են գլխավորապես արդյունաբերության, առևտրի և շերամապահության ոլորտներում:
1939 թվականին Արգենտինայից Սանտյագո տեղափոխված Նորայր քհն. Տեր Խորենյանի նախաձեռնությամբ հիմնվել է Չիլիի Հայ գաղութային մարմինը` Անդրանիկ Պալոյանի ատենապետությամբ: Համագաղութային հանգանակություն կազմակերպելով` նորակազմ վարչությունը գնել է շենք ազգային կարիքների համար: Չիլիահայ գաղութի պատվո նախագահ է ընտրվել Թագավոր Պագրճյանը: 1959 թվականին Սանտյագոյում ստեղծվել է Հայ թատերասիրաց միությունը: Գործել են գրադարան և հայկական երգչախումբ:

2007 թվականին Չիլիի հայ համայնքի ղեկավար մարմինը վերստեղծվել է, համայնքի ղեկավար է ընտրվել պաշտոնաթող փոխծովակալ Էռնան Կույումջյան-Բերգամալին: 2009 թվականի օգոստոսին հայ համայնքի ղեկավար է ընտրվել Արման Պեդինյան Նայցին: 

2009 թվականի տվյալներով` Չիլիում բնակվում է շուրջ 1500 հայ: Բացի Սանտյագոյից, հայեր կան նաև Օսոռնո, Սան Բեռնարդո, Պուենտե Ալտո և այլ քաղաքներում: Ազգային կյանքը կազմակերպում է Հայ գաղութային վարչությունը, որին կից գործում է Տիկնանց միությունը: Հայերի միակ հավաքատեղին Սանտյագոյի «Հայ տունն» է, որտեղ գործում է կիրակնօրյա դպրոց: «Հայ տան» սենյակներից մեկը վերածվել է Ս. Աստվածածին մատուռի:

Չիլիի հայ հոգևոր համայնքն ընդգրկված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի թեմի մեջ:
2007 թվականի հուլիսի 5-ին Չիլիի Սենատը միաձայն որոշում է ընդունել է, որով կոչ է արել կառավարությանը` ճանաչել Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թվականների ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ իրագործած Ցեղասպանությունը և միանալ «ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների հարցերի ենթահանձնաժողովի` 1985 թվականի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող որոշմանը»:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38