Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 21 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Ամերիկա և Ավստրալիա
06.02.2013

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայերը Բրազիլիայում հաստատվել են 19-րդ դարի 2-րդ կեսից: 1895 թվականին Բրազիլիայում բնակվել է շուրջ 100 հայ: 1920-ական թվականներին Բրազիլիա են գաղթել հայերի ավելի ստվար խմբեր, որոնք բնակություն են հաստատել առավելապես Սան Պաուլո քաղաքում:
Ստեղծվել են հասարակական-քաղաքական և մշակութային կազմակերպություններ, եկեղեցական և կրթական հաստատություններ, հայրենակցական, երիտասարդական և տիկնանց միություններ: 1927 թվականին հիմնվել է համայնքի ազգային կյանքը կազմակերպող մարմին` Հայ գաղութային միությունը, 1928 թվակնին` առաջին դպրոցը, 1935 թվականին` հայկական առաջին եկեղեցին:

Համայնքի պատմության երկրորդ փուլն ընդգրկում է 1950-60-ական թվականները, երբ Բրազիլիա են տեղափոխվել հայեր ոչ միայն Թուրքիայից, Լիբանանից և Սիրիայից, այլև` Եգիպտոսից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Երրորդ փուլում, որն ընդգրկում է 1960-ական թվականներից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը, բրազիլահայ համայնքն էական համալրում չի ստացել: Երկրի բնակչության աճի բարձր տեմպերը և տնտեսական դժվարությունները ստիպել են իշխանություններին սահմանափակել արտասահմանյան քաղաքացիների ներգաղթը: Վերջին տարիներին Հայաստանից Բրազիլիա է գաղթել ընդամենը 15-20 ընտանիք:

2009 թվականի տվյալներով` Բրազիլիայում բնակվում է շուրջ 40 հազար հայ, ովքեր հիմնականում (մոտ 20 հազար) կենտրոնացված են Սան Պաուլոյում և շրջակա քաղաքներում (Օզասկո, Պրեզիդենտե Ալտինո): Ռիո դե Ժանեյրոյում ապրում է մոտ 2000, Բրազիլիայի հյուսիս արևելյան Սեարա նահանգի մայրաքաղաք Ֆորտալեզայում` շուրջ 500 հայ: Փոքրաթիվ հայեր ապրում են նաև Սան Պաուլո նահանգի Սան Ժոզե Դո Ռիո Պրետո, Կամպինաս, Մարիլիա, Լինս, Ժաու, Սանտոս գավառներում և քաղաքներում, Մատո Գրոսո նահանգում, Պարանայի մայրաքաղաք Կուրիտիբայում, Սանտա Կատարինա նահանգում և Պորտո Ալեգրեյում: Բրազիլահայ համայնքը ղեկավարվում է իր կանոնադրությամբ, համայնքի ազգային-հոգևոր կյանքը կազմակերպում են եկեղեցական, կուսակցական, հայրենակցական, բարեգործական, մշակութային, կրթական, մարզական կազմակերպությունները:

Գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բրազիլիայի թեմը, (կազմավորվել է 1983 թվականին, առաջնորդանիստը` Սան Պաուլոյի Սուրբ Գևորգ եկեղեցի, առաջնորդը` Տաթև արք.Ղարիբյանը): Գործում են Հայ Ավետարանական և Հայ Կաթողիկե եկեղեցիներ, «Դուրյան» ազգային ամենօրյա վարժարանը, հայկական ծերանոց, «Արարատ» հիվանդանոցը, «Վահագն Մինասյանի» անվան երգչախումբը: Հրատարակվում են հայկական «Սիփան» եռամսյա պարբերականը և համայնքային կազմակերպությունների տեղեկատուները:  Գործում է «Արմենիա Վիվա» հայկական ռադիոժամն ու «Արմենիա» ինտերնետային (www. armenia.com.br) կայքէջը:

1964 թվականին Սան Պաուլոյի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում հիմնվել է հայկական ուսումնասիրությունների ամբիոն (հիմնադիր` պրոֆեսոր Եսայի Գռուզյան, ներկայիս ղեկավար` Լուսինե Եղիազարյան):
Սան Պաուլո նահանգի պատգամավուների պալատը ավելի քան 15 տարի առաջ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը և Ապրիլի 24-ը հռչակել որպես «Հարգանքի օր 1915-ի Ցեղասպանության  1,5 միլիոն զոհերի հիշատակին»: 2003 թվականին Սան Պաուլոյում նահանգային պատգամավորների պալատի մուտքի հարակից տարածքում կանգնացվել է հայ-բրազիլական բարեկամությունը խորհրդանշող խաչքար: 2007 թվականին Օզասկո քաղաքի գլխավոր հրապարակներից մեկում կանգնեցվել է Օզասկո և Գյումրի քույր քաղաքները խորհրդանշող խաչքար:

Ռիո դե Ժանեյրո քաղաքի Ավագանու անդամ (2004թ.), այնուհետև փոխնախագահ (2008թ.) Ստեփան Ներսիսյանի նախաձեռնությամբ Ռիո դե Ժանեյրոյում ապրիլի 24-ը հռչակվել է որպես «Եղեռնի հիշատակին հայ ժողովդին հարգանքի տուրքի և զորակցության օր»:

Համայնքն իր մասնակցությունն է բերել համազգային ձեռնարկումներին, կազմակերպել օգնություն գաղթականներին ու որբերին, օժանդակել 1946-47 թվականների հայրենադարձությանը, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո զգալի օգնություն տրամադրել աղետի գոտուն:

Սան Պաուլոյի քաղաքային հրապարակներից մեկը կրում է «Արմենիա» անունը: 1966 թվականին ՙԱրմենիա՚ հրապարակում տեղի հայ համայնքի հովանավորությամբ տեղադրվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող: «Արմենիա» անունն է կրում նաև Սան Պաուլոյի մետրոյի կայարաններից մեկը (1995 թ-ից), որի գլխավոր երկու մուտքերի մոտ զետեղվել են խաչքար-հուշարձաններ` հետևյալ արձանագրությամբ. «Այս կայարանը վերակոչվում է «Արմենիա»` ի պատիվ ժողովրդի, որը եկավ այս երկիր` վերապրելով դարիս առաջին Ցեղասպանությունը, իր ջանասիրությամբ, տաղանդով ու ապրելու կամքով եղավ Բրազիլիայի գիտակից քաղաքացին և նպաստեց այս երկրի մշակույթին, ճարտարվեստին ու բարօրությանը»: Սան Պաուլոյում կա նաև «Արմենիա» անվամբ կամուրջ, պարտեզ, տեղացի մեծահարուստ Լևոն Աբովյանի, «Քսաջիքյան» և «Հայ նահատակների» անվան փողոցներ:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38