ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 28 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Ամերիկա և Ավստրալիա
06.02.2013

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Առաջին հիշատակումները Լատինական Ամերիկայում հայերի ներկայության մասին վերաբերում են 17-րդ դարին: Համաձայն Հարավային Ամերիկայով շրջագայող իսպանացի միսիոներ Ֆերնանդո դե Մոնտեսինոսի տվյալենրի` 1670 թվականին Լիմայում արդեն կար փոքրաթիվ, սակայն բավականին ազդեցիկ հայ համայնք:
1892 թվականին Սիրիայից և Եգիպտոսից  հայերի զանգվածային ներհոսք է տեղի է ունեցել Արգենտինա: հայ համայնքը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին` հիմնականում Ադանայում (Կիլիկիա) թուրքական իշխանությունների կազմակերպած ջարդերից (1909թ.) հետո: 1914 թվականին Արգենտինայում բնակվել է շուրջ 2 հազար հայ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգաբարձության տվյալներով` 1942-1943 թվականներին հայերի թիվը Արգենտինայում կազմել է 19 հազար մարդ:

Շուրջ 10 հազար հայ Արգենտինա է գաղթել Սիրիայից, Լիբանանից, Հունաստանից և Ֆրանսիայից, 1000-ը` Ռումինիայից ու Բուլղարիայից (1952-53թթ.), ևս 4 հազար հոգի` Թուրքիայից (1955թ.): 1962 թվականի տվյալներով` Արգենտինայում բնակվել է շուրջ 40 հազար հայ: Վերջին տասնամյակում Հայաստանից Արգենտինա է գաղթել շուրջ 3 հազար հայ:

2009 թվականի տվյալներով` Արգենտինայում բնակվում է ավելի քան 100 հազար հայ, որոնց մեծ մասը (շուրջ 90 հազար) կենտրոնացված է Բուենոս Այրեսում և արվարձաններում, 5 հազարը` Կորդոբայում, մնացյալը` Ռոսարիոյում, Մար դել Պլատայում, ինչպես նաև Միսիոնես, Մենդոսա, Նեուկեն, Ռիո Նեգրո նահանգներում:

Ելնելով Արգենտինայի օրենսդրությունից, որն արգելում է այդ երկրում օտար կուսակցությունների ստեղծումը, հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններն իրենց գուծունեությունն իրականացնում են մշակութային, հայրենակցական, բարեգործական և մարզական միությունների, պարբերականների միջոցով:

Արգենտինայում գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի թեմը (առաջնորդանիստը` Սբ. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի, առաջնորդը` Գիսակ արք. Մուրադյան): Արգենտինայում գործում են վեց Հայ Առաքելական, մեկ Հայ Կաթողիկե և երկու Հայ Ավետարանական եկեղեցիներ, ամենօրյա և կիրակնօրյա հայկական դպրոցներ:

1911 թվականից ի վեր Արգենտինայում գործում են հայկական կազմակերպություններ` ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի և Կորդոբայի մասնաճյուղերը, ՙԱրմենիա՚ մշակութային ընկերակցությունը (ստեղծվել է 1951թ.` ՀՅԴ հովանավորությամբ), ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները` իրենց մշակութային, կրթական, երիտասարդական և մարզական ենթակառույցներով, ՀOՄ-ի մասնաճյուղը, Հայկական ազգային կոմիտեի Հարավային Ամերիկայի մասնաճյուղը, Արգենտինահայ մշակութային միությունը, Հայ-արգենտինական աևտրաարդյունաբերական պալատը, Մարաշի, Հաճընի Հայրենակցական միությունները, Հայագիտական ուսուցման հիմնարկությունը, Արգենտինահայ գրողների միությունը, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Արգենտինայի մասնաճյուղը, Հայ ազգային համագումարը, Արգենտինահայ իրավաբանների միությունը և այլ կազմակերպություններ: Արգենտինայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ 2009 թվականից Բուենոս Այրեսում գործում են Արգենտինահայ երիտասարդ արհեստավարժների միությունն ու Արգենտինահայ իրավաբանների ընկերակցությունը:

Արգենտինայի հայ համայնքի կենտրոնական մարմիններից է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Հոգաբարձությունը` «Հայ կենտրոն» անվամբ: Բոլոր կազմակերպություններին առընթեր գործում են կրթական, երիտասարդական, բարեգործական, կանանց կառույցներ, որոնց կից ստեղծված են պարային համույթներ և երգչախմբեր:
Արգենտինայում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ՀԲԸՄ Մարի Մանուկյան, Խրիմյան կրթական հաստատությունները, Մխիթարյան վարժարանը, Վիսենտե Լոպեսի հայկական դպրոցը, Արծրունի և Բագչեջյան վարժարանները:

1968 թվականից Բուենոս Այրեսում գործում է Հայ-արգենտինական դպրոցը, որը երա-տագիտության տուրք է հանդիսանում Արգենտինայի կառավարությանը հայ բարեգործներ քույր և եղբայր Սիրանուշ ու Պողոս Արզումանյանների կողմից: Դպրոցը պատկանում է քաղաքի կառավարությանը, գործում է պետական ծրագրով: Դպրոցի աշակերտներն արգենտինացիներ են, ովքեր սովորում են հայոց պատմություն և մշակույթ, հայկական երգ և պար: 

1985 թվականի ապրիլի 23-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում է ընդունել Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու մասին: 2003 թվականի օգոստոսի 20-ին Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչել է Արգենտինայի Խորհրդարանը, իսկ 2005 թվականի ապրիլի 20-ին` Սենատը:

Արգենտինայում լույս է տեսնում յոթ հայկական թերթ` «Սարդարապատ» (ՌԱԿ) և «Արմենիա» (ՀՅԴ) շաբաթաթերթերը,  «Նոր Սևան», «Խեներասիոն» (իսպ.), «Վարդանանք», «Արարատ», «Նոր Հաճն» պարբերաթերթերը: Իսպաներենով եթեր է արձակվում երեք ռադիոծրագիր: 

Բուենոս Այրեսի բազմաթիվ հրապարակներից երկուսը կրում են «Արմենիա» և «Արարատ» անվանումները, «Արմենիա» հրապարակում տեղադրված է Մեծ Եղեռնի նահատակներին նվիրված խաչքար (նվիրաբերվել է Գևորգ Կարագյոզյանի ընտանիքի կողմից), իսկ «Արարատ» հրապարակում` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի փոքրաչափ կրկնօրինակը: Լա Պլատայի կենտրոնական հրապարակներից մեկում 2009  թվականին տեղադրվել է Հայաստանում կերտված խաչքար
Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում 1998 թվականին կառուցվել է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթող:

2009 թվականի հոկտեմբերի 1-ին Բուենոս Այրեսի «Հայ կենտրոն»-ի տարածքում տեղադրվել է Ղարաբաղյան ազատամարտում նահատակված 25 000 հայ մարտիկների հիշատակը հավերժացնող` Սփյուռքում առաջին խաչքար-հուշակոթողը:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38