ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 28 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ԱՊՀ երկրներ և Վրաստան
22.01.2013

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Համաձայն պատմագիտական տվյալների` Ուկրաինայում hայերի ներկայությունն արձանագրվել է դեռևս 2200 տարի առաջ: Պատմականորեն հայերն ապրել են Ղրիմում, Ուկրաինայի արևմտյան և հարավային հատվածներում և առանձնահատուկ դերակատարություն ու նշանակալից ներդրում են ունեցել Ուկրաինայի արդի իրականության մեջ:
Այդ մասին է վկայում հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը, որի անքակտելի մասն են կազմում բազմաթիվ հայկական եկեղեցիներն ու հուշարձանները:

Այսօր Ուկրաինայում ապրում է ավելի քան 400 000 հայ, որը կազմում է երկրի բնակչության մոտ մեկ տոկոսը: Միայն Կիևում բնակվում է շուրջ 40 000 հայ: հայ համայնքի յոթանասուն տոկոսն այժմ կազմում են հետխորհրդային շրջանում Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Միջին Ասիայից և այլ երկրներից Ուկրաինա գաղթած մեր հայրենակիցները:
Սկսած 1988 թվականից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ուկրաինական գրեթե բոլոր մարզերում և քաղաքներում հիմնվել են հայկական հասարակական կազմակերպություններ:

1991 թվականից գործում է Հայստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուկրաինայի թեմը (առաջնորդանիստը` Լվովի Սբ. Աստվածածնի վերափոխման եկեղեցի, առաջնորդը` Գրիգորիս արք. Բունիաթյան): Ուկրաինայում գործում է հայ համայնքին վերադարձված, վերանորոգված և նոր կառուցված` ավելի քան քսան հայկական եկեղեցի: 

«ՈւԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»

2001 թվականին Ուկրաինայում հիմնադրվել է համաուկրաինական միավորող կառույց` «Ուկրաինայի հայերի միություն», որի առաջին նախագահ է ընտրվել Աշոտ Ավանեսյանը: ՈւՀՄ-ի նախագահներ են եղել կինոռեժիսոր Ռոման Բալայանը, գործարար Նվեր Մխիթարյանը, 2006 թվականից` Հայկ Փամբուկչյանը: ՈւՀՄ-ն իր գործունեության բնույթով առավելապես համայնքային հասարակական կազմակերպությունների աշխատանքները համակարգող մարմին է: Ուկրաինայում գործում է 24 կազմակերպված տարածաշրջանային համայնք և ՈւՀՄ-ի 3 ներկայացուցչություն: ՈւՀՄ-ն համախմբում է համայնքները` միավորելով նրանց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Միությունը համագործակցում է Ուկրաինայի բոլոր պետական մարմինների, գործարար աշխարհի ներկայացուցիչների, այլ ազդեցիկ ուժերի հետ: 

Իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում Ղրիմի, Խարկովի, Օդեսայի, Ժիտոմիրի, Լվովի, Կիևի հայ համայնքները: Ակտիվ գործունեություն է ծավալում ՈՒՀՄ-ին կից գործող Ուկրաինայի հայ երիտասարդների միությունը:

ՈւՀՄ-ի հովանու ներքո գործում են բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ, երգի ու պարի համույթներ, տպագրվում են թերթեր: 10 հազար տպաքանակով հրատարակվում է միության ռուսալեզու «Արմյանսկի վեստնիկ» թերթը, որտեղ զետեղվում են նաև ուկրաիներեն ու հայերեն հոդվածներ:

ՈւՀՄ-ին կից ստեղծվել է Հայագիտության կենտրոն, հիմնադրվել «Հայագիտական հետազոտությունները Ուկրաինայում» գիտական պարբերական:

Ղրիմում «Վերածնության միջազգային հիմնադրամի» աջակցությամբ իրականացվել է նախագիծ, որի շնորհիվ հայկական բոլոր ճարտարապետական հուշարձանները գրանցվել են, իրականացվել է դրանց մանրամասն նկարագրական և լուսանկարչական փաստագրում:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38