Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 21 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ԱՊՀ երկրներ և Վրաստան
21.01.2013

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Վրաստանի այսօրվա տարածքում հայերը բնակվում են դարեր շարունակ և հոծ բնակեցված են Սամցխե-Ջավախք նահանգում, մայրաքաղաք Թբիլիսիում: Վրաստանում (առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի) հայերի ընդհանուր թիվն ըստ պաշտոնական տվյալների կազմում է շուրջ 250 000 հոգի, իսկ ըստ ոչ պաշտոնական տվյալներով` մինչև 350 000:
Ժամանակակից Վրաստանի տարածքում` հատկապես արևելյան մասում (պատմական Վիրք կամ Իբերիա), հայերը բնակվել են վաղնջական ժամանակներից: Հարավը մտել է պատմական Գուգարքի մեջ, որի արևելյան և կենտրոնական գավառները (Ջավախք, Կանգարք, Թռեխք, Բողնոփոր, Մանգլյաց փոր, Քվիշափոր, Ծոբոփոր) հայ ժողովրդի բնօր-րանի մասն են կազմում: Հնագույն ժամանակներից հայկական հոծ բնակչություն է եղել նաև Վրաստանի հարավարևմտյան շրջաններում ( Մեսխեթ կամ Սամցխե, Եգր և այլն ):

Վրաստանում հայերի թիվն ավելացել է 5-րդ դարի առաջին կեսին, երբ Մեծ Հայքից անջատվել ու Վրաց մարզպանությանն են միացվել հայաբնակ Գուգարքի գավառները: Հայ համայնքի ստվարաթիվ լինելու հետևանքով տեղի ժամասացությունը, դպրոցները երկլեզու են եղել: Համակեցությանը և դավանական-մշակութային սերտաճմանը նշանակալիորեն նպաստել է Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը Վիրք:

Հայ ազնվականությունն իր բարձր դիրքը պահպանել է հատկապես Դավիթ Շինարարի հաջորդների, հատկապես` Թամար թագուհու (1184-1213թթ.) օրոք: Վրաց պետության շրջանակներում հզորացել են Զաքարյանները, Մահկանաբերդցի Արծրունիները, Ումեկյանները, Բեկթաբեկյանները: Վիրահայոց հոգևոր կենտրոնները սերտ կապեր են ունեցել Հայրենիքի հետ: Հաղպատում, Սանահինում, Գլաձորում ուսանել են վիրահայոց բազմաթիվ ներկայացուցիչներ:

Վրաստանում գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը (առաջնորդանիստը` Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի, առաջնորդը` Վազգեն եպս. Միրզախանյան): Գործում են բազմաթիվ հայկական եկեղեցիներ:

Թբիլիսիի հայ համայնք

Թբիլիսիում հայերը հաստատվել են 6-րդ դարից: 631 թվականին կառուցվել է Սուրբ Գևորգ, իսկ 754 թվականին` Հրեշտակապետաց եկեղեցիները: Թբիլիսին 19-րդ դարի արևելահայ լուսավորչական շարժման խոշորագույն կենտրոններից է եղել: Թբիլիսիի հայկական թատրոնի նախաքայլերն արվել են 1820-ական թվականներին` Ներսիսյան դպրոցի սաների ուժերով:

Ներկայումս Թբիլիսիում բնակվում է շուրջ 150 000 (ըստ պաշտոնական տվյալների` 82 000) հայ: Գործում է վեց հայկական դպրոց, Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Էջմիածնեցոց Սբ. Գևորգ եկեղեցիները, Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը:

Թբիլիսիում է գտնվում նաև հայ մեծանուն գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնը, որտեղ ամփոփված են Րաֆֆու, Թումանյանի, Սունդուկյանի, Աղայանի, Պռոշյանի, Մուրացանի, Նար-Դոսի, Ջիվանու և հայազգի այլ մեծերի աճյունները:

   Թբիլիսիում լույս է տեսնում հայալեզու ՙՎրաստան՚ թերթը, գործում են 27 հայկական հասարակական կազմակերպություններ:

Ջավախք

      Սամցխե-Ջավախք-Ծալկան Վրաստանում հայերով առավել հոծ բնակեցված տարածքն է:

Գուգարքի Ջավախք գավառը հայտնի է դեռ ուրարտական արձանագրություններից Զաբախա անունով: Մ.թ.ա. 786թ.-ից ընդգրկված է եղել ուրարտական թագավորության մեջ: 11-րդ դարից կենտրոնը եղել է Ախալքալաքը: Քաղաքը 12-14-րդ դարերում եղել է Զաքարյանների ժառանգական կալվածքը, որի նստավայրը Թմկաբերդ ամրոցն էր: 1266-1535 թվականներին Ախալցխայի հետ կազմել է Սամցխե-Սաաթաբագո կիսանկախ իշխանությունը:

Ներկայիս բնակչությունը հիմնականում ներգաղթել է 1828-30-ական թվականներին Կարինից (Էրզրում), մասամբ` Կարսի, Բասենի, Արդահանի և Խնուսի գավառներից: Շուրջ 25-30 հազար հայեր բնակություն են հաստատել Ախալքալաքի գավառում` հաստատվելով գավառի 18 հայաբնակ և վերաշինելով 52 նոր գյուղ:

Ախալցխայում հայերն ապրել են հնագույն ժամանակներից: Դեռևս մ.թ.ա. 7-3-րդ դարերում Ախալցխան եղել է Երվանդունիների հայկական պետության կազմում: 16-րդ դարի վերջին, Ախալցխայի փաշայության վիճակագրությանը համաձայն, Ախալցխայում գրանցված 174 հարկատու տներից 108-ը հայկական էին, իսկ 19-րդ դարի սկզբին` 596 տնից` 411-ը : 

1830 թվականին Կարինից Ախալցխա է գաղթել 2536 հայկական ընտանիք և հիմնադրել Պլան թաղամասը:

 Ներկայումս Սամցխե-Ջավախք նահանգում` ներառյալ Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջանը, հայերի թիվն ըստ պաշտոնական տվյալների կազմում է շուրջ 125 000 մարդ, գործում են` 118 հայկական դպրոց, մշակութային կենտրոն, գրադարան, հայերեն հաղորդումներ հեռարձակող տեղական հեռուստաընկերություններ, հայերեն լույս են տեսնում  «Ակունք», «Արշալույս», «Հարավային դարպաս» թերթերը, գործում են շուրջ երկու տասնյակ հայկական հասարակական կազմակերպություններ:

Աբխազիայի հայ համայնք

Հայերն Աբխազիայում հաստատվել են վաղ միջնադարից, հայ համայնքը կազմավորվել է 19-րդ դարի վերջին, երբ Աբխազիա են գաղթել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածներից փրկվածները` համշենահայերը Տրապիզոնից, Օրդուից և Սամսունից: Հետագայում աբխազահայությունը համալրվել է Մեծ Եղեռնից փրկվածներով, Ջավախքից և այլ վայրերից տեղափոխված հայերով:

Հայերը դեռևս 19-րդ դարի վերջին կառուցել են եկեղեցիներ, բացել դպրոցներ, հիմնադրել տպարան, հրատարակել են «Լույս», «Նոր կյանք», «Փարոս» թերթերը: 

Խորհրդային շրջանում էլ հայերն Աբխազիայում կազմել են բնակչության գերակշիռ մասը` մոտ 100 հազար մարդ: Նրանք հիմնականում բնակվել են Սուխում, Օչամչիրա, Գագրա, Գուդաութա Լեսելիձե, Գանթիադ, Պիցունդա, Նոր Աֆոն և Գուլրիփշ ծովափնյա քաղաքներում, ինչպես նաև հենց հայերի կողմից հիմնադրված գյուղերում և ավաններում: 
1992 թվականի վրաց-աբխազական պատերազմի հետևանքով Աբխազիայից գաղթել է մոտ 30 000 հայ: Ներկայումս հայերի թիվն Աբխազիայում, ըստ պաշտոնական տվյալների կազմում է շուրջ 45 000 հայ, գործում է 32 հայկական դպրոց: Գործում է «Աբխազիայի հայկական համայնք» կազմակերպությունը, որի նախագահն է Գարեգին Ղազարյանը:

Աջարիայի հայ համայնք

Աջարիայում հայերը հաստատվել են վաղ միջնադարում, համայնքը ստվարացել է 18-րդ դարի սկզբին` հիմնականում համշենահայերի հաշվին, իսկ խորհրդային տարիներին` նաև Ջավախքից և այլ վայրերից տեղափոխված հայ ընտանիքներով: Նրանք կենտրոնացած են Բաթում և Քոբուլեթ քաղաքներում: Համայնքը խորհրդային տարիներին ունեցել է եկեղեցի, երկսեռ դպրոց, թատրոն, լույս են տեսել թերթեր: Ներկայիս արտագաղթի հետևանքով հայերի թիվը բավականին նվազել է: Վերջին տվյալներով Աջարիայում բնակվում է շուրջ 10 000 հայ: Բաթումում գործում է Հայաստանյայց Առաքելական Ս. Փրկիչ եկեղեցին, եկեղեցուն կից կիրակնօրյա և վրաց-հայկական միջնակարգ դպրոցները: Աջարիայում գործում են «Աջարիայի հայերի միություն» (ղեկավար Գրիգոր Վարդանյան) և «Երիտասարդական միություն» կազմակերպությունները:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38