Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մերձավոր Արևելք, Ասիա, Աֆրիկա
19.02.2013

ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայերը Սիրիայի տարածքում բնակվել են վաղնջական ժամանակներից: Սիրիայի և Հայաստանի միջև կապեր են սկսել զարգանալ Տիգրան Մեծի կողմից Սիրիան գրավելուց և առաջին անգամ արաբներին Սիրիա տեղափոխելուց հետո:
Առաջին տեղեկությունները հայ բնակչության գաղթի մասին դեպի Սիրիա վերաբերում են 6-րդ դարին: 700-862 թվականներին Հայաստանն ընդգրկվել է Արաբական Խալիֆայության կազմի մեջ, որով նոր էջ է բացվել հայ-սիրիական հետագա կապերի զարգացման պատմության մեջ: 9-15-րդ դարերում Սիրիայում հայերի թվաքանակը բավականին աճել է` հյուսիսային Սիրիա հայերին գաղթեցնելու Բյուզանդական քաղաքանության, ինչպես նաև Բագրատունյաց և Կիլիկյան հայկական թագավորությունների անկման և սելջուկ թուրքերի ասպատակությունների  հետևանքով: 

Սիրիահայ ժամանակակից համայնքը ձևավորվել է հիմնականում 1915-1920 թվականներին` Հայոց Ցեղասպանության արդյունքում սկսված զանգվածային բռնագաղթի հետևանքով: 1918 թվականին սիրիահայության թիվը կազմել է շուրջ 142 հազար մարդ, որից 60 հազարը բնակվել է Հալեպում: Հետագայում հայերն աստիճանաբար արտագաղթել են Լիբանան, Եվրոպական երկրներ, Կանադա, ԱՄՆ և Հայաստան (1946-1948, 1964-1966 թթ):

Ներկայումս Սիրիայում բնակվում է շուրջ 100 հազար հայ, որի մեծ մասը կենտրոնացված է Հալեպում (շուրջ 60 հազար), մնացյալը` Դամասկոսում (շուրջ 6-7 հազար), Լաթաքիայի, Հոմսի, Ռակկայի, Հասաքեի, Դեյր Զորի նահանգներում (ավելի քան 30 հազար): Գործում են հայ ավանդական երեք կուսակցություններիª ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի տեղական մարմինները, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ երիտասարդաց ընկերակցության, Թեքեյան մշակութային միության, Նոր Սերունդ մշակութային միության, ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի մասնաճյուղերը, Կրթասիրաց մշակութային միությունը, Գերմանիկ-Վասպուրական մշակութային միությունը, Ազգային մշակութային միությունը, Ուրֆայի Վերածնունդ մշակութային միությունը, Կիլիկյան մշակութային միությունը և հայրենասիրական ու մշակութային այլ միություններ:

Բարեսիրական շրջանակներում գործում են ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի (Սիրիյի հայ Օգնության Խաչ` ՍՕԽ), «Հովարդ Կարագյոզյան» հաստատության, Ջինիշյան հիշատակի ծրագրի տեղական մարմինները, Բերիո թեմի Ընկերային ծառայության խորհուրդը, եկեղեցիների Աղքատախնամ մարմինները, հայկական «Ալթունյան», «Մազլումյան», «Աստուրյան» հիվանդանոցները, Ջեբեջյան ակնաբուժարանը և Կյուլպենկյան ծննդատունը:

Սիրիայում գործում են` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սիրիայի թեմը (առաջնորդանիստը` Դամասկողի Ս.Սարգիս եկեղեցի, առաջնորդը` Արմաշ եպս. Նալբանդյան) և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմը (առաջնորդանիստը` Հալեպի Քառասուն Մանկունք եկեղեցի, առաջնորդը` Շահան եպս. Սարգսյան):  Գործում են նաև Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիներ:

Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների, հայկական բարեգործական, կրթական և մշակութային կազմակերպությունների հովանու ներքո գործում են հայկական դպրոցներ, թատերական ու երաժշտական խմբեր, արվեստի «Սարյան ակադեմիա», «Արշիլ Գորկի» և «Արմիս» դպրոցները: Սիրիայում Բերիո թեմի առաջնորդարանի հովանավորությամբ գործում է Սիրիահայ գրողների միությունը: Հալեպում լույս է տեսնում Ազգային Առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38