ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայրենադարձներ
19.02.2013

ՇԱՀԵ ՔԵՇԻՇՅԱՆ
«Մեր հայրենիքը կարող է և´ լավը լինել, և´ վատը լինել, որովհետև այն դրախտ չէ»
Ամռանը Հալեպի «Սպենդիարյան» երգչախումբը մասնակցեց «Իմ Հայաստան» փառատոնին։ Անտեսելով պատերազմի վտանգներն ու դժվարությունները՝ խումբը կարողացավ համախմբվել ու պատրաստվել հայաստանյան ճանապարհորդությանը։ Երգչախմբի անդամներից շատերի համար այդ ճամփորդությունը հայրենիքում հանգրվան գտնելու առիթ հանդիսացավ։ Համերգային շրջագայությունը հայրենիք վերադարձի սկիզբ դարձավ նաև երգչախմբի խմբավար Շահե Քեշիշյանի համար։
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» հարցազրույցը Շահե Քեշիշյանի հետ։
- Շահ´, Ձեր ղեկավարած «Սպենդիարյան» երգչախումբը մասնակցեց «Իմ Հայաստան» փառատոնին։ Երգչախմբի հետ միասին եկաք Հայաստան ու այստեղ եք առայսօր։

- Իրականում Հայաստան տեղափոխվելու մտադրություն վաղուց ունեինք, հատկապես որ կինս երևանցի է, ես էլ այստեղ եմ բարձրագույն կրթություն ստացել։ Բացի այդ, մշակութային գործունեության համար Հալեպի համայնքը մի քիչ նեղ է, փոքր է։

Հայաստանի հետ կապը պահպանելու և վերալիցքավորվելու համար մենք ամռան ամիսներին հաճախ էինք լինում Հայաստանում։ Անցյալ տարի ամռանն արդեն որոշել էինք, որ հավանաբար 2012 կամ ամենաուշը 2013 թվականին կվերահաստատվենք Հայաստանում։

Երբ 2012 թվականի ամռանը «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում Հայաստան եկանք, ես մտադիր էի աշնանը նորից հետ վերադառնալ։ Բայց բոլորին հայտնի դեպքերի պատճառով հնարավոր չեղավ, այսինքն՝ իրականություն դարձավ այն, ինչ ուզում էինք, բայց մի քիչ այլ կերպ։ Անսպասելի էր, ու մենք էլ դեռ անպատրաստ էինք, հոգեբանորեն չէինք պատրաստվել. մեր իրերը, հոգևոր մասունքների մեծ մասը այնտեղ են դեռ։

- Իսկ Երևանում բնակարան ունե՞ք։

- Բնակարան ունենք, շատ փոքրիկ՝ մեկ սենյականոց, բայց, փառք Աստծո, հայրենիքում մեր սեփական անկյունն ունենք։ Այն 2005 թվականին ենք ձեռք բերել։ Երկու հոգի ենք, առայժմ բավարարում է։ Բնակարան գնելը և´ հեռանկար բացելու նպատակ ուներ (մենք գիտեինք, որ մի օր վերադառնալու ենք), և´ անհրաժեշտություն էր դարձել, քանի որ ամեն ամառ մի քանի ամսով գալիս էինք Հայաստան։

- Իսկ ինչքա՞ն ժամանակ ղեկավարեցիք «Սպենդիարյան» երգչախումբը։

- Սա նույն այն երգչախումբն է, որտեղ ես երգել եմ մինչև իմ պրոֆեսիոնալ ճանապարհ ընտրելը, այսինքն՝ պատանեկության, երիտասարդության տարիներին։

Իմ ուսումնառության տարիներին, երբ ես սովորում էի Երևանի պետական կոնսերվատորիայում, և մինչ այդ էլ  Հայաստանից էին խմբավարարներ հրավիրում, որը ժամանակի, ֆինանսական սուղ պայմանների առումով մի քիչ թանկ հաճույք էր։ Մասնագետները գալիս էին մի քանի ամսով, շատ արագ համերգներ էին կազմակերպում և վերադառնում էին։ Իսկ խումբը մինչև հաջորդ տարի պարապուրդի էր մատնվում, ցրվում էր։ Բնական է, որ աճ չէր նկատվում, քանի որ հաջորդ տարի պետք էր նոր խումբ հավաքել։ Այն ժամանակ, երբ ես սովորում էին Կոնսերվատորիայում, կարծես  սպասելիքներ կային, որ ես մի օր կվերադառնամ և կստանձնեմ այդ աշխատանքը։ Այդպես էլ եղավ. 2006 թվականին վերադարձա, 2007 թվականին դարձա երգչախմբի խմբավարը և 5 տարի աշխատեցի։ Կարծում եմ, որ զգալի աճ գրանցվեց այն պատճառով, որ երգչախումբը ամբողջ տարին էր աշխատում, շատ օրինավոր ռեժիմով։ Բոլոր հնարավոր առիթները օգտագործում էինք՝ Սիրիայի տարբեր քաղաքներում ելույթներ ունենալու համար։ Մեր արվեստը ներկայացնելու հնարավորություն ունեցանք նաև Հայաստանում։

- Երգչախումբը առաջի՞ն անգամ էր ելույթ ունենում Հայաստանում։

- Երգչախմբի կենսագրության ընթացքում երկրորդ համերգային այցն էր հայրենիք։ Եթե չեմ սխալվում, 1970-ական թվականներին խումբը համերգներով հանդես եկել է Հայաստանում։

- Հիմա, հասկանալի պատճառներով, երգչախումբը չի գործում, իսկ ինչպե՞ս եք պատկերացնում խմբի ապագան։

- Ցավոք, 2012 թվականի գարնանից արդեն գրեթե հնարավոր չէր խումբը հավաքել։ Մեզ օգնեց փառատոնի հրավերը, որ մենք  այդ մի քանի ամիսներին էլ հարկադրաբար (լավ իմաստով) նորից հավաքվեցինք և պատրաստվեցինք։
Իսկ այս պահի դրությամբ մարդիկ հասարակ կենցաղաին խնդիրների հետևից են ընկած։ Սիրիայում մարդիկ մայրամուտից հետո չեն համարձակվում փողոց դուրս գա։ Այս պահին ամեն ինչ կախված է քաղաքական իրավիճակից։ Հիմա, ըստ իմ ունեցած տեղեկությունների, հալեպահայ մշակութային կյանքը կաթվածահար վիճակում է, ինչը շատ բնական է նման պայմաններում։

- Տա´ Աստված, որ վիճակը կայունանա, և ամեն ինչ իր բնականոն հունի մեջ մտնի։ Իսկ Ձեր վերադարձը երգչախումբ հնարավո՞ր է։

- Նորից վերադառնալ և վերահաստատվել Հալեպում՝ այդ տարբերակն արդեն չի գործում։ Բայց եթե մի օր ցանկանան ինձ հրավիրել, ինչպես նախկինում էին հրավիրում հայաստանյան խմբավարների,  միակ տարբերությամբ, որ ես տեղացի եմ, գիտեմ նրբությունները, բնակարանի խնդիր չունեմ, հնարավոր է՝ համաձայնեմ, եթե, իհարկե, այստեղի աշխատանքնային պայմանները չխանգարեն։ Բայց այլ տարբերակ ինձ համար այլևս չկա։

- Բոլորս ենք տեղյակ, որ այսօր Հայաստանում հաստատված սիրիահայերի համար աշխատանք գտնելը լուրջ դժվարություն է։ Դուք մեր նախնական զրույցի ընթացքում ասացիք, որ աշխատում եք երաժշտական դպրոցում։

- Գիտեք, աշխատել բառը մի քիչ լուրջ չի հնչում այս դեպքում: Հասկանալի է՝ հայաստանաբնակների  համար դա գուցե սովորական երևույթ է, բայց մեզ համար …

Իսկ աշխատում եմ սեպտեմբեր ամսից, երբ արդեն պարզ դարձավ, որ հնարավոր չէ վերադառնալ։ Ու, փառք Աստծո, ընդհանուր ծանոթների միջոցով  ինձ հրավիրեցին աշխատելու Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցում. երաժշտանոցի երգչախմբի ղեկավարն եմ։

- Ասացիք, որ աշխատել բառը լուրջ չի հնչում: Պատճառը հավանաբար «համեստ» աշխատավարձն է։

- Դե, եթե մտածենք, որ աշխատավարձս 30 հազար դրամ է, այդպես է ստացվում: Ճիշտ է, զբաղվածության իմաստով շատ քիչ եմ աշխատում, բայց ես կգերադասեի, ինչպես յուրաքանչյուր նորմալ մարդ, հատկապես, որ Սիրիայում կյանքը շատ արագ է, ամեն օր զբաղված լինել 8-10 ժամ և ստանալ նորմալ աշխատավարձ։

- Իսկ Ձեր կինն աշխատո՞ւմ է։

- Փառք Աստծո, կինս աշխատում է և համեմատած ինձ՝ նորմալ է վաստակում։ Նա արվեստաբան է, աշխատում է Գաֆեսչյան արվեստի կենտրոնում։ Զուգադիպություն էր, բայց այնպես ստացվեց, որ նա մարտ ամսից արդեն աշխատանքի ընդունվեց, երբ դեռ Հալեպի թեժ կռիվները չկային, և մենք չգիտեինք, թե երբ կտեղափոխվենք։ Այս պահի դրությամբ  մեր ընտանիքը փրկողը իր աշխատավարձն է։

- Շահե´, հետաքրքիր է, ինչպե՞ս էիք պատկերացնում Ձեր վերադարձը։

- Այնպես, ինչպես տիկնոջս հետ եղավ. հանգիստ տեմպերով և լավ աշխատանք գտնելուց հետո միայն։ Նրա աշխատանք գտնելը կարծես ճանապարհ հարթելու տարբերակ եղավ։ Ես էլ, երբ ամռանը եկա Հայաստան, մտադիր էի հանգիստ տեմպերով աշխատանք գտնել, իսկ եթե չստացվեր, կվերադառնայի և աշխատանքի փնտրտուքը կշարունակեի։ Չստացվեց, բացի այդ հասկացա, որ դա մի քիչ ռոմանտիկ պատկերացում է, շատ մոտ չէ իրականությանը։ 

- Իսկ ինչքա՞ն է հնարավոր հոսանքին հակառակ գնալ ու փորձել սկզբունքներին հավատարիմ մնալ։

- Փորձում եմ հետաձգել վերջնականապես սպիտակ դրոշ պարզելու թվականը և դեռ երազելով՝ փորձում եմ գտնել միջին եզրը, այսինքն՝ փորձել ինչ-որ ելք գտնել՝ չզիջելով բովանդակային կամ որակական խնդիրներով։ Այսօր ես ղեկավարում եմ նաև Արարատյան հայրապետական թեմին պատկանող «Զանգակներ» նվագախումբը, որն իր տեսակով շատ յուրահատուկ է Հայաստանում։ Փորձում եմ զբաղվել խմբին ճանաչում բերելու հարցերով, առիթներ ստեղծում, որ եկամուտ ունենալու հնարավորություններ ունենանք, մինչև որ մի օր, տա Աստված, հովանավոր կկարողանանք ունենալ։

Նաև հույս ունեմ ինչ-որ մշակութային գործունեություն ծավալել, ոչ միայն սովորական, ընդունված մեթոդներով՝ դասավանդել, ինչ-որ տեղ երգել կամ նվագել, այլ մի փոքր այլ կեպ։ Մտքումս ծրագրեր կան, չգիտեմ՝ ինչքանով է հնարավոր իրագործել, չգիտեմ նաև, թե ինչքանով ես պիտանի եմ հայաստանյան շուկայում։ Պետք է խոստովանեմ նաև, որ եթե Հալեպում ես եզակիներից էի, այն պարզ պատճառով, որ Հալեպում արվեստի ասպարեզում մասնագետները շատ եզակի են, որովհետև արվեստն այնտեղ ճոխություն է, ապա Հայատանում ես մի քանի հազարից մեկն եմ միայն։ Հայաստանում շուկայի պահանջարկից շատ ավելին կա, որտեղ կարող է նկատվել ինչպես շատ տաղանդավոր, եզակի արվեստագետներ, այնպես էլ ճարպիկ արվեստի գործիչներ, որոնք կարող են իրենց ապրանքը վաճառել։ Ես չգիտեմ, թե որ խմբին եմ պատկանում, բայց, ցավոք, ես հաստատ ճարպիկ գործարար չեմ։

- Փաստորեն, անկախ դժվարություններից, Դուք վճռական եք Ձեր որոշման մեջ։

- Ես նոր չէ, որ ծանոթանում եմ հայաստանյան իրականությանը։ Քիչ չէ, տասը տարի այստեղ եմ ապրել, սովորել, ավարտելուց հետո երկու տարի էլ փորձեցի մնալ։ «Զանգակներ» նվագախումբը ես ուսանողական տարիներին եմ ստեղծել։
Գիտեք, այսօր սիրիահայերից շատ ենք լսում դժգոհություններ հայաստանյան կյանքի բացասական կողմերի մասին։ Ինչ-որ իմաստով հասկանալի է, որովհետև մարդիկ սովոր են ուրիշ պայմանների, մտածելակերպի, շուկայական հարբերությունները, երկրի հնարավորությունները տարբեր են։ Պարզապես ես կցանկանայի իմ սիրիահայ ընկերներին ասել, որ պետք չէ բացասական երևույթներից հիասթափվել և այդ հիասթափությունը կապել հայրենիքի հետ, այսինքն՝ քանի որ վատ են պայմանները, ուրեմն մեր հայրենիքը լավը չէ։ Մեր հայրենիքը կարող է և´ լավը լինել, և´ վատը լինել, որովհետև ի վերջո սա դրախտ չէ, երկիր մոլորակն է, աշխարհն է։ Եվ ինչ-որ չափով շատ բան մեզանից էլ է կախված։ Եթե վերադարձը դեպի Հալեպ է՝ Հալեպի համայնքը պահպանելու նպատակով, համաձայն եմ այդ վերադարձի հետ։ Բայց այստեղից թողնել-գնալ աշխարհի այլ երկրներ և բացասաբար տրամադրվել հայրենիքի նկատմամբ, խաչ քաշել Հայաստանի վրա՝ ճիշտ չեմ համարում։

 Մյուս կողմից՝ ես չգիտեմ, թե ինչպես կարելի է փոխել, բայց մեր երկրի մտածելակերպը, ցավոք, շատ առողջ չէ։ Ենթադրում եմ, որ դա խորհրդային հասարակարգի մնացորդ է, որտեղ դեռևս իշխում է ավատատիրական մտածելակերպը։ Մեզ պետք է մտածելակերպի փոփոխություն։ Նաև անհրաժեշտ է ինչ-որ հնարավորություն ստեղծել՝ մարդկանց հիասթափությունը «հեռացնելու» համար։ Մարդիկ հիասթափությունից անտարբեր են դարձել, ինչը բացասաբար է ազդում։ Հայաստանում հասարակական կարծիք ասվածը մի քիչ թույլ է, ինչը, հուսով եմ, որ կփոխվի։

Մի փոքր լավատես պետք է լինել, սպասել, դիմադրել, դիմակայել, և այն սիրիահայերը, ովքեր այստեղ են, հուսով եմ, որ կմնան և կշենացնեն մեր հայրենիքը։

Զրուցեց  Լուսինե  ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38