Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մերձավոր Արևելք, Ասիա, Աֆրիկա
21.02.2013

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Լիբանանահայությունը հայկական ամենաավանդական համայնքներից մեկն է աշխարհում: Լիբանանում հայերը բնակվել են դեռևս վաղնջական ժամանակներից: Հայ համայնքը ստվարացել է հատկապես 19-րդ դարի 90-ական թվականների համիդյան ջարդերի հետևանքով:
Ժամանակակից լիբանանահայ համայնքը ձևավորվել է գլխավորապես Հայոց Ցեղասպանության շրջանում, ինչպես նաև հետագա տարիներին՝ 1915-1939 թվականներին, երբ հազարավոր գաղթականներ ապաստան են գտել հյուրընկալ Լիբանանի Բեյրութ, Ջյունի, Զահլե, Ջիբեյլ, Տրիպոլի և այլ բնակավայրերում: Նույն շրջանում հայերը հիմնել են Այնճար հայկական գյուղը Բեքաայի հովտում:

Մինչև 1970-ական թվականների կեսերը Լիբանանահայ համայնքը կազմել է շուրջ 250-300 հազար հոգի: Քաղաքացիական երկարատև պատերազմի և դրա հետևանքով առաջացած անապահովության ու տնտեսական երկարատև ճգնաժամերի հետևանքով այդ թիվը կտրուկ նվազել է` ներկայումս կազմելով շուրջ 80-120 հազար:

Սկզբնական շրջանում Լիբանանի հայերը հիմնականում զբաղվել են առևտրով և արհեստներով, նաև` հողագործությամբ: Նրանք ծառայել են ոչ միայն հայ համայնքի, այլև` պետության բարգավաճմանը: Լիբանանի հայ համայնքը ներկա Խորհրդարանում ունի ամրագրված պատգամավորական վեց տեղ և երկու նախարարական աթոռ կառավարությունում: Լիբանանի հայ համայնքն ունի կրոնական-սահմանադրական համայնքի կարգավիճակ:

Լիբանանահայերի ազգային, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը երկար տասնամյակներ ընթացել է ազգային կուսակցությունների և կազմակերպությունների գործունեության շրջանակներում: Ներկայումս գործում են ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի, ՍԴՀԿ-ի տեղական մարմինները, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության, Հայ մարմնամարզական միության, «Նոր սերունդ» մշակութային միության, Հայ երիտասարդաց ընկերակցության Կենտրոնական վարչությունները, ինչպես նաև` ՀՕՄ-ի (Լիբանանի օգնության խաչ), ՀԲԸՄ-ի, Հայ դատի մասնաճյուղերը: Լիբանանահայ համայնքում գործում են նաև հայրենակցական, ուսանողական և այլ կազմակերպություններ, մի շարք մասնագիտական և արհեստակցական միություններ` «Լիբանանահայ բժշկական միություն», Լիբանանի հայ արհեստավարժների «Հայճար» միություն, Լիբանանահայ գործարարների միություն, Հայ համայնքի ընկերային ծառայողների միություն: Լիբանանում է գտնվում Սփյուռքում գործող միակ` Հայկազյան, հայկական համալսարանը: Հայ հոգևոր կառույցների և կազմակերպությունների հովանու ներքո գործում են ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ: 

1930 թվականին` Սահակ Կաթողիկոսի օրոք, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը տեղափոխվել է  Լիբանան (առաջնորդանիստ` Անթիլիասի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի): Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լիբանանի Հայոց թեմը (առաջնորդանիստ` Բեյրութի Ս.Նշան Մայր եկեղեցի, առաջնորդ` Գեղամ եպս. Խաչերյան) կազմավորվել է 1929 թվականին:

Լիբանանում է գտնվում  նաև Հայ Կաթողիկե Պատրիարքությունը (նստավայրը` Զմառռի վանք, առաջնորդանիստը` Ս.Գրիգոր Լուսավորիչ-Ս.Եղիա եկեղեցի):

Առաքելական համայնքի ազգային-եկեղեցական կյանքը կազմակերպվում է Գավառական, Քաղաքական և Կրոնական ժողովների կողմից, որոնց աշխատանքները համակարգում է Թեմակալ առաջնորդը:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38