Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
«ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՅԱՂԹԱՀԱՐԵԼ ՈՒ ԼՈՒԾԵԼ ՄԵՐ ԱԶԳԻ ԱՌՋԵՒ ԾԱՌԱՑԱԾ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
26.02.2013

Վահէ Ճիլաւեան
«ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՅԱՂԹԱՀԱՐԵԼ ՈՒ ԼՈՒԾԵԼ ՄԵՐ ԱԶԳԻ ԱՌՋԵՒ ԾԱՌԱՑԱԾ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»
Անկարելի է պատկերացնել Սփիւռք-Հայրենիք յարաբերութիւններու  կամուրջը, առանց Սփիւռքի նախարարութեան  կատարած կարեւոր եւ  երախտաշատ աշխատանքին: Նախարարութեան  մօտակայ եւ հեռակայ ծրագիրիներուն  իրազեկ դառնալու նպատակով  հարցազրոց մը ունեցանք   Սփիւռքի  նախարարի տեղակալ  Պրն. Վահէ Ճիլաւեանին  հետ, զորս կը  ներկայացնենք մեր յարգելի ընթերցողներուն:
-Որո՞նք են Սփիւռքի նախարարութեան հիմնական առաջադրանքները: Հայաստանի իշխանութիւնները ինչպիսի՞ աջակցութիւն կը ցուցաբերեն Ձեր առաքելութեան յաջողութեան մէջ:

- Հայաստանի Հանրապետութեան երրորդ Նախագահ Սերժ Սարգսեանի  հրամանագրով 2008 թուականին հիմնադրուեց ՀՀ սփիւռքի նախարարութիւնը, որը կոչուած է նպաստել սփիւռքում հայապահպանութեանը, հայրենադարձութեանը և համախմբել ազգային ներուժը ի նպաստ Հայրենիքի զարգացման: Նախագահ Սերժ Սարգսեանը միշտ ուշադրութեան կենտրոնում է պահել Սփիւռքի նախարարութեան աշխատանքերը և սփիւռքեան  հիմնախնդիրները: Իրականացուել են Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացմանը և Սփիւռքում հայապահպանութեանը նպաստող բազմաթիւ ծրագրեր, որոնք հնարաւոր չէր լինի կեանքի կոչել առանց Հայաստանի բարձագոյն իշխանութեան օժանդակութեան: Նշուած ծրագրերի արդյունաւէտ իրականացման գործընթացը գտնւում է նաև ՀՀ վարչապետի ուշադրութեան կենտրոնում:

Վստահ եմ, որ ՀՀ բարձրագոյն իշխանութեան հետագայ աջակցութեան դէպքում Սփիւռքի նախարարութեան ծրագրերը կ’ընդլայնուեն և կ’իրականացուեն առաւել արդիւնաւէտ:

 
-Սփիւռքի մասին ի՞նչ պատկերացում ունէիք նախապէս, այս աշխատանքին հրաւիրուելէ առաջ եւ ներկայիս:

-Մինչև 2012 թ-ի Օգոստոս ամիսը հայկական սփիւռքի խնդիրներին ծանօթ եմ եղել այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր աքթիւ քաղաքացի կարող է տեղեկացուած լինել: Սակայն երբ սկսեցի աշխատել ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում, ակնյայտ դարձաւ, որ այս նախարարութեան կարգաւորման ոլորտը շատ աւելի լայն և բազմաշերտ է, քան կարելի է պատկերացնել դրսից: Հայաստանում բնակւում է 10 միլիոն հայութեան միայն 3 միլիոնը, իսկ մնացած 7 միլիոնը գտնւում է Սփիւռքում: Եւ, բնականաբար, աշխարհասփիւռ հայ ժողովրդի մեծամասնութեան խնդիրներով զբաղուող այս նախարարութիւնում աշխատելը  պահանջում է մեծ պատասխանատուութիւն, հետևողականութիւն, նրբանկատութիւն ու բազում այլ յատկանիշներ, որոնք այլ կառոյցներում թերևս այդքան էլ անհրաժեշտ չեն: Մեր առջև ծառացող խնդիրները բազմաբնոյթ են եւ լուծումները տարբեր: Այս ամենին գումարուել է աշխատանքի նկատմամբ Սփիւռքի նախարարի խստապահանջութիւնը, քաղաքական կամքն ու սկզբունքայնութիւնը եւ, կարելի է ասել, որ մեր նախարարութիւնը քատրերի իւրայատուկ դարբնոցի է վերածուել:

 -Գործնական ինչպիսի՞ քայլերու դիմած էք արեւմտահայերէն լեզուի պաշտպանութեան համար:

-Հայաստանի Հանրապետութիւնն աջակցում է իր սահմաններից դուրս բնակուող հայերի շրջանում հայոց լեզուի պահպանմանը և տարածմանը, հայերէնի ուղղագրութեան միասնականացմանը: Գրական արևմտահայերէնը 1915 թուականի Հայոց ցեղասպանութիւնից յետոյ  ստանձնել է հայ ժողովրդի աշխարհացրիւ  բեկորների ազգապահպանութեան առաքելութիւնը: Հայաստանի և Սփիւռքի միջեւ արդյունաւէտ լեզուայարաբերութիւնների կարեւոր պայման է հայութեան լեզուական խնդիրները համատեղ քննարկելն ու դրանց լուծման ուղիները բացայայտելը: Այդ նկատառումով էլ 2010թ. նախարարութիւնը կազմակերպեց «Արևմտահայութեան վիճակը սփիւռքում» գիտաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և Սփիւռքի  նշանաւոր լեզուաբաններ և մանկավարժներ:

Արդիւնքում համատեղ ուժերով ստեղծուեցին արևմտահայերէն Այբենարան եւ Ընթերցարան: Մենք սփիւռքեան համայնքներին ենք առաջարկել  այս դասագրքերը, նրանք այժմ փորձարկման փուլում են, այնուհետև կը միաւորենք դասագիրքերի վերաբերեալ բոլոր առաջարկներն ու դիտողութիւնները և կը ստեղծենք նոր լրամշակուած  դասագիրքեր:

Նախարարութեան կողմից իրականացւում են բազմաթիւ ծրագրեր, որոնք  ուղղուած են լեզուի պահպանութեանը: Ամէնակարևոր և գործնական քայլերից մէկը «Սփիւռք» ամառնային դպրոցի շրջանակներում մայրենի լեզուի ուսուցման դասընթացն  է, որին մասնակցելու հնարավորութիւն ունեն բազմաթիւ սփիւռքահայեր: Հենց նրանք են, որ արդյունաւէտ կերպով իրականացնում են մայրենիի պահպանման գործառոյթը հայկական համայնքներում:

Ստեղծուել է արևմտահայերէնից արևելահայերէն և հակառակը փոխարկիչ: Մեր նախարարութեան www.mindiaspora.am կայքն ունի դասական ուղագրութեամբ տարբերակ, իսկ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականը՝ www.hayernaysor.am կայքը թողարկւում է նաեւ արևմտահայերէնով:

Մեր նախարարութեան կողմից արևմտահայերէնով հրատարակուել են  բազմաթիւ գիրքեր: 2013 թուականին մայրենիի պահպանութիւնն ու տարածումը նախարարութեան գերակայ ուղղութիւններից է:  Հայոց լեզուին նուիրուած միջոցառումների շրջանակներում այս տարի նախատեսւում է իրականացնել «Հայերէնն իմ սրտում է» խորագրով երիտասարդական ֆորում, որը կը կայանայ Ապրիլին:

-Ներքին Սփիւռքը՝ Ռուսիա, Ուքրանիա եւ այլուր կ‘իյնա՞յ Ձեր նախարարութեան աշխատանքներուն մէջ, եւ ինչպէ՞ս կը համադրէք այդ շրջաններու մէջ բնակող հայերու կապը հայրենիքին հետ, ինչպէս նաեւ տուեալ երկիրներու մէջ անոնց իրաւունքներու, կալուածներու պաշտպանութեան հարցը, ինչպէս նաեւ հայերէն լեզուի պահպանութեան հարցը:

- Ձեր կողմից նշուած ներքին սփիւռքը հիմնականում ձևաւորուել և մեծացել է խորհրդային պետութեան փլուզումից յետոյ: Տարածաշրջանում տարբեր գնահատականներով բնակւում է շուրջ 3,3 միլիոն հայ: Մշակութային հարազատութիւնը,  մեծ հեռաւորութիւնը հայա¬շատ, կայուն համայնքներից պա¬րարտ հող են ստեղծում հայկական սփիւռքի ազ¬գային դի¬մագծի կորստի համար։ Դեռևս գործում է միասնական բազմազգ ընտանիքում ապրելու սովետական քա¬ղաքացու մտածողութեան իներցիան, բացակայում է ազգային ինքնութեան և հայապահպանութեան խորը պահանջն ու գիտակցումը։  Ինչպէս ամենուրէք, մեծ թիւ են կազմում խառնամուսնութիւնները։ Առանձին երկրներում (Մոլտովա, Տաճիկստան, Ղրղզստան, Ռուսիոյ Դաշնութեան  հեռաւոր դաշնային շրջանները և այլն) թոյլ է կապը Հայաստանի և հայաշատ այլ համայնքների հետ

Հայոց լեզուի նկատմամբ հետաքրքրութիւնն օրաւուր նուազում է  և դա ունի իր օբ¬յեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները. հայերէն հիմնականում սովորում են նրանք, ովքեր մտադիր են վերադառնալ Հայաստան. շատերը մայրենի լեզուն սովորելը համարում են անհեռանկարային, համայնքներում գերակշռում է ռուսական կրթութիուն ունեցող հայերի թի¬ւը, հայկական կրթօջախները փոքրաթիւ են, և կայ փորձառու ուսուցիչների մեծ պակաս: Դպրոցների հեռու լինելու պատճառով շատ ծնողներ հրաժարւում են իրենց երեխաներին հայկական դպրոց ուղարկել, երեխաներն ու երիտասարդները խուսափում են հայկական կիրակնօրեայ դպրոց յաճախելուց, որովհետեւ դրանք դիտում են՝ որպէս իրենց միակ հանգստի օրուան կորուստ կամ աւելորդ զբաղուածութիւն: Միջինասիական տարածաշրջանի երկրներում բնակուող հայերի համար հայերէնը դառնում է երրորդ լեզու, որովհետև նրանք պարտադրուած են սովորել իրենց բնակութեան երկրի լեզուն և ռուսերէնը։

Հայապահպանութիւնը հայ համայնքներում դեռևս չի դարձել տեղի բոլոր հայկական կառոյցների, այդ թւում` եկեղեցիների, մշակութային կենտրոնների, բարեգործական, հայրենակցական և այլ հասարակական կազմակերպութիւնների ու զանգուածային լրատուության միջոցների գերխնդիրը:

Շատ դէպքերում բացակայում է սփիւռքահայի և համայնքային կեանքի էութեան և կարգավիճակի համարժէք ընկալումը, աւելին՝ սփիւռքահայ և սփիւռք համարում են միայն Ամերիկայում, Եվրոպայում, Մերձաւոր Արևելքում և այլ երկրներում բնակ¬ուող հայերին։

Հայերէնի վատ կամ սահմանափակ իմացութիւնը յաճախ խոչընդոտում է հայ մարդու` համայնքի հասարակական, քաղաքական և մշակութային կեանքում ներգրաւուելուն և հետագայում դառնում է նրա առաւել մեկուսացման ու օտարացման պատճառ:

Հրամայական է դարձել ծագումով հայ երիտասարդներին հայադարձութեան նոր լիցքերի հաղորդումը, մայրենի լեզուի ուսուցումը, երիտասարդական կազմակերպութիւնների միջեւ կապերի ընդլայնումը, հնարաւորութեան շրջանակներում նրանց մասնագիտական կրթութեան կազմակերպումը Հայաստանի բարձրագոյն ուսումնական  կեդրոններում,  համալսարաններում:

Շատ քիչ են հայկական բաղադրիչով դպրոցները, որոնցում հայոց լեզուի դասաւանդման վիճակը հեռու է բաւարար համարուելուց։ Վերջին տարիներին դպրոցներում կրթութեան որակի և աշակերտների ընդհանուր թիւի անկման հետ մէկտեղ ի յայտ են եկել նաև ֆինանսական լուրջ խնդիրներ` կապուած երիտասարդ մանկավարժ մասնագէտների ներգրաւման, դասագիրքերի նորացման և առաքման հետ:

Հայերէն թերթերի և ամսագրերի, ռատիօ և հեռուստահաղորդումների պակասն ու ցածր որակն իրենց հերթին բացասաբար են անդրադառնում համայնքներում ազգային նկարագրի պահպանման և զարգացման վրայ:

ԱՊՀ տարածքում գործում են բազմաթիւ հայկական մշակոյթի կենտրոններ, կիրակնօրեայ դպրոցներ: Այդ իսկ պատճառով ԱՊՀ տարածքի համար ՀՀ Սփիւռքի նախարարութիւնն իրականացնում է ԱՊՀ հայ համայնքների կրթամշակութային զարգացման աջակցութեան ծրագիր: Համայնքները կրթութեան գործի կազմակերպման, մշակութային շփումների և համահայկական ծրագրերում ներգրաւուելու հարցերում աջակցութեան կարիք ունեն: Ծրագրից բխող միջոցառումները նախատեսում են ուծացման դէմ պայքարի, հայապահպանութեան ուղղութեամբ գործնական քայլերի իրականացում: Առանձնակի ուշադրութիւն է դարձւում յատկապէս երտասարդների շրջանում հայապահպանութեան հարցերին, որի արդիւնք էր 2012թ-ին Ռուսաստանի Տոնի-Ռոսթով քաղաքում անցկացուած ԱՊՀ տարածքների երիտասարդական կառոյցների համաժողովը:

 - Ընթացիկ տարուան մէջ նախարարութիւնը ինչպիս՞ի միջոցառումներ կը նախատեսէ կազմակերպել:

- Քանի որ հայկական սփիւռք կայ աշխարհի աւելի քան 100 երկրներում, ուստի եւ ծրագրերը շատ բազմաբովանդակ են և բազմաքանակ: Այդ իսկ պատճառով ես կը նշեմ դրանց միայն մի մասը. 

Այսօր հրատապ է Հայաստանում գտնուող սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու, նրանց ինտեգրման հարցը: ՀՀ նախագահի հանձնարարութեամբ Հայաստանում սիրիահայերի հետ տարուող աշխատանքները համակարգում է ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը:

Սփիւռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելութիւնների  «Արի Տուն» ծրագիր, որի հիմնական նպատակն է հայապահպանութիւնը, սփիւռքում բնակուող հայ երիտասարդներին հայրենիքի հետ կապելը:

 2012թ. ՀՀ Սփյուռքի նախարարութիւնը Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ 2012թ. իրականացրեց «Սփիւռք» ամառնային դպրոց» ծրագիրը: Ամառնային դպրոցի դասընթացները կազմակերպուեցին հինգ ուղղութիւններով` Հայոց լեզուի արագացուած ուսուցում` 42 մասնակից` 10 երկրից, Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսոյցների վերապատրաստում` 22 մասնակից, Կրթօջախների տնօրէնների, կազմակերպիչների և ուսուցիչների վերապատրաստում` 15 մասնակից, Սփիւռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոց, Սփիւռքի լրագրողների վերապատրաստում: «Սփիւռք» ամառնային դպրոցի դասընթացներին մասնակցեց 131 սփիւռքահայ աշխարհի 13 երկրներից: «Սփիւռք» ամառնային դպրոց ծրագիրը կառավարութիւնը հռչակել է գերակայ ծրագիր:

Սփիւռքի նշանաւոր անհատներին նուիրուած` «Մեր Մեծերը»  ծրագիրը, որը նախատեսում է մեծարման միջոցառումների կազմակերպում: «Մեր Մեծերը» ծրագիրը նպատակ ունի հայրենասէր անհատների, ազգային գործիչների ճանաչողութեամբ և մեծարմամբ նպաստել երիտասարդ սերունդի մէջ հայրենասիրութեան, ազգային իրական արժէքների նկատմամբ հետաքրքրութեան արթնացմանը, արդիւնքում` ազգային ինքնութեան  ձևաւորմանը: Այս տարուան «Մեր Մեծերը» ծրագրում ընդգրկուած են՝ Արշակ Չօպանեանը /141 ամեակ/, Գէորգ Չորեքճեանը /145 ամեակ/, Ուիլիյամ Սարոյեանը /105 ամեակ/, Նիկոլ Աղբալեանը /140 ամեակ/, Հայաստանի շախմատի հաւաքականը:

Նախարարութեան կարևորագոյն ծրագրերից են Սփիւռքի համայնքներին կրթամշակութային օժանդակութեան ծրագրերը՝ ԱՊՀ հայ համայնքների, Աւստրալիայի հայ համայնքներին, Մերձաւոր Սփիւռքի համայնքներին կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցութեան ծրագիր, որի շրջանակներում նախատեսւում է իրականացնել մշակութային խումբերի այցելութիւններ տարածաշրջանային համայնքներ, գիրքերի, ֆիլմերի, խտասալիկների առաքում և այլն:

Նախարարութիւնը իրականացնում է ազգային ներուժի համախմբման ծրագրեր, որոնց մեջ առաջնային են մասնագիտական համաժողովների կազմակերպումը, կազմակերպուել են մի քանի տասնեակ համաժողովներ, ստեղծուել են մշտական գործող մարմիններ՝ մասնագիտական ընկերակցութիւններ: Այս տարի նախարարութիւնը նախատեսել է իրականացնել իրաւաբանների համահայկական երկրորդ համաժողովը,  լոպպիստների, երիտասարդական կառոյցների, օտարագիր հայ գրողների, ֆինանսիստների և բանկիրների համահայկական երկրորդ համաժողովը,  հայագիտութեան հարցերով համաժողովները:

Ամփոփելով, ցանկանում եմ ասել որ շատ կարևոր եմ համարում սփիւռքեան համայնքների համագործակցութիւնը Սփիւռքի նախարարութեան հետ նրանց աքթիւվ մասնակցութիւնը նախարարութեան ծրագրերին և նախաձեռնութիւններին: Արդէն առկայ` շատ ջերմ, աշխատանքային և մարդկային յարաբերութիւնները, յոյսով եմ, էլ աւելի կը խորանան և մենք միասին կարող ենք յաղթահարել ու լուծել մեր ազգի առջև ծառացած կարևորագոյն խնդիրները, ինչպիսիք են՝ հայապահպանութիւնը Սփիւռքում, Հայոց դէմ կազմակերպուած եւ  իրագորուած ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը, ղարաբաղեան հարցի լուծումը, հայրենադարձութիւնը  և այլն:

- Շնորհակալութիւն Պրն.  Ճիլաւեան, յաջողութիւն եւ   յարատեւութիւն կը  մաղթենք Ձեր  ազգային  առաքելութեան մէջ:

- Նմանապէս:

yerepouni-news.com

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38