ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 28 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայրենադարձներ
26.02.2013

ՍԱՐԳԻՍ ԱԴԱՄՅԱՆ
«Էլ վերադարձ չկա. մենք կմնանք Հայաստանում»
Սիրիայում շարունակվում են պատերազմական գործողություները. Հայաստանում հանգրվանած սիրիահայերն օր առաջ երազում են իրենց ծննդավայրը տեսնել խաղաղ ու անվտանգ: Թեև Հայրենիքում իրենց լավ են զգում, բայց կարոտի թևերով մտովի հաճախ են հասնում Սիրիա… Այդպիսի փոթորիկ կար նաև իմ սիրիահայ զրուցակցի` երիտասարդ երաժիշտ, երգահան Սարգիս Ադամյանի հոգում:
-Այդպե՞ս  է, Սարգի՛ս…

  -Անշու՛շտ: 8-9 ամիս է, ինչ Հայաստանում ենք, ուր մեզ շատ լավ են ընդունել, բայց ծննդավայրի կարոտը զգալի է: Ծնվել ու մեծացել եմ Հալեպում, կրթվել եմ այնտեղ. ավարտել եմ պետական երաժշտական ուսումնարանը:

  -Այդ 8-9 ամիսների ընթացքում կարողացա՞ք աշխատանք գտնել Ձեր մասնագիտությամբ:

  -Առաջին 3 ամիսներին, բոլորի նման, ես էլ սպասման վիճակի մեջ էի. մտածում էի` ուր որ է Սիրիայում վիճակը կշտկվի, բայց այդպես չեղավ… Այդժամ որոշեցի գնալ Սիրիա, իմ երաժշտական բոլոր գործիքները բերել Հայաստան, Երևանում հիմնադրել երաժշտական ստուդիա և ինչ-որ ծրագիր սկսել: Այդպես էլ արեցի:

  -Հալեպում քանի՞ տարի եք զբաղվել երաժշտական գործունեությամբ և որտե՞ղ եք աշխատել:

  -Մոտ 15-16 տարի է, ինչ երաժշտական աշխարհում եմ, իսկ պրոֆեսիոնալ աշխատանք կատարել եմ սիրիական հեռուստակայանում` գեղարվեստական ֆիլմերի, սերիալների, գովազդային հոլովակների համար երաժշտություն գրելով:

  -Փորձե՞լ եք Երևանի պետական կոնսերվատորիայում երաժշտական բարձրագույն կրթություն ստանալ, կատարելագործել Ձեր գիտելիքները:

  -Անկեղծորեն` ո´չ: Կոնսերվատորիայում շաբաթը մեկ օր սանթուրի գծով պրոֆեսոր Վարդան Դոլմաջյանի հետ պատրաստում ենք համերգային ծրագիր, ուր ես ունեմ իմ բաժին գործը` դաշնամուրով ընկերակցությունը (ես դաշնակահար եմ):

  -Համամի՞տ եք, որ երաժիշտը, երգիչը երբեք քաղցած և անգործ չի մնա:

  -Անպայմա՛ն, հե՛նց այդպես է: Ես մոտ 8 ամիս առաջ փափագ ունեի երաժշտական ստուդիա հիմնել, աշխատել և հիմնեցի: Ձայնագրություններ եմ անում, երաժշտական գործիքավորում. արդեն գուսան Հայկազունու մի քանի երգեր եմ գործիքավորել: Հաճախ 
իմ անձնական երգերը, ստեղծագործություններն եմ գրում, ձայնագրում. դրանք կարող եք
գտնել համացանցի սոցիալական էջերում:

  -Ո՞վ է Ձեզ ուղղորդել երաժշտական աշխարհ:

  -Մեծ հայրս երաժիշտ է եղել, երևի արմատներիցս է գալիս այդ շնորհը: Մեծ հայրս թամբուր է նվագել. Դա հայկական լարային յուրօրինակ երաժշտական գործիք է, որը ես մինչև այժմ պահում, պահպանում եմ:

  -Ձեր աշխատանքով կարողանու՞մ եք գումար վաստակել և հոգալ Ձեր ընտանիքի կարիքները:

  -Այո՛: Ես անցած ամսից աշխատում եմ նաև «Բրավո» ռեստորանում, սինթեզատոր եմ նվագում:

  -Ինչպե՞ս եք լուծել կեցության, բնակարանի հարցը:

  -Բարեբախտաբար, վարձով չեմ ապրում. մի լավ բարեկամ ունենք, ով Երևանում չէ և իր բնակարանն առանց վճարի տրամադրել է մեզ: Ես, տիկինս և զավակս այդտեղ ենք բնակվում: Զավակս սովորում է Շահումյանի անվան դպրոցում, տիկինս միջատաբան, կենսաբան է և դասավանդում է հոս` «Կիլիկյան» վարժարանում:

  -Երբ պատերազմական գործողություններն ավարտվեն Սիրիայում,  և խաղաղություն հաստատվի, կվերադառնա՞ք Սիրիա, թե՞ մշտապես կհաստատվեք Հայաստանում:

  -Մինչև սիրիական պատերազմն էլ մենք մտադրություն ունեինք գալ և հաստատվել Հայրենիքում, բայց այդ իրավիճակն ավելի արագացրեց մեր գործողությունների ընթացքը, և ամեն ինչ այսպես հապճեպ ստացվեց: Էլ վերադարձ չկա. մենք կմնանք Հայաստանում:

  -Տուն, հարազատներ, ի՞նչ և ու՞մ եք թողել Հալեպում…

  -Տուն ենք թողել, ծնողներս են այնտեղ, եղբայրս, եղբորս կինը… Թեև շատ դժվար նյութական, տնտեսական, անապահով վիճակ է, բայց մերոնք մնացին ու պայքարում են ամեն դժվարության դեմ:

  -Սա Ձեր առաջի՞ն հանդիպումն էր Հայրենիքի հետ:

  -Ո՛չ: Առաջին անգամ զբոսաշրջության նպատակով 2005-ին եմ եղել Հայաստանում, հաջորդ անգամ` 2011-ին:

  -Հիմա  արդեն համարյա  երևանցի եք. հարմարվե՞լ եք մեր երկրի  պայմաններին,
բարքերին, նոր ծանոթություններ, նոր ընկերներ.  դժվար չէ՞ր…


  -Այո՛, հարմարվել ենք, ընտելացել, ոչ մի խնդիր չունենք: Ե՛վ քաղաքն է գեղեցիկ, և՛ մարդիկ են  հարազատ: Բազմաթիվ նոր ծանոթություններ եղան, նոր ընկերներ ձեռք
բերեցի: Ապրում ենք բոլորի նման, ամենակարևորը` ունենք խաղաղ, ապահով կյանք:
  Ես Հայաստանը շատ եմ սիրում. եղել եմ տեսարժան շատ վայրերում, բայց մեծ խորհուրդ ունի ինծի համար Տաթևի վանքը:

  -Հաճախակի՞ եք լինում Սփյուռքի նախարարությունում:

  -Անպայման պիտի մեծ շնորհակալություն հայտնեմ Սփյուռքի նախարարության բոլոր աշխատողներին, մասնավորապես հարգարժան նախարարուհի տիկին Հրանուշ Հակոբյանին, ով շատ մեծ աշխատանք է կատարում: Ես Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող վարչության անդամ եմ և հաճախակի եմ լինում նախարարությունում:

  -Կարողանու՞մ եք հասարակական վայրեր հաճախել, ժամանակ գտնու՞մ եք ներկայացումների, համերգների ներկա գտնվելու:

  -Իմ աշխատանքը շատ ժամանակ է խլում. զբաղվածությունս մեծ է, բայց շատ փափագ ունիմ Նժդեհի մասին ֆիլմը դիտել: Վերջերս Սունդուկյանի «Խաթաբալա»-ն ենք նայել, մի խոսքով` ապրում ենք բոլորի նման: Մեծ շնորհակալություն բոլորին, ովքեր դժվարին պահին աջակից եղան մեզ:

Զրուցեց  Կարինե Ավագյանը

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38