ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մերձավոր Արևելք, Ասիա, Աֆրիկա
28.02.2013

ԻՐԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայ-իրանական առնչություններն իրենց արմատներով գնում են դարերի խորքը: Իրանի հայ բնակչության թիվն ավելացել է հիմնականում բռնագաղթերի հետևանքով: Սելջուկ թուրքերի, իսկ ավելի ուշ` նաև մոնղոլների իրականացրած բռնագաղթերի և գերեվարության հետևանքով Իրանում հայկական նոր գաղութներ են առաջացել:
Աննախադեպ է եղել հատկապես Շահ Աբբաս 1-ի (1587-1629թթ.) կազմակերպած զանգվածային բռնագաղթը 1604-1605 թվականների ընթացքում, որի հետևանքով Իրան է բռնագաղթվել 150-200 հազար մարդ, ովքեր հաստատվել են ժամանակի մայրաքաղաք Սպահանում, որտեղ ջուղայեցիները հիմնել են Նոր Ջուղա ավանը:

19-րդ դարի սկզբին արդեն Իրանում բնակվել է շուրջ 400 հազար հայ: Սակայն 1828 թվականին Ռուսաստանի և Իրանի միջև Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումից և Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Իրանի տիրապետության տակ մնացած շուրջ 45 հազար հայ տեղափոխվել է Երևանի և Նախիջևանի խանություններ:

Ներկայումս` ԻԻՀ Սահմանադրությանը համաձայն, Իրանի հայ համայնքն ունի կրոնական փոքրամասնության կարգավիճակ, որին շնորհվել է ներքին մշակութային, համայնքային և կրոնական ինքնավարություն: Որպես Իրանի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ իշխանություն պետության կողմից ճանաչվում են Իրանի Հայոց թեմերը: Իրանում գործում են Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային կամ Ատրպատականի թեմը (հիմնվել է 1247թ., կենտրոնը` Թավրիզ, առաջնորդը` Նշան եպս. Թոփուզյան), Սպահանի կամ Իրանահնդկաստանի թեմը (հիմնվել է 1606թ., կենտրոնը` Սպահան, առաջնորդը` Բաբկեն եպս. Չարյան), Կենտրոնական կամ Թեհրանի թեմը (հիմնվել է 1944թ., կենտրոնը` Թեհրան, առաջնորդը` Սեպուհ արք. Սարգսյան): Կենտրոնական թեմի առաջնորդը միևնույն ժամանակ հանդիսանում է Իրանի Միջեկեղեցական խորհրդի նախագահ: 1956 թվականից Իրանի Հայոց երեք թեմերը իրարից անկախ մարմիններ են և ենթարկվում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը: 

Իրանահայերին հատկացված է Մեջլիսի (290 պատգամավոր)` կրոնական փոքրամասնություններին տրամադրված 5 տեղերից` 2-ը: Ներկայումս Մեջլիսում հյուսիսային Իրանի հայությանը ներկայացնում է Գևորգ Վանդանյանը, հարավային նահանգները` Ռոբերտ Բեգլարյանը: 

Իրանում հայկական առաջին հասարակական–քաղաքական կազմակերպություններն ու միությունները ձևավորվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Ներկայումս գործող ազգային քաղաքական կազմակերպություններն են` ՀՅԴ-ի տեղական մարմինը և Հայկական ժողովրդական միությունը (ՀԺՄ): Երկրում գործում են նաև ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ դատի, Հայ երիտասարդաց ընկերակցության մասնաճյուղերը, ինչպես նաև մշակութային, մարզական և կրթական կազմակերպություններ:

Ներկայումս Իրանում բնակվում է շուրջ 80 000 հայ: Գործում է մի քանի տասնյակ հայկական դպրոց: Իրանահայերի հիմնական մասը արհեստավորներ են ու առևտրականներ, կան բժիշկներ, իրավաբաններ, ինժեներներ, ճարտարապետներ:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38