ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մերձավոր Արևելք, Ասիա, Աֆրիկա
28.02.2013

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Առաջին Համաշխարհային պատերազմի նախօրյակին Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից դուրս Կ.Պոլսում, Արևելյան Թրակիայում, Փոքր Ասիայի և Պոնտոսի վիլայեթներում բնակվել է ավելի քան 750 հազար հայ:
Մեծ Եղեռնի տարիներին բռնի տեղահանությունների և կոտորածների հետևանքով հայերի թիվն էապես նվազել է` 1918 թվականին կազմել շուրջ 260 հազար հոգի: 1921-22 թվականներին քեմալականների կողմից իրականացված Ցեղասպանության շարունակության արդյունքում հազարավոր հայեր հարկադրված գաղթել են Թուրքիայից:
 
Ներկայումս Թուրքիայի հայ համայնքի թիվն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է շուրջ 70 հազար հոգի: Զգալի թիվ են կազմում (տարբեր տվյալների համաձայն` 500 հազարից–1 միլիոն) իսլամացված հայերը, ովքեր կենտրոնացված են Մերձսևծովյան շրջաններում (Խոփա, Արտաշեն, Համշեն, Տրապիզոն և այլն) և Արևմտյան Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածներում: Թուրքիայի գավառներում բնակվող հայերի մեծ մասը թրքախոս է (կամ` քրդախոս):
Թուրքիայում բնակվում են նաև մոտ 2500 հազար կաթոլիկ և 500 ավետարանական հայեր: Գավառներում հայերը զբաղվում են գյուղատնտեսությամբ, քաղաքներում` առավելապես արհեստներով և առևտրով:

Կոստանդնուպոլսի հայ գաղութի պատմությունն սկիզբ է առնում Բյուզանդական կայսրության կազմավորման շրջանից: Արդեն 572 թվականին Կ.Պոլսում ստեղծվել է հայկական համայնք: 1453 թվականին Կոստանդնուպոլիսը գրավել են թուրքերը, որից կարճ ժամանակ անց` 1461 թվականին, հիմնադրվել է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը, որը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից է և Թուրքիայի հայ համայնքի հոգևոր ներկայացուցչությունը: Համայնքի հոգևոր կյանքը կազմակերպվում է Կրոնական ժողովի կողմից, որը նախագահում է Կ.Պոլսի Հայոց պատրիարքը: Կ.Պոլսի Հայոց պատրիարքն ընտրվում է համայնքների ներկայացուցիչների պատգամավորական ժողովում:

Պոլսում գործում են` մոտ 35 հայկական եկեղեցի, համայնքային հաստատություններ, աշակերտական միություններ, երգչախմբեր, մշակութային ու մարզական կազմակերպություներ (Ս. Փրկիչ ազգային հիվանդանոց, Գալֆայան, Կարագյոզյան որբանոցներ, Թուրքահայ ուսուցչաց հիմնարկ, Տիրացուների հիմնարկ, Կյումուշյան հիմնարկ, Թուրքահայ մարզական միություն, Շիշլիի մարմնակրթական միություն, «Մարալ» երգի-պարի անսամբլ, «Սայաթ-Նովա» մանկապատանեկան երգչախումբ):

Այսօր Պոլսում գործում է 18 հայկական կրթական հաստատություն, որից 14-ը պատկանում է Հայ Առաքելական համայնքին, 4-ը` Հայ Կաթողիկե համայնքին: Վերջին տասնամյակների ընթացքում հայկական դպրոցների թիվը Թուրքիայում զգալիորեն նվազել է` կապված աշակերտների թվաքանակի հետ:

Պոլսահայ համայնքն ունի իր պարբերականները` «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերը և երկլեզու (հայերեն, թուրքերեն) «Ակոս» շաբաթաթերթը: Հրատարակվում է Պատրիարքարանի պաշտոնական «Լրաբեր» լրատուն:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38