ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայրենադարձներ
28.02.2013

Մեղրի Աղբաբյան, Մեղրիկ Սյումբյուլյան
«Կարոտիս չափը նկարագրելու չէ…»
«Հայերն այսօր»-ն իր Էջերում պարբերաբար հյուրընկալում է մեր սիրիահայ հայրենակիցներին, զրուցում նրանց հետ: Այս անգամ մեր թղթակիցը զրուցել է Հալեպից Հայաստան տեղափոխված երկու երիտասարդ աղջիկների` Մեղրի Աղբաբյանի և Մեղրիկ Սյումբյուլյանի հետ:
-Աղջիկնե՛ր, պատմե´ք, խնդրեմ, ձեր մասին:

  Մեղրի Աղբաբյան- Ես  22 տարեկան եմ, ավարտել եմ Հալեպի պետական համալսարանի տնտեսագիտության բաժինը: Արդեն 6 ամիս եղավ, որ Հայաստան եմ. քրոջս հետ եկած էի, բայց քույրս ետ գնաց, ես մնացի: Հայաստանում ազգականներ ունինք, ամոյիս տանն եմ մնում: Ամոյի տղաքը յոթը տարիե վեր աստեղ են:  Մենք աշխատանք չգտանք, ապրում ենք վարձով, որը վճարում է ամոյիս տղան: Քանի որ ես էլ աշխատանք չգտա, որոշեցի համակարգիչ և անգլերեն շատ լավ սովորել. գուցե կարողանամ այդ միջոցով աշխատատեղ գտնել: Հայրիկս այստեղ բժշկագիտություն ուսանած է, մայրիկս Հալեպում տնտեսագիտություն է սովորել, ավարտել: Ուզում եմ ուսումս մագիստրատուրայում շարունակել այստեղ: Մարտի մեկից Սփյուռքի նախարարությունը 1 ամիս տևողությամբ կազմակերպում է դասընթացներ սիրիահայերի համար. ես պիտի սկսիմ հետևիլ դասերուն: Մեզ ասացին, որ վերջը սերթիֆիքեթներ կտան, և լավագույնները կըրնան գործ գտնիլ:
  
Մեղրիկ Սյումբյուլյան- ՄԵս  էլ 22 տարեկան եմ, սովորել եմ Հալեպի համալսարանի քիմիայի բաժնում: Մենք այստեղ ենք ընտանիքով: Եղբայրս իր ընտանիքով գաղթեց Շվեդիա, քույրս հարս է Դուբայում:

-Քանի որ չեք աշխատում, չեք սովորում, բնականաբար, ազատ ժամանակ շատ կունենաք… Դժվար է ձեր տարիքի աղջիկների համար մշտապես նստել տանը. ինչո՞վ եք զբաղվում:
  
Մեղրի Աղբաբյան
-Հանդիպում ենք մեր հալեպցի ընկերուհիներին, ծանոթներին: Արդեն նոր ընկերներ ունենք նաև Երևանում, շփվում ենք տեղացի աղջիկների, տղաների հետ. հետաքրքիր է մեր հասակակիցների մտածելակերպը: Հաճախակի զբոսնում ենք Հյուսիսային պողոտայում, հրապարակում:
  
Մեղրիկ Սյումբյուլյան-Այստեղի աղջիկները շատ լավն են, նոր ընկերներ ունենք: Շատ տարբեր են Հալեպում և Երևանում ապրող հայերի բարքերը: Մեր ընտանիքները շատ ավելի ավանդապաշտ են և հագուստի մեջ ավելի պատշաճ են, այստեղ ավելի ազատամիտ են. չմոռանանք, որ մենք արաբական ավանդապաշտ երկրում ենք ապրում:
  
Տանը, բնականաբար, չենք կարող միշտ նստել. Մեղրիի հետ զբոսնում ենք, հաճախում ենք համերգասրահներ: Շատ ենք սիրում հրապարակն իր երգող շատրվաններով, գույներով, շատ ենք լինում Կասկադում. այն կարծես երիտասարդության տուն, հավաքատեղի լինի: Գեղեցիկ է Երևանը, մեր Հայրենիքն ուրիշ է:
 
-Շա՞տ եք կարոտել Հալեպը…
  
Մեղրի Աղբաբյան-
Հալե˜պ, Հալե˜պ… Քիչ է` կարոտել ասելը. կարոտել եմ մեր թաղը, մեր դպրոցը, մեր համալսարանը, մեր հարազատներին, մեր տունը…
  
Մեղրիկ Սյումբյուլյան- Կարոտիս չափը նկարագրելու չէ, կարոտել եմ իմ Նոր գյուղ թաղը, բոլոր հարազատներիս, ծանոթներիս, ընկերներիս. օր առաջ թո՛ղ խաղաղություն հաստատվի, և բոլոր հալեպցիները տուն դառնան:
  
-Ո՞ր հայ գրողին եք շատ սիրում ,և ձեր սիրած գրողի ո՞ր տողերով կուզեք՝  ավարտենք մեր զրույցը:
  Մեղրի  Աղբաբյան
-Պարույր Սևակ շատ կը սիրեմ: 

  Մեղրիկ  Սյումբյուլյան -Պարույր Սևակ, Հակոբ Պարոնյան…
  
Մեղրի-Շատ բան գիտեմ Սևակից, բայց հիմա այս տողերով կուզեմ ավարտենք մեր զրույցը.
     
        …Հայրենի˜ք,
        Քեզնով երդվելիս
        Ձեռքս դնում եմ իմ սրտի վրա`
        Սեղմե˜լու նման,
        Որ… հանկարծակի չպայթի դողից… 
     
 Ես հրաժեշտ եմ տալիս այս  հայրենասեր, անուններին հարիր արտաքին ու ներքին նկարագրով սքանչելի հայուհիներին և աղոթում եմ, որ օր առաջ կարոտի ու տխրության փոխարեն նրանց աչքերում շողա ուրախությունը:

Զրուցեց  Կարինե Ավագյանը

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38