ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մանրամասներ
05.03.2013

Աշխարհով սփռված հայ համայնքներն իրենց ակտիվ գործունեությունն են ծավալել` հիշատակելու փետրվարի 28-ին Սումգայիթի անմեղ հայ բնակչության կոտորածի օրը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նամակով դիմեց աշխարհասփյուռ հայ համայնքներին՝  կոչ անելով  ներհամայնական միջոցառումների ընթացքում, ինչպես նաև օտար հանրությունների առաջ  ներկայացնել ու բարձրաձայնել  Սումգայիթի ողբերգության մասին:
Նամակները հասցեագրված էին շուրջ 10000 լրագրողների, հասարակական ու քաղաքական, մշակութային գործիչների,համայնքային երիտասարդական, մշակութային կառույցների ղեկավարների,  տարբեր ոլորտներում ծագումով հայ գործիչների, ովքեր ստացել էին նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի  հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից ստեղծված «Կրակի և սովի միջև» փաստագրական ֆիլմը՝ խնդրանքով տարածել և ցուցադրել համայնքային միջոցառումների և ձեռնարկների ընթացքում: Նրանց էր ուղարկվել նաև karabakhrecords.info կայքի հղումը՝ առաջարկելով կայքում տեղակայված նյութերն ու փաստերն օգտագործել իրենց ձեռնարկներում:Ինչպես հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների  վարչությունից՝ նախարարի նամակին ի պատասխան աշխարհի տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց համայնքում իրականացրած աշխատանքն ու իրականացված միջոցառումները:

ԵՎՐՈՊԱ
ՖՐԱՆՍԻԱ
Փետրվարի 21-ին  ժամը 20:00-ին Փարիզի հայկական մշակույթի տանը տեղի է ունեցել Հայ դատի ֆրանսիական գրասենյակի կողմից կազմակերպված համաժողով:

 Փետրվարի 24-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց Արցախյան շարժման առաջին օրերին հաջորդած Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի պատարագ: Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ:

Պատարագի ավարտից հետո  Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանի և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հիշատակի երթ դեպի Փարիզի Երևանյան այգի, որտեղ Կոմիտասի արձանի դիմաց տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն` ի հիշատակ սումգայիթյանի ջարդերի զոհերին:

Միաժամանակ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին Ֆրանսիայի մոտ երկու տասնյակ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում:

Փետրվարի 25-ին  Փարիզում ԼՂՀ  ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը հրավիրվել է  «Այբ» ռադիոկայան, որտեղ  պատասխանել է Սումգայիթի ջարդերի և 25-ամյա վաղեմությամբ Ղարաբաղյան իրադարձությունների մասին ռադիոկայանի հարցերին:

Փետրվարի 26-ին   Ազգային ժողովի <> դահլիճում   Ֆրանսիայում Հայ դատի գրասենյակի և Հայ դատի պաշտպանության կոմիտեի կողմից կազմակերպվել է համաժողով՝ «Սումգայիթի ջարդերից 25 տարի անց , Ղարաբաղի բնակչության ներկա դրությունը և ապագայի հեռանկարները» խորագրով: Կոնֆերանսի ընթացքում ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի «Հայ դատի» գրասենյակին միջոցառումը նախաձեռնելու համար: Կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհանես Գևորգյանը և Ֆրանսիայի Ազգային Ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ռենե Ռուքեն:

Փետրվարի 27   ՀՅԴ-ի և  «Նոր սերունդ»-ի  նախաձեռնությամբ  նստացույց է  տեղի ունեցել  ադրբեջանական դեսպանատան դիմաց:

Փետրվարի 28-ին սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզում ադրբեջանական դեսպանության դիմաց ֆրանսահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ անկացրել են բողոքի ցույց, որի կոչն արվել էր Ֆրանսիայի «Հայ դատի» հանձնախմբի կողմից:

Ցույցն անցել է «Սումգայի´թ, Բաքո´ւ, Կիրովաբա´դ, Մարաղա´. մենք չենք մոռանում»  պաստառների միջոցով, որի ընթացքում ցուցարարներն իրենց «Ղարաբաղը մերն է» վանկարկումներով և «Ալիև´, բռնապե´տ» պաստառներով դատապարտել են 25 տարի առաջ կատարված ողբերգալի իրադարձությունները:

Համայնքային կառույցների ղեկավարներն իրենց խոսքում հատկապես դատապարտել են Ադրբեջանի նախագահի կողմից հայկական սփյուռքը որպես թիվ մեկ թշնամի հռչակելը, և հայտարարել, որ ծագումով հայ բոլոր ֆրանսիացիները մինչև վերջ պայքարելու են Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրման համար:

Մարտի 2-ին Ֆրանսիայի Իզեր նահանգի Գրենոբլ քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված երեկո։

Միջոցառման առաջին մասում ցուցադրվեց «Սումգայիթ. Սովորական Ցեղասպանություն» ֆիլմը` հեղինակի՝ Մարինա Գրիգորյանի ներկայությամբ: Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ, հայ համայնքի բազմաթիվ անդամներ: 

ՉԵԽԻԱ

Փետրվարի 17-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում տեղի  է ունեցել հանդիպում Ղարաբաղյան պատերազմի վավերագրող-հեռուստալրագրող Ցվետանա Պասկալևայի հետ, ցուցադրվել են նրա ֆիլմերը:

Հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ խափանել են Պրահայի կենտրոնական հրապարակներից մեկում Չեխիայում Ադրբեջանի դեսպանության, Ադրբեջանաչեխական միության  կողմից անցկացվող՝ Խոջալուի դեպքերի 21-ամյա տարելիցի հիշատակի միջոցառումը: Ակցիան սկսելուն պես  հայ համայնքի ակտիվիստները  անցորդներին բաժանել են Խոջալուի իրադարձությունների մասին իրականությունը ներկայացնող չեխերենով պատրաստված թռուցիկներ  և «Խոջալու. քարոզչություն ողբերգության միջոցով» բրոշյուրը:

Փետրվարի 20-ին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատում անցկացվել  է  ղարաբաղյան շարժման և Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված սեմինար-կինոդիտում: Ցուցադրվել են հատվածներ «Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմից, այնուհետև բուլղարացի լրագրող և  հրապարակախոս Ցվետանա Պասկալևայի «Իմ սիրելի ողջեր ու զոհվածներ» ֆիլմը։ Սեմինարին ներկա են գտնվել նաև Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, պատգամավորներ, Պրահայի հայ, հրեական եւ ադրբեջանցի համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Մարտի 2-ին Պրահայում 200-ից ավելի չեխահայեր և չեխեր հանրահավաք-երթով հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: Երթը, որին մասնակցել են հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի սաներ, մեկնարկել է մարդաշատ Հանրապետության հրապարակում: Այնուհետև ցուցարարները, ծածանելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Չեխիայի պետական դրոշները, կրելով սումգայիթյան ոճրագործությունը, և Ադրբեջանի հակահայ ռազմաշունչ քաղաքականությունը դատապարտող բազմաթիվ պաստառներ և Սումգայիթի ջարդերի զոհերի լուսանկարներ, շարժվել են դեպի կենտրոնական՝ Հին քաղաքի հրապարակ, ուր իրենց բողոքն  են արտահայտել Ադրբեջանի բռնատիրական, ագրեսիվ և հայատյաց քաղաքականության դեմ: Շաբաթօրյա դպրոցի աշակերտներն անցորդներին ու հետաքրքրվողներին բաժանել են սումգայիթյան ջարդերին նվիրված հազարից ավելի տեղեկատվական նյութեր: Երթը եզրափակվել է Սուրբ Եղիայի եկեղեցում, ուր ելույթ է ունեցել Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Ընհանուր առմամբ հայերի կողմից բաժանվել է շուրջ 700 թռուցիկ և մի քանի տասնյակ բրոշյուր:

Հանրահավաք-երթը լուսաբանվել է չեխական ČT-24 հեռուստատեսության եւ «Օրեր» եվրոպական անկախ պարբերականի կողմից: Չեխական «Լիդովե նովինի» օրաթերթը վերլուծական հոդված է տպել 25 տարի առաջ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ իրականացված էթնիկ ջարդերի մասին:

ԼԵՀԱՍՏԱՆ

Փետրվարի 24-ին Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության շենքի դիմաց բողոքի ցույց է անցկացվել՝ ընդդեմ ադրբեջանական ռազմատենչության, սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցի կապակցությամբ: Ցուցարարները կրում էին Հայաստանի, Արցախի դրոշներ, ինչպես նաև պաստառներ, որոնք դատապարտում են Սումգայիթում 25 տարի առաջ հայ քաղաքացիական անմեղ բնակչության նկատմամբ կատարված ջարդերը: Երեկոյան կազմակերպվել է սումգայիթյան ոճրագործության 25- ամյակին նվիրված երեկո, ցուցադրվել է  վավերագրական ֆիլմ սումգայիթյան ջարդերի վերաբերյալ: 

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ

Փետրվարի 27-ին Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել են Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ,  փոխանցել Հայ դատի հանձնախմբի պահանջագիրը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ և տեղեկատվություն տրամադրել սումգայիթյան ջարդերի ու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին:

Փետրվարի 27-ին Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ցույց՝ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանության շենքի դիմաց՝ ընդդեմ ադրբեջանական ռազմատենչության, սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցի կապակցությանբ: Ցույցի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել «Սումգայի´թ, Բաքո´ւ, Մարաղա´,Կիրովաբա´դ, դադարեցրե´ք ադրբեջանական ագրեսիան», «Ինքնորոշում Լեռնային Ղարաբաղին», «Մենք չենք մոռանա Սումգայիթի ջարդերը» կարգախոսներով պաստառներով:

ՇՎԵՅՑԱՐԻԱ

Փետրվարի 24-ին Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում տեղի  է ունեցել սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, ինչպես նաև եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ տեղի  է ունեցել ծաղկեպսակի զետեղման արարողություն: Միջոցառմանը մասնակցել են  շվեյցարահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Ցուցադրվել է  «Սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը, որի դիտումից առաջ ներկաներին ուղղված խոսքով դիմել են Սբ. Հակոբ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայրիկ Քահանա Հովհաննիսյանը և ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը:

ՀՈՒՆԱՍՏԱՆ
 
Փետրվարի 24-ին  Աթենքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել հանդիսավոր եպիսկոպոսական պատարագ և հոգեհանգիստ` Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպիսկոպոս Տողրամաճյանի գլխավորությամբ;  

Փետրվարի 24-26-ին երկրի հյուսիսային Կավալա քաղաքի Ս. Խաչ եկեղոցում, Կոմոթինիի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Աթենքի և Սալլոնիկի Ս. Աստվածածին եկեղեցիներում   հոգեհանգստի արարողություններ են  կատարվել՝ ի հիշատակ սումգայիթյան զոհերին: 

Փետրվարի 27-ին  Աթենքի Նեա Զմիրնի թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի է ունեցել Արցախյան շարժման 25-ամյակին և սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Հայ առաքելական և Հայ կաթոլիկ եկեղեցիների հոգևորականների կողմից անցկացվել է  հոգեհանգստյան արարողություն` Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Տ. Խորեն եպիսկոպոս Տողրամաճյանի գլխավորությամբ, այնուհետև ծաղիկներ զետեղել են «Զանգակ» հուշակոթողին: Հնչեցել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգերը:

Փետրվարի 27-ին  Հունահայ երիտասարդությունը բողոքի ցույց   է կազմակերպել Ադրբեջանի դեսպանության առջև:  Նրանք  եռագույն դրոշների ներքո, բարձրախոսով վանկարկել են  ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը դատապարտող կարգախոսներ: Ցուցարարները կրել են «Ալիե´ւ, դադարեցրո´ւ ագրեսիան. Լեռնային Ղարաբաղն արդեն անկախ է», «Կասեցնե´լ հայկական հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի կողմից» անգլերեն և հունարեն պաստառներ: Ցուցարարների կողմից Ադրբեջանի դեսպանության ներկայացուցչին հանձնվել է բողոքի նամակ: 

ԳԵՐՄԱՆԻԱ

Փետրվարի 26–ին Արցախի Եվրոպական կենտրոնը և եվրոպական ու հայկական փորձագետների Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը (AGA) Բեռլինի հայկական երկու համայնքերի հետ համատեղ կիրակի օրը սումգայիթյան ջարդերի տարելիցին նվիրված` «Այլևս երբեք չպետք է կրկնվի» խորագրով մի շարք միջոցառումներ է իրականացրել: Միջոցառման շրջանակում կազմակերպվել է երթ դեպի Բեռլին, արքեպիսկոպոս Գարեգին Բեկջյանի կողմից եկեղեցում պատարագ է մատուցվել: Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, ինչպես նաև AGA-ի նախագահ Թեսսա Հոֆմանը:
Փետրվարի 27-ին  ժամը 13-15-ը  Բեռլինում սումգայիթյան 25 ամյա  տարելիցի կապակցությամբ  ԳԴՀ մայրաքաղաքի կենտրոնում` Հումբոլտ համալսարանի կենտրոնական շենքի առջև` տեղի է ունեցել  ցույց, այնուհետեւ` Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի ավետարանական Լուիզենքիրշեում` հոգեհանգստյան արարողություն  համայնքի հովիվ Գնել Գաբրիելյանի կողմից:Օրվա բանախոսները երկուսն են` Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ազատ Օրդուխանյանը և Գերմանիայում ԼՂ Հանրապետության ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

«Այսօր մեր պարտքն է հիշյալ ոճրագործությունը միջազգային հանրությանը ներկայացնել` պահանջելով պատշաճ գնահատական տալ կատարվածին»,- ասված է ԳԿԽ հաղորդագրության մեջ:
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 17-ին Հռոմում Իտալական Պառլամենտում ներկայացվել է «Սումգայիթի ողբերգությունը» գիրքը (որն իր մեջ ներառում է նաև Խոջալուի, Մարաղայի և Սաֆարովի դեպքերը), որը թարգմանվել է Պիետրո Կյուչուկյանի կողմից:

Փետրվարի 28-ին, Միլանում Հայ Տանը իտալերենով ներկայացվել է «1998 թ.-ի Սումգայիթի ողբերգությունը. Սովետական Միությունում հայերի ջարդը» գիրքը՝ նվիրված Սումգայիթյան ջարդերին: Գրքի մեջ 3 գլուխ նվիրված է Խոջալուին, Մարաղային և Ռամիլ Սաֆարովի դեպքին: Գիրքը պատրաստվել էր Պիետրո Կուչուկյանի կողմից, ով մեկնաբանել է Իտալիայում հայերի միության պատվավոր նախագահ Ագոպիկ Մանուկյանի և Իտալահայոց միության նախագահ Պայքար Սվազլյանի ներկայացրած տեքստը: Ներկա էին բազմաթիվ մարդիկ: Միջոցառման ժամանակ Ս. Հայր Թովմա Խաչատրյանը խոսեց Սումգայիթի ողբերգական դեպքերի մասին:

ԻՍՊԱՆԻԱ

Մարտի 3-ին Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Մադրիդի Սան Խուան դե լա Կրուս եկեղեցում հավաքված մադրիդահայության և իսպանական հասարակության ներկայացուցիչների առջև ներածական խոսքով հանդես է եկել Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, ով ներկայացրել է ողբերգական իրադարձությունների պատճառներն ու հետևանքները: Իր ելույթում նա մասնավորապես  նշել է. «25 տարի անց մեր խոնարհ տուրքը մատուցելով սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակին` կոչ ենք անում համաշխարհային հանրությանը վճռականորեն դատապարտել մարդկության դեմ գործած այդ ոճրագործությունը` կանխելու նման հանցագործությունների կրկնությունը աշխարհի որեւէ անկյունում»: Այնուհետ Տեր Մասիս քահանա Գույումջյանը կատարել է անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն-պատարագ: Ցուցադրվել է Սումգայիթի ոճրագործության մասին պատմող վավերագրական ֆիլմ, որից հետո հանդես են եկել համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԱՎՍՏՐԻԱ

Փետրվարի 24-ին  հարյուրավոր հայեր երթով անցել են Վիեննայի(Ավստրիա) կենտրոնական ծառուղիներով, որպեսզի հիշեցնեն 1988 թվականի փետրվարին Սումգայիթ քաղաքում(Ադրբեջան) հայերի ջարդերը` կազմակերպված ադրբեջանցիների կողմից: Ցուցարարները կրել են  Հայաստանի, Արցախի դրոշներ, ինչպես նաև պաստառներ՝ դատապարտող Սումգայիթում 25 տարի առաջ հայ քաղաքացիական անմեղ բնակչության նկատմամբ կատարված ջարդերն այն ժամանակն, երբ Լեռնային Ղարաբաղի անկախության համար մղվող պայքարը դեռ նոր էր սկսվել: 

Փետրվարի 24-ին Հայ Առաքելական եկեղեցում, Ավստրիայում Հայաստանի դեսպանատան կոչով, հավաք   է կազմակերպվել Սումգայիթի զոհերի հիշատակի և Ղարաբաղյան շարժման 25-րդ տարելիցի առթիվ: Առավոտյան, Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում քահանա Տիգրան Պետրոսյանը ժամերգություն է  կատարել` Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է 1988-ի սումգայիթյան ջարդերին և  գերմանական ու ավստրիական մամուլում այդ իրադարձությունների արձագանքներին նվիրված լուսանկարչական և փաստագրական վավերագրերի ցուցահանդես: Երաժշտական մասի շրջանակներում հնչեցին Ավստրիայի և Հայաստանի պետական օրհներգերը, կատարվեցին հայ երգահանների ստեղծագործություններ: Ցուցադրվեցին հատվածներ սումգայիթյան ջարդերին նվիրված ֆիլմաշարից

ԲՈՒԼՂԱՐԻԱ

 Փետրվարի 24-ին Սոֆիայի «Երևանյան» պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի  անմեղ  զոհերի հիշատակին միջոցառմանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայի Հայ Առաքելական Եկեղեցու Բուլղարիայի Թեմի Առաջնորդական տեղապահ վարդապետ Տեր Աբգար Հովակիմյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Թեմական Խորհրդի Ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի ղեկավարներ և անդամներ, հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական այլ կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ: Ներկաների անունից խաչքարի մոտ ծաղկեպսակ է դրվել: 

Փետրվարի  24-ին Սոֆիայի «Երևանյան » պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակ զետեղելու արարողություն ՝ ի հիշատակ Սումգայիթի անմեղ զոհերի:

Փետրվարի 24-ին Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա  և Բուրգաս քաղաքների եկեղեցիներում  մատուցվել են  հոգեհանգստյան պատարագներ՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերին զոհ դարձած հայերի:

Փետրվարի 24-ին Սոֆիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում տեղի է ունեցել Հոգեհանգստյան Սուրբ Պատարագ՝ Բուլղարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի և Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանի  մասնակցությամբ։

Փետրվարի 27-ին Բուլղարիայում գործող «Հայ դատ» հանձնախմբի նախաձեռնույթամբ  տեղի  է ունեցել կլոր սեղան՝«Սումգայիթ, ողբերգությունից 25 տարի անց» խորագրով: Զեկույցներով հանդես  են եկել բուլղարահայ և բուլղար մտավորականներ ու գիտնականներ:  

ՆՈՐՎԵԳԻԱ

Փետրվարի 22-ին Նորվեգիայի հայկական մշակութային միության կազմակերպմամբ Օսլոյում տեղի է ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված դաշնամուրային համերգ՝ դաշնակահարուհի Մարիամ Խառատյանի (Հայաստան) մասնակցությամբ; 

Միջոցառմանը ներկայացվեց Ադրբեջանի ներկայիս քաղաքականության և Սումգայիթի ջարդերի միջև կապը, Ադրբեջանում պետական մակարդակով տարվող ատելության քարոզչությունը, ինչպես նաև հայտնի հեղինակ Աքրամ Այլիսլիի նկատմամբ հայատյացության հիմքի վրա տարվող հետապնդումները: Նշվեց սումգայիթյան ջարդերի, Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության և մարդկության դեմ այլ հանցագործությունների միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը:

ՄԵԾ  ԲՐԻՏԱՆԻԱ

Մարտի 3-ին բրիտանահայ համայնքային ուսանողական կազմակերպությունների ջանքերով Լոնդոնի հանրահայտ Թրաֆալգար հրապարակում կազմակերպվել է սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված լուռ բողոքի ակցիա: Ակցիային մասնակցել են շուրջ յոթ տասնյակ հայեր: Խաղաղ ցույցի ընթացքում բարձրացվել են Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև բազմաբնույթ բողոքի պաստառներ:

Ցույցի մասնակիցները անցորդներին բաժանել են սումգայիթյան ողբերգության մասին պատմող բրոշյուրներ:

Մարտի 3-ին  Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի բոլոր եկեղեցիներում տրվել են հոգեհանգստի պատարագներ  սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:

Բողոքի այս ակցիայով Միացյալ Թագավորությունում մեկնարկ տրվեց Ղարաբաղյան շարժման ու սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, որոնք կազմակերպվելու են ամբողջ մարտ ամսվա ընթացքում:

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒՅՈՒՆ

Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատան դիմաց  սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված բողոքի ցույց է անցկացվել: Բողոքի ակցիան կազմակերպվել է Բելգիայի Հայ դատի հանձնախումբի եւ «Հայասա» հայ ուսանողների միության նախաձեռնությամբ: Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ, համայնքային կառույցների ներկայացուցիչների զետեղել են ծաղկեպսակներ: Այնուհետեւ մատուցվել է ոգեկոչման արարողություն

Մարտի 3-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց  պատարագ` նվիրված սումգայիթյան նահատակների 25-րդ տարելիցին:  

ՌՈՒՄԻՆԻԱ

Մարտի 3-ին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սումգայիթի ողբերգության նահատակների հիշատակին մատուցվեց պատարագ և հետպատարագի հոգեհանգստի արարողություն` Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախագահությամբ և Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Համլետ Գասպարյանի, Ռումինիայի Հայոց միության ներկայացուցիչների, մեծ թվով ռումինահայերի մասնակցությամբ: 
Պատարագից հետո Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Ռումինահայոց միության և Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի առաջնորդարանի անունից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին:
Արարողությանը հաջորդեց «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ» վավերագրական ֆիլմի ցուցադրումը Հայոց կենտրոնում, որից առաջ խոսքով ներկաներին դիմեցին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը եւ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանը:

ԼԻՏՎԱ

Փետրվարի 28-ին  Լիտվայի հայկական համայնքը Վիլնյուսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց են կազմակերպել՝ Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցի կապակցությամբ: 

Ցուցարարները «Մենք երբեք չենք մոռանա Սումգայիթի ջարդերը», «Ամոթ ադրբեջանցիներին», «Լիտվացիներըն այն ազգը չեն, որին կարողանան գնել խավիարով եւ նավթով» մակագրությամբ պաստառներ են ունեցել: Նրանք ներկայացրել են նաև ջարդերի ժամանակ զոհվածների լուսանկարները: 

Ըստ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների` բողոքի ցույցն ուղղված է եղել ոչ միայն զոհերի հիշատակը հարգելուն, այլ հիշեցնելու, որ «Լիտվան և Հայաստանը միասին են եղել 25 տարի առաջ, և միասին են ցանկանում լինել նաև այժմ
Ցույցին մասնակցել են մոտ 100 հայեր:

ԿԻՊՐՈՍ

Փետրվարի 24-ին Կիպրոսի Ս.Աստվածածին եկեղեցում մատուցվել է պատարագ՝ Սումգայիթի զոհերի հիշատակին:

ՍԼՈՎԱԿԻԱ

 Մարտի 3-ին Բրատիսլավայի նորաբաց հայկական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի կոտորածների ժամանակ ադրբեջանական հրոսակների ձեռքից զոհված անմեղ հայերի հիշատակին: 

Արարողությունը կազմակերպել էր ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը, իսկ պատարագը մատուցել է Սլովակիայի, Չեխիայի և Հունգարիայի հոգևոր հովիվ, Բարսեղ վարդապետ Փիլավչյանը: Հայր Բարսեղն իր ելույթում դիմել է հավաքվածներին` խնդրելով միավորվել, դառնալ մի բռունցք` դիմակայելու համար թուրք-ադրբեջանական ճնշումներին, միաժամանակ չմոռանալով օգնել Հայրենիքին և Հայաստանում ապրող հարազատներին։ 

Էստոնիայում, Լատվիայում, Դանիայում, Մալթայում  միջոցառումներ տեղի չեն ունեցել. 

 ԱՄՆ

Լոս Անջելես

Բոլոր հայկական հեռուստաալիքներով նույն օրը և նույն ժամին ցուցադրվել է «Սովորական ցեղասպանություն» ֆիլմը:

Փետրվարի 21-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև: Չնայած աշխատանքային օրվան և եղանակային խիստ անբարենպաստ պայմաններին, ցույցի մասնակիցները կատարեցին իրենց ազգային պարտքը՝ կրկին անգամ ապացուցելով աշխարհին, որ որքան պիղծ, վախկոտ ու տկար է թուրքի ու ազերու հոգին, այնքան տոկուն, խիզախ ու անպարտ է հայի էությունը, որը գալիս է դարերից և վստահ գնում դեպի խոստումնալից ապագա, հավատալով որ վերջապես կլինի խստագույն պատիժ բարբարոսներին, արդար հատուցում մեր անդառնալի կորստին, հաղթանակ և փառք հայ ժողովրդին:

Վաշինգտոն

Փետրվարի 28-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ցույց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության դիմաց: Ցույցի մասնակից հայ համայնքի ներկայացուցիչները «Մենք հիշում ենք Սումգայիթը» և «Արդարադատություն Գուրգեն Մարգարյանի համար» վանկարկումներով ոգեկոչել են 25 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29, Ադրբեջանի կողմից իրագործված ջարդերի զոհերի հիշատակը:

Ցույցը կազմակերպել են Հայ երիտադարդական ընկերակցության Վաշինգտոնի «Անի» և Սբ. Մարիամ Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդական մասնաճյուղերը:

Նյու Յորք

Ադրբեջանի կողմից իրականացված սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցի կապակցությամբ Նյու Յորքում փետրվարի 27-ին տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. Սումգայիթյան հիշողություններից դեպի անկախ պետություն» խորագրով  միջոցառումը: «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը», Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Կոլումբիայի համալսարանի հայ ուսանողական միության կողմից համատեղ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են դիվանագետներ, ՄԱԿ-ի աշխատակիցներ, հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ, ամերիկյան գիտական, հետազոտական շրջանակների անվանի ներկայացուցիչներ:

Արգենտինա

Մարտի 1-ին ժամը 18:30-ին ՀՅԴ Հարավային Ամերիկայի «Արմենիա» Երիտասարտական Միության կազմակերպմամբ  տեղի է ունեցավ քայլերթ դեպի Արգենտինայում Ադրբեջանի դեսպանություն՝ ի հիշատակ 1988թ. Բաքվում և Սումգայիթում հայերի հանդեպ տեղի ունեցած դաժան սպանությունների: 

Կանադա

Կանադայի խորհրդարանի անդամ Ջիմ Կարիգիաննիսը սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հրապարակմամբ: Նա Լեռնային Ղարաբաղի ազատագրման և սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ պատմական ակնարկ է տեղադրել իր պաշտոնական կայքում` կիսվելով Ղարաբաղ կատարած իր այցելության և տպավորությունների մասին: 

Փետրվարի 22-ին Տորոնտոյում կազմակերպվել է բանախոսություն/ներկայացում Ղարաբաղյան Շարժման, սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցի կապակցությամբ :

Փետրվարի 22-ին Կանադայի Հայ դատի հանձնախումբը մեկնարկեց «Ադրբեջան. ամոթի 30 օր » ակցիան: Ակցիայի տևողությունը մեկ ամիս է՝ փետրվարի 22-ից մինչ մարտի 23-ը: 

Ավստրալիա

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը ոգեկոչում է Սումգայիթի կոտորածների 25-րդ տարելիցը` ուսուցողական արշավ ձեռնարկելով : 

Հայերի նկատմամբ կազմակերպված բռնությունների նպատակը հայերին սպանելն ու նրանց տներից վտարելն էր: Այդ բռնությունները սկսվեցին 1988թ.-ի փետրվարի 27-ի երեկոյան Սումգայիթում (Սովետական Ադրբեջան) և մի քանի ժամվա ընթացքում դրանք վերածվեցին լավ ծրագրված ջարդերի, որոնց ընթացքում բոլոր հայերին առանց բացառության սպանում, բռնաբարում և ոչնչացնում էին:

Այս դաժան գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հայերի ունեցած խաղաղ ձգտումներն էին, որոնք պահանջում էին ինքնորոշման իրենց իրավունքը: 

Հայ Դատի Հանձնախմբի գործադիր տնօրեն Վահե Ղահրամանյանը նշում է. «Քանի որ մենք ոգեկոչում ենք Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակը, մենք պետք է հաստատակամ կանգնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին անկախության համար շարունակվող պայքարի ընթացքում: Շատ կարևոր է ավելի շատ մարդկանց տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի հայերի կրած սարսափների մասին»:

«Ադրբեջանը շարունակում է աղավաղել պատմությունը սխալ փաստերով  ավելի քան 2 տասնամյակ առաջ իրագործված ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու համար:  Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի գործողությունները»,- շարունակում է իր խոսքը Ղահրամանյանը:

Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախումբը Ավստրալական պառլամենտի յուրաքանչյուր անդամի տրամադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սումգայիթի ջարդերի մասին մանրամասներ պարունակող տեղեկատվական փաթեթներ: Փաթեթները պարունակում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող ապատեղեկատվական արշավների մասին տեղեկություններ:

Ռուսաստան

Մոսկվա
         
Փետրվարի 1-ին Մոսկվայում Մայր տաճարի տարածքում տեղադրված  խաչքարի մոտ  ծաղկեպսակներ են դրել՝  ի հիշատակ 1988-ի զոհերի:

Փետրվարի 20-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը միջոցառում է կազմակերպվել՝  նվիրված  Ղարաբաղյան շարժման 25-րդ տարելիցին: 

Փետրվարի 27-ին Մոսկվայի գրականագետների Կենտրոնական տանը տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-րդ տարելիցին և 1988թ. Սումգայիթի զոհերի հիշատակին: Փետրվարի 28-ին Մոսկվայի հասարակական  գործիչները, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝  Օ.Եսայանի գլխավորությամբ, հայկական գերազմանատան տարածքում տեղադրված  խաչքարի մոտ  ծաղկեպսակներ են դրել՝  ի հիշատակ 1988թ. Սումգայիթի  հայկական ջարդերի զոհերի:

Փետրվարի 28-ին Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել 1988թ. սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցել են ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արա Բադալյանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, ինչպես նաեւ մոսկովյան բուհերի հայ ուսանողներ: Միջոցառմանը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի հոգևորականների կողմից մատուցվել է հոգեհանգստի պատարագ:

Սանկտ Պետերբուրգ

Սբ. Կատարինե հայկական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Չոփուրյանը հոգեհանգստյան պատարագ է կատարել՝ ի հիշատակ 1988-ի զոհերի: Համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ: Նևսկի պողոտայում բաժանել են թերթիկներ Սումգայիթի ջարդերի մասին: 

Ուկրաինա

Փետրվարի 24-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում հոգեհանգստյան պատարագ է կատարվել՝ ի հիշատակ 1988-ի Սումգայիթի  հայկական ջարդերի զոհերի:

Փետրվարի 28-ին Կիևի և Օդեսսայի հայկական երիտասարդական կազմակերպությունները կազմակերպել են մի շարք միջոցառումներ՝ ի հիշատակ 1988-ի զոհերի. կլոր սեղաններ և վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ: Միջոցառումները Կիևում տեղի են  ունեցել Կիևի միջազգային համալսարանում, իսկ  Օդեսայում՝  հայկական մշակութային կենտրոնում:  Միջոցառմանը մասնակցել են Կիևի հայ համայնքի ղեկավարներ, Ուկրաինայի հայտնի հասարակական գործիչներ:

Բելառուս

Փետրվարի 28-ին Մինսկում՝ զինվորական գերեզմանոցի խաչքարի մոտ  ծաղկեպսակներ են զետեղել՝  ի հիշատակ 1988թ.  զոհերի: Մինսկի հայ համայնքում տեղի է ունեցել  «Обыкновенный геноцид» և «Между голодом и огнем. Власть ценою жизни» ֆիլմերի ցուցադրություն:

Կովկաս

Թբիլիսի

Սումգայիթի ողբերգության 25- ամյակին հետ կապված Վրաստանում  Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

Փետրվարի 28-ին Թբիլիսիում տեղի ունեցավ սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո և ոճրագործությանը զոհ դարձած հայերի ոգեկոչման արարողություն:

Թբիլիսիի Ս.Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցում Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի հանդիսապետությամբ և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի, եկեղեցու հոգևոր դասի և դեսպանության կազմի, ինչպես նաև հայ համայնքի մշակութային, կրթական ու մարզական միությունների ղեկավարների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ մատուցվեց Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և Կիրովաբադում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների, տեղահանման քաղաքականության և պետականորեն կազմակերպված հանցագործության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ:

Բաթումի

Փետրվարի 28-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց  հիշատակի պատարագ և անցկացվեց սգո միտինգ՝ նվիրված 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 25-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Աջարիայում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ   Գրիգորյանը, Իրանի հանրապետության գլխավոր հյուպատոս Ահմադ Ռեզա  Արզջանին, ինչպես նաև հայկական համայնքային կազմակերպությունների   ղեկավարներ և համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ: Մեկ րոպե լռությամբ հարգելով զոհերի հիշատակը, ներկաները ծաղիկներ դրեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ:

Փետրվարի 28-ին Բաթումի  «Բարեկամության տան» նիստերի դահլիճում տեղի ունեցավ Աջարիայի երիտասարդների «Մեր ապագան» ընկերակցության կազմակերպած   «Սումգայիթյան ջարդերից  25 տարի անց» թեմայով սեմինար: Կայացավ դասական երաժշտության համերգ. «Էլիտա» համույթի կատարմամբ /Նելլի Տերտերյան՝ դաշնամուր, Հասմիկ Ադամյան՝ ջութակ/ հնչեցին հայ  հեղինակների ստեղծագործություններ  Միջոցառումն ավարտվեց «Սովորական ցեղասպանություն» ֆիլմի ցուցադրությամբ:

Ախալքալաք

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ սումգայիթյան զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:Միջոցառումը սկսվեց և ավարտվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի աղոթքով:

Սումգայիթյան սպանդի վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ պատմաբան Վաչագան Ռստակյանը:Այնուհետև դասախոսությանը հաջորդեց ֆիլմի ցուցադրություն, ուր կադրերի միջոցով առավել մանրամասն ներկայացվեցին Սումգայիթյան դեպքերը մեծ էկրանից:

Ախալցխա

Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնում անցկացվեց սգո միջոցառում նվիրված Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին: Երիտասարդական կենտրոնի ավագ խմբերի սաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը, որից հետո կենտրոնի պատմության ուսուցիչը կարդաց դասախոսություն 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության վերաբերյալ:

Դասախոսության ավարտին ներկաները դիտեցին «Սումգայիթ, Սովորական ցեղասպանություն»փաստավավերագրական ֆիլմը:

Ֆիլմի ավարտին երիտասարդները ծավալեցին քննարկում Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանության եւ  Արցախյան ազատամարտի վերաբերյալ, որի ընթացքում բոլորը միակարծիք նշեցին, որ 1988թ. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցածը պետք է  դատապարտվի  միջազգային հանրության կողմից:


ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔ

Լիբանան.

Սումգայիթի եղեռնագործության 25-ամյակի առթիվ  Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի Կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ Սումգայիթի զոհերի հիշատակի հոգեհանգստյան արարողություններ տեղի ունեցան Լիբանանի հայկական երեք հարանվանությունների բոլոր եկեղեցիներում:

Ս. Նշան Մայր եկեղեցում քարոզեց Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը: Պատարագից  հետո Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ հիշատակի հավաք: Հաջորդաբար ելույթ ունեցան Հակոբ Կերկերյանը` Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից , Լիբանանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Միջին Արեւելքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Կարո Քեպապճյանը եւ Գեղամ արք. Խաչերյանը:

Պատգամախոսները շեշտեցին զոհերի հիշատակը հարգելու, ադրբեջանական խեղաթյուրումները հերքելու, միջազգային հանրությունից արդարություն եւ դատապարտում պահանջելու հրամայականները:

Կահիրե

Փետրվարի 27-ին Կահիրեի «Պըլըքտանյան» սրահում Եգիպտոսում տեղի ունեցավ «Ցեղասպանությունից մինչև Սումգայիթ» խորագրով հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերի 25–րդ տարելիցին։ Բացման խոսքով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Զուգահեռներ անցկացնելով Հայոց ցեղասպանության եւ սումգայիթյան ջարդերի միջեւ` ՀՀ դեսպանը մատնանշեց մարդկության նկատմամբ այդ հանցագործությունների օրգանական կապը եւ, որպես ընդհանրություն ընդգծեց, որ երկու դեպքում էլ իրական ոճրագործները մնացել են անպատիժ եւ չեն տրվել լիարժեք գնահատականներ:

Այնուհետեւ ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը եւ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը։

|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38