ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 27 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայաստան
06.03.2013

Ռիչարդ Գիդաչյան.
«Ոչ մի տեխնիկա չի կարող փոխարինել գրքին»
Ընթերցելու արվեստը, կարելի է ասել, մտածելու արվեստն է: Իսկ  այս բարձրակարգ արվեստին ծանոթանալու  առաջին քայլերը սկսվում են  դեռ  օրորոցից՝  քնից առաջ, բայց  ուրախ հեքիաթներով և անպայման  օրորոցային երաժշտության ուղեկցությամբ:    
Ի՞նչ կարող են անել այն  ծնողները, ովքեր  ժամանակ չունեն  կամ պարզապես ծուլանում են   հեքիաթների ընթերցանությամբ  իրենց փոքրիկներին ծանոթացնել  ընթերցելու և մտածելու բարձրակարգ արվեստի գաղտնիքներին: Հոգ չէ, ոչ միայն հայ, այլև  օտարերկրացի ծնողների համար  այս  խնդրի բանալին  գտել է  Ռիչարդ Գիդաչյանը: Մի քանի տարի առաջ նա  հեղինակեց  «Ուրախ հեքիաթներ քնից առաջ» մանուկների համար մատենաշարը: Այս մատենաշարում ընդգրկված են հայկական ժողովրդական և հայ գրողների հեքիաթները աշխարհի ժողովուրդների լեզուներով (ռուսերեն, ուկրաիներեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, թուրքերեն, քրդերեն, չինարեն, ճապոներեն, հնդկերեն, պարսկերեն, արաբերեն, կորեերեն ) : Այսօր արդեն պատրաստ են Հ. Թումանյանի  «Բարեկենդանը»  և «Սուտասանը», իսկ ընթացիկ աշխատանքների մեջ է  «Տերն ու ծառան»: Տարբեր լեզուներով հրատարկված հեքիաթները փոքրիկները կարող են  ոչ միայն կարդալ, այլև լսել  CD-ների վրա առանձին  ձայնագրված տարբերակով:  Իսկ հեքիաթից հետո հնչում է օրորացային երաժշտություն՝ ձայնագրված տվյալ լեզվով, որով գիրքն է  տպագրված:  Հայերեն տարբերակով «Բարեկենդանը» հեքիաթը լսելուց հետո  Լուսինե Զաքարյանի կատարմամբ հնչում է Բարսեղ Կանաչյանի «Օրորը», իսկ «Սուտասանը» հեքիաթից հետո ՝ Մարտին Վարդազարյանի  «Օրորոցային»-ը: CD-ում  կան նաև  տվյալ հեքաթների  նկարների գունազրկված՝  ուրվագծային տարբերակները: Ծնողները դրանք կարող են տպել և տալ երեխաներին, ովքեր պատկերները գունաներկելով՝  կարող են  իրենց մեջ զարգացնել  պատկերային ու գունային համադրությունների երևակայությունը:  Իսկ  թե  որ երեխաները  կօգտվեն այս հրաշալի հնարավորությունից, կախված է միայն ծնողներից՝  որքանով են  նրանք ցանկանում  իրենց երեխաներին մեջ սերմանել սեր դեպի արվեստը, որտեղ միաժամանակ ամփոփված են ընթերցանությունը, երաժշտությունն ու նկարչությունը: Ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը Ռիչարդ Գիդաչյանի հետ.

-Պարո´ն  Գիդաչյան,  ասում են՝  երեխային պետք է դաստիարակել  բարուրից:  Քանի որ «Ուրախ հեքիաթներ քնից առաջ» մանուկների համար մատենշարի հեղինակն եք, Դուք էլ որոշել եք  երեխայի  մեջ գրքի  նկատմամբ  սեր ու հետաքրքրություն  դաստիարակել օրորոցի՞ց:

-Այո՛(ծիծաղում է):Շատ ճիշտ եք հարցն ուղղում: Իսկապես ընթերցանության նկատմամբ սերը  երեխայի  մեջ անհրաժեշտ է դաստիարակել օրորոցից: Շատ լավ կլինի՝ քնելուց առաջ երեխան տատիկից կամ պապիկից, մայրիկից կամ հայրիկից որևէ  հեքիաթ լսի: Ամենակարևորը, երեխայի համար  պետք է ընտրել ուրախ ու բարի հեքիաթներ: Փոքրերը կարծես  սպունգի նման լինեն.  վերցնում են այն,  ինչ լսում ու տեսնում են: Իսկ այդ  տեսածն ու լսածը ամրապնդվում է  հիշողության  մեջ, որը  նրանց  ուղեկցում է  ողջ կյանքում: Իմ այս նախաձեռնությամբ փորձում եմ այնպես  անել, որ երեխան մանկուց կապված լինի գրքի ու ընթերցանության հետ:
 
-Փաստորեն  ժամանակակից երիտասարդները  գրքից հեռացել և գրքի հետ կապվածություն  չունեն,  քանի որ  օրորոցում  իրենց համար քնից առաջ  հեքիաթներ  չե՞ն կարդացել:

-Գիտեք, շատ հետաքրքիր հարց տվեցիք, դեռ այսքան ժամանակ նման հարց որևէ մեկն ինձ չէր ուղղել, անգամ չէի էլ մտածել դրա մասին: Ինձ թվում է՝ ժամանակին  հեքիաթներ կարդացել են այդ երեխաների համար, պարզապես սոցիալական ու կենցաղային մերօրյա պայմանները ստիպեցին մարդկանց հեռանալ ընթերցանությունից: Չէ՞  որ երեխային ուղորդողը մեծն է, իսկ այս հարցում ժամանակին  ծնողները հաց հայթայթելու խնդրի առաջ էին կանգնած, էլ ինչպե՞ս երեխան հասկանար գրքի կարևորությունը  այն դեպքում, երբ բազմաթիվ ընտանիքներ հացի գումար չունենալու պատճառով մատչելի գներով վաճառում էին սեփական տան հարուստ գրադարանը:  Ցավոք, եղան ընտանիքներ, որտեղ մութ ու ցուրտ ձմռանը  բնակարանը տաքացնելու համար որպես վառելիք օգտագործում էին սեփական գրադարանը:  90-ականերից հետո  գրքի տպագրությունը կանգ էր  առել, գրահրատարակչությունները պարապուրդի էին մատնվել, գիրք չէր հրատարակվում, նոր գրքեր չէին տպվում, իսկ նոր գիրքը ընթերցանության համար նույնպես իր դրական  ու հոգեբանական ազդեցությունն ունի: Բայց ես հավատում եմ, որ գիրք կարդալու բարի ավանդույթը ընտանիքներում վերականգնվելու է: Չնայած  չեմ կարող չնկատել նաև այն, որ   մենք՝ հայերս, աստիճանաբար  վերադառնում  ենք  դեպի գիրքը: Գիտե՞ք,  գրքի հոտը, էներգետիկան, ջերմությունն ուրիշ է. ոչ մի տեխնիկա  չի կարող փոխարինել գրքին: Գիրքը գրկելիս,  ձեռքերով  այն  բռնելիս ուրիշ ջերմություն ու էներգիա է փոխանցվում մարդուն: Ընթերցանությունից հեռացած այսօրվա երիտասարդները  ծնող են, չէ՞,  դառնալու, իրենց երեխաների համար հեքիթներ են, չէ՞,  կարդալու, արդեն ստիպված գիրք են,  չէ՞, կարդալու, այսպես  թե այնպես  սկսելու են հետաքրքրվել  գրքով ու  հեքիաթով:  Իմ այս նախաձեռնությունը հենց այդ միտումն ունի: Դրանից բացի, այդ մութ ու  ցուրտ տարիներին բազմաթիվ  հայ ընտանիքներ  սփռվեցին աշխարի տարբեր անկյուններում: Իմ այս  նախաձեռնությունը նաև նպատակ ունի, որ այդ սփռված հայ ընտանիքներում  չմոռանան հայ գրողին, անգամ եթե այդ ընտանիքներում փոքրերը, ինչու չէ նաև մեծերը,  չգիտեն հայերեն տառերը՝  կկարողանան լսել հայերեն բառերով  հայկական հեքիաթներ: Մեր հայկական հեքիաթներին ծանոթանալու համար չեմ անտեսել նաև օտարերկրացի փոքրիկներին,  և նրանք նույն հեքիաթները  կարող են լսել ու կարդալ  իրենց  իսկ լեզվով: Սա նաև օտարների համար ճանաչողան  նշանակություն ունի.  իրենց  լեզվով հայկական հեքիաթ լսելուց հետո  նրանց մեջ հարց կառաջանա, թե որտե՞ղ է մեր երկիրը, ովքե՞ր են հայերը, և  կգտնեն իրենց հետաքրքրող այս երկու հարցերի պատասխանները: 

-Հեքիաթի  ուժի  գաղտնիքը  ո՞րն է:

-Մարդը  գրական աշխարհին  ծանոթանում է  հեքիաթի  միջոցով: Հեքիաթում յուրաքանչյուրն իր հերոսին է գտնում և փորձում նմանվել նրան: Ասեմ ավելին. հեքիաթները ունեն իրենց  հոգեբանական ազդեցությունը անձի՝ որպես անհատի, ձևավորման վրա: Հեքիաթի ուժը հենց սրա մեջ է: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է ստեղծել ուրախ ու բարի, այլ ոչ թե ագրեսիա  ու բացասական էմոցիաներ առաջացնող հեքիաթներ: Իսկ  քնելուց առաջ փոքրիկի  համար հեքիաթ ընթերցելուց հետո օրորոցային երգը  անուշ ու խաղաղ քնի երաշխիքն է:     
 
-Ո՞ր տարիքից  պետք է սկսել  կարդալ  հեքիաթներ և ո՞ր տարիքից  դադարել այն ընթերցելուց

-Հեքիաթը մարդուն օրորոցից ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Հեքիաթի ընթերցանությունը մարդու կյանքում հավերժ  է, այն ունի սկիզբ, բայց չունի վերջ: 

-Հայկական գրատպության ասպարեզում Ձեր այս նախաձեռնությունն իր տեսակով բացառիկ երևույթ է:Առհասարակ այս բացառիկ երևույթով ովքե՞ր են հմայված, և ովքե՞ր  են սառն ու անտարբեր:    

-Միայն հեքիաթասեր ծնողներն  են հետաքրված  իմ այս նախաձեռնությամբ: Ինչո՞ւ ծնողները, քանի որ ծնողն է  երեխային ուղղորդում դեպի մանկական գրականություն: Երեխային  գրական աշխարհի հետ  կապող օղակը  ծնողն է, այնուհետև՝ մանկավարժը, որից հետո՝  շրջապատը:  

-Ծնողների  և հատկապես փոքրերի կողմից  ինչպիսի՞ արձագանքներ են եղել:Երբևիցե հանդիպե՞լ եք նրանց, գիտե՞ն՝ ով  է այս ամենի «մեղավորը»:

-Չէ՛,  դեռ չեմ հանդիպել   իմ ընթերցողներին: Բայց շրջապատի կողմից դրական արձագանքներ  լսում եմ, որը շատ հաճելի է: Բազմիցս լսել եմ, որ փոքրերին շատ են դուր գալիս ոչ միայն հեքիաթները, այլև օրորոցային երգերը: Ինձ համար  գրքի սպառումը  ամենամեծ արձագանքն է: Դժհոգ չեմ: Իմ այս նախագիծը անտարբեր չի թողել նաև  ՀՀ սփյուռքի նախարարությանը, և  անցյալ տարի նախարարությունը մեծ թվով  հեքիաթներ գնեց մեր  սփյուռքահայ երեխաների համար: 

-Ո՞ր հեքիաթներն  են արժանանում  «Ուրախ հեքիաթներ քնից առաջ» մատենաշարի  ուշադրությանը:

-Հեքիաթների ընտրությանը շատ  զգույշ եմ  մոտենում,  կարևորում  եմ  ուրախ ու դրական լիցքեր հաղորդող հեքիաթները : Թումանյանի հեքիաթներից ընտրում  եմ ուրախ բովանդակությամբ հեքիաթները: Օրինակ՝ այս  նախագծում երբեք չեմ ընդգրկի նույն Թումանյանի «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Սուտլիկ որսկանը»,  «Կիկիոսի մահը», քանի որ դրանք ճնշող ազդեցություն կունենան երեխայի հոգեբանության վրա:  Որպեսզի օտար լեզուներով թարգմանության հետ խնդիրներ չառաջանան, ընտրում եմ դյուրամարս ու հեշտ ընթերցվող, պարզ խոսքերով շարադրված հեքիաթներ, օրինակ՝ «հադիդու», «չադիդու» մեր հայկական հեքիաթներում հանդիպող արտահայտությունները ավելորդ դժվարություններ կստեղծեն թարգմանության ընթացքում: Այս դեպքում օտար լեզվով հայերեն  հնչողությունը ճիշտ  չի ընկալվի: Որպեսզի նման խնդիր չառաջանա, և հեքիաթը չկորցնի իր արժեքը, ինչու չէ՝ նաև հումորը,   հայկական ոչ բոլոր հեքիաթները կընդգրկվեն  մատենաշարում: Այս հանգամանքը կարևորելով՝ նախապատվությունը տալիս եմ պարզ խոսքերով գրված  հեքիաթներին:

-Ժամանակին իմաստուններից մեկն ասել է. «Գործդ արա´ և ճանաչի´ր  ինքդ քեզ»: Փոքրերի համար նման նվիրական գործ անելիս Ձեզ ո՞ր կողմից կարողացաք ճանաչել և բացահայտել

-Առհասարակ մարդու համար, անկախ տարիքից, մի բացահայտում արեցի, որ մարդու մեջ ցանկացած տարիքում նստած է փոքր երեխան: Հեքիաթի միջոցով մեծերն ու փոքրերը կարողանում եմ միմյանց հասկանալ. սա մի հրաշալի երևույթ է: Հեքիաթը  կարողանում է մեծերին ու փոքրերին միավորել, նրանց մեջ սեր ու ժպիտ արթնացնել, բարություն ու լավատեսություն սերմանել: Ի վերջո, հեքիաթասեր մարդու համար  օտար  են բազմաթիվ  արատավոր հատկանիշներ, օրինակ, չարության զգացումը:   

Զրուցեց  Լիանա  ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հ.Գ.- «Ուրախ հեքիաթներ քնից առաջ» մատենաշարի հաջորդ ստեղծագործական կանգառը լինելու է «Անխելք մարդը»: Սպասե՛ք






|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38