Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
«Արվեստը մարդու հոգին տեսանելի դարձնելու համար է ստեղծվել…»
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայաստան
11.03.2013

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
«Արվեստը մարդու հոգին տեսանելի դարձնելու համար է ստեղծվել…»
Կյանքից հեռացավ հայ մեծանուն գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը: Մի քանի ամիս հետո նա կդառնար 90 տարեկան:
«Հայերն այսօրը» իր ընթերցողներին է ներկայացնում Վարպետի վերջին հարցազրույցներից մեկը, որը տպագրվել է ԱՀԹ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթում 2012թ. հունիսին:
-Պարո՛ն  Հակոբյան, ինչպե՞ս ընտրեցիք արվեստագետի բարդ, դժվարին, պատասխանատու, բայց միևնույն ժամանակ լուսավոր ուղին.

-Ես չեմ ընտրել. մանկութենես սկսել եմ նկարել, ինչպես շատ մը երեխաներ նկարում են, երբ թուղթ ու գրիչ են տալիս: Նկարում էի, ինձ քաջալերում էին, ասում էին՝ նկարելու շնորհ ունի, մի օր Այվազովսկի կդառնա: Եղել է ժամանակ, որ տարիներով չեմ նկարել, բայց երազել եմ նկարելու մասին, մտածել եմ, որ եթե մարդիկ հավանեն, կշարունակեմ: 

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ երազել եք նկարիչ դառնալ: Ձեր նվիրական երազանքն այլեւս իրականություն  է. կա՞ արդյոք մի փափագ, երազանք, որը դեռևս չի իրականացել:

-Ինչպես կրնամ ըսել. մարդն այս աշխարհի վրա չի ապրում, ինչպես ուզում է, ապրում է, ինչպես կարողանում է: Ես երջանիկ եմ այն առումով, որ ամենեն շատ ուզել եմ նկարիչ դառնալ, ուրիշի ձեռքի տակ չաշխատիլ, իմ նկարչությամբս կյանքս շահիլ ու ապրիլ, այդ իրականացել է, կարեւոր չէ, որ ես մեծ նկարիչ եմ կամ ոչ, ես սովորական նկարիչ եմ, ինծի պես շատերը կան, բայց իմ փափագս իրականացել է:

-Համաձա՞յն  եք այն այն մտքի հետ, որ կյանքը մեծագույն Ուսուցիչն է յուրաքանչյուր մարդու համար.

-Մարդը ծնված վայրկյանից սկսում է մահվան դեմ կռվիլ. լաց է լինում, որ կաթ տան եւ այլն, այսինքն՝ անպաշտպան է: Եւ երկար ժամանակ է պետք, որ ապրի ինքնուրույն կյանքով, ինչը շատ կարեւոր է մարդու համար: Եթե մարդը հասնում է այդ վիճակին, նշանակում է՝  կայացած մարդ է: Մարդը պիտի պարտաստված լինի կյանքին՝ ճիշտ սնվի, առողջ լինի, սովորի, աշխատի ու իր կյանքը շահի:  Մարդու նկարագիրը կազմավորվում է մարդկային հարաբերությունների մեջ: Մենք ենք իրար ուրախացնում կամ տխրեցնում: Կրթությունը շատ կարեւոր է մարդկային հարաբերություններում. ինչչափ շատ բան իմանանք, հեշտ կլինի կյանքում: 

-Ըստ Ձեզ՝  ո՞րն է  մարդուն մարդ դարձնող ամենակարեւոր հատկանիշը.

-Գիտեք, բոլոր մարդիկ ալ նույն գեներն ունեն, սրանից պիտի ենթադրվեր, որ մարդիկ պիտի իրար հասկանան: Բայց տեսեք, թե մարդիկ ինչչափ բարդություններ ստեղծել են` լեզուներ, կրոններ…, որոնք իրար թշնամի են դարձրել, ոչ թե մոտեցրել են: Ուրեմն՝  մարդիկ պիտի հաշտ ապրին: 

-Ո՞րն եք համարում մարդկային հասարակության, մարդկության մեծագույն չարիքը, արատը: Ըստ Ձեզ՝ ավետարանական պատգամները որքանո՞վ  կարող են օգնել մարդուն մարդ մնալ.

-Տեսեք. Քրիստոսը եկավ աշխարհ, երեք տարի քարոզեց  սեր, ներողամտություն, բարություն…,  բայց Նրան խաչեցին ու սպանեցին: Մարդը անբացատրելի արարած մըն է, չի գիտեր, թե իր ուզածն ինչ է: Մարդը կարող է նույնիսկ հրեշություն գործել. օրինակ՝ ատոմային ռումբ սարքողներին ինչպե՞ս մարդ կոչես…: Եթե մարդիկ կարդան ու հետեւին Ավետարանի պատգամներին, վստահաբա՛ր աշխարհն ավելի լավ կրնար ըլլալ: Բայց տեսնում ես, որ մարդիկ պատերազմում են, եւ երկու կողմի բանակների մեջ ալ կան քրիստոնյաներ, որոնք Քրիստոսի ուսմունքը չեն կարողացել յուրացնիլ, ճիշտ ապրիլ: Ամեն մարդ ինքը պիտի որոշե՝ ինչպես ընէ, որ ճիշտ ըլլա, բայց  մեզի համար ամենեն լավ Ուսուցիչ Քրիստոսն է: 

-Պրն.  Հակոբյան, իսկ Ձեր կյանքում որքանո՞վ է կարեւորվել  Աստվածաշնչի դերն ու նշանակությունը.

-Ես ծնվել եմ հավատացյալ ընտանիքում, որտեղ հայերեն լեզվով Աստվածաշունչ կար, առաջին Գիրքը, որը սկսել եմ կարդալ: Ան նշանավոր Գիրք մըն է, անոր մեջը այնպիսի պատմություններ կան, որ նույնիսկ տասը տարեկան երեխան կրնա կարդալ ու հասկանալ: Սիրել եմ այդ պատմությունները՝ Դավթի, Սամսոնի մասին պատմող, Քրիստոսի կյանքը…: Ուրախ եմ, որ կարդացել եմ…: 

-Գաղտնիք չէ, որ դարերի հոլովույթում Հայոց Եկեղեցին  ազգապահպան դեր եւ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Որքանո՞վ եք կարեւորում Հայոց Եկեղեցու առաքելությունը.

-Մենք քրիստոնյա ազգ ենք, եւ կարծում եմ, որ Եկեղեցին մարդոց միասնությանը օգնում է, կարեւոր դեր ունի մարդկանց համախմբելու գործում: Մեր շարականները աշխարհի ամենագեղեցիկ երգերն են, հրաշալի երգեր, որոնք ստեղծել են մեր կրոնավոր երաժիշտները. Կոմիտաս վարդապետեն ավելի բարձր երաժիշտ չկա աշխարհում ինծի համար: Երբ եկեղեցի եմ գնում, առանց հուզվելու չեմ կըրնա լսել այդ երաժշտությունը: Նմանապես եւ մեր մանրանկարչությունը, ճարտարապետությունը… անկրկնելի են: Այս բոլոր բաները մեր ժողովրդի մշակույթին անբաժանելի մասն են կազմում, եւ պետք է պահել ու պաշտպանել: Նաեւ մեր նշանավոր մտավորականները եղել են հոգեւորականներ(Շնորհալի, Օրմանյան…), ուրեմն մենք կրնանք հպարտանալ, որ ունինք Հայ Եկեղեցին: Մենք ունինք նաեւ կրոնքի պես մի ուրիշ բան՝ մեր Էպոսը. դա մենք ստեղծել ենք, որը շատ կարեւոր է իմանալ: 

-Պրն. Հակոբյան, նկարելու Ձեր շնորհը համարում եք Աստծուց տրվա՞ծ, աստվածապարգե՞ւ.

-Այո՛, ամեն մարդ նկարիչ կամ երաժիշտ չի ծնվում: Մարդիկ նկարում են, երաշտություն, բանաստեղծություններ գրում..: Կարծում եմ, որ արվեստը մարդու հոգին տեսանելի դարձնելու համար է ստեղծվել:

-Ներկայումս ի՞նչ կտավի վրա եք աշխատում.

-Գրեթե պատրաստ է «Նարեկացին» կտավը: Գիտենք, որ Նարեկացին ասում է, որ ինքը շատ-շատ մեղքեր է գործել…: Ես նկարել եմ վերքերով, այսինքն՝ մեղքերով ծածկված մի մարդ, ով խնդրում է Աստծուն, որ իրեն բուժե: 

-Պրն. Հակոբյան, Դուք  ծնվել եք Ալեքսանդրիայում(Եգիպտոս), եւ առաջին անգամ քառասուն տարեկանում է բախտ վիճակվել լինել հայրենիքում: Ի՞նչ ապրումներ, զգացումներ ունեցաք՝ առաջին անգամ ոտք դնելով Հայոց հողի վրա.

-Ես ողջ կյանքս իմացել եմ, որ հայրենիք ունիմ, երազել եմ ոչ թե օտարության մեջ, այլ հայրենիքում ապրիլ: Այդ երջանիկ առիթը եղավ 1962 թվականին…: Իմ երկիրս է, ընկերներ ունիմ, երկիրս սիրում եմ, շատ եմ սիրում հայերեն լեզուն, հայերեն երգը, ճարտարապետությունը, նկարչությունը, ամեն ինչ…: Ես ուրախ եմ, որ ապրում եմ իմ հայրենիքում: 

-Ցավով պետք է նկատել, որ այսօր հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մոտ խիստ նվազել է գրքի հանդեպ հետաքրքրությունը: Պատճառները տարբեր են՝ համացանց, հեռուստացույց…: Որքանո՞վ եք կարեւորում ընթերցանությունը  մարդու կերտման, որպես մարդ կայացման գործում.

-Շատ եմ կարևորում. ես 7 տարի անցկացրել եմ Կիպրոսի Մելքոնյան գիշերօթիկ դպրոցում, որը աշխարհեն կտրված փակ տարածություն էր. ապրում էինք մի քանի հարյուր երեխաներ, ուսուցիչներ: Գրադարան ունեինք: Ես 13-14 տարեկան տղա էի, երբ առաջին անգամ հայերեն գիրք կարդացի ու միանգամից կապվեցի, շատ սիրեցի կարդալ: Այդ տարիքի տղաները սիրում են վազել, խաղալ, իսկ գիրք կարդալուն պետք է վարժվիս:  Կարդում էի գիրքը գրքի հետեւից, հաճույք էի զգում կարդալուց: Գեղարվեստական գրականություն կարդալով՝ լեզուդ ավելի լավ ես սովորում, կրնաս ավելի լավ գրել: Ես կարծում եմ, որ մինչեւ 16, 17 տարեկան պատանին պիտի հայերեն գրականությունը կարդացած ըլլա. մենք շատ հեղինակներ չունինք , ուրեմն դժվար չի լինի: Կարծում եմ՝  կարդացող, լեզուն սիրող մարդը ավելի կատարյալ մարդ է: Հայերեն շատ գրքեր կարդալով՝ քու լեզուդ մշակվում է, բառապաշարդ ճոխանում, ուրեմն շատ օգտակար է: Բայց ամեն դեպքում ինտերնետը, հեռուստացույցը եւ այլն ինծի չեն խանգարի օրը գոնե երկու էջ կարդալ: 

-Պրն. Հակոբյան, մեր ազգի միասնության, հավաքականության հետ կապված ապագայում ինչ-որ լուսավոր կետ տեսնու՞մ եք.

-Մենք շատ դարեր ի վեր չենք մեծանում, աճում: Խորենացին ասում է. ՙԹեեւ եմք ածու փոքր…՚, ու թեև դարեր են անցել, բայց մենք հիմա էլ փոքր ենք: Ուրեմն՝ պիտի պահենք մեր պետությունը, չէ՞ որ դարերով չենք ունեցել, պաշտպանենք ու պահենք այն: Նաեւ փորձենք կրցածու չափ խուսափիլ հզորներուն կպնելեն, նրանց գործերուն խառնվելեն, որը կրնա մեզի համար կործանարար ըլլալ: 

Հարցազրույցը վարեց՝  Անժելա Խաչատրյանը   

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38