ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայկական սփյուռք » Եվրոպա » ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Եվրոպա
14.03.2013

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայերը Հունաստանում բնակություն են հաստատել 5-6-րդ դարերից: Հունահայ գաղութի համար մեծ նշանակություն է ունեցել Հունաստանի անկախացումը   որը խթանել է հայերի նոր հոսքը դեպի Հունաստան: 1894-96 թվականների համիդյան ջարդերից, 1909 թվականի Ադանայի հայկական կոտորածներից, 1915 թվականի Մեծ Եղեռնից և հատկապես 1922 թվականի Զմյուռնիայի ջարդերից հետո շուրջ 70 հազար հայ է գաղթել Հունաստան:
Հայերը հիմնականում բնակվել են Թրակիայի ու Մակեդոնիայի քաղաքներում, հատկապես` Սալոնիկում, Աթենքում, Կրետե և Կորֆու հունական կղզիներում: Մինչև 1960-70-ական թվականները, բացառությամբ Հյուսիսային Հունաստանի հին գաղութների, հունահայերի մեծ մասը քաղաքացիություն չի ունեցել: Հունական համայնքը ներկայումս կազմում է 20-35 հազար հայ, ովքեր հիմնականում բնակվում են Աթենք, Սալոնիկ, Կոմոտինի, Կրետե, Դիդիմոտիկո, Ալեքսանդրուպոլիս, Կավալա, Քսանթի և Սերես քաղաքներում և կղզիներում: Հայերն ակտիվորեն մասնակցում են երկրի տնտեսական կյանքին, զբաղվում արհեստներով, ոսկերչությամբ, կոշկագործությամբ, կահույքագործությամբ և այլն: 
 
Գործում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հունաստանի թեմը (առաջնորդանիստը` Աթենքի Սբ. Աստվածածին եկեղեցի, առաջնորդը` Ոսկան արք. Գալփակյան) և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Հունաստանի թեմը (առաջնորդանիստը` Աթենքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, առաջնորդը` Խորեն եպս. Դողրամաճյան): 

Համայնքը պաշտոնապես ներկայացնում են Ազգային առաջնորդարանն ու Ազգային վարչությունը: Գործում են 3 ամենօրյա և մի քանի կիրակնօրյա դպրոց, հայ ավանդական ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ կուսակցությունները, մի շարք մշակութային, բարեգործական, հայրենակցական, երիտասարդական, պատանեկան և մարզական միություններ: Հրատարակվում են հասարակական-քաղաքական, մշակութային և կրոնադաստիարակչական բնույթի թերթեր ու հանդեսներ, մասնավորապես` «Ազատ օր» օրաթերթը, «Նոր աշխարհ»  և  «Հայաստան» շաբաթաթերթերը, «Արմենիկա» ամսագիրը:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38