ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայկական սփյուռք » Եվրոպա » ԿԻՊՐՈՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Եվրոպա
14.03.2013

ԿԻՊՐՈՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայ-կիպրական առնչությունները հիշատակվում են դեռևս վաղ միջնադարից: 4-5 դարերում Կիպրոսում եղել են հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ: Հայեր են եղել նաև Կիպրոսի կառավարիչների թվում` 868-894 թվականներին` Ալեքսիս զորավարը, 958 թ.` Վասիլ Հայկազնը, 965 թ.` Վահրամը և ուրիշներ:
Կիպրոսի թագավորության և Կիլիկյան Հայաստանի միջև տնտեսական և քաղաքական սերտ հարաբերություններ են ստեղծվել կղզում հաստատված Լուսինյանների տիրապետության շրջանում (1192-1489թթ.): 
     
12-15 դարերում կիպրահայ գաղութն ստվարացել և բարգավաճել է: Այդ ժամանակաշրջանից ստեղծվել են հայկական գյուղեր (օրինակ` Արմենոխոր), իսկ քաղաքներում` հայանուն փողոցներ ու թաղեր (Նիկոսիայում` «Արմենիա», «Հայոց դռներ»): Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո հազարավոր հայեր 1404 թվականին, ապա` 1423-1424 թվականներին, ապաստան են գտել Կիպրոսում: Վենետիկի  Հանրապետության տիրապետության (1489-1570թթ.) 80-ամյա շրջանում կիպրահայ գաղութն աշխուժացել է:

17-19 դարերում համայնքն անկում է ապրել, ապա վերստին աշխուժացել է 20-րդ դարի սկզբին, երբ քաղաքում հաստատվել են Մեծ Եղեռնից փրկված և Կիլիկիայից գաղթած հայեր:

Ներկայումս Կիպրոսում բնակվում է շուրջ 3000-3500 հայ (Նիկոսիայում` 1200-1500, Լառնակայում` 400-500, Լիմասոլում` 200-250, Ֆամագուստայում` 130 և այլն): Կիպրոսում բնակվող հայերը մեծ մասամբ արհեստավորներ են, մանր և խոշոր առևտրականներ, ձեռնարկատերեր: Կան նաև արվեստագետներ, փաստաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, պետական ծառայողներ: Համայնքը ղեկավարում են թեմի ազգային վարչական մարմինները:

Կիպրոսում գործում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կիպրոսի թեմը (առաջնորդանիստը` Նիկոզիայի Սբ. Աստվածածին եկեղեցի, առաջնորդը` Վարուժան եպս. Հերգելյան): 

1924-2007 թվականների ընթացքում Նիկոսիայում գործել է Մելգոնեան (Մելքոնյան) կրթական հաստատությունը (ՄԿՀ)` սկզբում որպես որբանոց 1915 թվականի Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայ երեխաների համար, ապա` որպես երկրորդական վարժարան:

Կիպրոսում գործում է «Նարեկ» ազգային վարժարանը, ինչպես նաև հասարակական-քաղաքական, մշակութային, բարեգործական, մարզական և երիտասարդական մի շարք կազմակերպություններ, տպագրվում է «Արձագանք» թերթը և գործում է «Կիպրահայեր»  էլեկտրոնային պարբերականը:

Հայերը` որպես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, լիովին ինտեգրված են երկրի հասարակությանը և ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հատկապես հասարակական-քաղաքական կյանքին: 2009 թվականի մարտի 6-ին հայազգի Մարիոս Գարոյանն (Ժողովրդավարական կուսակցության նախագահ) ընտրվել է Կիպրոսի Խորհրդարանի (Ներկայացուցիչների պալատ) նախագահ:

Կիպրոսաբնակ հայությունն ունի կրոնական համայնքի կարգավիճակ: հայ համայնքը Ներկայացուցիչների պալատում ունի 1 ներկայացուցիչ: Կիպրոսի Խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչն է նշանավոր գործարար և հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Մահդեսյանը:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38