ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայկական սփյուռք » Եվրոպա » ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Եվրոպա
14.03.2013

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Լեհաաստանում հայ համայնքի պատմությունն սկիզբ է առնում 11-րդ դարից, երբ հայերը Պոդոլյեում (Կամենեցի մոտակայքում) հիմնադրել են Վելիկիե Օրմյանե և Մալիե Օրմյանե գյուղերը, բնակություն են հաստատել Վոլինյան Վլոդիմեժում, Լուցկում, Կամենեց-Պոդոլսկում, Գալիչում, Խոլմում և Լվովում:
Արքունի քաղաքներում ապրող լեհահայերը հիմնականում պատկանել են քաղաքային դասին: 15-16-րդ դարերում նրանց փոքր մասը, իսկ 18-րդ դարի  կեսից` կաթոլիկացած մեծահարուստներն անցել են լեհ ազնվականության դասին ու հաստատվել իրենց կալվածքներում: Լեհահայ քաղաքային դասի 30-40%-ը պատկանել է արհեստավորական խավին, մնացյալ մասն զբաղվել է առևտրով, գործել մշակույթի և գիտության ոլորտներում:

Դեռևս 1699 թվականին լեհահայությանը պարտադրվել է կաթոլիկության ընդունումը, ինչն արագացրել է նրանց ձուլման ընթացքը: Սակայն հայ համայնքների ուծացման գլխավոր պատճառը Լեհաստանի մասնատումն էր և անկախության կորուստը: Լեհաստանի պետականության վերականգնումից հետո (1918թ.) հիմնադրվել են լեհահայ և լեհ-հայկական ընկերություններ, հրատարակվել ամսագրեր, Լվովի Մայր տաճարին կից բացվել է լեհահայոց պատմության թանգարան:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լեհահայության  ուծացման միտումներն ավելի են ուժեղացել: 

Այդուհանդերձ, 1950-ական թվականներին Լեհաստանում ստեղծվել է լեհահայ կաթոլիկ հավատացյալների հյուսիսային, իսկ 1980-ական թվականներին` հարավային թեմերը, որոնք և դարձել են լեհահայությանը համախմբող կենտրոններ: 1991 թվականին Լեհաստանում տեղի են ունեցել լեհահայության համալեհաստանյան համագումարներ (1-ը` 1991թ. Կրակովում, 2- րդը` 1992թ. Գլիվիցիում, ապա` 1994թ., 1998թ. և 2005 թ.):
   
2008 թվականի տվյալներով` Լեհաստանում բնակվում են հայկական ծագումն ընդունող 8-12 հազար լեհահայեր, որոնց մի քանի սերունդներ բնակվում են Լեհաստանում:

2005 թվականի ապրիլի 15-ին Լեհաստանի Սեյմն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր և հուշաքարեր են կանգնեցվել Բելոստոկ, Կրակով, Էլբլոնգ, Լյուբլին, Ժեշուվ, Գդանսկ քաղաքներում, 2006 թվականին` Լեհաստանում ՀՀ դեսպանության բակում: 
  
Այժմ Լեհաստանի հայ համայնքի թիվը կազմում է շուրջ 25-30 հազար հայ: Լեհաստանի հայաշատ քաղաքներից անհրաժեշտ է նշել  Վարշավան, Կրակովը, Էլբլոնգը, Լոդզը, Պոզնանը, Գդանսկը, Վրոցլավը, Գլիվիցենը, Զաբժենը, Շեցինը, Զելյոնա Գուռանը: Լեհաստոնում կա Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող 2 խաչքար:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38